RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 20-04-2018



150-ամյակին ընդառաջ

Տեղադրվել է` 2018-04-19 22:04:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2926, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

...ԱՍՏԾՈ ԱՆԵԾՔԸ ԲՈԼՈՐ ՀԶՈՐՆԵՐԻ ՎՐԱ

Ն. ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Հովհ. Թումանյան

«....1330 թվականին թուրքերն անցան Եվրոպա, իսկ 1453 թվականին Մուհամմեդ 2-րդի առաջնորդությամբ տիրեցին Կոստանդնուպոլսին, անվանեցին այն Ստամբուլ ու իրենց գահը հաստատեցին էնտեղ: Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհքն ու կուլտուրական մարդկությունը հառաչեց էս հարվածի տակ ու ողբաց էս դեպքը: Մի ողբ ու հառաչանք, որ տեւում է մինչեւ էսօր» : Հ.Թ ,Հին խոսքը, 1914

1914թ. հուլիսին Թումանյանը Ձաղվերում էրՙ Նարեկացու միջոցով դստերըՙ Նվարդին գրաբար էր սովորեցնում, երբ առավ պատերազմի բոթը: Մարտահրավեր էր նետված ոչ միայն մեծ աշխարհին ընդհանրապես, այլեւ իր ստեղծած տաքուկ, բարի, բազմանդամ ընտանիքին մասանվորապես: Արտավազդը, որ ուսանում էր Մոսկվայի Կելինի նկարչական ստուդիայում, ենթակա էր զորակոչման: Ավագ որդուցՙ Մուշեղից լուր չկար. գիտեին միայն, որ ճամփորդում էր Գերմանիայում եւ կարծես պատերազմի հայտարարման ժամանակ Լայպցիգում էր: 1914-ին Թիֆլիսում Հայոց ազգային բյուրոյի ենթակայությամբ ստեղծվում է Պատերազմից վնասվածներին օգնող կենտրոնական կոմիտե: Նոյեմբերին Մեսրոպ եպս. Տեր-Մովսիսյանի եւ Խորեն եպս. Մուրադբեկյանի հետ (այդ ժամանակ Արարատյան թեմի առաջնորդ, ապաՙ կաթողիկոս Ամենայն հայոց) Թումանյանը, Շիրվանզադեն, Խունունցը եւ այլք հատուկ առաքելությամբ մեկնում են Արեւմտյան Հայաստան: Առաքելության կարեւոր մասը հայ կամավորականներին քաջալերելն էր: Իգդիր-Կարս ճանապարհը բռնելուց առաջ խումբը կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար ժամանում է Էջմիածին: «Բայազետի եւ Ալաշկերտի շրջանը անցանք, վերջացրինք, այժմ եկել ենք Ղարաուրղանի ֆրոնտը-Բասենի շրջանը: ... տեսնել գերիների խմբեր, ընկած դիակներ, ավերված գյուղեր -միայն շներ ու կատուներ էին մնացել, որ սոսկալի ոռնում ու մլավում էին գիշերները, սոված ու անտեր»: Հ.Թ. Ֆիլիպ Վարդազարյանին գրած նամակից, 1914

- Ինչո՞ւ եք լալիս, անմեղ փոքրիկներ...

Ձեր հայրերն ընկա՞ն «ամենը» կըռվում....

Էլ ոչ ոք չըկա՞, որ ձեզ պաշտպանի...

Վախենո՞ւմ եք դուք էս չար աշխարհում...

Խեղճ երեխաներ, անիծվի աշխարհն,

Ուր որ դողում է ձեր մանուկ հոգին,

Անիծված լինի, քանդվի, կործանվի

Իրեն մթերած չարության տակին....

Հ.Թ., «Հրացաններ են ճայթում»,1914

«Շատ տխուր են տպավորություններս եւ շատ հեշտ կարող ենք աղետալի դեպքերի հանդիպել, էնքան խախուտ է մեր վիճակը» : Հ.Թ.

Ոչ մի հնար չկար հայության համար: Արեւմտյան Հայաստանում մեծ խաղաղասերը հասկացավ, որ Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը միջանցք է դեպի Պարսկաստան եւ Թուրքիա: 1915թ Թումանյանը նորից է մեկնում Արեւմտյան Հայաստանՙ ռազմաճակատի գիծ:

«Երեկ նոր հեռագիր ստացանք, թե լայնածավալ կոտորածներ են սկսվել Տաճկահայաստանում: Էն, ինչ որ ամենքս սպասում էինք շարունակ ու ինչի մասին որ սարսափից չէինք խոսում: Այո, էսպես թուրքը վերջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ: Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել» :

Հունիսի 17-ին Թումանյանի եւ Ռոստոմի կողմից Վանից Թիֆլիսՙ հայոց ազգային բյուրոյի կենտրոնական կոմիտեին ուղարկվեց հետեւյալ գրությունը. «Ամբողջովին ազատված են կոտորածից Շատախը, Խիզանը, Սպարկերտը, Մոկսը, Մամրտանքը: Աննշան կոտորածներ են տվել Հայոց-Ձորը եւ Թիմարը: Ամբողջովին կոտորված է Ալջեւազի, Արճեշի, Բերկրիի, Աղաբեկի, Նորադուզի բնակչությունը: Վանը եւ շրջակայքը լիքն են փախստականներով: Ծայրահեղ կարիք կա ամեն բանի» :

Արեւմտյան Հայաստանում Թումանյանը օրագրագին բազմաթիվ գրառումներ արեց, որոնք ցավոք այդպես էլ հետագայում չամբողջացան եւ ամփոփ հուշագրություն չդարձան: Սարսափելի տպավորությունները զետեղեց «Ավերակների եւ դիակների աշխարհում» ակնարկում: Թումանյանը ցնցված էր մարդու կողմից հղացված եւ իրականացված հրեշավոր ոճիրների եւ Հայրենիքի բնական գեղեցկության հակադրությամբ: Աբաղայի դաշտից Հայրենիքի բուսական ճոխության մասին պատկերացում տալու համար, ընտանիքին ուղարկած ծրարի մեջ դնում է Բայազեդ Աղա գյուղի կակաչի թերթ եւ պատմում հսկա վայրի հակինթների ու հիրիկների մասին: 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին Վանի փառահեղ հերոսամարտի պսակը եղավ Վանի հայկական նահանգապետության հիմնադրումը: Ազատագրված այս փոքրիկ հայկական անկլավի բնակչությունը հունիսի 12 -ին Կովկասից ժամանած հռչակավոր գրողին դիմավորեց ծաղիկներ սփռելով ճանապարհին: «Թումանյանի Վան գալը կարծեք տարած հաղթանակի գագաթնակետն էր» : Նրա ստեղծագործություններով եւ հատկապես «Սասունցի Դավթով» ոգեշնչված վանեցիները նրան համարում էին «Երիտասարդության դաստիարակ ու մարգարե, պայքարի առաքյալ ու ազատության գուշակ»: Այստեղՙ հիացած վանեցիների հայրենասիրությամբ եւ ազգային փայլուն ինքնագիտակցությամբ, Թումանյանը մնում է մոտ երկու շաբաթ:

«Դարերու երազ էր մեր ժողովրդի համար տեսնել սահմանը ճեղքված հայ կամավորին սուրով, պատնեշներ քանդված մեր առջեւ, Կովկասը մեզ հետ շրթունքը շրթունքի եւ հայը այլեւս ոչ թե թուրքահայ կան ռուսահայ, այլՙ հայ...»: Վանեցի մտավորական Սողոմոն Ջրբաշյանի հուշերից«Վան եւ Երեւանՙ կնշանակի հայություն, մի հայություն, որ դարեր առաջ իր բարձր կուլտուրայով ու իր ճոխ գրականությունով ընկավ իր աշխարհքի փլատակների տակ եւ միայն այժմ է դուրս գալիսՙ երկար դարերից հետո, անթիվ կյանքերի ու նրանց ջանքերի շնորհիվ»: Հ.Թ. «Վան եւ Երեւան», 1915

Փանոս Թերլեմեզյանի ուղեկցությամբ, ով Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմնի անդամ էր, Վանի Այգեստանի ընդարձակ այգիները, Արտամետը, Մհերի դուռը, Ուրարտական անառիկ բերդը տեսնելովՙ Թումանյանը բացականչում է. «Այ տղա, էս ոնց էր, որ մինչեւ հիմա էս աննման երկիրը չէինք տեսել» : Թերլեմեզյան հիշում է, թե ինչպես կռվի դաշտում թուրքերի թողած թնդանոթը տեսնելովՙ Թումանյանը պատանու պես ցատկել է դրա վրա : Այստեղ է ծնվում նրա «Աղթամարի կղզում» բանաստեղծությունը:

«Մեր հայրենիքից կատարելապես անգետ ու անտեղյակ ենք առհասարակ, թե մեծերս թե փոքրերը, եւ էն ժամանակ, երբ մենք դուրսը մեծ բաներից ենք խոսումՙ գալիս ենք տեսնում ներսը մեր երեխաները խորթանում են ավելի եւս ամեն հայկականից, մտածեցի ձեռնարկել, կազմել ու հրատարակել մի շարք հայրենագիտական եւ այլ տեսակի խաղեր...Մտքումս դրել եմ էնպես անեմ, որ մի երկու տարում բոլոր հայ երեխաներին սովորեցնեմ հայոց գետերի, քաղաքների, լեռների, լճերի եւ այլն-գոնե անունները» : Հ.Թ., 1915

Արդեն Թիֆլիսում էր, որ առավ Վանի անկման բոթը: Ռուսները մարտավարական նոր ծրագրի անվան տակ հրաման արձակեցին գաղթեցնել Վանի բնակչությանը, իսկ զորքինՙ նահաջել: Անդրանիկը այս հրամանը համարեց ռուսների դավաճանական քայլ հայության նկատմամբ, կեղծ նահանջ, որի նպատակն էր հայաթափել Վանը իրենց հեռահար նպատակների համար: Եվ իրոք, օրեր անց ռուսները վերագրավում են Վանը, բայց այնտեղ արդեն հայ բնակչություն չկար, միայն որոշ ծերեր եւ հաշմանդամներ:

«Հայրս չէր կարողանում հանգստանալ...Հիասթափված էր, վրդովված, հոգնած, հիվանդ: Օր-օրի ավելի ընկճվեց, առողջական դրությունը վատանում էր եւ ծանրանում.... » : Նվարդ Թումանյանի հուշերից

Հոգեկան մեծ ալեկոծության մեջ 1915թ. հուլիսի վերջին շտապեց Էջմիածինՙ գաղթականներին եւ որբերին օգնելու:

«Անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որի ականատեսն եմ ես: Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունների շուրջը, հանդերը լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով: Երեխանե՜ր, երեխանե՜ր, երեխանե՜ր...անտեր, սոված, հիվանդ: Այժմ էլ ինձ է վիճակվել էդ երեխաների խնամատարության գործը...» : Հ.Թ.,1915

Իսկ իր երեխաները ռազմաճակատում էին: Մուշեղը Դիադինում եւ այլուր էր, Համլիկը զինվոր էր Ալեքսանդրապոլում, Արտավազդը Վանում էր, Արեգը շուտով բռնելու էր Էրզրումի ճամփան:

«Թումանյանը կրնար անփույթ ու անտարբեր իր ցեղի ցավին երջանիկ կյանք մը ապրիլ: Կրնար կեղծ բառերով եւ փուճ արցունքներով, նստած եւ ընկողմանած ճոխություններու մեջՙ հայրենիքի վիշտը երգել թուղթի վրա...Կրնար ամառանոցներու եւ հանքային ջրերու հեշտանքը վայելել: Կրնար հարստանալ եւ փառքերու տիրանալ, բայց այս բոլորը արհամարհեց իր ցեղին բեկորներու համար ու տքնեցավ անոնց հետ, անոնց ցավն ու վիշտը բաժնելով»: Անդրանիկ Օզանյան

Ցեղասպանությունը Թումանյանիՙ Ամենայն հայոց թամադա տիտղոսին ավելացրեց Ամենայն հայոց բանաստեղծ եւ Ամենայն հայոց որբերի հայրիկ կոչումները:

«Շուտ-շուտ, եւ Աստծո անեծքը բոլոր հզորների վրա: Աշխարհքը պետք է նորոգվի: Էսպես անկարելի է» : Հ.Թ.

Գաղթականների մեջ սկսված համաճարակը սպառնում էր վերացնել ցեղասպանությունը վերապրածներին:

«Հարյուր հազարավոր փախստականներ են գալիս Թուրքիայից Իգդիրի վրայով Էջմիածին: Մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են, ուժից ընկած, հոգնած, սոված, բոբիկ: Նրանց պատմածները քրդերի եւ թուրքերի գազանությունների մասին լի են աննկարագրելի սոսկումներով...Թող այս երեխաների մանկական աղերսը լսեն մեր սրտացավ տիկնայք, օրիորդները եւ հայ կանանց հասարակական կազմակերպությունները...Այսօր երեկոյան ժամը 7-ին Թիֆլիս ուղարկվեց 600 հոգի: Իգդիրի շրջանում, Էջմիածնում եւ Երեւանում մեռնում է օրական մոտ յոթ հարյուր հոգի...Սպասվում է Վանից վերադարձող փախստականների մի հոսքՙ բաղկացած մոտ 25000 հոգուց...»: Հ.Թ., հեռագիր հայոց ազգային բյուրոյի ԿԿ-ին 1 սեպ.,1915

Հիշում է Անդրանիկի համհարզ Արսեն Մարմարյանըՙ նույն ինքնՙ Վահան Թոթովենցը: «Վանքի բակում հավաքվել էր տասնայակ հազարավոր գաղթականություն: Ամեն կետում մարդ էր մեռնում, երեխաները ճչում էին, ծերերըՙ տնքում, աղերսում...Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մեռնում էր մի ամբողջ ժողովուրդ: Մահվան սեւ քամին անցնում էր ահավոր թեւերով... Թումանյանը վազեց , բռնի բաց արավ նոր կառուցվող հայրապետական Վեհարանը, որ մինչ այդ անձեռնմխելի էր :

Գաղթականները լցվեցին ներս: Դա զայրացրեց Վեհափառին...» : Հենց այս միջադեպի ժամանակ է Թումանյանը ստանում իր նոր կաչումըՙ Ամենայ հայոց բանաստեղծ:

Դուստրըՙ Նվարդը, որ հոր կողքին էր Էջմիածնում, հիշում է. «Հայրիկը թիկնոցի մեջ փաթաթված, տեղատարափ անձրեւի տակ առաջ էր գնում, նրան հետեւում էր հազարավոր գաղթականությունը իրենց կապոցներով,երեխաներով, նույնիսկ հարազատների դիակներով...սարսափելի տեսարան էր...Այդ միջոցին հայրիկը հիշեցնում էր «Աղավնու վանքի» հայր Օհանին...» :

Էջմիածնում նրա աջակիցը ոչ միայն իր Նվարդն էր, այլեւ շատ ու շատ ազնիվ տիկիններ եւ օրիորդներ, ովքեր կամավորագրվել էին Թումանյանի որբախնամ գործին:

Այդ ինքնազոհ օրիորդներից մեկինՙ Սաթենիկին, համաճարակը տարավ: Այս թանկ մարդու հիշատակին Թումանյանը գրեց. «Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար,մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվածներին օգնելու համար: Եվ ավաղ, ամենից քիչը հենց սրանք են աշխարհում» :

Այս արհավիրքի մեջ մի օր հրաշք է տեղի ուենում: Գթության քույրերը գանգատվում են Թումանյանին, թե երեխաները չարաճճի են դարձել, դժվարացել է նրանց կառավարել: «...Հիշում եմ էն լավ օրը...երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես էին ոմանք զվարթ երգում խմբերով, ոմանք նստարաններին հեծած ձի են խաղում, ոմանք էլ կատակներ են անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում: »

Սա կյանքի վերադարձ էրՙ իրական Հարություն: Բայց երեւի Թումանյանը չէր գիտակցում, որ դա իրՙ իբրեւ Ամենայն հայոց որբերի հայրիկի ջանքերի արդյունքն է:

«...անոր կյանքը ողողված էր ուրիշներով...» ,- Զապել Եսայանիՙ Թումանյանին տրված այս կարճլիկ բնութագիրը շատ դիպուկ է եւ խոսուն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 20-04-2018

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ