RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-11 22:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԿԱՊԱԴՈՎԿԻԱՅԻ ՆԵՎՇԵՀԻՐ ՀՆԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Մ.Խ.

Ըստ թուրքական «Անադռլու» գործակալության` 2015 թվականի մարտին Կենտրոնական Անատոլիայում (Կապադովկիայում) հայտնաբերված ստորգետնյա քաղաքում, որն այժմ մանրամասնորեն պեղվում եւ ուսումնասիրվում է, հնագետները բացել են նախնական գնահատականներով 5-րդ դարի եկեղեցի: Եկեղեցին գտնվում է հնագույն Նեվշեհիր քաղաքի միջնաբերդի տակ եւ ամենայն հավանականությամբ հայկական է: Եկեղեցու լավ պահպանված որմնանկարների մեջ կան այնպիսիք, որոնք մինչ այդ որեւէ տեղ չեն հանդիպել, որմնանկարներում բազմաթիվ քրիստոնեական սյուժեներ են պատկերված: Եկեղեցու առաջնային մասում քրիստոնեական ամենակարեւոր սյուժեներն են պատկերված` Քրիստոսի խաչելությունն ու հարությունը, առաքյալներ, մարգարեներ: Դրանցից մեկում Հիսուս Քրիստոսը ոչնչացնում է սատանային, որն աննախադեպ է հոգեւոր թեմաներով որմնանկարչության մեջ: Հուշարձանի ընդհանուր տարածքը, որտեղ լայնածավալ հնագիտական աշխատանքներ ու պեղումներ են կատարվում, հսկայական է` 360 հազար քմ, ստորգետնյա քաղաքից պահպանվել են ստորգետնյա անցումներ, ջրատար համակարգի մնացորդներ, բազմաթիվ քարանձավային տարածքներ ու սենյակներ:

Պեղումները միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացնում են թուրք հնագետները, պեղումները արդեն անցած տարվանից լայնորեն գովազդվում են: Թուրք գիտնականները ենթադրում են, որ ստորգետնյա քաղաքը հիմնել են քրիստոնյաները սելջուկներից եւ այլ նվաճողներից պաշտպանվելու համար: Քաղաքը թշնամու հարձակման ժամանակ իր ներսում կարող էր թաքցնել 20 հազար մարդու: Թուրք գիտնականների մի մասը ենթադրում է, որ սա վաղ բյուզանդական շրջանի քաղաք է եղել, որը մինչեւ թուրքական նվաճումը գոյատեւել է: Բայց կան գիտնականներ, որ ավելի հեռուն են գնում եւ ստորգետնյա քաղաքի սկզբնավորումը ավելի վաղ ժամանակի են վերագրում` համարելով, որ այն հիմնադրվել է հինգ հազար տարի առաջ: Թուրք գիտնականներից մեկի ենթադրությամբ` Նեվշեհիր քաղաքը հիմնադրել են խեթերը (հեթիթները), հետո դրան տիրել են ասորիները եւ ուրիշ ազգեր, բոլորի անունը տալիս է թուրք գիտնականը, բացի բնակավայրի իրական տերերի` հայերի անունից: 333 թվականին Մակեդոնացին է գրավել բնակավայրը, ավելի ուշ այն մտել է Կապադովկիայի թագավորության մեջ, ապա անցել հռոմեացիներին: Անգամ նշելով այն մասին, որ Նեվշեհիրի առաջին եպիսկոպոսը 4-րդ դարի վերջին եղել է Բյուզանդական հայազգի Վասիլ կայսեր եղբայր Գրիգորը, որը փիլիսոփա եւ գիտնական էր, թուրք գիտնականը չի նշում ոչ հայերի, ոչ ստորգետնյա եկեղեցու հայկական լինելու հանգամանքի մասին: Քաղաքը 16-րդ դարի սկզբին գրավել են թուրքերը:

Մի խոսքով` մեր ինքնության ապացույց հերթական հնագույն հուշարձանն է ընկել թուրք գիտնականների կեղծման մեքենայի մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ