RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2014-11-20 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2707, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՌԻԹՄԻ ԵՎ ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Իրինա ՍԻՐՈՏԿԻՆԱ

Անցած ամիս Երեւանում հաճելի ծանոթություն ունեցա մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի հետ: Առաջին անգամ էր Հայաստանում, եկել էր անգլիացի ամուսնուՙ փիլիսոփա Ռոջեր Սմիթի հետ եւ չափազանց խանդավառ էր: Հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Սիրոտկինան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտության եւ տեխնիկայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, զբաղվում է Ռուսաստանում հոգեբուժության, ազատ պարի, ռիթմիկայի եւ պլաստիկայի պատմության ուսումնասիրությամբ: Նրա առաջին գիրքըՙ «Ախտորոշելով գրական հանճարին. Ռուսաստանում հոգեբուժության մշակութային պատմությունը. 18801930», հրատարակվել է Լոնդոնում, 2002-ին, անգլերենով, իսկ ռուսերենով լույս են տեսել Սիրոտկինայի «Դասականները եւ հոգեբույժները» (2008), «Ազատ շարժումը եւ պլաստիկ պարը Ռուսաստանում» (2012), «Ավանգարդի վեցերորդ զգայարանը. պարը, շարժումը, կինեստեզիան բանաստեղծների եւ նկարիչների կյանքում» (2014) հատորները:

Հայաստան այցելելու դրադապտճառներից մեկն էլ մեր ականավոր հայրենակցուհուՙ էթնոպարագետ, պարադիր եւ ռիթմոպլաստիկայի մանկավարժ Սրբուհի Լիսիցյանի ստեղծագործության հանդեպ Իրինայի մասնագիտական հետաքրքրությունն էր: Տասնօրյա ուղեւորության ընթացքում ամուսինները հասցրին լինել մի շարք վայրերում, որից հետո Իրինան իր Ֆեյսբուքի էջում կատարեց հետեւյալ գրառումը. «Հայաստանում ես իմ մեջ մշակեցի երջանկության ըմբռնումը: Երջանկությունը լեռնաշղթա բարձրանալն է եւ դրանով երկար-երկար քայլելըՙ նայելով մերթ վեր, մերթ վար, աջ եւ ձախ...»: Հայաստանի մասին նրա տպավորությունները կարելի է կարդալ http://dance-story.livejournal.com/35620.html կայքէջում:

Տունդարձից հետո Իրինան ինձ ուղարկեց «Ազատ շարժումը եւ պլաստիկ պարը Ռուսաստանում» մենագրությունը, որ դարձել է իմ սեղանի գրքերից: Թարգմանաբար ներկայացնում ենք այդ հատորից Սրբուհի Լիսիցյանին վերաբերող գլուխը:


Երբ Սրբուհի Լիսիցյանը (18931979) աշակերտուհիների հետ Թիֆլիսից եկավ Մոսկվա եւ ցուցադրեց նրբագեղ, տարաշխարհիկությամբ լի արեւելյան պարեր, Ալեքսեյ Սիդորովը վրդովվեց: «Մոսկվան, ասաց նա, գտնվում է վերլուծության փուլում, մենք մի կողմ ենք նետել գեղեցկությունը, մինչդեռ դուք... զբաղվում եք թատերականի, գեղեցիկի ստեղծմամբ»: Ի պատասխան Լիսիցյանը մարտական կեցվածքով ասել է. «Եթե գեղեցկությունը հանցանք է, ուրեմն ես ուզում եմ հանցագործ լինել»:

Պատմաբան եւ ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի դուստրըՙ Սրբուհին, սերել է Հայաստանի ամենից կուլտուրական ընտանիքներից մեկից: Հետագայում նա, ինչպես եւ իր հայրը, Երեւանում դարձան պատմական գիտությունների դոկտոր եւ ակադեմիկոս: Սրբուհին ուսանել է Մոսկվայում, Գերյեի կանանց բարձրագույն դասընթացներում, իսկ զուգահեռ պարապել է Օ. Է. Օզարովսկու Կենդանի խոսքի ստուդիայում եւ պլաստիկա սովորել Իննա Չեռնեցկայայի մոտ: 1917 թվականին Լիսիցյանը վերադարձել է ընտանիքի մոտՙ Թիֆլիս: Այնտեղ նա բացել է Արտասանության, ռիթմի եւ պլաստիկայի ստուդիա, որը 1923 թվականին վերակազմավորվել է Վրաստանի Ժողկոմխորհին առընթեր Ռիթմի ինստիտուտի: Դա այն ինստիտուտն էր, որտեղ այցելած Այսեդորա Դունկանը բուռն դժգոհություն է ունեցելՙ ստիպելով հետ վերցնել իրեն մատուցած ծաղկեփունջը: Անարխիստուհի Դունկանը, ինչպես հայտնի է, դեմ էր համակարգված յուրաքանչյուր մեթոդի, իսկ Լիսիցյանը հատուկ ուշադրություն էր դարձնում վարժանքներին: Շարժումներիՙ երաժշտությանը ձեւականորեն համապատասխանելու հարցում նա ճշգրտորեն հետեւում էր Դալկրոզին. օրինակ, դեպի վեր գամմայի դեպքում պատասխանը լինում էր դեպի առաջ քայլով, դեպի վար գամմայի դեպքումՙ դեպի հետ քայլով: Մարմնի շարժումներն իրար հետ պիտի համադրվեն որոշակի, անտիկ պլաստիկային հատուկ կանոններին համապատասխանաբար. ոտքն առաջ բարձրացնելիս պետք էր պարտադիր կերպով գլուխը խոնարհել եւ հակառակը, ոտքը հետ թափահարելիս պետք էր նաեւ գլուխը հետ տանել: Ձերքերը շարժելիս, որպես օրենք, գլուխը շարժում էին դեպի հակառակ կողմը: Վարժությունները բնույթով պարային էին, դրանցից մի քանիսը կատարվում էին աշակերտուհիներից մեկի արտասանության ներքո, որոշներն էլ հատուկ ընտրված երաժշտության ներքո: Վարժանքներում շատ կային արեւելյան պարերի տարրեր, վարժություններ ուսերի եւ ձեռքերի համարՙ ներառյալ դաստակները եւ մատները: «Այդ բոլորը պետք է մի տեսակ «արձագանքեին».... մարմնի մյուս անդամների շարժումներին: Հենց դրա շնորհիվ էլ ստացվում էր մարմնի անընդմեջ շարժում եւ նրա հատուկ արտահայտչականությունը»: Մոսկովյան բալետային քննադատը նշել է. «Աղջիկները հիանալի են մարզված, շարժումներին մասնակցում է ամեն մի մատը: Թիֆլիսյան պարուհիներն առաջին անգամ մոսկովյան հանդիսատեսին ցուցադրեցին ամբողջ մարմնի, նրա ամեն մի մկանի գեղարվեստական կյանքը, ինչն այնքան ապարդյուն կերպով ձգտում են իրականացնել մոսկովյան դալուկ վարպետները»:

«Եվրոպական էքսցենտրիզմին մենք ձգտում ենք միավորել արեւելյան կոնցենտրիզմը», գիտականորեն բացատրել է Լիսիցյանըՙ հավանաբար արեւմտյան փորձարարմանը հակադրելով ավանդությունների վրա հիմնված օրիենտալիզմը: Ստուդիայի երկացանկում ընդգրկված են եղել Արենսկու երաժշտությամբ «Օձահմայի պարը» «Եգիպտական գիշերներ» բալետից, Բարխուդարյանի երգերի հիման վրա ստեղծված «Արեւելյան պարը»ՙ արաբական «Ղազի» պարը: Ոգեւորված քննադատը նկարագրել է, թե ինչպես է «բեմով մեկ զրնգացել եւ պտտվել... թուխ, գրեթե մերկ, ձիգ մարմինըՙ մտնելով պարի անդառնալի եւ անծայրածիր ռիթմերի մեջ»: «Այս դպրոցն ուզում է պարել, մինչդեռ մեծամասնությունն ուզում է ակրոբատիկայով զբաղվել», հավանություն տալով հայտարարել է Նատալյա Տիանը, իսկ Նիկոլայ Պոզնյակովը դրվատել է Լիսիցյանի եւ նա աշակերտուհիների երաժշտականությունը: Գեղարվեստական թատրոնում ելույթից հետո Լիսիցյանը նամակ է ստացել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյից, որը գրել է. «Ձեր երեկոն եւս մեկ անգամ հաստատեց ռիթմիկական դաստիարակության անհրաժեշտությունը, բոլորս անկեղծորեն հիացանք ձեր սաներիՙ մարմնին տիրապետելու ձեռքբերումներով, հրաշալի ռիթմականությամբ, լավ ճաշակով»: Թիֆլիսցի ոտաբոբիկները հմայեցին նաեւ արվեստի այնպիսի «գեղագետի», ինչպիսին Ստալինն էր: Վերջինս 1926 թվականի ամռանը Թիֆլիսում այցելելով Ռիթմիկայի ինստիտուտՙ կարգադրել է տեղական իշխանություններին նրա ձեռքբերումները ներկայացնել արտասահմանում: Աշնանը Վրաստանի Ժողկոմխորհը Լիսիցյանին ամուսնու եւ երկու պարուհիների հետ գործուղել է Գերմանիա: Այնտեղ նա մնացել է երեք տարի, պարապմունքներ անցկացրել խորհրդային դեսպանատանը կից ստուդիայում եւ գերմանացի կոմունիստների «Rote Blusen» ստուդիայում. հետագայում տուն է վերադարձել մենակ, ամուսինը մնացել է Բեռլինում:

Տեղափոխվելով Երեւանՙ Սրբուհին հիմնել է պարարվեստի ուսումնարան եւ սկսել է զբաղվել գաղափարապես ընդունելի ազգագրությամբ: Ժողովրդական պարերը գրառելու համար նա ուսումնասիրել է շարժումը գրանցող մի քանի համակարգ եւ ստեղծել է իր սեփականը: 1940 թվականին Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռ. Վ. Զախարովի խմբագրությամբ լույս է տեսել նրա «Շարժման գրանցումը (կինետոգրաֆիա)» ծավալուն աշխատությունը, որտեղ հավաքվել են շարժումների գրառման բոլոր հնարավոր համակարգերը: Պարի գրառման հարմարության համար Լիսիցյանն այն բաժանել է դրվագ-կեցվածքների (որոնք անվանել է «մարմնական» կամ «կինետիկ ակորդներ») եւ դրանք միացնող շարժումների: «Մարմնական ակորդի» գրառումը կազմել է «կինետիկ տակտ», ավարտված շարժման գրանցումը, որ կազմված է մի շարք ակորդներիցՙ «կինետոֆրազներից»: Երբ այս գրանցումը վերծանել է Լիսիցյանը, Մարիետա Շահինյանի գնահատությամբ, այդ խորհրդավոր նշանները «տեսանելի կերպով վերածվել են... Հայաստանի պատմության հնագույն ժամանակաշրջանի պարերի վառ շարժվող պատկերների»: Նրա գրառման համակարգը ճանաչում է ստացել նաեւ արտասահմանում:

1940-ականների սկզբին Լիսիցյանի քսանամյա որդի Ռոլանն իր օրագրում գրել է. «Մենք այնքան շատ ենք ծափահարում Ստալինին, որ շուտով մեր ափերի մեջ կոշտուկներ են առաջանալու», որի համար նրան ձերբակալել են եւ գնդակահարել: Իսկ Լիսիցյանից երես են դարձրին: Նրա կազմած «Հայ ժողովրդի հնագույն պարերը եւ թատերական ներկայացումները» աշխատության առաջին հատորը լույս տեսավ Ստալինի մահից հետ, երկրորդըՙ 1972 թվականին:

Առաջաբանը եւ թարգմանությունը ռուսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ