RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 21:25:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2203, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՀՈՒՇ

Մայա ՇԱՀՈՒՄՅԱՆ

ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(1940-2016)

Գույների հետ ներդաշնակ, ներկերի հետ հոգածու, գծերի հետ խիստ, արվեստի հետ կտրուկ, մարդու հետ նուրբ, մարդու հետ մարդ... Արա Բաղդասարյան նկարչի, արվեստագետի ստեղծագործ ու արարող էությունը կշարունակվեր դեռ դրսեւորումներ փնտրել ու գտնել կտավի մեջ, գրքի մեջ, սերունդների ձեռագրի մեջ, եթե բնությունը շեղվեր մարդու օրերը հաշվելու ու տնօրինելու իր քմահաճության առանցքից...

Նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր Արա Բաղդասարյանը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի եւ գծանկարի ամբիոնի վարիչն էր, Հայաստանի նկարիչների միության անդամ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական խմբագիրը: Ծնվել է 1940 թ., 1957-1961 թթ. սովորել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1966 թթ.ՙ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնումՙ ստանալով նկարիչ-գրաֆիկի մասնագիտություն: Մինչեւ 1978 թ. մասնագիտական գործունեություն է ծավալել Վորկուտայում, Տաշքենդումՙ ձեւավորելով ու նկարազարդելով ավելի քան 50 անուն գիրք, ամսագրեր եւ այլ հրատարակություններ, մասնակցելով մի շարք հանրապետական եւ համամիութենական ցուցահանդեսների: 1978 թվականին, վերադառնալով Երեւան, համագործակցել է հայաստանյան գրեթե բոլոր հրատարակչությունների հետ («Սովետական գրող», «Հանրագիտարան», «Լույս»), իսկ 1998 թվականից մինչեւ 2016 թ. աշխատել է «Զանգակ» հրատարակչությունում որպես նկարիչ եւ գեղարվեստական խմբագիր:

1987 թվականից դասավանդում էր Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայումՙ սեփական վրձնահարվածները մշակելու արվեստի, գծանկարի ու գրաֆիկայի մասնագիտության առանձնահատկությունները ավանդելով սերունդներին: 1970 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային տարբեր գեղարվեստական ցուցահանդեսների, գրքարվեստի եւ տառարվեստի մրցույթների, իսկ 1986 եւ 2010 թվականներին տեղի են ունեցել նրա անհատական ցուցահանդեսները Երեւանում: Ընդհանուր առմամբ ձեւավորել եւ նկարազարդել է ավելի քան 1000 անուն գիրք...

Նա մարդկանց էր սիրում, սիրում էր կյանքը, ապրում էր գույներով, վերակերտում բնությունը: Նկարելուց բացի գրում էր հոկկուներ ու նաեւ թարգմանում ճապոնական բանաստեղծություններՙ Արա Ռուսա գրական անունով: Ահա դրանցից մեկըՙ

«Ինձ հարց տվեց մի զարմացած օտարական.

- Այս սար ու ձորի մեջ ինչպե՞ս եք ապրում:

- Երկնքից ենք կառչում,- ասացի»:

Եվ այս ընթացքը ընդհատվում է նոյեմբերի 21-ին. ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Բաղդասարյանը հեռացավ կյանքից սրտի կաթվածից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ