RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014



Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԸ

Տեղադրվել է` 2014-12-11 22:00:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԺԱՆԻՆԵՐՙ ՆՈԲԵԼՅԱՆԻՑ ԶՐԿՎԱԾ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Այս օրերին, երբ Նոբելյան տարբեր մրցանակների շուրջ հետաքրքրությունը սրվել է ողջ աշխարհում, նախընտրեցինք ներկայացնել, Գերմանիայի մեր աշխատակցի միջոցով, Նոբելյան գրական մրցանակին չարժանացած գրողների ոչ լրիվ ցանկը, որն սկսվում է մեծահանճար Լեւ Տոլստոյի անունով, որին հաջորդում են Չեխովի, Իբսենի, Ռիլկեի, Ջոյսի, Բորխեսի, Նաբոկովի եւ այլ մեծերի անունները, Նոբելյան մրցանակը միշտ չէ, որ գտնում է արժանավորներին, եւ աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի հանձնաժողովը հիմա էլ շարունակում է քաղաքական եւ հարմարվողական իր վարմունքը:


Ավստրիական «Դի փրեսսե»-ն անդրադարձել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանի, բայց այդպես էլ այդ մրցանակը չստացած գրողներին։ 1901-ին առաջին անգամ տրվող մրցանակի էր ներկայացված Լեւ Տոլստոյը (1829-1910) , սակայն ստացավ այսօր հանրությանն անհայտ ֆրանսիացի գրող Սալլի Պրուդհոմը (Sully Prudhomme)։ Հաջորդիվՙ Տոլստոյի փոխարեն տրվեց գերմանացի Թեոդոր Մոմզենին ։ Ժյուրիի կարծիքով, ռուս գրողի ստեղծագործությունները չափազանց էքսցենտրիկ, չափազանց անարխիստական էին, իսկ ոմանք կարծում էին, թե պարզապես պատճառն այն էր, որ շվեդների եւ ռուս հսկայի հարաբերությունները լավագույնը չէին։

Երկրորդը հիշատակվում է Անտոն Չեխովի (1850-1904) անունը, Նոբելյան մրցանակի չարժանանալու հանգամանքը միգուցե կրկին պայմանավորված է նրա ազգային պատկանելիությամբ։«Ճայը», «Բալենու այգին» ստեղծագործությունները ժյուրիի համար հավանաբար շատ էին ռեալիստական եւ նվազ բարոյական, քանի որ մրցանակաբաշխության առաջին տարիներին գնահատվում էին այն գրողները, որոնք մեծարում էին պահպանողական իդեալիզմը։ Արվեստների շվեդական թագավորական ակադեմիանՙ հենվելով Ալֆրեդ Նոբելի կտակի ձեւակերպմանը, հենց այդպես էլ առաջնորդվում էրՙ հեղինակները պարտավոր են իրենց ստեղծագործություններում մեծարել պետությունը, եկեղեցին, ընտանիքը եւ բարոյականությունը։ Նատուրալիստ, էքսպրեսիոնիստ ստեղծագործությունների հեղինակ շվեդ Աուգուստ Շթրինդբերգը (1849-1912 ) չբավարարեց ժյուրիի պահանջները, իսկ նորվեգ գրող Հենրիկ Իբսենը (1828- 1906 ) , որ 1903-ին մրցանակի հավակնորդն էր, զրկվեց դրանից առողջական խնդիրների պատճառով։ Վախենում էին, թե 1902-ին կաթված ստացած գրողը մինչ այդ կմահանա, եւ մրցանակակիր դարձավ նրա հայրենակից Բյորնստիերնե Բյորնսոնը , որին եթե ճանաչում էլ են, ապա Նորվեգիայումՙ որպես ազգային հիմնի հեղինակի։ 1907-ին Նոբելյան մրցանակի թեկնածու էր Մարկ Տվեյնը (1835-1910 ) , բայց ամերիկացի ճանաչված գրողի փոխարեն մրցանակակիր դարձավ բրիտանացի Ռադիարդ Քիփլինգը ։ 1914-ին առաջադրված թեկնածունՙ Արթուր Շնիթցլերը (1862-1931 ) չստացավ անբարենպաստ ժամանակի պատճառովՙ առաջին աշխարհամարտի բռնկումը ի չիք դարձրեց Նոբելյան մրցանակաբաշխման արարողությունը։

Ֆրանսիացի նատուրալիստ Էմիլ Զոլայի (1840-1902 ) գրականությունը ժյուրիի համար հավանաբար շատ էր հիվանդագին ու մռայլ։Փարիզի իր բնակարանում նա մահկանացուն կնքեց ածխածնի մոնոքսիդի թունավորումից. սպանությո՞ւն, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, դժվար է գուշակել։ Իսկ Մարսել Պրուստի (1871- 1922 ) պարագայում, հղում անելով նրա նշանավոր երկի վերնագրինՙ «Կորուսյալ ժամանակի փնտրտուքներում», չափազանց շատ են եղել առիթները, որ շվեդական ակադեմիան հիվանդ ֆրանսիացի հեղինակին Նոբելյան մրցանակ շնորհեր, բայց ազդեցիկ գրողն այդպես էլ մրցանակակիր չդարձավ։

Այն, որ քնարերգությունը Նոբելյան ժյուրիի թուլությունը չէ, պարզ է, բայց, որ Ռայներ Մարիա Ռիլկեին (1875 - 1926) էլ չտվեցին, խայտառակություն է, գրում է ավստրիական «Դի փրեսսեն»։ 1906-ին Ավստրոհունգարիան ներկայացնող բանաստեղծը Տվեյնի հետ առաջադրվել էր, բայց ստացավ իտալացի Կարդուչչին ։ Ռոբերտ Մուզիլի պարագայում (1880 - 1942 ) չի կարելի Նոբելյան ժյուրիին մեղադրել, թե Մուզիլին անտեսել են, շատերն են այդպես վարվել։ Երբ շվեյցարական աքսորում աղքատության մեջ գրողը կնքեց մահկանացուն, թերթում մահազդի էլ չարժանացրին։ Հետագայում Մուզիլին իհարկե նորից բացահայտեցին։

Այն, որ այս ցանկում ընդգրկվել է Ջեյմս Ջոյսի (1882-1941) անունը, թող զարմանալի չթվա։ Դարի նշանավոր «Ուլիս» վեպի հեղինակին ժյուրին պարզապես «չի նկատել»։ 1938-ին Փերլ Ս. Բաքը (Pearl S. Buck) ստացավ Նոբելյան, թեպետ շատերն էին համոզված, որ դրա արժանի հասցեատերը Վիրջինիա Վուլֆն (1882-1941 ) է։ 1940-ից մինչեւ պատերազմի ավարտը մրցանակ որեւէ մեկին չտրվեց, իսկ 1941-ին Վուլֆն ինքնասպան եղավ։ Էզրա Փաունդի (1885-1972 ) պարագայում նրա անունը հավանական մրցանակակիրների ցանկից ջնջվեց, քանի որ Մուսոլինիի երկրպագուն , հակասեմականության քարոզիչը 1945-ից հետո էլ ֆաշիզմից չհեռացավ ու համակրանքը նրա անվան շուրջը նվազեց, իսկ 1961-ին, երբ Հոլոքոստի կազմակերպիչներից մեկի դատավարությունն էր ընթանում, նա դարձյալ ֆաշիզմ էր քարոզում։ Նոբելյան չի ստացել Հենրի Ջեյմսը (1843-1916), մի հեղինակ, որին անգլոսաքսոն աշխարհում պաշտում են, իսկ գրականագետներին մինչ օրս նյութ են տալիս նրա ուրվականների մասին պատմությունները։ Թեպետ Հոլոքոստից հետո գերմանագիր Պոլ Ցելանը (1920-1970) իր «Մահվան ֆուգա»-յով գրական հուշարձան կանգնեցրեց համակենտրոնացման ճամբարի զոհերին, եւ այսօր էլ նրա չափածոն գերմանագիտություն ուսումնասիրողների համար լեզվի անսահման հնարավորությունների մասին լավագույն վավերաթուղթն է, բայց 1966-ին Նոբելյան հանձնաժողովը մրցանակակիր դարձրեց 2-ինՙ գերմանագիր հրեա Նելլի Զաքսին եւ եբրայագիր Շեմուել Ագնոնին ։

Վլադիմիր Նաբոկովի (1899-1977) «Լոլիտա » վեպը իսկական սկանդալ դարձավՙ տարիքն առած մի մարդ սիրահարվում է 12-ամյա մի աղջնակի։ 1974-ին Նաբոկովը , Գրեհեմ Գրինը եւ Սոլ Բելլոուն առաջադրվում են, սակայն Նոբելյանի են արժանանում են երկու շվեդներՙ Էյվինդ Յոնսոնը եւ Հարրի Է. Մարտինսոնը , որոնքՆոբելյան ժյուրիի անդամներ էին։ Այս փաստը սուր քննադատությունների է արժանանում, իսկ Բելլոուն (1915-2005 ) ավելի ուշՙ 1976-ին ստանում է մրցանակը։Արգենտինացի Խորխե Լուիս Բորխեսը (1899-1986) շատ երկար սպասեց Նոբելյան մրցանակի, բայց քաղաքական պատճառներով նրան մրցանակի չարժանացրին։ Բորխեսը թերահավատ էր ժողորդավարության հարցում, նա մի պարգեւի առիթով շնորհակալություն էր հայտնել Աուգուստո Պինոչետին, ինչի համար Շվեդիայում, իհարկե, նրան չէին ներել։

Գիտաֆանտաստիկ ժանրը նախընտրելի չէ շվեդական թագավորական ակադեմիայում, այլապես Ստանիսլավ Լեմն (1921-2006) իր «Սոլարիս» վեպի համար մրցանակի կներկայացվեր։ Կամՙ երկու այլ հեղինակներՙ Ֆիլիպ Կ. Դիքը , Վիլիամ Գիբսոնը , որ ապրում է դեռ։ Ջոն Ափդայքը (1932-2009), որ կյանքի վերջին տարիներին նկատվում էր Նոբելյան մրցանակի ամենահարմար թեկնածու, այդպես էլ չարժանացավ դրան, ինչպես գրչակից Ֆիլիպ Ռոթն ու Կորմաք Մըք Քարթին ։ Սակայն վերջին երկու հեղինակները դեռ հնարավորություն ունեն։

«Դի փրեսսե»-ի ցանկում հաջորդը գերմանագիր Թոմաս Բերնհարդն (1931-1989 ) է, ով իր երաժշտական լեզվով, երկարաշունչՙ դարձդարձիկ նախադասություններով այնպես է պտտում լեզուն, որ ժյուրիի նախկին նախագահ Էնգդահլը մի առիթով խոստովանել է, թե Բերնհարդը «անշուշտ արժանի է Նոբելյանի », բայց հետմահու պարգեւատրելն արտոնված չէ։ Դեյվիդ Ֆոսթեր Ուելլեսի (David Foster Wallace) (1962-2008) համար էլ ժյուրին բացառություն չարեցՙ նկատի առնելով նրա կարեւորագույն «Անվերջ հաճույք» (Infinite Jest ) ստեղծագործությունը։Գրողը տառապում էր, ընկճախտը (դեպրեսիան ) պատճառ դարձավ, որ 46-ամյա ստեղծագործողը վերջ տա կյանքին։ Նա համարվում էր Թոմաս Փինչոնի ժառանգորդը, մի հեղինակ, որին Նոբելյան դեռ չի տրվել։ Ո՞վ գիտե, միգուցե պոստմոդեռնի ամերիկացի ներկայացուցչին ժյուրին ամեն դեպքում չշրջանցի, հույս է հայտնում ավստրիական «Դի փրեսսեն»։

Ավստրիական լրատուն սրանով ափսոսանքի իր ցանկը սպառված է համարում։ Իսկ հայերիս համար Նոբելյանի իրապես արժանի քանի՞ անուն կառանձնացնեինք։ Անուններ իհարկե շրջանառվել են, բայց վերջին օրինակըՙ գերմանալեզու մամուլը (նաեւՙ անգլալեզու) 2013-ին բարձրարվեստ գրախոսությամբ հուշում էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»։ Հայաստանի, Ռումինիայի, Իսրայելի գրողների միություններն առաջադրել էին հենց այս անունը, Ոսկանյանն ներառվել էր հավակնորդների ցանկում, բայց 10 լեզուներով , այդ թվումՙ շվեդերեն թարգմանությամբ հաղթարշավ ապահոված գրքի հեղինակին ոչ 2013-ին, ոչ էլ 2014-ին մրցանակ չտվեցին։ Ժյուրին հետագայում ինչ խոստովանություն էլ անի, կհերքի՞ այն համոզումը, թե այս գրականությունը թուրքական վետոյի պատանդն է դարձել։ Միգուցե դեռ ուշ չէՙ հակառակն ապացուցելու։

Գերմանիա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ