RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2016-12-15 21:25:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2174, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵԶՈՒՆ ՀՈՂԷՆ ԿՍՆԻ

Գեւորգ ՍԱՐՅԱՆ

Մեծ մտածողը դեռ 1929-ին գրած էր «կնահանջէ լեզուն...». եվ այսօր, 100 տարի հետո, տակավինՙ համաժողովներով, գիտաժողովներով, գրողներով, լեզվաբաններով անկարելիին լուծում գտնելու մասին կխոսինք: Ի՞նչպես կրնանք արեւմտահայերենը պահել, եթե այդ լեզվամտածողության կրողըՙ թե՛ լեզվաբանական, թե՛ փիլիսոփայական, թե՛ հասարակագիտական առումներով այլեւս գոյություն չունի, քանի որ լեզվամտածողությունը սնող միջավայրը իր հողով, ջուրով, օդով եւ նախնիներու գերեզմաններով չկա: Եթե սխալ հաշվարկի կամ աղետի մը պատճառով տունդ կորսնցնես, պիտի կորսվին նաեւ այդ տան ճրագը, շունչը, ջերմությունը եւ հոգին: Իսկ նոր տունիդ ճրագը, շունչը, ջերմությունը, հոգին եւ մանավանդ լեզուն նույնը պիտի չըլլան երբեք:

Բայց ինչո՞ւ արեւմտահայերենը պահել.

Ա. Կորսնցնելու բարդույթէ դրդվա՞ծ: Ավելի թանկ արժեքներ չե՞նք կորսնցուցած արդեն:

Բ. Թե՞ՙ արդեն ազգային սովորություն դարձավ ամեն ինչէ 2 հատ ունենալու փաստը. երկու եկեղեցի, երկու պետություն, նաեւ ինչու չէՙ երկու պետական լեզու:

Արեւմտահայերենը մինչեւ քսաներորդ դարասկիզբ իր կայացած ձեւով կորսված չէ, այնքան ժամանակ որ մեր դասկանները կարդացողներ կան, բայց, ցավոք, դատապարտված է չզարգանալու. հետեւաբարՙ ժամանակի զուգընթացՙ որպես դինամիկ երեւույթ, քայլ պահելուն ուղղված ամեն ճիգ ամուլ է. վկա՛ սփյուռքյան դպրոցներուն տխուր փաստերը, ուր շատ մեծ նյութական եւ բարոյական ներդրումներ կկատարվին հայերեն... չխոսող երախաներ ունենալու համար: (Կներեք, եթե բարձր ձայնով գրեցի):

Արեւմտահայերենի ստեղծման համար մեր դասականներուն ավանդը, վաստակը չկորսնցնելու միայն մեկ ճանապարհ ունինք, այն էՙ ապրող արեւմտահայ լեզվամտածողությունը հոսեցնել այսօրվան հայրենի հայերենի լեզվամտածողության մեջ, եկող տասնամյակներու ընթացքին Հայաստան տեղափոխվողՙ դեռեւս արեւմտահայերեն խոսողներու հոսք ապահովելով, որոնք նաեւ իրենց ապրած երկիրներուն ազդեցությամբ համեմված լեզվամտածողությամբ կհարստացնեն մեր ընդհանուր լեզունՙ հողեն սնվող հայերենը: Այսպիսով, կկարծեմ, կսրբագրենք մեր մեջ արմատացած մեկ այլ թյուրիմացությունՙ մենք ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ չենք կորսնցուցած, այլ ամբողջական Հայաստանի մի ստվար հատվածը:

Եվ պատկերացուցեք, թերեւս 26 տարի հետո, այսօրվան երիտասարդ գրողը, Վարուժանի եւ Տերյանի ամենամաքուր բառով, Բակունցի եւ Շահնուրի ազնիվ շունչով, հողեն սնվող իր նոր լեզվով, Մեծ Հրանդի ցանկությունը պիտի իրականացնե եւ Նոբելյան մրցանակը Հայաստան բերե: Պատկերացուցեք, բայց անհամեստ թող չհնչե, ես այդ օրը կտեսնեմ:

14.11.2016

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ