RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 24-10-2014



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2014-10-27 20:22:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 985, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՋՈՐՋԱ ՆԱՐԴԻՆ. «ԵՍ ԻՆՁ ՇԱՏ ՄՈՏ ԵՄ ԶԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ավելի քան քառորդ դար առաջ մի գեղեցկատես ամերիկահայուհի առաջին անգամ ժամանեց Վենետիկ: Այդ ռոմանտիկ քաղաք ոտք դնելուց շատ ժամանակ չանցած, երբ նա մոտորանավ էր նստել, նրան նկատեց մի գեղադեմ գոնդոլավար, որը երիտասարդ զբոսաշրջիկուհուն հրավիրեց գոնդոլով պտույտի: Օրվա վերջին վենետիկցի երիտասարդն արդեն իր սիրտն ու հոգին առաջարկեց աղջկան: Այսպիսով, Մերի Հովհաննիսյանը եւ Ռոբերտո Նարդինն ընտանիք կազմեցին... եւ ահա տարիներ անց Հայաստանում ուրախ առիթն ունեցանք ողջունել նրանց աղջիկներից 26-ամյա հմայիչ Ջորջայինՙ պարադիր եւ պարուհի: Այս առթիվ Մերի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց. «Հենց նոր իմ դուստր Ջորջա Նարդինին նստեցրի Երեւան մեկնող օդանավը, որ նա մի քիչ ժամանակակից պար տանի Հայաստան: Սիրտս ջերմանում է մտածելով, թե ինչ կմտածեին իմ սիրելի տատիկ-պապիկը, որ իրենց ծոռնուհին իր մշակութային մասնակցությունն է բերում իրենց երկրին մոտ 100 տարի անց այն բանից հետո, երբ նրանք գաղթեցին պատերազմի եւ ցեղասպանության պատճառով»: Եվ իսկապես, անցած սեպտեմբերին Ջորջան երկու շաբաթ անցկացրեց Հայաստանում, շրջեց երկրով, հուզվեց Արարատ լեռը տեսնելով, հանդիպեց պարով հետաքրքրվողների, ձեռք բերեց նոր ընկերներ եւ փորձեց իր փորձառությունը որոշ չափով փոխանցել նրանց...

Ջորջա Նարդինը ծնվել է 1988-ին, Վենետիկում, վաղ տարիքից հաճախել է բալետի դասընթացների, ապա երեք տարի ուսանել Լիդսի (Մեծ Բրիտանիա) Ժամանակակից պարի Հյուսիսային դպրոցում: Մասնակցել է տարբեր ժամանակակից պարադիրների եւ պարողների սեմինարներին: 2011-ից սկսած Ջորջա Նարդինը պարային կատարումներով եւ բեմադրություններով մասնակցում է ժամանակակից պարերի փառատոների, տարբեր նախագծերի: Նրա «Spic & Span» եւ «Բոլորը հագնված են, որ ոչ մի տեղ չգնան» բեմադրություններն իտալական հեղինակավոր պարային փառատոներում արժանացել են մրցանակների: 2013-ին նա եղել է միակ իտալացի պարադիրը, որ մասնակցել է «B Project» միջազգային նախագծին, որ ներկայացնում է պարային բեմադրություններՙ հիմնված Հիերոնիմուս Բոսխի կտավների վրա: Ջորջիան մեկն է իտալացի այն չորս պարադիրներից, որն ընտրվել է մասնակցելու «Performing Gender» ժամանակակից պարի միջազգային նախագծին: Նա նաեւ դասավանդում է Վենետիկի Պարի եւ թատրոնի ընկերակցությունում...

Ջորջային մի քանի անգամ հանդիպեցինք Երեւանի Ժամանակակից արվեստի ինտիտուտում, որտեղ նա ցուցադրեց իր բեմադրությունների տեսագրությունները, նրա մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում Հայաստանում ժամանակակից պարի վերաբերյալ, ինչպես նաեւ ցուցադրեց երեւանցի երիտասարդների հետ պարապմունքների արդյունքը: Մենք զրուցեցինք ինստիտուտի փոքր պարտեզում (ալտերնատիվ արվեստի մի յուրահատուկ օազիս է դարձել հիմնականում գլամուրով եւ ռաբիսով շնչող Երեւանի կենտրոնում):


- Սիրելի Ջորջա, շատ ուրախ ենք, որ այստեղ ես: Քեզ ո՞ր քամին բերեց մեզ մոտ:

- Երեւան հրավիրվեցի իմ մենեջեր Վալերիա Կաստելլանետայի շնորհիվ (եւ նրա ընկերակցությամբ): Վալերիան նաեւ PlanTS մշակութային ընկերակցության անդամ է: Նա սկսել է համագործակցել Երեւանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ, եւ նախագծի առաջին մասը ներառում էր որեւէ իտալացի արվեստագետի բերել Երեւան: Ինձ հետաքրքրում էր աշխատել երիտասարդների խմբի հետ, որոնք պարտադիր չէ, որ փորձ ունենային կատարողական արվեստի բնագավառում: Ես ցանկանում էի մարտահրավեր նետել ինձՙ աշխատելով մի համատեքստում, որն ինձ անծանոթ է եւ որը շատ տարբեր է եվրոպականից, այնպես որ ես սա առաջարկեցի որպես իմ հետազոտություն, եւ ահա այստեղ եմ.

- ժամանակ առ ժամանակ Երեւան են գալիս ժամանակակից պարի մասնագետներ ու դասընթացներ են անցկացնում մասնագետների եւ սիրողների հետ. ինքս հաճախ մասնակցել եմ այդ դասերին: Հայաստանում անցկացրած այս երկու շաբաթվա ընթացքում դու աշխատեցիր ոչ արհեստավարժների խմբի հետ: Հատկապես ի՞նչ սովորեցին նրանք քեզնից:

- Կարծում եմ, ավելի լավ կլինի նրանց հարցնել: Կարող եմ ասել, որ ես չեմ եկել այստեղ մի խումբ մարդկանց հետ պարապելու. ինձ հետաքրքրում էր զարգացնել իմ հետազոտությունը: Ես ընդամենը մասնակիցներին շատ պարզորեն ներկայացրի իմ պրակտիկայի որոշ տարրեր, ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում: Մենք զրուցեցինք տեւողության մասին, թե որքան կարեւոր է, որ ամեն ինչ տեղի ունենա ժամանակի որոշակի կտրվածքում, հետազոտեցինք, թե ինչ է «վիճակը» եւ «ներկայությունը» եւ ինչպես պետք է վարվել այդ տարրերի հետ կատարողական համատեքստում: Ինձ համար շատ կարեւոր է վերադառնալ այդ սկզբունքներին, ամեն ինչ դանդաղեցնել եւ կենտրոնանալ ավելի քիչ բաների վրա, եւ խումբն այս առումով բավականին օգնեց: Այնպես որ, հուսով եմ, երկուստեք օգտակար փորձառություն ձեռք բերեցինք:

- Հնարավորություն ունեցա՞ր ծանոթանալ Հայաստանում ժամանակակից պարի հետ:

- Հանդիպեցի պարարվեստի մի քանի ներկայացուցիչների, բայց չտեսա որեւէ կենդանի կատարում, ինչի համար ափսոսում եմ: Բայց մենք զրույցներ ունեցանք Հայաստանի ժամանակակից պարարվեստի մասին, որի ընթացքում մարդիկ իրենց տեսակետները հայտնեցին, թե ինչպես են տեսնում այդ ասպարեզը Հայաստանում, զարգանո՞ւմ է այն, թե՞ ոչ...

- Իսկ ինչի՞ մեջ ես տեսնում Հայաստանում ժամանակակից պարի զարգացումը: Մենք կարիք ունե՞նք պարային տարբեր տեխնիկաներ ներմուծելու:

- Անկեղծորենՙ այս հարցի պատասխանը չունեմ: Չգիտեմ, եթե կա «նախընտրելի» ուղղությունՙ բարելավելու ժամանակակից պարի զարգացումը Հայաստանում: Կարծում եմ, որ կան որոշ տարրեր, որոնք միշտ բնութագրում են երկիրը գեղարվեստական առումով, բայց ես բավականաչափ չգիտեմ հայ արվեստըՙ ասելու համար, թե որոնք են դրանք: Չգիտեմ նաեւ, թե ներմուծելը լա՞վ բան է: Ես եկել եմ մի միջավայրից, որտեղ աշխարհագրորեն երկրները շատ հեշտ են գեղարվեստի առումով միմյանց «վարակում», եւ կարծում եմ, որ այդպիսի «վարակումներն» ընդհանուր առմամբ կարեւոր են արվեստի զարգացման համար: Բայց դա տարբերվում է ներմուծումից եւ կամ դառնում է մեկ այլ փորձառության փոխանորդ:

- Ես տեսա քո աշխատանքները, դրանք բավական տպավորիչ են: Զգալի է պարային կրթության ամուր հիմքՙ զուգորդված կատարողական արվեստների տարբեր մեթոդների եւ ոճերի ուժեղ զգացողության հետ: Ովքե՞ր եւ ինչե՞րն են քո հիմնական ներշնչանքները:

- Իմ կարծիքովՙ ոգեշնչումներիս մեծ մասը ստանում եմ իմ գործընկերներից, իմ ճանաչած արվեստագետներից, որոնցից մի քանիսն իմ մտերիմներն են: Կարծում եմ, որ ամենից ոգեշնչողը քեզ ինչ-որ բանի մասը զգալն է եւ այն հասակակիցներիդ հետ կիսելը: Իհարկե, կան նաեւ արվեստագետներ, որոնք ոգեշնչում են ինձ իրենց ստեղծագործությամբ եւ եղանակով, ինչպես Մարինա Աբրամովիչը, Ժերոմ Բելը, Վանեսա Բիքրոֆթը, կամ նույնիսկ Դեյիդ Ֆոսթեր Ուալասը (նույնիսկ, քանի որ նա գրող է, սակայն ես զգում եմ, որ նրա աշխատանքը շատ կապ ունի մարմնի եւ կատարողականության հետ), եթե անգամ ես անձամբ չեմ հանդիպել նրանցից որեւէ մեկին:

- Հիմա շատ պարադիրներ իրենց պերֆորմանսներում որպես գործիք օգտագործում են մերկությունըՙ հաճախ չարաշահելով այն: Քո աշխատանքներում տպավորիչ էր տեսնել մերկությունն առանց սեռականություն...

- Մերկության հետ աշխատելն ի հայտ եկավ բնականաբար, եւ դա տարբեր պատճառներով կարեւոր էր ինձ համարՙ իմ «Բոլորը հագնված են, որ ոչ մի տեղ չգնան» եւ «Տոնակատարություն» պերֆորմանսներում: Երկրորդում դերակատարուհինՙ Օլիվիա Ժաքեն, ամբողջովին պատված է դաջվածքներով, եւ մենք հատուկ աշխատում էինք նրա ձեւափոխված մարմնի հետ, այնպես որ շատ ակնհայտ էր, որ նա պետք է մերկ լինի: Իսկ առաջին հորինվածքում պարողները բացառիկ աշխատանք են կատարելՙ մերկությունը մարմնավորելով որպես վիճակ, առանց այն մեկնաբանելու, չավելացնելով ոչինչ, բայց, ըստ էության, դուրս թողնելով իրենց սովորույթները, իրենց վերաբերմունքը, իրենց էգոնՙ ենթարկվել են դյուրաբեկությանն ու խոցելիությունըՙ առանց փախչելու դրանցից, եւ իմ կարծիքով, դա է պատճառը, որ այն երբեք չի դառնում սեռական կամ սադրիչ...

- Կարո՞ղ ենք քո պարարվեստի ստեղծագործությունները համարել գենդերային ուղղվածության:

- Չգիտեմ, եթե այդպես կանվանեմ, որովհետեւ եթե անգամ այս թեմային ես առնչվում եմ որպես մարդ եւ արվեստագետ, չեմ կարծում, որ իմ ստեղծագործությունը միայն գենդերի հետ կապ ունի: «Տոնակատարումը» մաս է կազմել Եվրոպական Միության մի գեղեցիկ ծրագրիՙ «Performing Gender»-ի, որտեղ ինձ (15 այլ արվեստագետների հետ միասին) խնդրել են ստեղծել մի պերֆորմանսՙ նյութ ունենալով գենդերը, սեռականությունը, սեռական կողմնորոշումը եւ ինքնությունը: Այնպես որ, իհարկե, գենդերն իմ այս հետազոտության շատ մեծ մաս է կազմում, բայց կարծում եմ, որ այն ներառում է ուրիշ շատ խնդիրներ եւս... Միեւնույն ժամանակ, երբ ես մի հայացք եմ գցում մինչ այժմ կատարածս աշխատանքների վրա, հասկանում եմ, որ տարբեր ձեւերով, առավել կամ պակաս ակնհայտ, ես անդրադարձել եմ գենդերային թեմաներին: Այնպես որ ես չեմ ժխտում քո տեսակետը, բայց եւ այնպես այդ մտքի հետ ինչ-ինչ պատճառներով դեռ չեմ համակերպվում:

- Ինձ հայտնի է քո ծնողների ծանոթության ռոմանտիկ պատմությունը, որ մայրդ նկարագրել է իր «Առյուծի թեւերի տակ» վեպում: Չե՞ս կարծում, որ սա պարարվեստի համար լավ նյութ կարող է լինել:

- Իսկապես, դա մի չափազանց ռոմանտիկ պատմություն է, եւ կարծում եմ, որ մայրս գեղեցիկ գրական գործ է ստեղծել, որի տպագրության վրա է նա աշխատում այժմ: Կարծում եմ, որ իմ ծնողների հարաբերությունները եւ սերը ավելի շատ իմ եւ քրոջս դաստիարակության ու փորձի մասն են կազմում, այն իմ մեջ է եւ ինչ-որ կերպ կարող է լինել նաեւ իմ աշխատանքի մեջ... Բայց, այո՛, այն կարող է նաեւ գեղարվեստական ստեղծագործության լավ աղբյուր լինել:

- Դու Հայաստանում ես, մայրական նախնիներիդ երկրում: Ի՞նչ ընտանեկան հիշողություններ ունես:

- Մայրս եւ նրա ծնողները ծնվել են ԱՄՆ-ում, իսկ նրա մեծ ծնողները եղել են Վանից եւ Անկարայից: Մորս տատիկըՙ Մարի Թեքյանը, ցեղասպանության ժամանակ կորցրել է առաջին ամուսնուն եւ զավակին: Ընտանեկան հիշողություններից ավելին ես կարող եմ ասել, որ գեղեցիկ զգացում ունեմՙ գտնվելով այստեղ: Թեեւ առաջին անգամ եմ այս երկրում, սակայն զգում եմ մի տեսակ կապվածություն, մի հատուկ բան, որին չեմ կարող անուն տալ, ինչը, վստահ եմ, առնչվում է իմ ընտանիքի ծագմանը եւ որը ես զգում եմ շատ ուժգին: Թվում է, որ նոր շրջան եմ մուտք գործել, ինչը ճիշտ է:

- Ինչպե՞ս կնկարագրես քո հայաստանյան փորձառությունըՙ որպես արվեստագետ եւ որպես հայկական ծագումով անհատ:

- Կարծում եմ, ես տակավին փորձում եմ հասկանալ Հայաստանի իմ փորձառությունը: Կրկին, ես ինձ մոտ եմ զգում այս երկրին շատ առումներովՙ միաժամանակ չզգալով ինձ նրա մի մասը: Ինձ խիստ տպավորեց այն, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ բաներ անել, սովորել եւ առավելագույն փորձ ձեռք բերել, ինչը շատ թարմացնող էր ինձ համար: Կարեւոր էր աշխատել այստեղ (անկախ այն բանից, որ ինձ համար իրոք շատ հաճելի էր խմբի հետ աշխատելը), ես ինձ զբոսաշրջիկ չէի զգում: Կարծում եմՙ ես հստակ պատկերացում կազմեցի Հայաստանի մշակույթի ու կյանքի, մարդկանց մասին, թեեւ, համոզված եմ, որ դեռեւս միայն մակերեսն եմ շոշափել: Սա նաեւ շնորհիվ բոլոր այն մարդկանց, որոնք այնքան ջերմ եւ ակտիվորեն մասնակցեցինՙ օգնելու մեզ ստեղծել մի փոքր, սակայն կարեւոր բան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 24-10-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ