RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-04-28 21:16:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1549, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՀԱՅԱՑՔԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Քաղաքների պատմությունը կերտում է ժամանակը, մթնոլորտը ձեւավորում են մարդիկ, նկարագիրըՙ ճարտարապետ, շինարարներըՙ յուրաքանչյուրն իր ոճը, իր ճաշակն է թելադրում բնակավայրին: Տարիների իր մասնագիտական փորձն ու հմտությունը Ջիմ Թորոսյանը ներդրել է մեր քաղաքի ճարտարապետական միջավայրի հարստացման, երիտասարդ սերնդի կրթության գործին: Նրա ստեղծագործական ժառանգությունը մեր աչքի առաջ է, մեր ամենօրյա կյանքի մասն է: Ովքեր ճանաչել-զրուցել են Ջիմ Թորոսյանի հետՙ ճարտարապետներ, մտերիմներ, ընկերներ, ուսանողներ, անհնար էՙ տպավորված չլինեն զտարյուն մտավորականի նրա նկարագրով, ներքին բացառիկ կուլտուրայով, արիստոկրատ կեցվածքով, խոսքի հմայքով: Եվ իհարկեՙ գեղարվեստական մտածողությունը, գեղագիտական այն չափանիշները, որ ընկած են նրա արվեստի հիմքում, բծախնդրությունն ու պատասխանատվությունըՙ մասնագիտական, իմացականից զատ ածանցվում էին նաեւ այս հատկանիշներից:

Ճարտարապետական կառույցի, նաեւ քանդակի համար միջավայրը զգալու, միջավայրի հետ ներդաշնակելու անհրաժեշտությունը եղել է նրա համար առաջնային, միաժամանակՙ գեղարվեստի տարբեր տեսակներ (քանդակ, զարդարվեստ), ճարտարապետական ոճեր գեղագիտական ընդհանուր համակարգի մեջ դիտելու եւ ստեղծագործաբար այն իրացնելու, դրանք համակցելու մոտեցումներն են ընկած իր արվեստի հիմքումՙ սկսած փոքր չափերից, դետալներից մինչեւ մոնումենտալ, ծավալային գործեր. այսօրինակ գեղագիտական որակներն են հենց ստեղծում համապատասխան տրամադրություն ու մթնոլորտ:

Ջիմ Թորոսյանի նկարչական այն գործերը, որ այս օրերին ցուցադրվում են «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, շատերի համար նորություն են, հիմնականում քաղաքային տեսարաններ են, տարբեր շինությունների, դրանց առանձին դետալների, կամարների, պատշգամբների, փողոցների նկարչական արտահայտություններ: Մասնավորապես Իտալիան եւ այդ երկրի սքանչելի ճարտարապետությունն է նրան ներշնչելՙ վերածվելով ջրաներկ, յուղաներկ գրավիչ աշխատանքների: Ջիմ Պետրովիչը (այսպես էին սովորաբար դիմում նրան), համաշխարհային, մասնավորապես իտալական մշակույթի, ճարտարապետության, քանդակագործության, նկարչության, երաժշտության գիտակ ու սիրահար էր. Իտալիայում ունեցած մեկամյա փորձառությունը այդ սերն ավելի առարկայական, շոշափելի էր դարձրել, եւ այդ տպավորությունները, այդ զգացողությունները, իտալական մթնոլորտն է նա փոխանցել այս գործերում, որոնցից մի քանիսը հատկապես միջավայրի կոլորիտովՙ գունային մեղմ ներդաշնությամբ, նուրբ գծագրությամբ, մտերմիկ շնչով աչք են շոյում:

Ցուցահանդեսի բացմանը պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը , Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը , կոլեգաները ներկայացրին նրա արվեստը, մշակութային այդ ժառանգության նշանակության մասին խոսեցին, հիշողություններ արթնացան: Մասնավորապես Հրաչիկ Պողոսյանը երիտասարդ մասնագետների, ուսանողության համար կարեւոր նկատեց նրա ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը, մեր ժամանակի նշանավոր վարպետների, մեծերի գործը իմանալու, ճանաչելու անհրաժեշտությունը: «Շատ զուսպ, մի քանի շտրիխներով ներկայացված են ճարտարապետական օբյեկտներ, յուրաքանչյուր դետալ սիրով է նկարված, մեխանիկական աշխատանք չկա բնավ, Իտալիային բնորոշ մթնոլորտը հարազատորեն փոխանցված է նկարներին», ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ջիմ Թորոսյանը տասը տարի եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, բազմաթիվ կոչումների, պարգեւների արժանացած, միջազգային հեղինակավոր միությունների անդամ, նա երկար տարիներ դասախոսել է Երեւանի պետական ճարտարապետության եւ շինարարության համալսարանում: Միաժամանակ մեծ ներդրում է ունեցել Գեղարվեստի պետակադեմիայի կրթական կյանքում, անմիջականորեն մասնակիցը լինելով ուսումնական գործընթացներինՙ իր գիտելիքներով, խորհուրդներով աջակցել, նպաստել դրանց զարգացումներին. ավելի քան տասը տարի եղել է ակադեմիայի դիպլոմային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Այդ տարիների մտերմության եւ համագործակցության մասին խոսեց Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը : «Շատ ենք ափսոսում, որ նա այլեւս մեզ հետ չէՙ իր խրոխտ կերպարով, իր կեցվածքով, արիստոկրատ ներկայությամբ: Ասում ենՙ անփոխարինելի մարդիկ չկան, տարածված կարծիք է, թե ոչ մեկը անփոխարինելի չի: Այդպես չէ: Ջիմ Թորոսյանը անփոխարինելի է: Մեր ազգի մեծերից է նա: Ես էլ շնորհակալ եմ իմ բախտից, որ հնարավորություն է եղել շփվելու նման մարդու հետ, եւ եղել են մի քանի այդպիսի մեծեր իմ կյանքում: Երեւի ես էլ դրանով եմ բախտավոր...»:

Ապրիլի 18-ին Ջիմ Թորոսյանի ծննդյան 90-ամյակն էր...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ