RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 21:25:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2213, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՄՇԱԿՈՒՅԹ ՄՇԱԿՈՒՅԹ

Անահիտ ԱՐՓԵՆ

Մեր երկրում ամենապարզ հարցերը, որոնք, թվում է, վաղուց պետք է կարգավորված եւ ընթացքի մեջ լինեին, ամենացայտնոտայինն ու ամենաանտեսվածն են: Ցավալի է, բայց փաստ է, որ փոխանակ շարունակեինք մեր ունեցած լավագույն մշակութային ավանդույթները, խրախուսեինք տաղանդավորին, զարգացնեինք գեղարվեստականն ու ազգայինը, ունենայինք կառավարման հստակ համակարգ, որը հիմնված լինելով բարձրարժեք չափանիշերի վրա` խմբավորեր ստեղծվող արժեքները եւ տարբերակեր քերթվածքը սեւագիր գրանցվածից, ստեղծագործողին սարքողից, օտարածին վարկաբեկողը սեփական արժանապատիվից, մնայուն արժեքը հպանցիկ ժամանցայինից, հայտարարվում է, թե պետական փողերով հրատարակված գրքերը հիմնականում աղբ են: Ու մի հարվածով թացուչոր, արժեքավոր ու անպետքություն իրար են հավասարեցվում, եւ արդեն, ժամանակակից գրականությունն ընդհանրապես, ընկալվում է որպես աղբ: Բայց չէ՞ որ աղբը դատարկությունից չի ստեղծվում, աղբը գոյանում է զանազան անպետքություններից, որոնք հավաքվում են մի տեղ, մի տարայի մեջ` կոնկրետ նպատակով: Աղբ երբեք չի կուտակվում այն վայրում, որը պարբերաբար, սրտացավորեն եւ հոգածությամբ, արհեստավարժ եւ պետական կամ ազգային գաղափարախոսությամբ մաքրվում է: Իհարկե, նայած թե ում համար ինչն է աղբ, քանզի ամեն երեւույթ, ի վերջո, իր դիտողը, ընթերցողը, վայելողն ու հրատարակողն ունի...

Հարցն այն է, որ երկիրն էլ տան ու օջախի պես պետք է ավլվի-մաքրվի` պետքականը պահելով, փայլեցնելով, անպետքը դեն նետելով: Բայց մեր երկրում փորձում են թացուչոր իրար խառնել, ամեն ինչ բարոյազրկել, ապազգայնացնել, մշակութազրկել, իսկ փոխարենը դնել անսկզբունք, անողնաշար, անհասկանալի, հեղհեղուկ գոյացություններ: Ինչո՞ւ: Ո՞ւմ է սա ձեռնտու: Սա ի՞նչ մոլուցք է: Վերջապես, մշակույթ ունենալն առաջին հերթին երկրի՛ պատիվն է: Ազգի մասին չեմ ասում, որովհետեւ ազգային մշակույթը վաղուց է բնաջնջվում: Եվ մշակույթի բոլոր բնագավառներն էլ նույն տաշտակի մեջ են եւ երերում են, քանզի հող չունեն ոտքերի տակ: Եվ որքան անտեսվում է ազգայինն ու պետականը, այնքան հողը փախչում է ոտքի տակից: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրին մշակույթ պետք չէ եւ վերջ:

Եթե հետայսու գրողը զբաղվելու է նաեւ իր գրականության ֆինանսավորմամբ, որը պետությունից ակնկալել այլեւս չի կարող, մնում է ապավինել փող ունեցողների բարյացակամությանը, իսկ թե ով ինչ նյութի հրապարակմանը փող կտա, պարզից էլ պարզ է... Անգամ մեկենասներից փող ճարելու հունար ունի ճարպիկը, ոչ թե տաղանդավորը: Իրական արժեքներ ստեղծողը այդ արժեքները տարածելու, էլ չեմ ասում, վաճառելու ճամփաների մասին պատկերացում անգամ չունի:

Ուրեմն, շնորհալիի առաջ դռները փակելը ո՞ւմ կրակին է յուղ լցնում, ի՞նչն է զարգացնում... Պարզ չէ՞, որ կբարգավաճեն առանց այդ էլ արդեն ծաղկող թեմաները` միասեռական, այլասեռական, պաթոլոգիկ, խախտված հարաբերությունների, բռնությունների, խփնված մարդկանց, ընտանիքաքայքայող, մի բառով ասած` փախած: Ինչ ուզում է լինի, միայն թե պատկերվեն ոչ սովորական, ոչ առինքնող, այլ միայն ստորացնող, նվաստացնող վիճակնե՞ր: Բայց ախր չափ գոյություն ունի...

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտասահմանը ֆինանսավորում է միայն այսպիսի գեղարվեստական ստեղծագործություն, եւ այնպիսի վիճակներ, որոնցում հայոց ազգն ու պետականությունը վտարանդիի, խեղճուկրակի, թույլ զարգացածի, հաշմանդամի կամ անտուն թափառականի, հաշմվածի կարգավիճակում են ներկայացվում: Խոսքը ֆիզիկականի մասին չէ, ստեղծագործությունը ֆիզիկականով չի ստեղծվում: Մեր իրականությունում բարոյական հաշմվածությունն ավելի մեծ է: Ուրեմն ո՞ւմ է պետք այսպիսի իրավիճակը: Իհարկե` ոչ հայ ազգին ու պետականությանը: Այն էլ անկախ: Էլ չեմ ասում` նորանկախ: Ոչ մի մասնագետ, ոչ մի հրատարակիչ, ոչ մի փողատեր չի փնտրում տաղանդավոր արվեստագետներ ու գրողներ: Բոլորը կարիք ունեն գովազդման, ինքնաներկայացման: Գրողի, ստեղծագործողի ինքնաներկայացումը իր ստեղծագործություններն են, իր դրվատվող, խրախուսվող կերպարները ու նրանց նկատմամբ կամ հանդեպ հեղինակի վերաբերմունքը` անկախ թեմայից: Լավ ու վատ թեմա չկա:

Անձամբ ես դեմ չեմ փոփոխությունների, բայց թող այդ փոփոխությունները լինեն կառուցողական, ծառայեն բարոյական նորմերի վերահաստատմանը, վեհանձն, կորովի, առաքինի ու դժվարություններին դիմակայող, պայքարող կերպարների ու ազգային, արժանապատիվ պետության պրոֆեսիոնալ մշակույթի զարգացմանը, ոչ թե միջոցների հերթական փոշիացմանը` միջոցառումների անվան տակ` հօգուտ իշխողի աձնական վայելքների:

Եթե պետությունն իր հոգածության տակ առնի միայն տաղանդավորին, աշխարհը կտեսնի հայկական մշակույթի հաղթարշավը, ինչպես տեսնում է հայոց սահմաններում մարտնչելը: Անհատապես եւ ամբողջի մեջ: Ընդամենը անհրաժեշտ է տարբերակել, անաչառ ընտրություն կատարել եւ պետպատվերով ստեղծել բարձրարժեք գրականություն եւ արվեստ, ոչ թե կասկածելի ծագման ու մղումների հիբրիդա - մուտացիոն նմուշներ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ