RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 05-12-2014



ԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Տեղադրվել է` 2014-12-04 22:38:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1186, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Մարկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Իմ անձնական տպավորությունները որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի անդամ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի 10-ամյակին

Անցյալ տարի «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ժյուրիների միջազգային անդամների մեջ կար նաեւ մի հայկական ազգանունՙ Հայրապետյան Մարկ: Բեռլինի մեր գործընկերը ՖԻՊՐԵՍՍԻ-ի (Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցության) անդամ է, որի մասին Եվրոպայի խոշորագույն գերմանալեզու պարբերականըՙ «Բիլդը», գրել է. «Մարկ Հայրապետյանը Գերմանիայի լավագույն կինոլրագրողն է»: Իհարկե, վատ չէ, որ հսկայական Գերմանիայի լավագույն կինոլրագրողը հայրենակիցդ է... Հայազգի գործիչների եւ մասնավորապես կինոյի հետ կապված անձանց իմ երկարատեւ պրպտումների ընթացքում այս անունն անծանոթ էր մնացել: Մարկն առաջին անգամ էր Հայաստանում, այնպես որ ճանաչումը փոխադարձ էր:

Մարկ Հայրապետյանը ծնվել է 1968-ի փետրվարի 6-ին, Մայնի Ֆրանկֆուրտում, հայ հոր եւ գերմանուհի մոր ընտանիքում: 16 տարեկանում նա հիմնադրել եւ սկսել է խմբագրել «Spirit: Ein LՊcheln Im Sturm» (Ոգի. ժպիտ փոթորիկի մեջ) կինոյի, թատրոնի, երաժշտության եւ գրականության ամսագիրը (տրամադրելի նաեւ համացանցային տարբերակովՙ www.spirit-fanzine.com (www.spirit-fanzine.de): Նա հաճախ եղել է ժյուրիի անդամ գերմանական կինոփառատոներում եւ աշխատակցել տարբեր կարեւոր թերթերի («Նյոյե Ցյուրխեր ցայթունգ», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե զոթագցայթունգ», «Զյուդդոյչե ցայթունգ») եւ ամսագրերի («Դեր շփիգել», «Շփիգել օնլայն», «Սինեմա», «Մի. մուվիզ») Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում: Նա բացառիկ հարցազրույցներ է վարել համաշխարհային հռչակ ունեցող կինոգործիչներիՙ Էլիա Կազանի, Շառլ Ազնավուրի, Բիլի Ուայլդերի, Գրեգորի Փեքի, սըր Փիթեր Ուստինովի, Էնն Հաթաուեյի, Քիմ Նովակի, Սոֆիա Լորենի, Կլաուդիա Կարդինալեի, Ռիչարդ Գիրի, Թոմ Քրուզի, Ատոմ Էգոյանի, ինչպես նաեւ, Հենրի Քիսինջերի, Քրիստիան Կուբրիկի (Սթենլի Կուբրիկի այրու), Ֆելիքս Վեռների (Օսկար Վեռների որդու), եւ այլոց հետ: Նա է վարել ցայժմ ամենաերկար հարցազրույցը գերմանաթուրք բեմադրիչ Ֆաթիհ Աքինի հետ, վերջինիս նորՙ «Սպին» ֆիլմի եւ Հայոց ցեղասպանության մասին: Հայրապետյանը նաեւ «Օսկար Վեռներ. կինոգիրք» գերմաներեն կենսագրական հատորի համահեղինակն է (Վիեննա, 2002):

2011 թվականից Հայրապետյանը Բեռլինի Կինոյի թանգարանի վարչության անդամ է: Նա Գերմանիայում ճանաչված է կինոյի դասականների 70 եւ 35 միլիմետրանոց ժապավենների պարբերական ցուցադրություններով:

Կա եւս մեկ ոլորտ, որտեղ Հայրապետյանը դրսեւորում է իր ձիրքերըՙ դերասանությունը: 1996 թվականից ի վեր նա նկարահանվել է հեռուստատեսային եւ մեծ էկրանի մոտ 25 ֆիլմերում: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը Մաթյո Զայլերի «Ճշմարիտ սիրո ուղիներն» է:

2014-ի նոյեմբերին լրացավ Մարկ Հայրապետյանի «Spirit - Ein lՊcheln im Sturm» ամսագրի երեսնամյակը: Նոյեմբերի 21-ին այդ հոբելյանի առթիվ Բեռլինի Ֆիլմռաուշ պալատում տեղի ունեցավ հանդիսավոր երեկոՙ մի շարք հեղինակությունների ներկայությամբ:

Մարկ Հայրապետյանը իր մասին միշտ գրում է, որ հպարտ է իր հայկական ծագմամբ եւ որ (Վիլյամ Սարոյանի խոսքերով ասած) իր սիրտը լեռներում է: Երեւան այցելելուց հետո նա գրել է հետեւյալ հոդվածը, հրատարակված իր համացանցային ամսագրում:

Նախաբանը եւ թարգմանությունը անգլերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ


Չկա ավելի տխուր բան, երբ ունենում ես մեծ սպասելիքներ եւ արդյունքում լինում է դառը հիասթափություն: Եվ հակառակը, չկա ավելի հրաշալի բան, երբ ակնկալիքներդ գերազանցում են սպասելիքներդ, ինչպես որ եղավ իմ դեպքում, երբ որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի անդամ մասնակցեցի Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Ինձ համար դա ոչ թե «սոսկ» պատվավոր կինեմատոգրաֆիական աշխատանք էր, այլեւ բացահայտումը հորս հայրենիքի, որը նա նույնպես այդպես էլ երբեք չայցելեց: Գուցե հարցնեք, թե դա ինչպես է հնարավոր: Հայաստանն իր սկզբնական չափով նույնքան մեծ էր, որքան որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է այսօր: Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը 19151918 թվականներին ստիպված եղավ ցրվել աշխարհի տարբեր երկրներում: Հայրսՙ Արտավազդը (19402006), ծնվել էր Թավրիզում (Իրան), ապրել Թեհրանում: Ալեկոծ 60-ականներին որպես ուսանող եկել է Գերմանիա, որտեղ ամուսնացել է մորսՙ Մագոյի հետ: Եղել է Մայնի Ֆրանկֆուրտի հայ համայնքային կազմակերպության հիմնադիրներից: Մտերիմ է եղել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ: Ավելորդ է ասել, որ նա ինձ բավականաչափ ծանոթացրել է հայոց պատմության եւ մշակույթի հետ, ինչպես նաեւ սերմանել սեր կինոյի հանդեպ: Մենք միշտ երազել ենք այցելել հայոց անկախ Հանրապետությունը, դեռ 1991-ից, եւ այժմ այդ երազանքն իրականություն դարձավ ինձ համար:

Առաջին իսկ պահից մտնելով Երեւանՙ ես ինձ տանը զգացի: Բոլորը բարեկամական են եւ բաց. լեգենդար հայկական հյուրասիրությունն ամեն ինչ հեշտացնում է ինձ համար: Ինչպես ժյուրիի իմ գործընկեր Դյորդ Կարպատին գրեց «Ոսկե ծիրանի» մասին. «Երեւանի միջազգային կինոփառատոնը պայծառ էր, քան որեւէ այլ փառատոն»: Անկեղծորեն կարող եմ ասել (եւ ոչ միայն իմ «կես հայ աչքերով» տեսած լինելով), որ այս կինոփառատոնի տասնամյակը բարձր մակարդակի էր, այնպես որ այն կարելի է համեմատել Ա. կարգի միջազգային կինոփառատոների հետ, ինչպիսիք են Կաննը, Վենետիկը կամ Բեռլինը (այս քաղաքում եմ ապրում 1989-ից): Հրավիրված բեմադրիչների, դերասանների, արտադրիչների, ժյուրիի անդամների եւ մյուս հյուրերի մեծ մասը մնում էր հինգ աստղանի «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում, որ գտնվում է փառատոնի գլխավորՙ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ: Մենք բոլորս ապրում էինք թագավորների նման: Հյուրանոցը փառատոնի կենտրոնն է ու սիրտը, որտեղ կայանում են բազմաթիվ միջոցառումներ, մամուլի ասուլիսներ, կոկտեյլներ եւ հարցազրույցներ: Ես էլ այնտեղ հարցազրույց վերցրի ֆրանսահայ դերասան-բեմադրիչ Սերժ Ավետիքյանից (որ «Ոսկե ծիրան» էր բերել հանճարեղ ռեժիսորի մասին իր «Փարաջանով» հրաշալի նոր ֆիլմը), կանադահայ ռեժիսոր եւ փառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանի եւ հունգարացի բեմադրիչ եւ հիմնական ժյուրիի նախագահ Իշտվան Սաբոյի («Մեֆիստո», «Գնդապետ Ռեդլ») հետ:

Ֆիլմի ծրագիրը եւ մրցույթը նույնպես հոյակապ էր: Միայն մեկ խնդիր կար առաջին օրերին: Հրաշալի ու նորաձեւ Մոսկվա կինոթատրոնում ցուցադրությունները երբեմն փոքր-ինչ մութ էին, հատկապես կինոյի դասական «Մեֆիստո» ֆիլմի (1981) ժամանակ: Բայց շատ արագ փառատոնը կարողացավ լուծում գտնել դրա համար: ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի մյուս անդամներիՙ Աննա Երզնկյանի եւ Դյորդ Կարպատիի հետ շատ լավ ֆիլմեր դիտեցինք տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Թուրքիա), բայց ինչպես ասում ենք Գերմանիայումՙ «Լավագույնը միշտ վերջում է գալիս»: Իրանական «Վերջին ձմեռ» ֆիլմը (ռեժիսորՙ Սալեմ Սալավաթ) գրավեց մեզ պատմելաոճով եւ թվային վիդեոյի գեղարվեստական օգտագործմամբ: Այնպես որ մեզ համար հեշտ էր մրցանակակիր ֆիլմը որոշելը:

Խոսելով Հայաստանի եւ «Ոսկե ծիրանի» իմ անձնական տպավորությունների մասինՙ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր օրը մի նոր բացահայտում էր ինձ համար: Իսկապես հեքիաթի էր նման հանդիպել բոլոր ժամանակների ամենահայտնի հայինՙ երգիչ, դերասան եւ փառատոնի պատվավոր հյուր Շառլ Ազնավուրին եւ բացառիկ հարցազրույց վերցնել իր իսկ (այո՛) Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում: Այն գտնվում է մի բլրի վրա, որտեղից բացվում է մայրաքաղաք Երեւանի մի զարմանահրաշ տեսարանը: 89-ամյա Շառլը դեռեւս հստակ է մտքով եւ շատ հմայիչ զրուցընկեր է: Երբեք չեմ մոռանա համերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ուրախության արցունքներ էին իմ աչքերում, երբ լսում էի մեղեդիներ «Սպարտակ» կամ «Գայանե» բալետներից, որ կատարում էր դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի տրիոն: Վերջում տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը խնդրեց ինձ ուղարկել Արամ Խաչատրյանի եւ իմ հոր լուսանկարը, որպեսզի ցուցադրի թանգարանում: Հրաշալի էր նաեւ էքսկուրսիան դեպի Սարդարապատ, որտեղ հայկական բանակը դադարեցրել էր թուրքական հարձակումը, եւ Էջմիածին, որտեղ զրուցեցի կաթողիկոսի հետ: Իմ կյանքում ամենահուզիչ պահերից մեկն էր, երբ Երեւանի Օպերային թատրոնում հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց ի հիշատակին իմ Արտավազդ հոր: Իմ ելույթը եւ ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը «Վերջին ձմեռ» ֆիլմին շնորհելու վերաբերյալ իմ բացատրությունը ցուցադրվեց Հայաստանի հեռուստատեսությամբ:

Կինոփառատոնի ճաշկերույթները չեն կարող համեմատվել Գերմանիայում որեւէ հանդիսավոր ճաշկերույթի հետ, որոնց ես հաճախ եմ հրավիրվում Բեռլինում: Ամեն գիշեր մենք մտնում էինք արտակարգ գեղեցկություն ունեցող որեւէ նոր վայր, որտեղ բոլորսՙ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր խարիզմատիկ տնօրեն Հարություն Խաչատրյանը, ավստրիացի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը, ամերիկացի ռեժիսոր Գոդֆրի Ռեջոն, ժյուրիի գործընկերները, Երեւանի գեղեցիկ աղջիկները եւ ես միասին պարում էինք հայկական կամ վրացական ոճով, կենդանի երաժշտության ներքո:

Գոյության պայքարը Հայաստանում անողոք է. անգամ այս երկրում, ինչպես ամենուրեք, որոշակի խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ եւ գոյություն ունի մեծ հակասություն հարուստ եւ աղքատ մարդկանց միջեւ: Բայց անգամ աղքատ մարդիկ հյուրերին վայելել են տալիս իրենց երկիրը, եւ սա միգուցե ամենամեծ նվերը կարող է լինել մի օտարականի համար, որն իրեն Հայաստանում զգում էՙ ինչպես տանը: Շնորհակալությո՜ւն հրավերի համար, «Ոսկե՛ ծիրան»: Yes kesi shat kesirem, Voske Tsiran! Yes kesi shat kesirem, Hayastan!

Նկար 1. Ձախից աջ` Մարկ Հայրապետյան, Արսինե եւ Ատոմ Էգոյաններ, Հարություն Խաչատրյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 05-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ