RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 22:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 924, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 70-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՕՐԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Արժեքավոր նվերՙ ուսանողությանը

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների հիշողություններում այդ օրը երկար կմնաՙ հոկտեմբերի 15-ի աշնանային օրն իրենցն էր` բուհի հիմնադրման 70- ամյակի տոնական տրամադրությունների ջերմ մթնոլորտով, որ սկսվեց նախորդող օրերի չդադարող անձրեւներին հակառակ հաճելիորեն արեւոտ մի առավոտովՙ ակադեմիայի բակից, անցյալ ու պատմություն ունեցող ուսանողական բացօթյա սրճարանի վերածված մի վայր, որի մասին 70-80-ականների շրջանավարտները հատուկ ոգեւորությամբ են խոսումՙ համարելով ինստիտուտի բոհեմական տրամադրությունների էպիկենտրոն, որտեղ ծնունդ էին առնում ստեղծագործական նոր մտահղացումներ ու գաղափարներ:

Ուսանողների համար իսկապես հոբելյանական նվերՙ ակադեմիայի ղեկավարության ջանքերի արդյունքՙ հիմնավորապես նորոգված եւ արդիական տեխնոլոգիաներով վերազինված խեցեգործության լաբորատորիայի բացումն էր:

Բացմանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր, այդ թվում ՙ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պատվիրակությունըՙ ռեկտոր Գեորգի Գուգուշվիլիի գլխավորությամբ: Բացումը կատարեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանըՙ շնորհավորանքի խոսքում ակնկալելով հաջորդ անգամ ներկա լինել լաբորատոր նոր պայմանների արդյունքՙ ուսանողների աշխատանքների ցուցահանդեսին: Հյուրերը ծանոթացան սարքավորումներին. ավարտին նրանց սպասվում էր անակնկալ` գեղեցիկ հուշանվերներ ուսանողների խեցեգործական աշխատանքներից:

Ակադեմիայի կարեւոր խնդիրներից էր հագուստի մոդելավորման լաբորատորիան տեխնիկապես վերազինելու գործընթացը: Լաբորատորիան անցած դեկտեմբերին հանձնվեց շահագործման, ուսուցման առավելություններն ու պրակտիկ աշխատանքի արդյունքներն արդեն ակնհայտ են, որի լավագույն վկայությունը Նկարիչների միության սրահում այս տարվա մայիսին կայացած շրջանավարտների դիպլոմային աշխատանքների տպավորիչ ցուցադրություն-դեֆիլեն էր: Նախարարը եւ հյուրերը այցելեցին ակադեմիայի երկրորդ մասնաշենքում գտնվող լաբորատորիա, որի լուսավոր եւ հարմարավետ սրահներում տեղադրված արդիական սարքավորումներըՙ ճապոնական արտադրության կարի մեքենաներն ու մնացած պարագաները, անկասկած, նպաստում են գործնական ուսուցման որակի բարձրացմանը: Նախարարը, հաստոցի մոտ կանգնած ուսանուղուհու հետ կարճ զրույցից հետո, գոհունակությամբ նկատեց, որ հիշյալ ծրագիրը գործնականում իրապես արդյունավետ է, որովհետեւ բոլոր այն բուհերը, որ ընդգրկվել եւ օգտվել են դրանից, նկատելի առաջընթաց են ունեցել տվյալ ոլորտում:

Հոբելյանական օրվա հաջորդ հանգրվանը Գեղարվեստի պետակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն էրՙ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի ելույթը հետահայաց ընդհանուր անդրադարձ էր բուհի հիմնադրման պատմության, նրա զարգացման փուլերի, անցած տարիների դժվարությունների եւ ձեռքբերումների մասին: Մասնավորապես ընդգծվում էր գեղարվեստական կրթության կարեւորությունն ու պահանջը որեւէ երկրի հասարակական կյանքում. որպես վկայություն հիշատակվեց հիմնադրման տարեթիվըՙ Հայրենական մեծ պատերազմից անմիջապես մեկ ամիս անց- 1945 թվական, հունիսի 29:

70-ամյա պատմության համառոտ անդրադարձ

Ռեկտորը երախտագիտությամբ նշեց բուհի հիմնադրման ակունքներում կանգնած արվեստագետներինՙ մասնավորապես երկու նշանավոր անձանցՙ Արա Սարգսյանին եւ Մարտիրոս Սարյանին, եւ առաջին կազմի դասախոսներինՙ Գաբրիել Գյուրջյան, Հակոբ Կոջոյան, Եղիշե Մարտիկյան, Բաբկեն Քոլոզյան, Ռուբեն Դրամբյան, Էդուարդ Իսաբեկյան, Արա Բեքարյան, Սերգեյ Արուտչյան, Սուրեն Ստեփանյան, Արփենիկ Նալբանդյանՙ հայ կերպարվեստի ականավոր վարպետներ, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կայացնել բուհական գործընթացները, կրթական ընդհանուր մեթոդների յուրովի մոտեցման շնորհիվ ձեւավորեցին ազգային մշակույթի վրա հիմնված այնպիսի ավանդույթներ, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չնահանջեցին, այլ որոշակի փոփոխություններ կրելով, պահպանեցին արդիական նշանակությունը եւ այսօր էլ կիրառելի են:

Անդրադարձ կատարվեց բուհի հիմնադրման տարիներին հաջորդողՙ թատերական ինստիտուտի հետ Գեղարվեստի ինստիտուտի միավորման եւ հետանկախության շրջաններին: Առաջինը բնորոշվեց բուհական ազատ, ստեղծագործ մթնոլորտի ձեւավորման, նոր բաժինների, մասնագիտությունների ներմուծման, հաջորդըՙ որպես արմատական փոփոխությունների, ուսուցման նոր համակարգերի ու մոտեցումների նորարարական շրջան:

1990-ականներիՙ երկրի ծանր փորձությունների շրջանում, բուհը դժվարություններով կարողացավ հաղթահարել անցումային փուլը: Ռեկտորիՙ Արամ Իսաբեկյանի հեռատես կառավարման ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ, համախոհ աշխատակիցների աջակցությամբ, հաջողվեց դուրս գալ ճգնաժամային վիճակից, նախՙ վերականգնելով փլուզման եզրին կանգնած շենքն ու տնտեսությունը, ուսումնական գործընթացները դնել հուսալի հիմքերի վրա, ապաՙ ապահովել հետագա զարգացումները: Բացվեցին հագուստի մոդելավորման եւ համակարգչային գեղարվեստական նախագծում բաժինները, Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահը, Փարիզի նշանավոր «Արվեստների միջազգային ավանում» (Cite՛ internationale des arts) ձեռք բերվեց արվեստանոցային համար: Հիմնադրվեցին Գյումրիի եւ Դիլիջանի մասնաճյուղերը: Կրթական միջազգային գործընթացներին ակադեմիայի ինտեգրումը, եվրոպական կրեդիտային համակարգի ներդրումը, ընդգրկումը կրթական ոլորտի բարելավման Տեմպուս ծրագրին, համագործակցումը եվրոպական, ռուսական եւ արվեստի այլ բուհերի հետՙ ուսումնառության առաջադիմությանը նպաստող քայլերից են:

Գնահատության-արժեւորման ժամանակը

Գեղարվեստի պետակադեմիանՙ համընթաց ժամանակի պահանջներին, նորարարական առաջադեմ եւ հանրաշահ ծրագրերի ու գաղափարների ջատագովն ու կրողն է, ինչն էլ պայմանավորում է գեղարվեստական կրթության այս ոլորտում Ակադեմիայի առաջատար տեղը մեր երկրում:

Բնականաբար սպասելի էր աշխատակիցների այն առատ պարգեւատրումները, որ եղան հանդիսավոր նիստի ընթացքումՙ ՀՀ նախագահի, ՀՀ Վարչապետի, ԿԳ նախարարության, Մշակույթի նախարարության եւ Ակադեմիայի ղեկավարության կողմից:

Արամ Իսաբեկյանի 25-ամյա աշխատանքային գործունեությունը, գործադրած ջանքերն ու նվիրումը գնահատվեց այլ բուհերի կողմից: Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, նա պարգեւատրվեց Երեւանի Պետհամալսարանի եւ Ճարտարապետաշինարարական համալսարանի Ոսկե մեդալներով: Ջերմ էր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ելույթըՙ Գեղարվեստաթատերականում սովորելու իր տարիների գեղեցիկ անդրադարձ-վերհուշով: Շնորհավորական խոսք հղեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչը:

Տոնական տրամադրությունները շարունակվեցին երեկոյան Նկարիչների միության սրահում բացված ցուցահանդեսով: Այն հնարավորինս լայն արտացոլում էր Գեղարվեստի ակադեմիայի բովով անցած անցյալի ու ներկայի արվեստագետների եւ այսօր բուհում դասավանդող նկարիչների, քանդակագործների գեղարվեստական մտածողության սպեկտրըՙ ձեւածավալների ու գույնի բազմազանության մեջ, ինչը հնարավորություն էր տալիս զուգահեռներ, համեմատություններ տանել, հետեւել ինչպես միեւնույն շրջանի, նաեւ տարբեր սերունդների արվեստագետների ոճերի, արտահայտչամիջոցների փոփոխությունների ու զարգացումների ընթացքին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ