RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 28-10-2016



Տեղադրվել է` 2016-10-28 19:05:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2294, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑՈՒ ԻՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

Նաիր ՅԱՆ

«Ժամանակ x ժամանակ x ժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսով է այս օրերին արվեստասերին ներկայանում գեղանկարիչ, քանդակագործ, կոլաժիստ Գեւորգ Մշեցին:

Երեսուն տարի շարունակ նա պրպտել է այս թեման, կոլաժների համար նյութեր հավաքելՙ աթոռներ, շերեփներ, ձեռքի հաշվիչներ, կոշիկներ, շքանշաններ, կուսակցական անդամատոմսեր, կենցաղային բազմաթիվ իրեր, որոնք ժամանակի ընթացքում իրենք իրենց են դուրս մղում մեր միջավայրից ու բարքերից: Մշեցին պատմում է, որ երբ երեսուն տարի առաջ առաջին կոլաժն ստեղծեց, անմիջապես էլ ոչնչացրեց. արվեստագետներն այդպես հաճախ են անում: Հետո ստեղծեց ոչնչացված կոլաժի կրկնօրինակը, բայց կիսատ թողեց, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, այն դեռ խակ էր:

«Այս գործերով ես ուզում էի իմ ժամանակի մասին խոսել, բայց հասկացա, որ այս ամենը նախկինում էլ է եղել, այսօր էլ կա, վաղն էլ է լինելու: Ոչինչ չի փոխվում. մեզ թվում էՙ գոնե բարքերը փոխվում են, բայցՙ ոչ, բարքերն էլ են նույնը մնում, վարչակարգն էլ, մարդիկ ու նրանց մտածողություն էլ: Ես իմ ապրած ժամանակից եմ գալիս, դուքՙ ձեր: Մեր երկուսի ժամանակները հենց հիմա այստեղ, այս կոլաժների մեջ հանդիպում են իրար: Ի դեպ, ես իրերը չեմ փոփոխում, ուղղակի յուրաքնչյուրին իր տեղն եմ դնում, որպեսզի խոսեն ձեզ հետ, իրենց ներքին ասելիքն ասեն: Այդքանը: Մնացածն ինքներդ գլխի ընկեք, ոչինչ չեմ ուզում հուշել ու պարտադրել: Իրերի հետ շփվել սովորել եմ գիր-գրականությունից: Սեւակն է, չէ՞, իրերին դատել: Ես էլ նրանց տարածական ու ծավալային ձեւաչափ եմ տվել:

Այս իրերը ժամանակին խոսել են ինձ հետ, ես նրանց լեզուն հասկացել եմ, լսել նրանց, հիմա դո՛ւք լսեք, տեսնեմՙ ի՞նչ կհասկանաք նրանց ասածից: Հա, ի դեպ, իմ առաջին գործը երբ երեսուն տարի առաջ ստեղծեցի ու ոչնչացրի, կոչվում էր «Պլակատՙ տարածության մեջ»: Հիմա իմ այս գործերն էլ լայն իմաստով պլակատ ենՙ տարածության մեջ: Տեսնո՞ւմ եքՙ ժամանակն անցել է, բայց ոչինչ չի փոխվել»,- բազմանշանակ ժպտալովՙ ասաց Գեւորգ Մշեցին ու մոտեցավ իր կոլաժներից մեկին:

Մի կոլաժում աթոռի մեջ փոս կա, մեջըՙ ձվեր, մյուսում աթոռը ծանրաբեռնված է մի քանի սերունդների սպասարկած շերեփներով, մեկ այլ աթոռ խոնարհված է մյուսի առաջ, մեկ ուրիշը հաշմանդամ է կամ կապկպված: Մի խոսքովՙ Մշեցին աթոռների շարքը վերնագրել էՙ մի՛ նստիր: Սա նրա հորինած 11-րդ պատվիրանն էՙ Աստծո 10 պատվիրանների շարունակությունը: «Մի՛ նստիր», որովհետեւ երբ նստում ես, այն էլ Մշեցու կոլաժ-աթոռներին, ուրեմն մեղք ես գործում: Ընդհանրապես նա 15 պատվիրան ունի, որոնք գաղտնի է պահում:

Գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը չթաքցրեցՙ շոկի մեջ է, նման ցուցահանդես չէր սպասում: Նրա կարծիքովՙ Մշեցու կոլաժները պետք է թանգարանում դրվենՙ որպես բոլոր ժամանակների խորհրդանիշեր: Գեղանկարչից անկախՙ նույն կարծիքը հայտնեց կոլաժիստ Մարտիրոս Բադալյանը , որի համար Մշեցու ցուցահանդեսը նորություն չէր. նրանք ընկերներ են ու անգամ կոլաժների համար իրեր են փոխանակում: «Մենք հաճախ են միմյանց արվեստանոցներում լինում: Որոշ իրեր եմ տվել նրան, որովհետեւ գիտեիՙ դրանք նրան ավելի շատ են պետք, քան ինձ: Ու ահա տեսնում եքՙ ինչ է ստացվել: Շատերը կարծում են, թե կերպարվեստը քարացած, կարծրացած երեւույթ էՙ վրձին ու ներկեր: Ո՛չ, այ սա է կերպարվեստըՙ շնչող, խոսող: Մշեցու կոլաժներից յուրաքանչյուրը կարող է տեղադրվել մեր քաղաքի տարբեր անկյուններումՙ որպես կենդանի հուշարձան: Ափսոսում եմ, որ օրեր են անցնելու ու այս կոլաժները հավաքելու են տանեն այստեղից»,- նկատեց Մարտիրոս Բադալյանը:

Այն, ինչ ներկայացված է Նկարիչների միության ցուցասրահում, Գեւորգ Մշեցու աշխատանքների մի մասն է միայն: Նրա արվեստանոցում ասեղ գցելու տեղ չկա. ամբողջն իրեր ենՙ պատրաստի կոլաժներ ու կոլաժացուներ: Մշեցին ու կինն ապրելու մի պստիկ անկյուն ունեն, ամբողջ արվեստանոցում իրերն են իշխում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 28-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ