RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-24 21:17:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1652, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՎԱՆԴԱԲԱՐ

Նաիր ՅԱՆ

Արվեստի, գիտության ու գրականության գործիչներն ամեն տարի ավանդույթի համաձայն սպասում են Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը: Գնահատվելն ու արժեւորվելն, ինչ խոսք, հաճելի է ու պարտավորեցնող: Նախորդ տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, գրողներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը. մի խոսքովՙ 1991 թվականից ի վեր 100-ից ավելի գործիչներ:

Ամփոփվեցին նաեւ 2017-ի արդյունքներըՙ 4 մրցանակ: Անվանակարգերն էլ, բնականաբար, 4-ն էինՙ գրականություն, թատերական արվեստ, երաժշտություն եւ կերպարվեստ-քանդակ: Եթե նախկինում Թեքեյան մշակութային միությունը սպասում էր մասնակիցների հայտերին, այսօր ինքն է բնագավառ առ բնագավառ հետեւում-գտնում ստեղծագործողների ու առաջարկում մասնակցել մրցույթին: Օրինակՙ այս տարի երիտասարդ մի շարք նկարիչներ մրցանակաբաշխությանն են ներկայացել հենց այդ սկզբունքով. նրանց գործերը Թեքեյան մշակութային միությունը նկատել է համացանցում ու առաջարկել մասնակցել: «Գրականություն» անվանակարգն ավելի աշխույժ է եղել. 20 հեղինակներն իրենք են ներկայացրել իրենց ստեղծագործությունները. ընդ որումՙ բավական աշխույժ են եղել մարզերը: Թեքեյանցիները հիշեցնում ենՙ մրցանակի է արժանանում ոչ թե մի բանաստեղծություն կամ մի երգ, այլ գոնե մեկ ամբողջական շարք, նաեւ արժեւորվում է արվեստագետների տասնամյակների վաստակը: «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովները շահագրգռված են բացահայտել նոր անուններ, հետաքրքիր ստեղծագործողների եւ խրախուսել նրանց:

«Գրականություն» անվանակարգում ներկայացված 20 գործերից հանձնաժողովը նախապավությունը տվել է Մանվել Միկոյանի «Ստվերներից անդին» բանաստեղծությունների ժողովածուին: Հանձնաժողովի նախագահ Երվանդ Ազատյանը նկատեց, որ Միկոյանի բանաստեղծություններում սեւակյան շունչ կա: «Ժողովածուն մեր օրերի մտավորականի խոհերն է բնորոշում: Գործերից շատերը մեր օրերի հետ են աղերսվում. դատարկվող քաղաքի մայրամուտ: Մտահոգություններ, ծանր զգացողություններ. դատարկվող հայրենիքի մղձավանջը բոլորիս է անհանգստացնում: Մանվել Միկոյանն իր բանաստեղծություններով հենց այդ անհանգստությունն է հաղորդել ընթերցողին: Մեր իրականության տարբեր կողմերն է արտացոլված ժողովածուումՙ մարտիրոսացած հայ քաջեր, կյանքի ընթացիկ երեւույթներՙ բանաստեղծական պատկերներով, փիլիսոփայական խորունկ իմաստներով համեմված»,- մրցանակը հաղթողին հանձնելիս նկատեց Երվանդ Ազատյանը:

Մանվել Միկոյանի նախորդՙ «Անդունդի եզրով քայլողը» ժողովածուն արժանացել է Գրողների միության «Ավետիք Իսահակյան» մրցանակին, իսկ «Ստվերներից անդինը» ստացավ «Վահան Թեքեյան»: «Մեծանուն երկու բանաստեղծների անվան մրցանակներն ինձ պարտավորեցնում են հավատարիմ մնալ գրական սկզբունքներին, ներշնչանքի ու երեւակայության նոր շերտեր բացել: «Ստվերներից անդին» ժողովածուում ասում եմՙ ես բանաստեղծություն չեմ գրում, գրի եմ առնում թելադրվածը, որն անցնում է ուղեղիս եւ հոգուս միջով ու շարվում թղթին»,- «Վահան Թեքեյան» մրցանակը ձեռքինՙ ասաց բանաստեղծ Մանվել Միկոյանը:

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը «Թատերական արվեստ» անվանակարգում ներկայացվել է միայն մեկ ներկայացումՙ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը: Թե՛ թեքեյանցիների, թե՛ հանձնաժողովի կարծիքովՙ եթե անգամ այլ բեմադրություններ եւս ներկայացված լինեին, միեւնույն է, լավագույնը կճանաչվեր «Երկնագույն շան աչքերը»: Հանձնաժողովի նախագահ Արմեն Էլբակյանը չթաքցրեց, որ ներկայացումը նայելուց հետո ինքնաբուխ ցանկություն է առաջացել թղթին հանձնել տպավորությունները. «Օգտագործելով լույսի եւ ստվերի հնարավորությունները, նաեւ կինեմատոգրաֆիստական հնարքներՙ սուղ, լակոնիկ միջավայում ստեղծվել է պատրանք: Երազի ու իրականության սահմանները գծվում ու ջնջվում են կավճով: Իսկ այս ամենի մեջ երկու հերոսի փոխհարաբերությունն էՙ համոզիչ, զգացական ու զգայուն»:

«Վահան Թեքեյան» մրցանակը թատերական անվանակարգում ստացավ «Երկնագույն շան աչքերը» պիեսի բեմադրիչ-ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը : Ներկայացման գաղափարը դեռ ուսանողական տարիներին մտահղացել է Արսեն Միքայելյանը : Ու երկու ընկերները որոշել են Մարկեսիՙ բեմադրվելու համար սաստիկ բարդ գործը բեմ հանել: Արսենը մեկնել է բանակ ու Ռաֆայելի հետ հեռվից հեռուՙ հեռախոսով աշխատել: Միշտ անշլագով ընթացող, թատերագետների ու հանդիսատեսի բացառապես հիացական արձագանքներին արժանացած ներկայացումը բեմի վրա Արսեն Միքայելյանը դեռ չի տեսել. Արցախում ծառայությունը կավարտի երկու ամսից, կվերադառնա Գյումրի, ե՛ւ պիեսը կտեսնի, ե՛ւ կշարունակի հաջողությամբ սկսած թատերական ճանապարհը: Ի դեպ, «Երկնագույն շան աչքերը» ներկայացման հերոսներն այս տարի արժանացան նաեւ «Արտավազդի»: Մարկեսյան հերոսներին մարմնավորվում է երկու զույգ: Տղաներից մեկըՙ Սամվել Գալստյանը եւս բեմական կյանքը կիսատ է թողել ու մեկնել բանակ:

«Երկնագույն շան աչքերը» հաջողված ներկայացման արձագանքներից բացի, դահլիճում ոչ պակաս ոգեւորություն առաջացրեց հաջորդ անվանակարգըՙ «Երաժշտություն»: «Ազգ» շաբաթաթերթի խմբագրապետ Հակոբ Ավետիքյանին էր վստահված մրցանակը հանձնելու եւ հանձնաժողովի ընտրությունը հիմնավորելու պարտավորությունը:

«Սա մրցույթ չէ, այլ տարիների կուտակածի, վաստակածի գնահատական: Այդ գնահատականը երբեմն տրվում է ուշացած, բայց տրվում է նրան, ում իսկապես պետք է գնահատել ու արժեւորել: Անցյալ տարի «Վահան Թեքեյանի» արժանացավ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը , այս տարի մրցանակը հանձնում ենք Էդուարդ Թոփչյանին: Ժյուրին ոչ մի դժվարություն չունեցավ իր որոշումը կայացնելու: Գրաբարյան մի արտահայտություն կաՙ երբ արեգակն է ծագում, աստղերը կորչում են: Ահա այդպիսի մի արեգակ է Էդուրադ Թոփչյանը: Լինելով մելոմանՙ ինձ համար մեծ բավականություն է այս մրցանակը հանձնել մաեստրոյին, որը մեր աչքի առաջ կայացավ: Նրա ղեկավարած նվագախմբի շնորհիվ է հատկապես, որ Հայաստանն այսօր դարձել է երաժշտական համաշխարհային կարեւոր մայրաքաղաքներից մեկը: Ես առիթ եմ ունեցել ունկնդրելու Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Վերդիի «Ռեքվիեմի» կատարմանը: Իսկապես հրաշալի, դրամատիզմով լեցուն համերգ էր, այնՙ ինչ փնտրում էինք տարիներով, վերջապես գտանք: Լեփ-լեցուն դահլիճը գնահատեց մաեստրոյի աշխատանքը. հիմա գնահատելու հերթը մերն է»,- մրցանակը մաեստրոյին հանձնելիս ասաց Հակոբ Ավետիքյանը:

«Եթե նորից ծնվեմ, կուզենամ նորից երաժիշտ լինել: Ինձ համար կարեւոր չէ, որ ես դիրիժոր եմ, կարեւոր է, որ ես երաժշտության մի մասնիկն եմ: Երբեք չեմ սպասել մրցանակների, բայց անչափ զգացված եմ այսքան պատվաբեր մրցանակի համար: Մի անեկդոտ կա. հրեան մոտենում է երաժշտին ու ասում. «Դու նվագում ես, հաճույք ես ստանում, հերիք չի, դեռ դրա համար փո՞ղ էլ ես ստանում»: Ինձ մոտ այսօր հրեայի ասածի պես ստացվեց»,- խոսքն ավարտեց Էդուարդ Թոփչյանը:

Վերջինՙ «Կերպարվեստ-քանդակ» անվանակարգում երեք տասնյակ գործերի մեջ լավագույնն է ճանաչվել Միսաք Մելքոնյանի «Թավջութակահար» քանդակը: Մրցանակն ու դրամական պարգեւը նրան հանձնեց արվեստաբան Հրավարդ Հակոբյանը: Հեղինակը չհերքեց, որ անկախ իրենիցՙ քանդակն իրեն է նմանվելՙ նույն մորուքով, դեմքի հուզական արտահայտությամբ: «Ինչ արած. ինչքան էլ խուսափել եմ, վերջում պարզվեց, որ բնորդը ես եմ»,-կատակեց քանդակագործը:

Չնայած համաշխարհային տնտեսական պայմանները գնալով ավելի սուղ են դառնում, դրա հետ էլ հայ իրականության հնարավորությունները, բայց Թեքեյան մշակութային միության ղեկավարությանըՙ Երվանդ Ազատյանին, Ռուբեն Միրզախանյանին, Հակոբ Վարդիվառյանին ու մյուսներին հաջողվում է ոչ միայն կազմակերպել «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, այլեւ շարունակել թեքեյանականների եռանդուն գործունեությունը մեր մշակույթի, գիտության ու արվեստի բնագավառներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ