RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-28 21:16:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2041, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՙ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը այս տարի անցավ ներկա օրերի տագնապների, փոփոխական տրամադրությունների, անորոշության ֆոնին: Ինչպես Հրավարդ Հակոբյանն ասացՙ անսպասելի էր այս ծանր օրերին, ֆինանսական եւ տնտեսական դժվարին պայմաններում ապահովել այս հանդիսությունը: Հայաստանում եւ Սփյուռքում վաղուց հաստատված մրցանակաբաշխությունը, ինչպես նկատվեց, պետական մրցանակներից հետո ամենահեղինակավորն է եւ սպասվածը մտավորական միջավայրում:

Ավանդաբար առաջինը ներկայացվում է գրականության անվանակարգը. մինչ այդ հանձնաժողովի նախագահ Երվանդ Ազատյանը իր մտահոգությունները կիսելով առկա տագնապալի իրադարձությունների հետ կապված, տեղեկացրեց զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին 50 000 դոլար հատկացնելու ԹՄՄ որոշման եւ հանգանակությունը անհրաժեշտության պարագայում շարունակելու մասին:

Անդրադառնալով ներկայացված գրական ստեղծագործություններինՙ նկատեց դրանց սակավաթիվ լինելը նախորդ տարվա համեմատությամբ եւ սկզբից եւեթ ասաց, որ մրցանակի չարժանացածները դժգոհ մնալով, անշուշտ, կասկածի տակ են դնելու ժյուրիի անդամների գրական հասկացողությունները, ինչը, ըստ նրա, ընդունելի երեւույթ է: Գրականության անվանակարգում մրցանակը շնորհվեց Դավիթ Հովհաննեսին ՙ «Տագնապներ» բանաստեղծական ժողովածուի համար: Երվանդ Ազատյանը հիմնավորեց այս որոշումըՙ հատորի առավելություններն ու բանաստեղծական արժանիքները ներկայացնելով: Բնութագրելով որպես խոհական քերթողություն, անհատի եւ հավաքական տագնապների, պրկված ապրումների խտացում ութնյակների մեջ, որտեղ հեղինակը գտել է ուրույն ձեւ ու ոճՙ բանաստեղծական տարածք բերելով կյանքային իրողություններՙ ստվերոտ, գորշ, տգեղ, այսպես ասած, անբանաստեղծական նյութերը, օրվա կյանքըՙ «գեղարվեստ ըսված երեւույթին արժանացնելու» կարողությամբ, այն, ինչ բնորոշ է հատկապես պոլսահայ բանաստեղծներին: «Իր մեջ գնահատելին կգտնենք բառակերտումի հնարքները: Այն բանաստեղծը, գրողը, որ բառակերտումի հնարավորությունները ունի, կնշանակե թափանցումը ունի մեր լեզվի էության, գրաբարի ստուգաբանությանՙ խիտ եւ պատկերալից բառակերտումներով արտահայտելու բանաստեղծական ապրումներ եւ գեղեցիկ երեւույթներ»:

Մրցանակակրի շնորհակալական խոսքը հագեցված էրՙ ուղղված հանձնաժողովին, ներկաներին, իհարկեՙ Թեքեյան բանաստեղծին, հատկապես իբրեւ ազգային-կուսակցական, գործչի ու քաղաքագետիՙ նրա հեռատեսության, խորագիտության, զսպվածութան նորովի ընկալմանն ու գնահատմանըՙ նրանից այսօր կրկին դասեր առնելու, սովորելու գիտակցության անհրաժեշտությամբ: «Մենք այսօր ապրում ենք անթեքեյան միջավայրում, ապրում ենք խարխափելով խավարի մեջ: Հոգեկան խռովահույզ, համարյա խեղված վիճակում ենք. մեզ որոշակիություն է պետք: Ես գտնում եմ, որ մեր ճանապարհը այլ կերպ կգնար, եթե մեր մտավորականներին, բանաստեղծներին ժամանակին քաղաքական գործիչները մեկ-մեկ էլ հարց ուղղեինՙ ինչպես առաջ գնալ: Այոՙ բանաստեղծի՛ն, որովհետեւ բանաստեղծները հանճարեղ կռահումների ռահվիրաներ են»:

Այս անվանակարգում նկատի են առնվում միայն գեղարվեստական գործեր, հանձնաժողովի նախագահը սակայն հնարավորության պարագայում ակնկալում է ապագայում ներառել նաեւ գրականագիտության մարզը, որի համար սահմանված խրախուսական մրցանակը տրվեց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին ՙ Ինտրայի (Տիրան Չրաքյան) երեք հատորների հրատարակության պատրաստման համար: Երվանդ Ազատյանը բավական հանգամանալի անդրադարձավ եւ կարեւորեց այն ջանքերը, որ տարիներ շարունակ ներդնում է Եր. Տեր-Խաչատրյանըՙ արեւմտահայ գրականության բացառիկ արժեքների պահպանման, ներկայացման եւ գրական շրջանակների, հանրության սեփականությունը դարձնելու գործումՙ պատկերավոր բնութագրելով նրանՙ իբրեւ արեւմտահայ մարող գրականությունից դեպի Հայաստան արձակվող ջահ: Արեւմտահայ գրականության հանդեպ անտարբերությունը խորհրդային համակարգին վերագրել շարունակելը ժամանակի անտեղի կորուստ է, որովհետեւ այս վերաբերմունքը կորստի տանող ճանապարհ է հսկա մի գրականության, որ «համաշխարհային մակարդակով ինքզինք կերտած գրականություն մերն է, եւ այսպիսի գանձը կորցնելը մեծ կորուստ պիտի ըլլա մեր մշակույթի պատմության համար», որի միակ սեփականատերը, ըստ Եր. Ազատյանի, Հայաստանը, Հայաստանի գրական հասարակությունը պիտի լինեն: Ահա այս գործին իր նվիրումն ու կարողություններն է բերում գրականագետըՙ արեւմտահայ գրողների արժեքավոր շարք գործերի հրատարակություններով (Կոստան Զարյան, Հրանտ Նազարյանց, Աբրահամ Ալիքյան, Կարիկ Պասմաճյան եւ այլ):

Երվանդ Տեր-Խաչատրյանը անդրադարառնալով Ինտրայի գրականությանըՙ հիշեց Մխիթարյան հայրերին, ովքեր բծախնդիր ու չմահավան լինելով գրականության հարցերում, Ինտրային համարել են 20-րդ դարի Նարեկացի: «Իռլանդացի մեծ բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Բաթլեր Եյթսը մի առիթով ասել էՙ սեփական հոգու անդունդներն իջնողները նույնքան մեծ սխրագործություն են կատարում, որքան պատերազմի դաշտի հերոսները: Ինտրան այդ հեղինակներից մեկն է, որ, թող թույլ տրվի ասել, համաշխարհային գրական չափանիշներով, համարձակվել է իջնել սեփական հոգու անդունդները, մարդ արարածի հոգու անդունդները;

...Եվ թեպետ իր մահը 6 տարի հետո եղավ 1915-ից, միեւնույն էՙ նա նույնպես մեր նահատակներից մեկն է, մի մարդ, որ համարձակվել է ապրել այնպես, ինչպես գրել է, եւ գրել այնպես, ինչպես մտածել եւ ապրել է:

Նա մեր լեզվի մեծագույն կրողներից մեկն է: Մի առիթով Հերման Հեսսեի մասին գերմանացիները գրել էին, որ նա գերմաներեն լեզվի մեծագույն գրողներից մեկն է, մենք այդպես չենք ասում սովորաբար: Ինտրայի պարագայում պետք է ասել, որ նա հայոց լեզվի մեծագույն գրողներից մեկն է եւ իր սերնդի մեջ թերեւս անգերազանցելի»:

Կերպարվեստի անվանակարգում մրցանակի արժանացավ Փարավոն Միրզոյանը ՙ «Պատարագ» կտավի համար: Հանձնախմբի նախագահ Հրավարդ Հակոբյանը այդ գործը առանձնացրեց մյուսներիցՙ յուրատեսակ արձագանքը տեսնելով այս օրերի դառն իրականության, պատերազմական վիճակների հետ:

Փարավոն Միրզոյանը ակնհայտորեն հուզված էր: Նա պատմեց նկարի ստեղծման պատմությունը, երբ հայտնում են մոր մահվան բոթըՙ պահի մեջ ասես կրկին վերապրելով կտավին փոխանցված զգացումները:

Իր ունեցած բազմաթիվ մրցանակների մեջ այս վերջինը գնահատման նոր էջ նա համարեց, ասաց, որ նկարը նվիրելու է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանին, նույն խորագիրը կրող մեկ այլ կտավ անցած տարի Բեյրութում կայացած իր անհատական ցուցահանդեսից հետո Արամ Ա. կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում խոստացել է նվիրել Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թանգարանին:

Երաժշտության անվանակարգի մրցանակակրին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Մհեր Նավոյանը: Մրցանակին արժանացավ Ռոբերտ Ամիրխանյանը ՙ «Պոետի կյանքը» կանտատի համար: Նա բնութագրեց Ամիրխանյանի այս երկը որպես ակադեմիական ժանրի ստեղծագործություն: Միսաք Մանուշյանի պոեզիայի հիման վրա գրված, յոթ մասանոց գործի թեմատիկ առանցքը հայ մարդու ճակատագիրն է, որ Եղեռնից փրկվելով, Ֆրանսիայում ապաստան գտնելով, 2-րդ աշխարհամարտի տարիներին ծառս է լինում մեկ ուրիշ արհավիրքի դեմ: Էմոցիոնալ եւ տպավորիչ էր Ռոբերտ Ամիրխանյանի արձագանքը. «Գնալով այսպիսի իրադարձությունները իրենց տեղը զիջում են դեկորատիվ բաների: Դա մեր ցավն է, մեզ դա շեղում է, մեր պարտությունն էՙ եթե կուզեք»:

«Ինչո՞ւ հայորդին Ֆրանսիայի ազգային հերոսը պիտի լինի եւ ոչ թեՙ ի՛ր հողի: Պատասխանըՙ ցեղասպանությո՛ւն»: Սա է մտատանջել կոմպոզիտորին, սա է կարեւոր համարել հերոսական այս կենսագրության մեջ: «Մաքառումի ճանապարհը, որ հասցրեց նրան հերոսացման, զուգահեռ եմ տանում այսօրվա մեր հերոսամարտիկների արարքի հետ, որ կրծքով փակում են տուն տանող ճանապարհը թշնամու առաջ, անտեսում մահըՙ հանուն պատվով ապրելու»:

Եվ հաջորդՙ մանկապատանեկան ստեղծագործության համար սահմանված «Արա Մարալ» մրցանակակրին ներկայացրեց Աստղիկ Գեւորգյանը . մրցանակին արժանացավ Մայր աթոռ Սբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան կրկեսային ծրագիրը: Հանձնաժողովի նախագահըՙ Հակոբ Ավետիքյանը , Կահիրեի «Արեւ» թերթի 100-ամյա հոբելյանական հանդիսություններին մասնակցելու հրավերով բացակայում էր.- մրցանակը հիմնավորող նրա գրության մեջ ասված էր, որ վերջին տարիների կրկեսային արվեստի հետընթացի պայմաններում ծրագիրը, հարկ եղած ուշադրության պարագայում, հույս է արթնացնում այս արվեստի զարգացման հեռանկարի հանդեպ, հավատ ներշնչում, որ այն կվերականգնի հայկական կրկեսի հեղինակությունըՙ հատկապես հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանի ժամանակներին բնորոշ:

Հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը երախտագիտությամբ ընդունեց մրցանակը, շնորհակալությամբՙ հանձնաժողովին, ներկաներին եւ հատկապես իր գործընկերներին, որոնց ուշադրության եւ հովանու ներքո 800 երեխա ամեն օր մշակութային կրթություն է ստանում: Արտիստիկ, տպավորիչ կատարումով գեղեցիկ սանուհին հաստատեց հանձնաժողովի ընտրությունը: Հանդիսությունը ուղեկցվեց Ազգային նվագարանների անսամբլի երաժշտական կատարումներովՙ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Երվանդ Ազատյանը գրականության անվանակարգի մրցանակակիրներին բնորոշեց Թեքեյանիՙ «Ու հին կոճղէն նոր բողբոջներ պայթեցան» տողով, ինչը մյուս երկու մրցանակակիրներին էլ, այնուամենայնիվ, վերաբերում է,- նրանց կողքին այս պատանիներն ու աղջիկները այդ բողբոջներն են, վաղվա մեր օրը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ