ՏՐԻՆԻՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ 3 ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԿՏԱՎՆԵՐ Հ. Ծ. Էյվոնից (Կոնեկտիկուտ) Վ.Ա. Դեմերսը տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրին», որ հոկտեմբերի 15-ին կայացած Տրինիտիի աշնանային 10-րդ միջազգային աճուրդի ընթացքում, որտեղ մեծ մասամբ 1925-1950 թվականների ամերիկացի հրեաների գործերն են աճուրդի հանվել, բավական բարձր գներով վաճառվել են նաեւ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ Հարություն Կալենցի ստեղծագործությունները: Այսպես, Սարյանի «Լալաներ եւ երիցուկներ» (1959) կտավը վաճառվել է 67,375 դոլարով, իսկ նրա «Գարունը Երեւանում» (1955) կտավըՙ 50,200 դոլարով: Դեմերսը հիշեցնում է, որ անցյալ փետրվարին Սարյանի գունեղ եւ կենսունակ «Նատյուրմորտ: Ծաղիկներ եւ մրգեր» (1952) կտավը 93,100 դոլարով էր վաճառվել: Ավետիսյանի «Տոթ օր» (1960) յուղաներկ կտավը վաճառվել է 24,500 դոլարով, իսկ Կալենցի «Ծաղիկներ եւ մրգեր կապույտ սեղանի վրա» (1961) կտավըՙ 17,150 դոլարով: |