RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014



ՄՈՍԿՎԱՅԻՑ ԵՐԵՎԱՆ

Տեղադրվել է` 2014-10-02 21:19:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1237, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԿՈԼԱԺԱՅԻՆ ՎԵՆԵՏԻԿՙ ԿՈԼԱԺՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ամեն անգամ գալով Երեւանՙ մոսկվացի արվեստագիտուհի Տատյանա Դանիլյանցը զարմացնում է իր ձիրքերի նոր կողմերի բացահայտմամբ: Առաջին անգամ նա Հայաստան այցելեց յոթ տարի առաջ եւ «Կին» միջազգային կինոփառատոնում հատուկ մրցանակի արժանացավ իր «Այգին, որ թաքնված է» վավերագրական կինոնկարի համար: Հաջորդ տարիներին նա իր ֆիլմերով մասնակցեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Այնուհետեւ բանաստեղծական ժողովածուների հեղինակ, գրական մրցանակների դափնեկիր Տանյային տեսանք տարբեր գրական միջոցառումներում, այդ թվումՙ Ծաղկաձորում անցկացված առաջին միջազգային բանաստեղծական փառատոնում: Նրա բանաստեղծությունները, ի թիվս տասնյակ լեզուների, հրատարակվել են նաեւ հայերենՙ Բեյրութի «Կամար» եւ Երեւանի «Նարցիս» գրական հանդեսներում (տողերիս հեղինակի եւ Շանթ Մկրտչյանի թարգմանությամբ): Երեւանյան գրական մի ֆորումի ժամանակ Տանյան բոլորին հիացրեց ասմունքողի իր շնորհքով (այդ ելույթը նա համարում է լավագույններից մեկն իր կյանքում): Իսկ անցյալ տարի Երեւանի Ճարտարապետի տանը կայացավ Տանյայի «Anima russa» («Ռուսական հոգի») ցուցահանդեսը, որ ներկայացնում էին նրա լուսանկարները եւ ապակուց կերտված քանդակները...

Եվ ահա անցած սեպտեմբերին կինովավերագրող, բանաստեղծ, ասմունքող, լուսանկարիչ, քանդակագործ, արվեստաբան Տատյանա Դանիլյանցը Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացավ «Վենետիկյան ընծաներ Սերգեյ Փարաջանովին» հեղինակային ցուցահանդեսով, որտեղ առաջին անգամ իր ստեղծագործական կյանքում ներկայացավ կոլաժներով:

Սովորաբար որեւէ նախագծի վրա ես աշխատում եմ մինչեւ երեք տարի, ասում է Տատյանան: Սա առաջին անգամ էր, երբ նախագիծ իրականացրի մեկ տարվա ընթացքում: Այս ցուցահանդեսն ինձ համար շատ բան է նշանակում, այստեղ ես արտահայտել եմ իմ ամենից անձնական գեղարվեստական ցանկությունները...

Ինչո՞ւ Փարաջանով. ինքնին հասկանալի էՙ Մաեստրոյի 90-ամյա տարեդարձը եւ արվեստագիտուհու հարգանքի տուրքն իր մեծանուն հայրենակցին: Ինչո՞ւ Վենետիկ... քսան տարուց ավելի է, ինչ այդ քաղաքը կարեւոր դեր է խաղում Տատյանայի ստեղծագործական կյանքում: Տարվա մի մասը նա ապրում է Վենետիկում, որոշակի ճանաչում ունի այդ քաղաքի արվեստագետների շրջանում եւ բազմիցս արտացոլել է նրա կերպարն իր ֆիլմերում, լուսանկարներում եւ բանաստեղծություններում: Իսկ երկու թեման կամրջելը բնավ ինքնանպատակ չէ. բացարձակ գեղեցկության մարմնացում Վենետիկն ավելի քան հոգեհարազատ է բացարձակ գեղեցիկի մոլի երկրպագու Փարաջանովին, որի կոլաժներում, ինչպես նկատել է Տանյան (եւ ոչ միայն նա), վենետիկյան շունչ կա: Մյուս կողմից հայտնի է նաեւ, որ Վենետիկն այն քչաթիվ քաղաքներից է, որտեղ Սերգեյ Փարաջանովը բախտ է ունեցել այցելել (1988-ին) եւ որ նա այդ քաղաքն անվանել է «մարդկության սիրտը»... նաեւ ստեղծել «Վենետիկի կործանումը» կոլաժը:

Փարաջանովին վերաբերող բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվում, պատմում է Տանյան, ուստիեւ պետք էր մի նորություն գտնել այս թեմայի մեջ, ինչը ես փորձեցի իրականացնելՙ ելնելով սեփական նախընտրությունից: Կարդալով Փարաջանովիՙ բանտից գրված նամակները, անհնար է չզարմանալ, թե ինչպես, գտնվելով հրեշավոր պայմաններում, յուրաքանչյուր նամակում նա գրել է գեղեցկության մասին: Ինձ մարդկայնորեն ապշեցրեց նրա արիությունը, դիմադրությունը, գազանային պայմաններում սեփական տեսակը պահպանելու տոկունությունը: Եվ գեղեցկությունը օգնել է փխրուն կազմության տեր արվեստագետին չկոտրվել: Սա է եղել այս ցուցահանդեսի հիմնական ներշնչանքը: Եվ ես որոշեցի այս ուժեղ անհատականությանը նվիրաբերել վենետիկյան իմ ընծաները...

Ցուցադրությունը մեծ չէՙ հինգ կոլաժ եւ ութ լուսանկար: Կոլաժները կերտված են վենետիկյան ավանդական նյութերիցՙ այդ քաղաքին բնորոշ կտորեղենից եւ ապակուց: Վենետիկի հնագույն մանածագործարաններից մեկըՙ «Բեւիլակուան», որտեղ տակավին աշխատում են ձեռքով, Տատյանային է տրամադրել վենետիկյան տրիկոտաժի տարբեր տեսակներ («Պինի», «Տորչելլո», «Սպիտակ դղյակ», «Գրանդ կանալե»), որոնք համադրվել են վենետիկյան ապակեգործության հռչակավոր կղզուՙ Մուրանոյի արտադրանքի հետ: Կտորեղենի հիմնականում կարմիր եւ կապույտ երանգները երկխոսության մեջ են մտել հատուկ այս կոլաժների համար ստեղծված ապակե տարբեր ձեւերի հետ, որոնց վրա հալեցված եւ սառեցված նախշերը երբեմն ստեղծում են եռաչափ տարածականություն: «Վենետիկ», «Սուրբ Մարկոս», «Վենետիկի օդը», «Վենետիկի ջուրը» եւ «Սուրբ Ղազար» կոլաժները զուսպ արտահայտչաձեւերով փոխանցում են քաղաքի գեղագիտական-ռոմանտիկ ոգին (ի դեպ, վերջին կոլաժում հայերենին չտիրապետող Տանյան թափանցիկ ապակու վրա Սուրբ Ղազար բառերը դեղին ապակու հալոցքով գրել է հայերեն): Նվազապաշտական ոճի են նաեւ լուսանկարները, որտեղ վենետիկյան ծանոթ տեսարանները եւ բնորոշ առարկաները զարդարված են Մուրանոյի երկու-երեք ապակե զարդերովՙ ուլունքի մի հատիկ, ապակե թիթեռ կամ հրեշտակ: Այս ոճավորումից անկախ մեծադիր լուսանկարներն իրականացված են այնպիսի լուսային, գունային եւ նկարահանման դիտանկյունների լուծումներով, որ առաջին պահ երփնագրի տպավորություն են թողնում: «Բարկարոլա», «Նավակ Փարաջանովի համար» լուսանկարներում գոնդոլների սեւ կողափայտերն ասես յուղաներկի շերտով գծված լինեն, իսկ «Վենետիկյան նատյուրմորտը» հորինվածքային եւ գունային լուծումներով Փիրոսմանի է հիշեցնում: Վենետիկյան իրականության որոշ պահեր Դանիլյանցը երեւակայությամբ առնչակցել է Փարաջանովին. օրինակՙ «Հիշելով Աշուղ Ղարիբին» լուսանկար-կոլաժում վենետիկյան հայտնի դիմակն ստացել է փարաջանովյան հերոսի դիմագծերը եւ կամ լուսանկարչական տարածքում ստեղծել է «Նավակ Փարաջանովի համար», «Ծառ Փարաջանովի համար», «Տուն Փարաջանովի համար»: Ի դեպ, երբ Տանյան երեւակել է վերջին լուսանկարը, տան պատի վրա զարմանքով տեսել է մի գրություն, որը չէր նկատել լուսանկարելիս. պարզվում է, որ այդ տանը բնակվել է Վենետիկի ֆիլմադարանի հիմնադիր Պազինետտին...

Այս աշխատանքներից բացի Տանյան ցուցահանդեսի բացմանը ներկայացրեց «Հիշելով Փարաջանովին. վենետիկյան զրույցներ» 24 րոպեանոց ֆիլմը: Սա համեստ մի աշխատանք է, առանց գեղարվեստական մեծ նպատակների, որը Տանյան համարում է «թանգարանային ֆիլմ»: Այստեղ Փարաջանովի մասին պատմում են նրան ճանաչած վերջին երկու վենետահայերըՙ Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, հայագետ հայր Լեւոն Զեքիյանը եւ Միլանի համալսարանի հայերենի դասախոս Պայքար Սվազլյանը: Երկուսն էլ հանդիպել են Փարաջանովին եւ ֆիլմում հայտնում են նրա ստեղծագործական դիմանկարն ամբողջացնող մանրամասներ: Արժեքավոր է հայր Զեքիյանի վկայությունն այն մասին, որ Կա Ֆոսկարի համալսարանից կինոգետ Սկորչեն զուգահեռներ է տեսնում իտալական կինոյի մեծ դեմքերից Պազոլինիի եւ Սերգեյ Փարաջանովի միջեւՙ նախապատվությունը, սակայն, տալով հայ կինոբեմադրիչին:

Տատյանան հույս ունի, որ Երեւանից հետո ցուցահանդեսը կդիտեն նաեւ Մոսկվայում, Վենետիկում եւ Թբիլիսիում: Այս մեծ նախագծի իրականացմանը նպաստել են մոսկովյան «Ֆոտոլաբ», «Ինտերմեդիա» եւ «Պրովիդեո» ընկերությունները, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը եւ «Ռուսաստանյան համագործակցություն» գործակալությունը, «Հայկական ավիաուղիները», որ հնարավորություն է տվել 50 կիլոգրամ բեռ տեղափոխել, իտալական UBI Banca բանկը, նաեւ planeta.ru համացանցային ընկերությունը, որ օգնել է ֆինանսներ հայթայթել...

Եվ, անշուշտ, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը, ասում է Տանյան: Ստացվել է այնպես, որ 2012 թվականից տարեկան չորս անգամ գալիս եմ Երեւան: Ինչպես որեւէ քաղաք, Երեւանն ինձ համար մարդիկ են, իմ ընկերները, հին ու նոր ծանոթները, որոնց ես համարում եմ իմ քույրերն ու եղբայրները: Այժմ ծրագրում եմ նկարահանել «Իմ Երեւան» վավերագրական ֆիլմը երեւանցի ութ երաժիշտների մասին...

Տատյանան բնիկ մոսկվացի է, թեեւ ծնողների աշխատանքի բերումով ծնվել է Ալժիրում: Ընտանիքում վեց հոգի երկրաբան են: Ուսանել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում եւ ռեժիսորական բարձրագույն դասընթացներում: Անցած տարիների ընթացքում իրականացրել է տասնյակ մշակութային նախագծեր աշխարհի հեղինակավոր արվեստի կենտրոններում: Իր բազմաճյուղ հետաքրքրությունների պատճառով նա շատ է ճանապարհորդում...

Իմ անդադար շարժունությունը, մի տեղում երկար չմնալս պայմանավորված է իմ գենետիկայով, թեեւ գրեթե ոչինչ չգիտեմ իմ հայ նախնիների վերաբերյալ, ասում է Տատյանան: Ես քառորդ հայ եմ, նախնիներս ապրել են Միջին Ասիայում: Հայրական տանս կա մի փոքր սեւ ճամպրուկ, ներսումՙ կապույտ թավիշ, որտեղ պահվում են հին ընտանեկան լուսանկարներ: Հայրս ինձ թույլ չի տալիս բացել այդ ճամպրուկը, բայց ինձ մի անգամ հաջողվել է ստուգել նրա պարունակությունը: Այնտեղ տեսա տատիկիս լուսանկարը Ղարաբաղի տարազով: Գիտեմ, որ Դանիլյանցների տոհմում եղել են ազնվականներ, հոգեւորականներ, որոնք խորհրդային ռեժիմի զոհ են եղել: Այս օրերին հաճախ եմ հիշում իմ հայ հորաքրոջըՙ Գալինա Դանիլյանցին, որն իմ մանկության տարիներին հաճախ էր կազմակերպում ընտանեկան հավաքներ: Հայկական ոգին ներկա էր այդ անզուսպ հավաքներում: Հիմա, երբ Մոսկվա վերադառնամ, զգում եմ, որ հարկ է լինելու ավելի ուշադիր ուսումնասիրել հայրիկիս այդ սեւ ճամպրուկը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ