RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 08:57:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2339, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

(«Կորուսյալ ժամանակ» շարքից)

Աբրահամ Ալիքյանը հայոց լեզվի մեծատաղանդ բանաստեղծներից մեկն է: Քանի՞ բանաստեղծի կարելի է նման խոսք, նման բնութագրում հասցեագրել: Հուսահատության չափ քչերին, սակավներից սակավներին:

Աբրահամ Ալիքյանը իր դժվարին կյանքում խորապես ապրեց բանաստեղծներին բաժին ընկնող ամենածանր ողբերգությունըՙ փնտրեց եւ չգտավ իր երազյալ եզերքն ու ափունքը, երբեք չունեցավ իր հոգեկան հայրենիքը, չապրեց իր ըղձյալ Հայրենիքում եւ, ավա՜ղ, ի վերջո, հավերժության դիմաց տեւելու մնաց պաղ ու անհաղորդ օտար երկնքի տակ:

2018 թվականի մայիսի 21-ին Աբրահամ Ալիքյանը կլիներ իննսուն տարեկան: Ամեն մի ծննդյան օրվա մեջ միշտ անառիթ տխրության երանգ ու մեղմություն կա: Հիշելով բանաստեղծին, իր նվիրական օրը բանաստեղծի հետ լինելու մղումով թերթելով իր ազնվական բանաստեղծությունների հատորները, ես միտ բերեցի իր մի գրքի հետ կապված մի փոքրիկ, մի տխուր պատմություն:

...1974 թվականին Երեւանում լույս տեսավ Աբրահամ Ալիքյանի բանաստեղծությունների եւ պոեմների «Նժար» խորագիրը կրող գիրքը: Դեռեւս այն ժամանակ ես կարծիքին էի, որ նա մեկն է մեր այն գրագետներից, որոնց գրությունները հեռու են հավուր պատշաճի լինելուց եւ արժանի են առանձնակի ուշադիր, հասկացող վերաբերմունքի: Այս կարծիքս պահած եմ մինչեւ օրս: Ինչեւէ: «Գրքերի աշխարհ» պարբերականի (այն ժամանակՙ ամսաթերթ) խմբագիր, գրող Անուշավան Դեւկանցին առաջարկեցի հոդված տպագրել իր թերթում այդ գրքի մասին: Խմբագիրը, որն, ի դեպ, հաստատապես լավ մարդ էր, համակրում էր ինձ, իմ լավ բարեկամն էր եւ սիրով էր տպագրում իմ գրությունները, այնուամենայնիվ չկամությամբ լսեց առաջարկս. նրան շատ լավ հայտնի էր գրական պաշտոնյաների եւ գրական գեներալների վերաբերմունքը Աբրահամի բանաստեղծության հանդեպ եւ ինքն էլ, շիտակն ասենք, անմասն չէր դրանից: Փորձեցի համոզել: Երկար խոսեցի, այդ օրերին «Գարուն» ամսագիրը տպագրել էր Աբրահամի բանաստեղծություններից մի շարք: Վկայակոչեցի այդ բանաստեղծությունները:

«Պետրոս Դուրյան»-ը տպավորվել եւ մտապահվել էր, մի քանի տող արտասանեցի «Պետրոս Դուրյան»-ից.

Երբ ճյուղերի ծայրին բույր է մանվում ու թույր,

Երբ ճաքճըքվում երկրի խճանկարն արդեն,

Երբ օրերն են թաքչում թավուտ մայրամուտում,

Որ վաղորդյան լույսին չսպասելով ցայտեն,

...Երբ գամփռորեն կածանն է մեկնում դունչ ու թաթ,

Երբ որ ձյունն է շրջում, ինչպես թութի կաթուկ,

Երբ հառնում է հողից մի ինքնամփոփ ջութակՙ

Ես Դուրյան եմ կարդում:

Խմբագիրը կարծես թե անակնկալի եկավ, հավանեց, եւ ի վերջո համաձայնեց, թեեւՙ դժկամությամբ: Մեջը այնուամենայնիվ վախ կար. «Միայն թե կարճ կգրես: Կարճ»,- խստորեն պատվիրեց խմբագիրը: Ես գրեցի երկուսուկես-երեք էջանոց մի նյութ եւ ներկայացրի խմբագրություն: Գրեցի ընդհանուր խոսքերով, մի քիչ անհամարձակ, փոքր-ինչ վեհերոտ, բայցՙ հստակ կողմնորոշումով, թեպետեւ առանց մանրամասների ու վերլուծումների, մի խոսքովՙ այնպես, ինչպես ենթադրում է ազդարար-գրախոսականը: Նյութը ընդունեցին, կարդացին, ինչպես վայել էրՙ «խմբագրեցին», ասել է թեՙ կրճատեցին, թողեցին մի էջից մի քիչ ավել, նորից մեքենագրեցին, այս անգամՙ թերթի վերտառությամբ, մատիտով ու գրիչով նորից անցան իրենց իսկ մեքենագրածի վրայով, հարցականներ ու զանազան այլ նշաններ շարեցին, ոլոր-մոլոր գծեր քաշեցին, բառեր ջնջեցին, բառեր փոխեցին այդ մեկ էջանոց նյութի մեջ, ի վերջոՙ լուսանցքներում ստորագրեցինՙ դատական ատյանի փաստաթղթի պես, ուղարկեցին տպարան եւ... չտպագրեցին:

Չտպագրեցին, որովհետեւ մեր քաղաքական ու գրական պետերը, լեզվական քաղաքականության (սովետակա՜ն կյանք) վարող մեր գործիչները վաղուց արդեն արել էին իրենց սեւ գործը, հասել էին իրենց նպատակին. արեւմտահայ լեզուն կարդացվում եւ ընկալվում էր գրեթե օտար լեզվի պես, բառապաշարը օրըստօրե դառնում էր ավելի խորթ ու անհասկանալի: 30-ական թվականների վերջերին եւ 40-ական թվականներին ծայրահեղ պարզունակացման հասցված գրականության լեզուն տակնուվրա էր արել գրականության բոլոր չափանիշերը եւ բուն իսկ գրականությունը: Ավելի՛ն. այն դառնում էր անհրաժեշտ պայման, օրենք եւ օրինաչափություն: Չտպագրեցին, իհարկե, հենց Աբրահամ Ալիքյանի համար - Աբրահամ Ալիքյանի պատճառով: Երբ տեսա, որ նյութս չի տպագրվելու, խմբագրից խնդրեցի ինձ տալ այդ չարչրկված բնագիրը: Նա չմերժեց, եւ ես այն պահեցի մինչեւ օրս, մինչեւ հիմա:

Ի դեպ, տարիներ անց համալսարանական մի թանձրամիտ «լեզվաբան» «Սովետական գրականություն» (հետագայումՙ «Նորք») ամսագրին ներկայացված մի «հոդվածի» մեջ (որը բարեբախտաբար չտպագրվեց), խոսելով Աբրահամ Ալիքյանի թարգմանությունների մասին, ասում էր, որ Աբրահամ Ալիքյանը թարգմանության մեջ հոմանիշեր ընտրելիս նախապատվությունը տալիս է արեւմտահայ բառապաշարին, հետեւապես Աբրահամ Ալիքյանը, ոչ ավել, ոչ պակաս, «նացիոնալիստ» է, որ լեզվական «դիվերսիա» է անում...

Այսօր ընթերցողին եմ հանձնում 1974-ին գրված այդ չարչրկված էջը:

ԺԱՄԱՆԱԿԻ ԱՆՁՐԵՎԱԹԱՑ ՆԺԱՐԸ

Աբրահամ Ալիքյանը բառի բանաստեղծական արժեքը գիտցող գրող է: Գրքի վերնագիրն անգամՙ «Նժար», խոսում է հեղինակի հին գայթակղության մասին: Նրա բանաստեղծության եւ մարդու հոգեկանի բանաստեղծական խորերի միջեւ կանգնած է բառը իբրեւ միացում:

Այս գրքին հատկանշական է իրավիճակի հոգեկան կացությունը, փիլիսոփայական պահը: Բանաստեղծի հուզումները, ուղերձները, ինքնաբացահայտման տողանցիկ վկայությունները ստեղծում են հետաքրքիր ու երաժշտականորեն նուրբ մի աշխարհ: Նրա բանաստեղծության հերոսը թանկ ու անդառնալի շատ կապեր ունի աշխարհն ու ապրելը իմաստավորող առարկաների, պատմության հետՙ բնության բալերանգ բույրերից մինչեւ մոռացության խոտի տակ խորհող բանաստեղծը: Հերոսը տառապած է այդ կապերից, այդ կապերի համար:

Աբրահամ Ալիքյանի բանաստեղծությունն իր մեջ կրում է արեւմտահայ բանաստեղծության ինքնակա ավիշը: Գրականության իսկական ավանդույթը անցյալի գրականության հանդեպ ստեղծագործական հիշողությունն է, սեփական հիմքի վրա դրանց շարունակումը: Գրական այդ ժառանգությունը Ալիքյանի բանաստեղծություններում արտահայտվում է ամենից առաջ խոհի ու ներաշխարհի, հայրենիքի ու բնության սիրո յուրահատուկ ներթափանցման մեջ: Բառի ինքնօրինակ մեկնումները հանգեցնում են անվերադարձ սիրուն ու նվիրումին («Տաղերՙ Հայաստանին»), օգնում են բնության խրախճանային գեղեցկությունների գեղանկարչական թանձր գույների վերարտադրումին («Ներքին նժար», «Իրիկնապահ», «Աշուղ աշուն»):

Աբրահամ Ալիքյանն ունի որոշակի ինքնատիպություն, որ պայմանավորվում է ամենից առաջ նրա լեզվամտածողությամբ: Անհնար է զանց առնել գրողի լեզուն, որը մաքուր, հնչեղ, հստակ հայերեն էՙ մեր լեզվի արեւմտահայ հատվածի հարուստ բառապաշարի ներթափանցումներով: Ճիշտ է, երբեմն այս լեզվամտածողությունը բանաստեղծին հասցնում է մինչեւ գրքայնություն, բայց հիմնականում դա հեղինակի անառարկելի առավելությունն է:

Կիրթ ու նուրբ է նրա բանաստեղծության աշխարհը: Այս տեսակետիցՙ Ալիքյանը իր սերնդի բանաստեղծների մեջ առանձնանում է բանաստեղծության իր մակարդակով: Եվ հարկ է, որ Ալիքյանը իր արժանի տեղն ունենա այս սերնդի բանաստեղծությունը դիտարկող գրական քննադատության մեջ:

Այսօրվա գրական շուկան սպառնում է դառնալ համընդհանուր: Եվ այսօրվա գրողի համար կարեւորը իր անհատականությունը պահպանելն է: Աբրահամ Ալիքյանը պահպանում է այն: Դրա վկայությունը բանաստեղծի այս եւ նախորդ գրքերն են, իր տողովՙ դրված «ժամանակի անձրեւաթաց նժարին»:

Աբրահամ Ալիքյան, «Նժար». «Հայաստան», 1974, 127 էջ, 3000 օր., 53 կ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ