RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2018-04-13 10:59:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 4449, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ՈՉ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՐԴ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պարուհի-պարադիր Ռիմա Պիպոյանին ճանաչում եմ արդեն տաս տարի: Միասին մասնակցել ենք ժամանակակից պարի աշխատանոցների, դիտել եմ նրա մեկ տասնյակի հասնող բեմադրությունները: Նա մեր արվեստում նոր խոսք ասող այն սակավաթիվ երիտասարդ ստեղծագործողներից է, որի մասին էլ չես ասի «խոստումնալից», քանի որ նա մեկը մյուսի հետեւից արդարացրել է իր հետ կապված հույսերը եւ երբեք չի բավարարվում ձեռք բերվածով: Մշտապես ստեղծագործական որոնումների մեջ գտնվող շատ արվեստագետների պես նա երբեմն հոգ էլ չի տանում իր ստեղծագործությունը պահպանելու, արխիվացնելու մասին...


- Ռի՛մա, մեր զրույցը սկսենք լիտվացի բալետի գործիչ Յուրիյուս Սմորգինասի արտահայտած մտքով. «Ես հաճախ նկատել եմ, որ հետաքրքական խորեոգրաֆներ ստացվում են ոչ թե մեծ պարողներից, այլ, այսպես կոչված, միջակներից»: Որպես պարուհի եւ խորեոգրաֆՙ համաձա՞յն ես նրա ասածի հետ:

- Իրականում ճիշտ է ասել, լրիվ համամիտ եմ: Այսօր այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցում են բազմաթիվ աշխարհահռչակ խորեոգրաֆներ: Ես ինքս էլ միջակ եմ եղել բալետում. ավարտել եմ պարարվեստի պետական քոլեջը որպես բալետի պարուհիՙ վերջին տարին տեղափոխվելով մանկավարժական բաժին. ֆիզիկական տվյալներս, մասնավորապեսՙ ցածր հասակս, չէին համապատասխանում բալետին, թեպետ տեխնիկապես ուժեղ եմ եղել: Պարողը, թերի լինելով տարբեր առումներով (իմ դեպքումՙ ֆիզիկական տվյալներով), ավելի շատ է զբաղվում իրենով, սկսում է ավելի շատ մտածելՙ հասնելու համար կատարելության: Պարարվեստի քոլեջում ուսանելու տարիներին սկսեցի բեմադրել ու մինչեւ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում որպես բեմադրող պրոֆեսիոնալ գործունեությունս սկսելսՙ արդեն մոտ ութ-ինը բալետ ունեի թղթին հանձնած, որոնցում գլխավոր դերերը միշտ ինձ էին պատկանում: Այն ժամանակ ինչ գիրք կարդում էիՙ վերածում էի լիբրետոյի: Չէի կարող պարել, փոխարենը ինքս էի ստեղծագործում ու լրացնում բացը: Այդպես սկսեցի բեմադրել եւ շարունակում եմ մինչեւ այսօր: Ո՞վ գիտի, եթե լինեի իդեալական եւ ամեն ինչ ինձ հեշտ տրվեր, գուցե ոչինչ էլ չանեի:

- Ու թեեւ պուանտներ չհագար, բայց մինչ օրս հանդես ես գալիս ժամանակակից պարային բեմադրություններում:

- Այո, ես իմ թերությունը դարձրի առավելություն: Եկավ մի պահ, երբ հասկացա, որ այն գաղափարները, որոնք իմ մեջ կան, չեն կարող արտահայտվել միայն բալետի, դասական պարի շարժումներով: Շարժումներն ինքնաբերաբար եկան իմ մեջ, ծնվեցին հիմնականում իմպրովիզացիաների միջոցով: Իհարկե, շատ մեծ դեր խաղաց նաեւ ժամանակակից պարի վարպետաց դասերի հետեւելը, ինչն օգնեց է՛լ ավելի ամրապնդել շարժումները եւ հիմնավորել պարային տեխնիկան: Շատ կարեւոր է, երբ ինքդ ես փորձում քո շարժումները գտնել, քո աշխարհը բացահայտել: Փորձեցի նաեւ զբաղվել ուշուով, ուսումնասիրեցի արեւելյան այլ մարտարվեստներ, եւ հասկացա, որ ժամանակակից բալետը, որն այսօր ունի Եվրոպան, մեծ մասամբ հիմնված է արեւելյան մարտարավեստների վրա, որոնք հղկվելովՙ դարձել են տարբեր բալետմայստերների ուրույն ձեռագրեր: Սկզբում իմ բեմադրած շարժումները շատ էին նման մարտարվեստի շարժումներինՙ միաձուլված դասական պարի տարրերին, մյուս կողմից շատ էի տարված արեւելյան փիլիսոփայությամբ: Տարիների ընթացքում հղկվելովՙ ստացվեց այն, ինչը որ ստացվեց, կարծես թե գտա իմ մտածելակերպը պարարվեստում: Այն ազատությունը, որ չկար դասական բալետում, տվեց ժամանակակից պարը: Այսօր ես դասավանդում եմ եւ ուսանողներիս մեջ նկատում եմ, որ բացակայում է ազատ մտածելակերպը, ինչը եւ փորձում եմ ներդնել նրանց մեջ: Շատ պարողներ սովորում են կամ ձգտում են միայն ունենալ պարային ուժեղ տեխնիկաՙ մոռանալով ամենակարեւորի մասին, որ իրենք առաջին հերթին արտիստ են: Տեխնիկան զարգացնելու հետ մեկտեղ պետք է ձեւավորել անհատին, որն ինքը կթելադրի, կմեկնաբանի շարժումը յուրովիՙ ազատ լինելով իր մտքերի եւ շարժումների մեջ, քանի որ բեմում մենք արտիստին ենք տեսնում, ոչ թե մեխանիզմ: Մենք առաջին հերթին պիտի արտիստին կրթենք: Կարող եմ ասել, որ ես դա հասկացա եւ ինքս ինձ կրթեցի ու մինչեւ օրս շարունակում եմ կրթել:

- Հիշում եմ, քո «La vita nuova»-ն ներկայացվեց 2013-ին «Իքս» թատերական փառատոնում, եւ բոլորս շատ վրդովվեցինք, երբ ժյուրին առաջին մրցանակը տվեց մի շրջանավարտիՙ տաս րոպեանոց բեմադրությանը, որն ամեն ինչով էր զիջում քո ներկայացմանը:

- Արվեստը չի կարող միշտ գնահատվել օբյեկտիվ: Այս պահին, ցավոք, մենք չունենք այնպիսի գրագետ ժյուրի այս ասպարեզում, որ կարողանա ամեն մի չափանիշներով ճիշտ դատել ժամանակակից պարը (կամ պարն առհասարակ): Ժյուրին լավագույն դեպքում միայն կարող է ասելՙ իր սրտին դիպե՞լ է, թե ոչ, կամ էլ հասկանալՙ գրագե՞տ է արված, թե ոչ: «Իքս» փառատոնի ժյուրին բարձր էր գնահատել «La vita nuova»-ն եւ նախքան մրցանակ տալըՙ շռայլորեն գովել էր, այնպես որ մրցանակաբաշխությանը ներկա գտնվող ծնողներս ասացին. «Վե՛րջ, այսքան գովելուց հետո մրցանակը հաստատ քեզ չի հասնի»: Ճիշտն ասած, մրցանակի չարժանանալն ինձ վրա չազդեց, դրանից մի որոշ ժամանակ անց «Արտավազդ» ստացանք, որը, գիտենք, թատերական ոլորտում ամենաբարձր մրցանակներից մեկն է, բայց ամեն դեպքում մրցանակներն էլ մեր ստեղծագործական կյանքում ոչինչ չեն փոխում: Ակնկալիքները եւ սպասելիքները շատ են, բայց արդյունքում զրո ձեռքբերումՙ միայն մեկ արձանիկ կամ թղթի մի կտոր:

- Եթե ճիշտ եմ հիշումՙ «La vita nuova»-ն վրացիներն էին մասնակիորեն ֆինանսավորել...

- Այո, «La vita nuova»-ն բեմադրվել է Վրաստանի մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Բեթհովենի երաժշտությամբ իմ բեմադրած «Մեղապարտ կրքերը» ժամանակակից բալետային ներկայացումը, որը Մարիա Դիվանյանի բեմական գործունեության հոբելյանի առթիվ առաջարկեցի բեմադրել մեր օպերայի եւ բալետի թատրոնում: Դեկորացիաների համար որոշ գումար էր անհրաժեշտ, մեր մշակույթի նախարարությունը խոստացավ ապահովել, սակայն ոչինչ էլ չարեց, վերջում միայն չնչին աշխատավարձ հատկացրեց որոշ պարողների: Այնժամ դիմեցի Վրաստանի մշակույթի նախարարությանըՙ բացատրելով իրավիճակը: «Ինչպե՞ս թե,- ասացին,- դու չե՞ս կարողանում ավարտել քո բեմադրությունը»: Եւ բառացիորեն երկու օր անց ստացա անհրաժեշտ գումարըՙ առանց որեւէ պայմանի, միայն խնդրեցին ներկայացման որմազդը: Իսկ այստեղ որեւէ ֆինանսավորում տալով, ինչպես ասում են, քթիցդ են բերում: Անցած տարվա վերջին գնացինք Մոսկվա, մրցանակով վերադարձանք միջազգային հեղինակավոր մի մրցույթից: Մեր նախարարությունը կես միլիոն դրամով ֆինանսավորեց մեր մասնակցությունը, սակայն մինչեւ օրս մեզնից հետ են պահանջում այդ գումարը, քանի որ ինչ-որ կետի ինչ-որ մի մասում խախտում են հայտնաբերել, այն դեպքում, երբ տարբեր իրավաբաններ, քննելով գործը, գտնում են, որ խախտում չկա, ամեն ինչ մաքուր է եւ նման նկրտումների իրավունք չունեն:

- Ժամանակակից պար զարգացնելու համար պետք է ոչ թե ոճեր, տեխնիկաներ ընդօրինակել, այլ մտածողություն փոխելով եւ այդ կերպ մտնելով այդ ոլորտի մեջ: Հայաստանում որքանո՞վ են պատրաստ մտածողության փոփոխության:

- Ես ժամանակին ունեի սիրողական պարախմբեր ու նկատում էի, որ այն քսան տարեկանից բարձր մարդիկ, որոնք երբեք չեն պարել ու զարգացած մտքի տեր են, կարողանում են հեշտությամբ մտնել ժամանակակից պարի ձեւերի մեջ: Այո՛, կարեւորը միտքն է, եթե միտքը պատրաստ է, ապա մարմինը լսում է մտքին: Իսկ ժամանակակից պարով բեմ բարձրանալու համար պետք է կրթված մարմինՙ գեղագիտությունն ապահոված լինելու համար, բայց նաեւ հետաքրքրական է նայել այն մարդկանց, որոնք չունեն մարմնի այդ կրթվածությունը, սակայն, որոշ դեպքերում, նրանցից եւս կարելի է ստանալ գրեթե նույն գեղագիտությունը, ինչը որ ունի կրթված մարմինը: Ինձ միշտ զանգում, հարցնում են, թե չունե՞մ արդյոք մշտական խումբ, որտեղ կարողանան գալ եւ ժամանակակից պար սովորել: Որտեղի՞ց ունենամ...

- Երեւանում անգամ բեմական պարի, պարային թատրոնի համար համապատասխան բեմ չունենք: Ի դեպ, լսել եմ, որ ունենք խորեոգրաֆիայի թատրոն, որն, ինչպես ասում են, անունը կա, ամանումՙ չկա: Նման թատրոնը, թվում է, ամենահարմար տեղը կլիներՙ ժամանակակից բալետային բեմադրություններ ներկայացնելու համար:

- Այդ թատրոնը, որը ժամանակին ստեղծել է Մաքսիմ Մարտիրոսյանը, ստանում է պետական հովանավորություն, բայց այսօր, ինչպես ճիշտ նկատեցիր, այն իսկապես ասպարեզում չկա: Տարին մեկ կամ երկու անգամ ներկայացում են բեմադրում, որը պարային արվեստի հետ կապ չունի: Թե՛ նախորդ, թե՛ ներկա նախարարները խոսել են այդ թատրոնը բարեփոխելու մասին, բայց խոսքը գործ չի դարձել: Մենք վերեւներին ասել ենք, որ ահա մենքՙ մի քանի խորեոգրաֆներ, այսքան գործ ենք կատարել, ունենք այսպիսի խաղացանկ, տրամադրե՛ք մեզ այդ տարածքը, որտեղ կարողանանք աշխատել, պարբերաբար ցուցադրել մեր բեմադրությունները: Ի դեպ, ես մեկ տարի աշխատել եմ այդ թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար, բայց փորձառությունս հաճելի չէր:

- Դասական պարն ունի իր հաստատուն դիրքերը, կեցվածքները, շարժումները: Ժամանակակից բալետում ստեղծագործողն ազատ է: Սակայն ինձ միշտ հետաքրքրել էՙ ինչպե՞ս են ստեղծվում ժամանակակից պարի շարժումները, դրանց երաժշտությո՞ւնն է ծնունդ տալիս, սյուժե՞ն, պարո՞ղն է թելադրում: Կբացե՞ս մի քիչ քո խոհանոցը:

- Երբ անցյալ տարի Բեռլինում էի, ինձ նույն հարցը գերմանացիները տվեցին: Վերջերս մի շատ հետաքրքրական տեսանյութ հրապարակվեց, որը ցույց էր տալիս մի քանի նշանավոր ժամանակակից խորեոգրաֆների ձեռագրերըՙ Մարթա Գրեհեմ, Խոսե Լիմոն, Փինա Բաուշ, Մաթս Էկ եւ այլն: Այսօր այդ ձեռագրերն այբուբեն են դարձել նրանց ստեղծած բալետի դպրոցների համար: Բեմադրողներիս համար չկան հստակ կանոններ, որոնց հետեւելովՙ պետք է ձեռնարկել նոր պարի ստեղծումը: Մեզ թելադրում են միտքը, երաժշտությունը, եւ, ինչպես նշեցիր, շատ կարեւոր է, թե ում հետ ես աշխատում: Եթե այսինչ պարուհու հետ մենապար պիտի բեմադրեմ, ապա ողջ աշխատանքս հիմնվում է այդ պարուհու կերպարի, հնարավորությունների, առանձնահատկությունների վրա: Հաճախ լինում է, որ ունեցածս թեմային համապատասխան երաժշտություն եմ փնտրում, ինչը շատ ավելի դժվար է, քանի որ երաժշտությունը հաճախ ճնշում է եւ իրենը թելադրում: Կան շատ բալետմայստերներ, որ երաժշտությունը չեն լսում, անում են այն, ինչ իրենց մտքում կաՙ զուտ մեխանիկական շարժումներ հորինելով: Նման բեմադրությունները դիսոնանս են ստեղծում, հանդիսատեսը, առանց հասկանալու, սկսում է վատ տրամադրության մեջ ընկնել: Անգամ ֆոնային երաժշտության ներքո, ինչպիսին, օրինակ, դուդուկի դամն է, բեմադրված շարժումները պետք է լինեն ռիթմի մեջ, կարծես սրտի աշխատանքի նման, դա պիտի պահվի, որպեսզի տեսանելիորեն միշտ լինի հետաքրքրական վիճակի մեջ:

- Չես կարծո՞ւմ, որ հայկական ավանդական պարերի շարժումները եւս կարող են հետաքրքրական կերպով նոր կյանք առնել ժամանակակից պարային բեմադրություններում:

- Իհարկե կարող են: «Միջնադարյան պատկերներ» ներկայացմանս մեջ ես ոչ թե հայկական պարային շարժումներ էի կիրառել, այլ մեր մանրանկարներում առկա դիրքերը, ժեստերն ու շարժումներն էի փորձել վերարտադրելՙ մի փոքր համադրելով դասականի հետ: Սակայն այն, ինչ բնորոշ է մեր ավանդական պարերինՙ դաստակների պտտումները, ուսերի խաղը, զսպանակումները եւ այլն, դեռ չեմ փորձել իմ բեմադրություններում: Ես հակառակն եմ անումՙ ավանդական երաժշտության տակ փորձում եմ նոր շարժումների ծնունդ տալ: Արյունս եռում է այդ երաժշտությունից, բազմիցս մասնակցել եմ Գագիկ Գինոսյանի կազմակերպած ավանդական շուրջպարերի երեկոներին եւ դասերին, հատկապես առնական պարերի էներգիան շատ հզոր է եւ ինձ շատ է գրավում, բայց առայժմ չեմ կարողացել դրանք յուրացնել ու վերջում սկսել եմ իմպրովիզացիաներ անել եւ իմ ձեւով մեկնաբանել երաժշտությունը:

- Դու անդադար շարժման ու որոնումների մեջ ես: Անցյալ ամիս Շտուտգարդում, ապաՙ Սալոնիկում ներկայացար քո իսկ բեմադրած «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենահամարով: Իսկ մե՞ր հանդիսատեսին ինչով կուրախացնես:

- Անցյալ տարի Բեռլինում բեմադրած եւ ներկայացրած իմ «Բարեւ, Քի՛թի» մոնոներկայացումըՙ ըստ Աննա Ֆրանկի «Օրագրի», առաջին անգամ կներկայացնեմ հայ հանդիսատեսինՙ ապրիլին կայանալիք «Արմմոնո» թատերական փառատոնում: Մայիսին Երեւանում կայանալու է չեխովյան փառատոնը, որը բացվելու է իմ «Տեսիլաժամեր» պարային ներկայացմամբ: Նաեւ Շվեյցարիայի դեսպանատունն իր հովանավորությունն առաջարկեց նոր նախագիծ ձեռնարկելու համար, որի արդյունքում որոշեցի պարային ֆիլմ նկարահանել: Այսքանըՙ մինչեւ ամառ: Իսկ դրանից հետո... իհարկե, էլի՛ ունեմ ծրագրեր:

- Եվ չեմ կասկածում, որ բոլորն էլ հաջողությամբ կյանքի կկոչեսՙ հակառակ ամեն կարգի դժվարությունների, միայն թե չվհատվես: Հաջողություն, սիրելի Ռի՛մա, քո հեռու ու մոտիկ բոլոր ծրագրերին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ