RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016



80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Տեղադրվել է` 2016-12-08 21:51:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2359, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐԻՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱԲՍՈՒՐԴԸ ԿԱՄ «ՀԱՆՃԱՐՆԵՐԻ» ԵՎ ՆՐԱՆՑ ԱՂԲԻ ՄԱՍԻՆ

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

Անվանի գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր Նորայր Ադալյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը յուրովի նշվեց Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Բարձր գնահատանքի ու ջերմ շնորհավորանքի խոսքով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Միլիտոնյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը , Հակոբ Պարոնյանի անվան Կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը , Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, թատերագիր, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը : Երեկոյի հիմնասյունը` Հակոբ Ղազանչյանի բեմադրած Նորայր Ադալյանի նորագիր «Հանճարը» թատերգությունն էր:

Փակագծում, ի տեղեկություն մեր ընթերցողին նշենք, որ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, ըստ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնության, զգալիորեն լայնացել եւ բազմաբովանդակ է դարձրել խաղացանկը, որում հիմա պատանեկան ցերեկային ներկայացումներին համատեղ, երեկոյան ժամերին ընդգրկվում են նաեւ ամենալայն հանդիսատեսին ներկայացվող թատերգություններ:

Ըստ էության, վերոհիշյալ հոբելյանական միջոցառումըՙ նորաշունչ, բազմիմաստ եւ վառ իրադարձություն էր մեր ներկայիս մշակութային կյանքում: Ինչը պայմանավորված էր ե՛ւ Նորայր Ադալյանի «Հանճարը» թատերգությամբ, որը նոր էջով հարստացրեց հայ դրամատուրգիայի անդաստանը, ե՛ւ Հակոբ Ղազանչյանի տաղանդավոր բեմականացմամբ, որը նույնպես նոր բարձրարվեստ նվաճում գրանցեց հայ թատրոնի պատմության մեջ:

Հեղինակը այսպես է բնութագրել իր ստեղծագործությունը. «Գերիրապաշտական խաղ»: Տեղին է ճշմարտացիորեն ասել, որ Նորայր Ադալյան մտածողին, գրողին, ո՛ր գրական սեռում էլ նա ստեղծագործի, բնորոշ է մի յուրահատուկ, ընդունված չափանիշների (standard) սահմանները խախտող, երբեմն իրական, երբեմն այլաբանական, երբեմն որոշ առումով աբսուրդի երանգ կրող, երբեմն, այո՛, գերիրապաշտական մտածելակերպը: Նորայր Ադալյանին բնորոշ է ժամանակին լույս տեսած իր «Ապոկալիպսիս» վեպի վերջաբանում արած հեղինակային ամփոփումը. «Այս ամենը բեմադրեցիՙ նայելով ձեզ»:

Այո՛, գրողը ոչ միայն գրում է, այլ իր հարուստ, բազմաշերտ երեւակայությամբ, իր հոգեմտային աշխարհում նաեւ բեմադրում է իր գործը: Աներկբայորեն, գրողի նման ձիրքը լավ առումով «հուշարար» է լինում նրբազգաց եւ խորաթափանց, թատերա-բեմադրական տաղանդով օժտված ռեժիսորի համար, որը իր անհատական ինքնատիպությամբ բեմական կյանք է պարգեւում նման ստեղծագործությանը: Այդպիսին է Նորայր Ադալյանը իր «Հանճարը» թատերգությամբ եւ այդպիսին է Հակոբ Ղազանչյանը իր բեմադրությամբ: Հեղինակը քաջ ճանաչելով մեր կյանքի իրականությունը, մեզ շրջապատող այդ իրականության «հերոսներին», տեսնում, զգում է նրանց մեջ առկա, այսպես ասած «հանճարներին»: Ես կավելացնեի նաեւՙ «աշխարհահռչակներին»: Զարմանալի է թե ոչ, սակայն մանավանդ վերջին տասնամյակներին մեր որդեգրած «խոսքի, մտքի» եւ այլ «ազատությունների» ոչ միշտ արդարացի բովում, թե՛ կենցաղում, թե՛ պաշտոնական ոլորտներում, հաճախ են կիրառվում ե՛ւ մարդկային, ե՛ւ մասնագիտական առումներով սխալ, խեղաթյուրված արժեւորումներ. «հանճա՜ր է», «աշխարհահռչա՜կ է», «քայլող լեգե՜նդ է»...

Եվ հաճախակի, անտեսելով մարդկային եւ մասնագիտական արժեքները, ուռճացմամբ հասցնում են զավեշտի նման գնահատանքները, որոնք վկան են թե՛ սեփական եսապաշտության եւ թե՛ մասնագիտական տգիտության:

«Հանճարը» թատերգության չակերտավոր «հանճարը»ՙ իր նման ուղեղասահմանափակ «հանճարի» կողմից է այդպես անվանվում: Նաՙ աղբահավաք է: Սակայն հեղինակը գերիրապաշտորեն, այլաբանորեն եւ վավերականորեն խորհրդանշում է թե՛ «հանճարի», թե նրան այդպես կոչող տգետի կերպարներով մեր իրականության թերի երեւույթներից մեկը: Եվ իմաստային լայնախոհությամբ ու տրամաբանական խորաթափանցությամբ երեւան է բերում նաեւ մեկ այլ բան. աղբ, կյանքի, մարդկային աղբային երեւույթը: Եթե գոյություն ունեն աղբ, աղբահավաք, ուրեմն պիտի գոյություն ունենա նաեւ ցախավել: Եվ այդ խորհրդանիշ ցախավելըՙ հեղինակի եւ բեմադրիչի ճշգրիտ հոգեմտային մեկնաբանմամբ, յուրովի նույնպես դառնում է ներկայացման կարեւոր «գործող անձը», մշտապես ներկա գտնվելով բեմում:

«Իմըՙ մարդու քաղաքականությունն է»ՙ իր հարցազրույցներում շեշտում է Նորայր Ադալյանը: Նրա «քաղաքականությունը»ՙ մտավորականի, հայի, իր պապենական արմատներով մեր կորուսյալ, բայց հավերժական Էրգրի ժառանգի, եւ այդ ամենով հանդերձՙ մարդու, homo-sapiens-ի քաղաքականությունն է: Անաչառորեն տեսնել, զգալ, գիտակցել իր ժամանակի, երկրի, հասարակության ինչ եւ ով լինելը, հոգու խորին ծալքերում ազգայնորեն ողբալ նահանջի դրսեւորումները, երջանկանալ մտքի եւ սրտի զգայարաններով լսելիս «առանց երգի նահանջի» տակավին չլռած, հնչող երգապատառիկները: Գրողի այս ներաշխարհն իր յուրովի դրսեւորմամբ ակնառու է «Հանճար»-ի մեջ: Եվ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի փայլուն մեկնաբանմամբ եւ բեմականացմամբ, այն բարձրագույն, խիստ պատկերավոր, թե՛ փաստա-վավերականորեն, թե՛ այլաբանորեն, թե՛ սուր սարկազմի հասնող հումորովՙ կենդանի կերպով խոսում է հանդիսատեսի հետ, դարձնելով նրան այդ արարի մասնակիցը: Իրապես, արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրն իր չափի եւ տեսակի մեջ մեր կյանքի համատարած աղբը մաքրող (որոշ դեպքերում գուցե ավելացնող) «հանճարներն» չենք... Վստահ եմ, շատե՜րը կուզենային ունենալ խորհրդանիշ դարձած ցախավելը, որպեսզի գոնե որոշ չափով ի զորու լինեին մաքրե՜լ, մաքրե՜լ 21-րդ դարի «քաղաքակիրթ» գլոբալաաղբը:

Սույն ներկայացման գլխավոր հերոսներից են նաեւ Ծատուր անունով «հանճարի» մասին, նրա մահվան առիթով, ամբիոնից, ի լուր ամբոխին, գնահատանքի եւ հրաժեշտի խոսք ասող, մեր օրերի բազմաքանակ կուսակցությունների առաջնորդները, որոնցից յուրաքանչյուրը պատիվ է համարում իր կուսակցության նվազ շարքերում ունենալ նաեւ այդ «հանճարին»: Ամեն կուսակցության ղեկավար չափազանց կերպարավոր է ներկայացված, բնութագրված հեղինակի կողմից: Ինչին ներդաշնակորեն գումարվում է բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի մեկնաբանումը, դերասանների հետ բարձրամակարդակ գեղարվեստական աշխատանքը: Այդ կուսակցությունների ղեկավարների կերպարները մարմնավորող երիտասարդ, բեմական մեծ ձիրքով օժտված դերասաններըՙ Արսեն Ալբարյանը, Սամվել Դանիելյանը, Իշխան Ղարիբյանը, Վիգեն Թադեւոսյանը, իրենց ե՛ւ դիմախաղով, ե՛ւ ձայնային նրբերանգներով, ե՛ւ երբեմն հայերենի մեջ սպրդող (մեզանում տարածված երեւույթ է) օտար (ռուսերեն, անգլերեն) բառերի շեշտակի ծաղրահումրային առոգանությամբ (ինչը տեղին է մտահղացել Հակոբ Ղազանչյանը)ՙ ամեն մեկը յուրովի ստեղծում են մի դիպուկ, մեր օրերի տարբեր կուսակցությունների ոճաձեւին բնորոշ կերպարներ:

Նշելի են նաեւ միտինգավարի եւ սփյուռքահայի պատկերավոր, իմաստայնորեն ճշգրիտ կերպարների վառ բեմական արտահայտումը Շուշան Ղազարյանի եւ Արա Մաթեւոսյանի դերակատարմամբ: Հեղինակի եւ բեմադրիչի կողմից յուրահատուկ ձեւով է ներկայացված թատերգության գլխավոր հերոսըՙ Ծատուր աղբահավաք «հանճարը»: Ամբողջ ներկայացման ընթացքում (մի փոքր տեսարանից զատ), նա, ներկայանալով թե՛ որպես իրական, թե՛ որպես այլաբանական-խորհրդանշական կերպար, անշարժ նստած է աթոռին ե՛ւ որպես ողջ, ե՛ւ որպես մեռած... Դերասան Տրդատ Մակարյանի պատկերային մնջախաղը ստեղծում է նրա եւ իր կողքին միշտ լուռ նստած իր կնոջ (Արեւ Սանթրոսյան) կյանքի հարաբերությունների անհասկանալիորեն հասկանալի եղելությունը: Հիշարժան են նաեւ ներկայացման մյուս կենտրոնական հերոսների վառ կերպարային մարմնավորումներըՙ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի եւ Արման Միրիջանյանի դերակատարմամբ: Հատուկ նշելի է վերջինիս նաեւ բարձրորակ երգային ձիրքը (թե՛ ձայնային, թե՛ կատարողական առումներով)ՙ ցախավելին նվիրված իր ձոներգի կատարումով:

Վերստին անդրադառնալով «Հանճար»-ի բեմականացման հեղինակ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանին, հարկ է նշել, որ ինքը հանդիսանում է նաեւ տվյալ բեմադրության երաժշտական ձեւավորման հեղինակը: Ոմանց կարող է զարմանալի թվալ, թե ինչո՞ւ է Հակոբ Ղազանչյանը որպես երաժշտական ձեւավորում օգտագործել հատվածներ Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից... Սակայն տվյալ բացառիկ եւ աննախադեպ ընտրությունը, միանշանակորեն պատեհ է, համահունչ, եւ իր խորին ենթաիմաստով ներդաշն ներկայացման գերիրապաշտա-այլաբանական ասելիքին: Արժանի է նշել նաեւ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին բնորոշ, իր բազում բեմադրողական շնորհներից աչքի ընկնող բարձրարվեստ հատկությունները: Նա օժտված է թե՛ ամբողջ ներկայացման, եւ թե՛ դրա յուրաքանչյուր փոքրածավալ տեսարանի կառույցաձեւի սուր ու ճշգրիտ զգացողությամբ, ինչն իր բեմադրած թատերգություններին հաղորդում է կուռ, ամփոփ, միակառույց թատերաոճ: Բացի այդ, Հակոբ Ղազանչյանը վարպետորեն տիրապետում է ներկայացման դրամատուրգիկ ներքին զարգացման գեղարվեստա-իմաստային միջոցներին, ինչը նույնպես բարձրամակարդակ թատերարվեստի գրավականներից է:

...Գոյություն ունի մի անհերքելի ճշմարտություն: Այն է. հայը ի վերուստ օժտված տաղանդավոր ազգ է: Միշտ. երեկ, այսօր, վաղը: Եվ ճշմարիտ է նաեւ այն մտազննումը, որ եթե, ըստ Հովհաննես Թումանյանի բնորոշմանը, ցավոք, մենք չլինեինք «փոքր ածու» (խոսքն անշուշտ քանակի, աշխարհագրական տարածքների մասին է), եւ հավուր պատշաճի, ըստ արժանվույն ճանաչելի լինեինք, թարգմանվեինք, ներկայացվեինք աշխարհին, ապա աներկբայորենՙ հայ մշակույթն իր բազմաճյուղ դրսեւորմամբ արդարացիորեն կվայելեր համաշխարհային համբավ: Եվ նման նվաճումների շարքին կդասվեր նաեւ Նորայր Ադալյանի «Հանճարը» թատերգությունը Հակոբ Ղազանչյանի բեմականացմամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ