RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-11-27 21:47:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 712, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՎԵՐԻ ԱՊԱՐԴՅՈՒՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Նաիր ՅԱՆ

Թատրոնի երիտասարդ սերունդը դժվար թե հիշի Վիոլետա Գեւորգյանին: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նա խաղացել է մոտ 25 տարի, նշանակալից դերեր մարմնավորել նաեւ հեռուստաթատրոնում: Իսկ քանի որ հին ներկայացումներին ոչ մի առիթով անդրադարձ չի լինում, հետեւաբար Վիոլետա Գեւորգյանի ու ընդհանրապես մեր թատրոնի միջին ու ավագ սերունդների գործունեությունը նոր սերնդի համար շարունակում է մնալ չբացահայտված ու անծանոթ:

1980-90-ականներին շատ արվեստագետներ բռնեցին Ամերիկայի ճանապարհը, Վիոլետա Գեւորգյանըՙ նրանց թվում: Սակայն նրա հեռանալը հայրենիքից չընկալվեց որպես հերթական հայի արտագաղթ: Արցախյան շարժման բռնկման ժամանակներումՙ 1989-ին, երբ Հայաստանը դեռ Սովետական Սոցիալիստական Հանրապետություն էր, կինոփառատոնի առիթով պատվիրակություն ուղարկվեց Բաքու: Վիոլետա Գեւորգյանն այդ կազմում էր: Ադրբեջանցիները մինչ այդ սումգայիթյան ջարդն արդեն իրականացրել էին: Վիոլետա Գեւորգյանին կոմկուսի կողմից հանձնարավել էր Բաքվում անօրինություններն ու մարդասպանությունը դադարեցնելու հանդուրժողականության կոչով հանդես գալ: Բաքվից վերադառնալով դերասանուհին հայտնվեց համաժողովրդական ցասումին ու բողոքին դեմ հանդիման: Ժողովուրդը նրան դավաճանի պիտակով խարանեց. Վիոլետա Գեւորգյանը հեռացավ ԱՄՆ: Երկար ժամանակ նրանից լուր չկար: Մեկ-մեկ հեռուստաընկերություններն էին կցկտուր տեսանյութեր հրապարակում. կարծես նման դերասանուհի չէր էլ եղել Հայաստանում: Մինչդեռ նրա որդին, հարսը ոչ պակաս հայտնի արվեստագետներ էին ու հայկական էստրադայում ճանաչված անուններ: Դրամատիկականցիներից շատերը գնացին Ամերիկա: 1990-ականներին Լեւոն Շարաֆյանին ամեն օր կարելի էր տեսնել «Երիտասարդական» մետրոյի շրջակայքում. այն ժամանակ բոլորի համար հայտնությունՙ լցնովի պաղպաղակի սարքով էր դերասանն օրվա հացը վաստակում: Բայց շուտով Լեւոն Շարաֆյանն էլ գնաց Ամերիկա:

2004-ին լուր տարածվեց, թե Թեքեյան մշակութային միության կենտրոնի հրավերով Հայաստան է գալու Վիոլետա Գեւորգյանը: Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվեց «Նորք» թատրոնի ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանի բեմադրած «Աշնան արեւը»: Հանդիսատեսը երկար տարիների ընդմիջումից հետո տեսավ Վիոլետա Գեւորգյանի Աղունին: Դերասանուհին հուզվեց, հանդիսատեսըՙ նույնպես: Ծափեր, բրավոներ, ծաղկեփնջեր, բայց հաջորդ օրն իսկ Վիոլետա Գեւորգյանը վերադարձավ Ամերիկա:

10 տարի է անցել այդ ներկայացումից. դերասանուհին նոյեմբերի վերջին տասնօրյակն անցկացրեց Հայաստանում: Սունդուկյանի անվան թատրոնի բեմում նշվեց նրա 70 ամյակը: Հոբելյանական հանդիսությունը նախաձեռնել էր նրա մտերմուհինՙ դերասանուհի, հաղորդավարուհի, Լոս Անջելոսի «Բարեւ» հեռուստածրագրի հեղինակ Նունե Ավետիսյանը: Նա հեռուստաթատրոնում Վիոլետա Գեւորգյանի հետ խաղացել է «Հասարաության ծաղիկ սենյոր Պապագատտոն» ներկայացման մեջՙ Կարպ Խաչվանքյանի ու Վիոլետա Գեւորգյանի մարմնավորած հերոսների դստեր դերում: Մի քանի ամիս առաջ լինելով Հայաստանումՙ Նունե Ավետիսյանը դիմել է մշակույթի նախարարությանըՙ Երեւանում կազմակերպել Վիոլետա Գեւորգյանի հոբելյանական երեկոն: Հանդիսության առիթով հայրենիք եկած դերասանուհին Վանաձորում մի քանի օր խաղացել է նաեւ Վահե Շահվերդյանի բեմադրած «Աշնան արեւ» ներկայացման մեջ: Ասում է, որ կարոտել էր իր Աղունին: «24 տարի ամեն օր խաղալ. եթե մի օր բեմ դուրս չգայի, կհիվանդանայի: Ու հանկարծ ինձ կտրում են իմ թատրոնից: Իմ կյանքը բաժանված է երկու մասիՙ մինչեւ 1989-ը եւ դրանից հետո: Ես հիմա քայլող հիվանդ եմ: Մի՞թե ինձ նման դերասանուհին չպիտի խաղար, մի՞թե պետք չէի ես իմ ժողովրդին»,- դառնացած ասում է դերասանուհին:

Ամերիկայի համար հայ դերասանի շնորհքն ու տաղանդը գրոշ չարժեն: Անգամ մեր ամենասիրված արտիստների համար ամերիկյան էկրանն ու կինոն կողպված դուռ են: Հայ հանդիսատեսի համար ներկայացում խաղալը նույնպես դժվար է. ահռելի գումարներ են պետք դահլիճ վարձակալելու, թատերական խումբ պահելու համար: Այդ պատճառով էլ այստեղից գնացած դերասանները հազվադեպ են իրենց սիրելի գործով զբաղվում, սակայն վերադառնալու մտադրությունՙ որպես կանոն, չեն ունենում: Նույն Վիոլետա Գեւորգյանը սրտնեղած է իր տասնամյակների պարապուրդից, մշտապես սպասել է Հայաստանից հրավերների, բայց անգամ 2004-ի երեւանյան անշլագ ներկայացումից հետո շտապում էր ժամ առաջ գնալ Ամերիկաՙ իր ընտանիքի մոտ: Այս անգամ նույնպես դերասանուհին վրդովված էր. այսքան տարի կառավարության ու առանձին ռեժիսորների կողմից հրավերների է սպասել, բայց ապարդյուն: Նա նեղացած է նաեւ Դրամատիկական թատրոնից: Սակայն նախընտրեց ոչինչ չասել այդ մասին: Դերասանուհու ընկերուհինՙ Նունե Ավետիսյանը, պնդում է, որ Վիոլետա Գեւորգյանի նման դերասանուհին պետք է Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական հրավեր ստանարՙ կյանքի եւ ստեղծագործական բավարար պայմաններով: Իսկ Վահե Շահվերդյանի կարծիքովՙ եթե անգամ Վիոլետա Գեւորգյանին հրավիրենք իր հայրենիք, նա պետք է ապրի եւ ստեղծագործի նույն պայմաններում, ինչ մյուս դերասան-դերասանուհիներըՙ ոչ արտոնյալ կարգավիճակով: Վիոլետա Գեւորգյանին դուր չեկավ ռեժիսորի դիտարկումը: Նրա կարծիքովՙ ինքն այն դերասանուհին է, որին չպետք է ընդհանուրի հետ խառնել: «Չեք հրավիրում, մի հրավիրեք, ես էլ Ամերիկայում իմ թոշակը կստանամ ու այնտեղ էլ կապրեմ»,- կես- կատակ ավարտեց ամերիկաբնակ արտիստուհին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ