RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015



ՔԵՐԹՈՂԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-12-19 14:47:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2563, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ. ԲԱՐՁՐ ԵՎ ԱԶՆԻՎ ԽՈՀԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հրաչյա Թամրազյանի բանաստեղծական ընթացքին ես հետեւում եմ իր գրական առաջին քայլերից, առաջին իսկ հրապարակումներից սկսած, սակայն իր մասին գրելու ցանկությունը առաջացավ բանաստեղծի երրորդ գրքիցՙ «Ձայների կղզի» (1985) ժողովածուից հետո: Իմ կարծիքով, բանաստեղծի ստեղծագործական որոնումները առավել հստակ գծագրվում ու առարկայական պատկերավորում են ստանում «Ձայների կղզի» գրքում: Բանաստեղծի կղզին իրոք լեցուն է խորհրդավոր ձայներով եւ պահել է նույնիսկ անցյալ ժամանակների ձայներն ու ձայնարկումները, կանչերն ու արձագանքները: Գիրքը բազմաշերտ ու բազմաթեմա ամբողջություն է: «Ձայների կղզի» ժողովածուն, իհարկե, արժանի է լուրջ եւ մանրամասն քննության ու դիտարկման: Գրքում ուշագրավ շատ բանաստեղծություններ ու հետաքրքրական շարքեր կան, որոնցից ես կառանձնացնեի «Ձայների կղզի» եւ «Համընկնումներ» շարքերը: Դրանցում հստակ ուրվագծվում է ժամանակակից մարդու բարդ ու դրամատիկական կերպարը, ինչը բանաստեղծի վավերական հաջողությունն է:

«Ձայների կղզի» ժողովածուն երեւան է բերում Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության կարեւորագույն հատկանիշըՙ իր թեմաները, իրերն ու առարկաները խոհական-փիլիսոփայական հայացքով դիտելու եւ վերլուծական մոտեցումով ներկայացնելու կարողությունը: Այս առումով Հրաչյա Թամրազյանը մնում է զուտ բանաստեղծության, իսկական, մաքուր, բարձր բանաստեղծության սահմաններում, ինչը մեր ժամանակներում, մանավանդ մեր արդի անդեմ բանաստեղծության մեջ անառարկելի առավելություն է:

«Ձայների կղզի» գրքի մենավոր ձայները, թեմաներն ու հոգեվիճակները տարիների ընթացքում բանաստեղծական զարգացում եւ մարմնավորում են ստանում իր հետագա գրքերում: «Նոր տոմար» (1991) եւ «Աղեղնավոր» (1993), «Լռության ծես» (1996) եւ «Պաշարված ամրոց» (1999) ժողովածուները ընդարձակեցին «Ձայների կղզի» գրքի տարածական եւ ժամանակային սահմաններըՙ բանաստեղծի կղզին վերածելով հրաշալի մի ընդարձակության, ինքնակա եւ ինքնահատուկ տիրույթի:

«Զվարթ գիտություն» (2001) ծավալուն ժողովածուն Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության նոր աստիճանն էր, նոր, ավելի բարձր մակարդակը: Գրքի բովանդակությունը առարկայական-զգայական աշխարհն է, բազմագույն ու բազմաբղետ, ինչը ոգեշնչում է բանաստեղծին եւ իր անվախճան թվացող հոսքի մեջ ներառնում է կյանքի բազմաթիվ մանրամասնությունները, գույները, ձայները, կյանքի բազմապիսի իրակությունները: Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունը ուրբանիստական բանաստեղծություն է, ուրբանիստական է եւ իր բնանկարը:

Բնությունից դուրս - որ խոհաշխարհ է,

Որ ասք է - խաղաղ արարման պահին...

Քնարական հերոսի զգացումները չափազանց սրված են, եւ նա իր շուրջը ամենուր տեսնում է իր գիտակցության արտացոլումը: Բանաստեղծը շեշտը դնում է իր բանաստեղծության միասնական ձեւի վրա, ներքին բովանդակության մեջ նույնականացնելով պարզ մարդկային անհատին եւ ստեղծագործող արվեստագետին: Հարուստ է նաեւ գրքի պատկերավորման լեզուն, հարուստ է բանաստեղծի համեմատությունների, փոխաբերությունների, բանաստեղծական խաղերի ու հնարքների երանգապնակը: Ահա բանաստեղծական պատկերի մալեւիչյան մի սքանչելի օրինակ.

Քաղաք - սեւ մարգարիտ

գիշերվա խեցու մեջ...

«Զվարթ գիտություն» գրքին անմիջապես հաջորդեցին երկու իրոք ուժեղ ժողովածուՙ «Համլետ» (2002) եւ «Հարասություններ» (2003), որոնք կարելի է համարել «Զվարթ գիտություն» ժողովածուի բնականոն շարունակությունը: Այդ մի քանի տարինՙ 1999-2003 թվականները, զարմանալի արգասավոր եւ զարմանալի բեղուն ժամանակ է բանաստեղծի ստեղծագործական կյանքում: Ես իմ բուն խոսքը սկսելու եմ «Համլետ»-ից եւ «Համլետ»-ով:

Հրաչյա Թամրազյանը սիրում է մտածել շարքերով: Դրանցից մեկը «Համլետն» է, որ բանաստեղծը հրատարակել է առանձին գրքով: Ես այս շարքը համարում եմ Հրաչյա Թամրազյանի լավագույն գործերից եւ մեր արդի բանաստեղծության լավագույն կտորներից մեկը: Դանեմարքայի արքայազնի խռովահույզ կերպարը, դարերի խորքից մեզ հասնող իր տագնապալի ու հուսահատ ձայնը, իր տառապած սրտի զարկերը հասել ու հասնելու են դեռ քանի՜ սերունդների: Եվ սա, իհարկե, բնական է. իշխան Համլետը մարդկության խղճի, վսեմական ոգու եւ բարոյական ուժի մեծագույն դրսեւորումներից մեկն է: Բայց ինձ թվում էՙ շարքի մտահղացումը ամենից առաջ կապվում է Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագոյի բանաստեղծությունները» հանրահայտնի շարքի առաջին բանաստեղծության հետ: Եվ ինձ թվում է, որ բանաստեղծության մի տողըՙ «Я один, все тонет в фарисействе», կարող է դառնալ ոչ միայն բնաբան ամբողջ շարքի, այլեւ բանալի, ուղղորդող խոսքՙ շարքի ներքին բովանդակությունը ճիշտ հասկանալու համար:

Շարքի բանաստեղծությունները բազմաթիվ պատկերներով, փոխաբերություններով, ակնարկումներով եւ այլասացությամբ անշուշտ կապվում են հանրահայտնի պիեսի հետ: Համլետը եղել է եւ մնում է բարեշնորհ դիմակայության, ազնվական անհաշտության հավերժական խորհրդանիշ:

Հրաչյա Թամրազյանի այս շարքը երկշերտ բարդ կառուցվածք ունի: Այն յուրովի է ներկայացնում Դանեմարքայի արքայազնի հոգեկան սխրանքը: Ինչպես ասում են` «խորքին մեջ» ամբողջ շարքը Համլետի հայտնի մենախոսության վերացարկված այլացումն է, ինչին Հրաչյա Թամրազյանը հաղորդել է խիստ արդիական բովանդակություն: Շարքի բանաստեղծությունները ներկայացնում են թեմայի զարգացման երկու գիծ, որոնք զուգահեռաբար ձգվում են մինչեւ շարքի վերջը: Առաջին գիծը, իբրեւ թեմա, չափազանց հստակ է. դա շեքսպիրյան Համլետի գիծն է, իշխան Համլետի հոգեկան կացության թեման:

Մյուս գիծը, մյուս թեման ժամանակակից մարդու, մեր կյանքի եւ քաղաքային իրականության բավիղներում մոլորված, կյանքի անհուսության դեմ կանգնած, շվար, անօգնական, շփոթահար եւ սոսկահար ողբերգական անհատի թեման է: Իշխան Համլետի ողբերգությունը վաղուց է լքել պիեսի սահմանները եւ վաղուց ապրում է գերզգայուն, խորապես մարդկային, ծայրահեղ ազնիվ ու անանձնական հոգիների մեջ:

Շարքի վերջին բանաստեղծություններում այս երկու թեմաները միասնանում-նույնանում են. արդեն դժվար է դառնում տարբերակելը իշխան Համլետի ներքին մենախոսությունը արդի մարդու-հեղինակի խոհերից ու տվայտանքներից: Զուգահեռ գծերը հատվում են, խախտելով էվկլիդեսյան երկրաչափության օրենքները, որովհետեւ «ժամանակն իր շավղից դուրս է ընկել» նաեւ մեր կյանքի ժամանակում եւ խեղճ Յորիկի ժամանակներից ի վեր շատ բան չի փոխվել մարդկանց երկրում եւ չի նվազել մտածող, խորհող, զգացող անհատի ողբերգությունը:

...Ու ժամանակն է դուրս վիժել շավղից,

Այդ նա է կյանքի ափերն հեղեղել:

Ե՞րբ պիտի պղտոր խորքը խաղաղվի,

Ի՞նչ է լինելու, եւ ի՞նչ է եղել:

Շարքը երեւան է բերում Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության եւս մի կարեւորագույն հատկանիշը: Եթե, ասենք, Հակոբ Մովսեսի բանաստեղծություններում հիմնականը, էականը Աստծո պատկերի առաջ կանգնած մարդն է, ապա Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության մեջ մարդը կանգնած է իր ներքին ես-ի, իր խղճի դատաստանի առաջ: Ահա թե որտեղից են գալիս իր բանաստեղծության խոստովանական շեշտն ու ոգին, խոհական ինքնավերլուծությունները, սեփական զգացումների խորքը տեսնելու եւ նույնիսկ այն կողմ անցնելու ջանքը: Սա ներփակ բանաստեղծության, հերմենեւտիկական մտածողության կարեւոր գծերից մեկն է:

Առաջին բանաստեղծությունը, որ ընդարձակ խոսք է, շարքի քնարական հերոսի մենախոսությունն է, իր ինքնաբնութագրումը, իր ինքնադիմանկարը: Ընթերցողին է մնում պարզելըՙ իշխան Համլե՞տն է խոսում, թե՞ արդի մարդը, հեղինակային ես-ը.

...Շարժումը ճիգ է դարձել ինձ համար,

Անշարժությունըՙ մի վերին պարգեւ,

Պատկերների հոսքն այդ միապաղաղ

Ներկայացում է դարձել անպատկեր:

Ու հոսում է նա օրերի նման,

Ու հոսում է նա օրերի հանգույն,

Ու խորքում ոչինչ չկա թաքնված -

Մի աղոտ դահլիճ, խամրած վարագույր:

«Համլետ» շարքում նաեւ ժամանակային երկու հարթություն, երկու շերտ կա: Դրանցից առաջինը իշխան Համլետի ժամանակն է, եւ ընթերցողը խոսքի հետ հայտնվում է այդ ժամանակում: Բայց հետո, բանաստեղծական խոսքի ընթացքի հետ, աննկատելիորեն անցում եւ փոխակերպություն է տեղի ունենում. անտես ու անշշուկ հայտնվում է ժամանակակից մարդը, մեր բարդ ու խրթին ժամանակների եւ այլանդակ իրականության ողբերգական էությունը ճանաչող ու կրող անհատը, մեր ժամանակների Համլետըՙ բանաստեղծի դերով ու կերպարով: Անշուշտ, ճշմարտություն է, որ շեքսպիրյան հերոսներից թերեւս միա՛յն Համլետը կարող էր հեղինակել Շեքսպիրի պիեսները.

Անիծյալ լինես, գրելու արվեստ,

Կյանքի բեմերում այս զգայացունց

Քեզ անարգանքի սյունին է գամել -

Ասպարեզների տերը - ծաղրածուն...

Ժամանակակից Համլետի ողբերգությունը նույնքան խորն է, նույնքան անափ, ու դեռ ավելին, որովհետեւ Շեքսպիրի «Համլետի» ժամանակի բովանդակությանը գումարվում-ավելանում է հետագա ժամանակների ու մեր ժամանակի ողբերգությունը.

Դու հիմա ոչ մի ունկնդիր չունես,

Դահլիճն - անկենդան, դեմքերը - սառած

Ու պատմությունն այս դատարկ հնչյուն է,

Ոչ մի տեսարան, ոչ մի արարված:

Հրաչյա Թամրազյանի «Համլետ» ժողովածուն մեր ժամանակների ու մեր իրականության ողջ դրամատիզմը բովանդակող գիրք է, ազնիվ եւ բարեշնորհ դիմակայության բանաստեղծություն:

«Հարասություններ» ժողովածուն լույս է տեսել հեղինակի առաջին գրքից քսան տարի անց, 2003 թվականին: Որոշ առումով այս ժողովածուն ամփոփում-ամբողջացնում է բանաստեղծի շուրջ քառորդ դարի ընթացքում անցած ստեղծագործական ճանապարհը:

«Հարասություններ» գիրքը նաեւ նոր սկիզբ է. այն ճանապարհ է դեպի քնարական հերոսի, ժամանակակից անհատի ներաշխարհի խորքը, դեպի, Չարենցի խոսքով ասածՙ «գիտակցության մութ խորքերը», դեպի ներս, անվերջ դեպի ներս: Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունը ժամանակակից անհատի, բարձր ինքնագիտակցություն ունեցող անհատի ներաշխարհի դրաման արտահայտող բանաստեղծություն է: Կյանքն ու իրականությունը այդ անհատի ներաշխարհի հայելում արտացոլվում են բոլոր հակասություններով ու տագնապներով, լուսավոր ու մութ կողմերով, հույսերով ու անհուսությամբ, նույնիսկ թաքուն եւ ակնհայտ սպառնալիքներով ու ահերով.

Ցերեկվա նման սեւ է երկինքը,

Ու կռնչում է երազների չուն,

Ու կույր խոռոչն է գալիս դեպի քեզ,

Ու քնի խորքում բառերն են ճչում...

Քնարական հերոսի ներաշխարհում, նրա ազնիվ խոհերի խառնարանում գալիս-բեկվում է մեր կյանքի ժամանակըՙ իր մղձավանջներով ու ներքին տագնապներով, իր կանչերով ու արձագանքներով, անկումներով ու ապրելու սարսափով, գիրքը դարձնելով հիրավի արդիական բանաստեղծության խոսք:

Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության մեծագույն արժանիքը, մեծագույն հաջողությունը իր քնարական հերոսն է, բարձր, մաքուր, լուսավոր խոհերի ու մտածումների անհատը, որի կերպարը անցնում է իր բոլոր բանաստեղծությունների ու բանաստեղծական շարքերի միջով, որի խորապես մարդկային ու մարդկայնորեն հուզիչ, «միշտ նույն խոհերի շշուկին հլու» բացճակատ ու ազնիվ նկարագիրը առկա է իր բոլոր գրքերում: Այդ հերոսը իր խոհերով ու մտածումներով, իր տագնապներով ու անհանգիստ, խռովահույզ ներաշխարհով խորապես կապված է մեր կյանքին եւ ժամանակին:

Եվ դեռ ավելին: Այդ հերոսը իր բարձր նկարագրով հակադրվում է գորշ, պարտադրվող իրականությանը: Դա ազնիվ անհաշտություն է, ազնիվ դիմակայություն:

Նրա սրտի ճանապարհը բաց է ընթերցողի համար, եւ իր ընթերցողը միանում է բանաստեղծի խոհերին ու ապրումներին: Նրան հասկանալի են «Հարասություններ» գրքի եւ այլ ժողովածուների էջերում պատկերված հոգեվիճակներն ու ապրումները: Հենց սա է նշանակում լինել արդիական, հենց սա է արդիականությունը: Բանաստեղծը իր ընթերցողին տանում է դեպի իր հերոսի մաքուր եւ բարձր խոհերի աշխարհը, խոհեր ու մտածումներ, որոնք բարձրացնում են արդի մարդուն, մաքրագործում նրան:

Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունը զերծ է պարզ նմանակումներից ու էժանագին ոճավորումից, գռեհկությունից ու ցինիզմից, ամբարտավանությունից եւ այսօր շատ զավեշտական ու ծիծաղելի «պոետական կեցվածքներ»-ից, ինչը շատ առատ է մեր այսօրվա բանաստեղծական կոչված ու համարված չափածո գիրք-ֆելիետոններում:

Հրաչյա Թամրազյանը իր ընթերցողին չի զարմացնում տաղաչափական ձեւերի ու բանաստեղծական ձեւածավալների բազմազանությամբ եւ առատությամբ, թեեւ նրան ամենեւին էլ խորթ չէ ազատ ու անհանգ չափածոն: Նա հիմնականում հավատարիմ է մնում դասական հանգավոր բանաստեղծությանը, որովհետեւ, կրկնում եմ, շեշտը դնում է բանաստեղծության ներքին բովանդակությանՙ պատկերվող բանաստեղծական իրավիճակի վրա: Իր բանաստեղծությունը տասնյակ թելերով կապվում է անցյալի մեր դասական բանաստեղծությանը, բայց, ինչպես ասացի, ոչ թե նմանակումով եւ ոճավորումով, այլ հայացքի ու տեսակերպի ընդհանրությամբ: Մատնացույց անեմ միայն մեկ օրինակ: Մեզ համար աշունը, երեւանյան ոսկեհեր աշունը միշտ եղել է լուսավոր ու պայծառ պահի ու ժամանակի բանաստեղծական ըմբռնում: Բայց ահա Հրաչյա Թամրազյանի «Բիբլիական աշուն» շարքում ոսկե աշունը ինչ անսպասելի կերպավորում է ստանում.

Ու այս աշնան խաղաղ թույնը

Արդեն հոգուս մեջ է հեղվել -

Կարելի է մահն ընդունել,

Կարելի է հաշտ մեռնել:

Բայց ինչ կա զարմանալու, երբ իր ուսուցիչը,- իսկ Չարենցի եւ «Գիրք ճանապարհի»-ի լուսավոր ու անտես ներկայությունը կա «Հարասություններ»-ի էջերում,- այսպես էր ապրում իր աշունը.

Այս աշունը այնպե՛ս անցավ.

Այս աշունը մթին էր, ինչպես

Երազում զառանցած հանցանք...

Կամ թեՙ

Աշունը, ա՜խ, այնպես անցավՙ

Ե՛վ ցնցող, ե՛ւ ծանր, ինչպես

Հանճարեղ ոճիր կամ հանցանք...

«Հարասություններ» ժողովածուն արժանի է խոր եւ հանգամանալից քննության: Գիրքը ներքին միասնություն եւ ամբողջություն ունի. բանաստեղծությունները դասավորված են ներքին իմաստի եւ բովանդակության որոշակի հաջորդականությամբ եւ շարունակականությամբ, կազմում են շարքեր, որոնք նույնպես լրացնում են միմյանց եւ այսպիսով ժողովածուն դարձնում մեկ-միասնական տարողունակ խոսք: Ես ուզում եմ մատնանշել ժողովածուն եզրափակող «Բառը ձգտում է հավերժության» խոհագրական բաժինը, որը բանաստեղծական խոսքի եւ արվեստի, սեփական բանաստեղծության պոետիկայի եւ պրոսոդիայի, բանաստեղծական խոսքի ու արվեստի դերի ու նշանակության շուրջ բանաստեղծի խոհերն ու մտածումներն են: Մեր բանաստեղծները միշտ չէ, որ մեզ երես են տալիս խոսքի էսթետիկական ըմբռնումների շուրջ իրենց շարադրանքներով. բանաստեղծական ասելիք չունեցող, չափածո հայհոյախոսություն գրողից ու պոռնոգրաֆիա չափաբերողներից ի՞նչ էսթետիկական մտածում:

Վստահորեն կարելի է ասել, որ բանաստեղծի նոր ժողովածուն, որ կոչվում է «Սրբադասված հիշողություն» (2015), Հրաչյա Թամրազյանի բանաստեղծության նոր հաջողությունն է: Բանաստեղծի խոսքը մտնում է նոր հուն, իր հերոսի խոհերի աշխարհը առավել խաղաղ է, ներհուն, ներքին հանդիսավորությամբ, ինչպես որ մեր ազգային ողբերգության համաժողովրդական հիշողությունն է թելադրում եւ պարտադրում: Մեր ազգային ողբերգությունը, իբրեւ բանաստեղծության թեմա, ցավոք սրտի, շատ է շահարկվել: Մեծ մասամբ նման պատկերումները վերածվել են պարզ նկարագրականության կամ չափածո անեծքների եւ նզովքներիՙ ուղղված Հայոց եղեռնը իրագործողներին:

Ի պատիվ Հրաչյա Թամրազյանի պետք է ասեմ, որ նա այստեղ էլ գնում է բարձր վերացարկումների ճանապարհով, որպիսին մեզ մատնացույց է արել Հովհաննես Թումանյանը իր վսեմական պատարագովՙ «Հոգեհանգիստ» բանաստեղծությամբ: Ափսոս, որ այլեւս տեղ չմնաց այս ժողովածուի շուրջ ավելի հանգամանորեն խոսելու:

Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունը մաքուր եւ բարձր խոհերի բանաստեղծություն է, մեր արդի բանաստեղծության մեջ երեւացող եւ առանձնացող խոսք եւ, իբրեւ այդպիսին, մեր արդի բանաստեղծության մեջ վաղուց արդեն վավերական ու անառարկելի իրողություն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ