RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 22:54:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1032, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ՎԵՊԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՓԱՐԻԶՈՒՄ

Պ. Ք.

Փարիզյան «Ալբեն Միշել» հրատարակչությունը վերահրատարակել է 1936 թ. իր իսկ լույս ընծայած «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը Մեծ եղեռնի մասին պատմող լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակը ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելն է: Վեպն առաջին անգամ լույս տեսավ 1933 թ. գերմաներեն եւ ապա թարգմանվեց այլ լեզուներով, լայն արձագանք գտնելով բազմաթիվ երկրներում: Վեպում պատմվում է Միջերկրական ծովի հյուսիս-արեւելքում գտնվող Մուսա լեռան (Մովսեսի լեռան) շրջակա 6 հայկական գյուղերի (Սվեդիա գավառ) հերոսական ինքնապաշտպանության մասին: Այդ բնակավայրերի ավելի քան 5 հազար բնակիչներ 1915 թ. ամռանը որոշեցին չենթարկվել բռնագաղթի հրամանին եւ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Մուսա լեռան վրա հերոսաբար դիմակայեցին թուրքական կանոնավոր զորքերի հարձակումներին, մեծ կորուստներ պատճառելով թշնամուն: Իսկ այն բնակիչները (հոգեւորականներ, հարուստներ եւ այլք), որոնք հավատացել էին իշխանությունների խոստումներին եւ բռնել գաղթի ճամփան, մեծավ մասամբ կոտորվեցին: Մուսալեռցիները կռվում էին անձնվիրաբար, բայց նրանք շրջափակված էին, իսկ զենքն ու զինամթերքըՙ սահմանափակ: Բնակիչները ստիպված լքեցին հարազատ եզերքը եւ ֆրանսիական «Գիշեն» ռազմանավով մեկնեցին Պորտ Սաիդ (Եգիպտոս): Առաջին աշխարհամարտի ավարտից հետո նրանք վերադարձան իրենց բնակավայրեր, բայց երբ 1939 թ. Ալեքսանդրետի սանջակը վերադարձվեց Թուրքիային, նրանք գաղթեցին Սիրիա եւ Լիբանան, իսկ 2-րդ աշխարհամարտից հետո Խորհրդային Հայաստանը կազմակերպեց նրանց մի մասի հայրենադարձությունը:

Ֆրանց Վերֆելը, որ սերում էր Պրահայի գերմանա-հրեական բուրժուական ընտանիքից, իր վեպը գրեց 1930-ականների սկզբներին Գերմանիայում նացիզմի վերելքի պայմաններում, ըստ էության զուգահեռ անցկացնելով երիտթուրքերի ոճրագործության եւ նացիզմի գաղափարախոսության միջեւ: «Մուսա լեռան 40 օրը» վեպը Հիտլերի արգելած գրքերի ցանկում էր եւ քանիցս հրապարակայնորեն այրվեց: 2015 թ. ֆրանսերեն վերահրատարակության նախաբանը գրել է հրեա պատմաբան Էլի Վիզելը: «Գերմանիայում հիտլերյան վարչակարգի հաստատումից առաջ գրված այս վեպն ասես կանխագուշակում է ապագան», ընդգծում է Վիզելըՙ ակնարկելով Օսմանյան Թուրքիայում գերմանացի զինվորական խորհրդատուների ներկայության փաստը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ