RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-05 21:16:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1278, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 7

...ԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ, ՈՐ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ

ՄԵլանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Ռոբերտ Էլիբեկյանի մոնրեալյան ցուցահանդեսի առթիվ

Ժամանակակից հայ կերպարվեստի մեջ Ռոբերտ Էլիբեկյանի գեղանկարչությունը վաղուց է նվաճել իր առանձնահատուկ տեղըՙ գեղարվեստական մտածողության, անշփոթելի ձեռագրի, ինքնահատուկ երփնագրի ու մթնոլորտի շնորհիվ, նաեւ թեմատիկ ընտրությամբ, որ առաջին իսկ մուտքից, սկզբիՙ 60-ականների խորհրդային արվեստի փակ մթնոլորտում, նորություն ու թարմություն բերեց: Այս աշխարհին ամենից բնորոշը իրականության ու տեսիլքի հանդիպման, դրանց ձուլման միջոցով ստեղծված գեղարվեստական միջավայրն է: Իրականության վերացարկումները տանում են գունային այնպիսի շերտավորումների, որ ներսից, խորքից է արտածում միտք ու գաղափար, իսկ առավել առարկայականի պարագայում, գույնի ու գծի ներդաշնակությունը ստեղծում է զարմանալի շարժուն պատկերներ, թեթեւասահ, թափանցիկ էակներով լեցուն օդասուն տարածքներ: Թվում էՙ նրա վրձինը ծանոթ մի հին հիշողություն է արթնացնում, ավելի շուտ տարաշխարհիկ զգացում, որի թելադրանքով նկարիչը յուրատեսակ կապավորի դեր է կատարում իրական ու երեւակայական աշխարհներն այսպես իրար մերձեցնելով: Գրեթե բոլոր նկարներում ձգողական այս ուժը, տարաշխարհիկ այս էներգիան զգալի է, նկարները մերթ երազային, երբեմն միստիկ-ենթագիտակցական, մերթ քնարական թախծի կամ տխրության մեջ ընկղմված, լուսավոր- թրթռուն աշխարհ են ստեղծում: Միրաժայինՙ կիսարթուն-կիսաքուն վիճակները բնորոշ են նույնիսկ դիմանկարներին: Ռոբերտ Էլիբեկյանը այս ժանրում նախապատվություն տալիս է գաղտնիքներով քողարկված սեռինՙ կնոջ կերպարին, հոգեբանական նուրբ բացահայտումներով, որոշ դեպքերում միստիկական երանգներ հաղորդելով առաջացնում անժամանակյա զգայություններ: Նրա ստեղծագործությունները, անկախ ժանրային առանձնահատկություններից, թեմատիկ հորինվածքային կոմպոզիցիաներ, բեմական, մտացածին, թե իրական կերպարներ, կանացի դիմանկարներ, թե զգացական աբստրակտ վիճակներ, գեղագիտական ընդհանուր հայեցակարգ ունեն: Նրա գունաշխարհը շատ հարուստ է, հագեցած ու բազմաշերտ: Կտավին գերիշխողը գույնն է, նախ տրամադրությունների ծավալումներըՙ աստիճանաբար փոփոխվող երանգների ու դրանց մեջ թաքնված շերտերի անակնկալ բացահայտումներովՙ թավշե կանաչի ու դարչնագույնի խիտ ապրումներից, կարմրի ու սեւի դրամատիկ սրացումներից անցումը թափանցիկ կապտաճերմակին ու լուսավոր դեղնի փափուկ տոներին, զրնգուն հնչեղություն են հաղորդում կտավի մակերեսներին: Գունային համանվագը այնպիսի լուծումներով է իրացվում, որ ներքին զգայությունների շարունակությունՙ նկարի մթնոլորտը անմիջականորեն փոխանցվում - դիպչում է դիտողի հուզական աշխարհին, ենթագիտակցական շերտերին: Ուրվագծերի, ձեւերիՙ այսպես ասած, արտաքին աշխարհի տարրերի ձուլումը ներաշխարհի, հոգեւոր կյանքի խորհրդանիշ գունային մթնոլորտին, արթնացնում է թաքնված ապրումներ, երազ, երազային վիճակներ:

Ներքին անկաշկանդվածության ու ազատության հասնելու, մարդու միտքը կապանքներից ազատելու, պատնեշները քանդելու ձգտումը նրան տանում է անիրական իրականություն ստեղծելու գաղափարին. «Մարդու ամենամեծ ձգտումը չիրականացված է մնում մինչ այսօր, քանի որ կատարյալ ազատությունը այնտեղ էՙ երազանքի աշխարհում»: Նա ուզում է մարդու մեջ արթնացնել երազըՙ գեղեցիկ ցնորքը լույսի պարունակների: Եվ հաջողում է, որովհետեւ փոխում է գույնի իրականությունըՙ հաղորդելով դրանց նոր իմաստ եւ տոնականություն ու փայլՙ անգամ ամենադրամատիկ հանգամանքներում: Էլիբեկյանական որոնումներն ուղղված են մշտնջենական լույսին, մարդուՙ վաղ մի անցյալում ունեցած հոգեկան ներդաշնակությանն ու պաշտպանվածությանը: Եվ բնավ պատահական չէ Մոնրեալում կայանալիք նրա ցուցահանդեսի «Հավիտենական հայացքներ» խորագիրը, որ, կարծում եմ, լավագույնս արտահայտում է նրա նկարչության փիլիսոփայությունն ու ներքին տրամադրությունների ամբողջականությունը:

Աշխարհի շատ պատկերասրահներ տարբեր տարիներ ցուցադրել են Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքները, որոնցից մի քանիսը պատվավոր տեղ են գրավում հայ եւ օտար հեղինակավոր թանգարաններում: Կանադահայ համայնքը նրա արվեստի նկատմամբ ուշադիր վերաբերմունք ու հետաքրքրություն միշտ է ունեցել, եւ մի շարք անգամներ ներկայացրել նրան: Մոնրեալի Համազգային մշակութային միության «Սանահին» մասնաճյուղը նոյեմբերին, որ մշակութային ամիս է համարվում այնտեղ, եւ որի մասին «Ազգ»ը արդեն տեղեկացրել է, կազմակերպելու է Ռ. Էլիբեկյանի գործերի նոր ցուցադրություն: Հանձնախմբի անդամների հետ ցուցահանդեսի կազմակերպման եւ համադրման աշխատանքներին մասնակցում է նկարչի որդինՙ Արեգ Էլիբեկյանը: Ցուցահանդեսը անց է կացվելու Քվեբեկի Ֆրանկոֆոնիայի եւ Միջազգային հարաբերությունների նախարարուհի Քրիստին Սենթ-Փիերի հովանավորությամբ: Տիկին Սենթ-Փիերին վաղուց ծանոթ է Էլիբեկյանի նկարչությանը եւ նրա արվեստը գնահատողներից է: Դեռ տարիներ առաջ, երբ նա Քվեբեկի մշակույթի նախարարուհին էր, հովանավորեց նկարչի մեկ այլ ցուցահանդեսՙ իր ներկայությամբ պատվելով այն:

Ցուցահանդեսում ներկայացվելու է Էլիբեկյանի վերջին տարիների 40 աշխատանքների ընտրանիՙ հիմնականում դիմանկարներ, նաեւՙ թեմատիկ-կոմպոզիցիոն գործերՙ յուղաներկ, ակրիլ եւ ջրաներկՙ կտավի, թղթի վրա: Միաժամանակ տեղի կունենա անցած տարի Երեւանում լույս տեսած նկարչի շքեղ, մեծադիր պատկերագրքի շնորհանդեսըՙ տպագրված պետական աջակցությամբ, «Տիգրան Մեծ» հրատարակչատանը: Գիրքը Ռ. Էլիբեկյանի ստեղծագործական ուղու ամբողջական արտացոլումն էՙ վաղ շրջանիՙ 60-ականներից մինչ այսօր, եւ ներկայացնում է տարբեր ժանրերի գործերՙ գեղանկարչության, բեմանկարչության եւ փայտի, ճենապակու վրա արված կիրառական արվեստի հետաքրքրական նմուշներ: Վերջում զետեղված են լուսանկարներ եւ մատենագիտության բաժինը: Ներկայացված է արվեստաբան Պողոս Հայթայանի եւ Սեյրանուշ Մանուկյանի գնահատական խոսքը նկարչի արվեստի մասին: Գրքի հայերեն եւ անգլերեն տարբերակները նույնաբնույթ, սակայն առանձին հրատարակություններ են: Մոնրեալում ներկայացվելու է անգլերեն գիրքը, որի թարգմանիչն է Արեւիկ Գաբրիելյանը: Պատկերագիրքը բացվում է նկարչի խոհագրություններով, որոնք կյանքի, արվեստի, ժամանակի մասին մտորումներն են, հիշողություններ, հետահայաց վերաիմաստավորումներ - ներաշխարհային ձայներ, արտիստիկ էության արձագանքներըՙ իրականությանն ու ներքին երազին:

Մոնրեալաբնակ հայ եւ օտար արվեստասերներին ընձեռվում է բացառիկ առիթՙ գտնվելու գույնի մոգական մթնոլորտում, վայելելու վրձնի հայ վարպետի նկարչական գրավիչ աշխարհը, ծանոթանալու շքեղ պատկերագրքին, ինչու չէՙ նաեւ ձեռք բերելու այն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 06-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ