RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-10 20:58:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1892, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՋԱԶԻ ՌԱՀՎԻՐԱՆՙ ԱՆԴՐԵ ԷՔՅԱՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Ազգի»ՙ անցյալ տարվա սեպտեմբերի 22-ի համարում մեր հրատարակած «Աշխարհի առաջին հայազգի ջազմենը» հոդվածը բավական արձագանք ունեցավՙ կրկին ապացուցելով մեր ժողովրդի տածած հատուկ սերը ջազային արվեստի հանդեպ: Առաջին հայազգի ջազմեն Գրիգոր Քելեկյանին նվիրված հոդվածում հիշված էր նաեւ հայազգի ֆրանսիական սաքսոֆոնահար, կլառնետահար, երգահան, գործիքավորող եւ նվագախմբի ղեկավար Անդրե Էքյանը (Էքշյան, 1907-1972), որը հանդես էր եկել Քելեկյանի հետ գրեթե միաժամանակ: Ընդառաջելով ԱՄՆ-ից մի ընթերցողուհու խնդրանքինՙ ստորեւ ներկայացնում ենք նաեւ այդ երաժշտին:

Հայտնի է, որ ջազը ծնունդ է առել ԱՄՆ-ում, որտեղից էլ արագ տարածվել է աշխարհով մեկ: Ֆրանսիայում այն տարածվել է արդեն 1910-ականներին, ամերիկացի երաժիշտների միջոցով: 1920-ականներն վերջերին հայորդի Անդրե Էքյանը եղավ ֆրանսիական ջազի ռահվիրաներից մեկը, որին համարել են ամենաինքնատիպ ջազային ոճաբաններից մեկը Ֆրանսիայում եւ Եվրոպայի այն հազվագյուտ սաքսոֆոնահարներից, որոնք զարգացրել են սեփական ոճը...

Նա ծնվել է Փարիզի մոտ Մյոդոն քաղաքում, Օսմանյան կայսրությունից գաղթած հայի եւ հունգարուհու ընտանիքում: Մանկուց ինքնուրույն սովորել է կլառնետ ու ալտ սաքսոֆոն նվագել եւ 1920-ականների վերջից հանդես է եկել տարբեր նվագախմբերում, մասնավորապեսՙ բելգիացի սաքսոֆոնահար Պոլ Գասոնի «Վերսաթայլ» նվագախմբի հետ: 1930-ականների սկզբին նա արդեն հայտնի անուն էր Ֆրանսիայի ջազի երկրպագուների շրջանում, որն իր գործունեությամբ մեծապես նպաստել է ջազի զարգացմանըՙ ակումբներում եւ կաբարեներում կազմակերպելով համերգներ ու ջեմ-սեշըններ (թեմատիկ հանկարծաբանություններ): Անդրե Էքյանը հանդիսատեսին հմայել է ոչ միայն իր ճարտար նվագով ու հմուտ հանկարծաբանություններով, այլեւ գեղեցկատես արտաքինով: 1934-ին նրա անունը հոլովվել է մի գայթակղալից պատմության մեջ: Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում է ապրել երիտասարդ ամերիկուհի Մարգրիթ Չադվիքը, որը վեց տարի առաջ կորցրել էր իր ամուսնուն - վիշտը մոռանալու համար սկսել է հաճախել գիշերային զբոսավայրեր: Դրանցից մեկում էլ նա հանդիպել է Անդրե Էքյանին եւ սիրահարվել: «Բայց վիշտը անհետանալու փոխարէն կը կրկնապատկուի, որովհետ- անպիտան հայը չ՛ուզեր գոհացում տալ գեղանի այրիին,- գրել է ժամանակի հայ մամուլը:- Չի կրնար սիրել: Ապսպրանքի վրայ ըլլալիք բան չէ՛ եա: Ի զուր կ ողոքէ խարտիշագեղ ամերիկուհին: Ի զո՛ւր կը յամառի, կը պնդէ: Ո՛չ - ո՛չ»: Այդժամ շամիրամյան կրքով համակված Մարգրիթը մի անգամ կաբարե է ժամանել մի խոշոր ատրճանակով ու այն ուղղել է ուղիղ Անդրե Էքյանի սրտին: Երկու ոստիկան իսկույն հարձակվել են կատաղած այրիի վրաՙ խլելու համար զենքը: Իրարանցում, աղմուկ-աղաղակ: Հանկարծ ատրճանակը պայթել է: Էքյանին ոչինչ չի պատահել. թեթեւակի վիրավորվել է նրա նվագախմբի երաժիշտներից մեկը, իսկ Չադվիքը բանտարկվել է (տե՛սՙ Հայու մը սիրահարուած ամերիկուհին զէնքի կը դիմէ... բայց նուագահար մըն է, որ կը վիրաւորուի, «Ապագայ», Փարիզ, 7.12.1934):

1935-ին հայազգի երաժիշտը հիմնել է «Ջազ Էքյան» խումբը, 1936-ինՙ «Սուինգ թայմ» պարասրահ-ռեստորանը: Նույն տարի Փարիզի «Էկոլ Նորմալ» հայտնի երաժշտական դպրոցում մասնակցել է ֆրանսիական ջազի գալա-համերգին, ինչպես նաեւ կազմակերպել ջազ երաժշտության ձայնագրություններ: Նա բազմիցս հանդես է եկել ամերիկացի նշանավոր սեւամորթ կատարողներ Բենի Քարթերի, Քոուլմեն Հոքինսի, Ջո Թըրների, Ջեք Բաթլերի, Բիգ Բոյ Գուդիի, Ֆաթս Ուոլերի, Թոմի Բենֆորդի եւ շատ ուրիշների հետ: 1930-ականներին Լոնդոնում հյուրախաղերով հանդես է եկել անգլիացի հայտնի երգահան, դաշնակահար, նվագախմբի ղեկավար Ջեք Հիլթոնի, Նյու Յորքումՙ Թոմի Դորսիի եւ Ռեյ Վենտուրայի նվագախմբերի հետ: Հոդվածի սկզբում հիշված երաժիշտ Գրեգորի (Գրիգոր Քելեկյան) հետ նա հանդես է եկել 1933-ին, Փարիզի հեղինակավոր «Օլիմպիա» համերգասրահում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Էքյանը շարունակել է իր խմբով հանդես գալ Փարիզի «Պլեյել» դահլիճում եւ «Նորմանդի» կինոթատրոնում: Պատերազմից հետո, 1946-ին, հայազգի ֆրանսիական վավերագրող Էդի Պետրոսյանը Էքյանին ու նրա նվագախմբին նկարահանել է «Քոքթեյլ-մագազին թիվ մեկ» կարճամետարժ փաստագրական կինոնկարում: 1947-ին «Ջազ Էքյանը» ձայնագրել է «Հեյ-բա-բա-րե-բոպ» երգը, որն արժանացել է «Ձայնապնակների գլխավոր մրցանակին»:

Անդրե Էքյանի կենսագրության կարեւոր էջերից է նրա համագործակցությունն ազգությամբ գնչու նշանավոր վիրտուոզ կիթառահար, «ջազ-մանուշ» (գնչուական ջազ) ոճի հիմնադիր Ջանգո Ռեյնհարդտի (1910-1953) հետ... Այդ անսովոր ստեղծագործական եւ մարդկային հարաբերությունների պատմությունը մանրամասն ներկայացված է Մայքլ Դրեգնիի «Ջանգո. գնչու լեգենդի կյանքը եւ երաժշտությունը» գրքում (Օքսֆորդ, 2004): Այստեղից իմանում ենք, որ նրանք առաջին անգամ համատեղ հանդես են եկել 1932-ին, Ժան Սաբլոնի նվագախմբում, եւ Էքյանը մեծ դեր է ունեցել Ջանգոյիՙ որպես երաժիշտ եւ անհատականություն հղկման ու կայացման գործում: Քանի որ Ջանգոն կյանքում սովոր չի եղել ժամանակային սահմանափակումների եւ կիրթ վարվեցողության, Էքյանն անձամբ պատասխանատու է եղել վերջինիս համար: Երիտասարդ հայորդին երիտասարդ գնչուին ոչ միայն օժանդակել է մասնագիտական առումով, այլեւ հետեւել, որպեսզի վերջինս համերգներին ներկայանա միշտ սանրված, մաքուր եղունգներով, փայլեցրած կոշիկներով եւ սմոքինգով: Բազմաթիվ ելույթների հետ մեկտեղ նրանք համատեղ ձայնագրել են դասական ջազի տասնյակ ստեղծագործություններ 1930-ականների վերջին եւ կրկինՙ 1950-ականների սկզբին:

...1949-ի սկզբին Ջանգոն անհետացել է երաժշտության աշխարհից եւ հանրությունից: Էքյանը մի կերպ գտել է նրան եւ համոզել վերադառնալ, նաեւ պարզել, որ ընկերը կարիք ունի լուրջ ատամնաբուժական միջամտության: Նա Ջանգոյի կողքին է եղել վիրաբուժական գործողության ժամանակ, որի ընթացքում կիթառահարը գրեթե հասել է մահվան դուռը: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, եւ այդ տարի Ջանգոն հանրությանը ներկայացել է իր նոր սպիտակ ատամներով: Նրանք կազմել են մի նոր ջազ հնգյակ եւ շրջել Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Իտալիայում (Էքյանն, ի դեպ, անձամբ է վարել մեքենան): Սակայն Ջանգոյի կարիերան ավարտվել էր: Պատերազմի տարիներին կրած զրկանքներն իրենց զգացնել են տալիս, եւ Ջանգոն հանկածամահ է լինում 1953-ին, 43 տարեկան հասակում:

Գործընկերոջ եւ մտերմի մահից հետո Էքյանը շարունակել է ելույթներն իր խմբովՙ կինոթատրոններում, ռադիոյով եւ հեռատեսիլով, իսկ 1955-ին ղեկավարել է իր նվագախումբը «Մաքսիմ» ռեստորանում: 1957-ին Պոլ Պավիոն նկարահանել է «Ջանգո Ռայնհարդտ» վավերագրական կինոնկարը, որի հիմնական մասնակիցներից Անդրե Էքյանը բազում հիշարժան դրվագներ է պատմում իր երկարամյա մտերիմ ընկերոջ մասին...

Ի դեպ, մահից երկու տարի առաջ (որը տեղի ունեցավ 1972-ին, Իսպանիայի Ալիկանտե քաղաքում) Էքյանը փայլել է մեկ այլՙ դերասանական տաղանդով: Ռիկոյի երկրորդական դերով նա նկարահանվել է ֆրանսիացի ճանաչված բեմադրիչ Ժան-Պիեռ Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմումՙ խաղընկերներ ունենալով այնպիսի ականավոր կինոդերասաններ, որպիսիք էին Բուրվիլը, Ալեն Դելոնը, Ջան Մարիա Վոլոնտեն եւ Իվ Մոնտանը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ