RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 18-07-2014



ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Տեղադրվել է` 2014-07-17 21:52:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1058, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔՆ ԻԲՐԵՎ ՈՂԲԵՐԳԱՖԱՐՍ

Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

2013-2014 թ. թատերաշրջանը նշանակալի քիչ իրողություններ հաստատեց մեր թատերական կյանքում, չնայած եղան որքան վիճելի, նույնքան էլ ինքնանշան շեքսպիրյան բեմադրություններ, որոնց շուրջ բանավեճն անպայմանորեն պիտի ծավալվիՙ այսպես մեզ բերելով դեպի շեքսպիրյանի ընկալման եւ մատուցման մի նոր հանգրվան: Թատերաշրջանի ամենաինքնատիպ գեղարվեստական իրադարձություններից մեկն արձանագրվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ ներկայացվեց հարավսլավական գրականության դասական Բրանիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհին» հռչակավոր պիեսի բեմադրությունըՙ Վահե Շահվերդյանի ուշագրավ ռեժիսորական ընկալմամբ եւ մեկնաբանությամբ, ժանրաոճային նորույթով: 1950-60-ական թվականներին այս պիեսը ցնցեց ողջ աշխարհը, բազմաթիվ երկրներում այն բեմադրվեցՙ մասնավորաբար մեծ հետաքրքրություն ձեւավորելով ԽՍՀՄ-ում, ուր գրեթե բոլոր առաջատար թատրոնները, որտեղ կային ընդգծված ու ցայտուն կատակերգական շնորհներով դերասանուհիներ, բեմադրեցին այն: Հայ բեմն էլ հրապուրվեց այս ստեղծագործությամբ, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոններն անդրադարձան այս կատակերգությանըՙ մեր բեմի պատմությունը հարստացնելով Ասյա Ժամկոչյանի եւ Սվետլանա Գրիգորյանի դերակատարումներով:

Նշանավոր այս ստեղծագործությունն իր մեջ միավորել է վարքագծերի եւ դրությունների կատակերգությունըՙ առավելապես շեշտելով մարդկանց վարքագծերում տեղի ունեցող կերպարանափոխությունները, որոնք էլ ծնում են բուն կատակերգությունը: Բ. Նուշիչը կատակերգական ինտրիգը զարգացրել է զուգահեռաբարՙ համադրելով-հակադրելով մարդկանց ու այն իրադարձությունները, որոնց շրջապտույտի մեջ են հայտնվում բոլորըՙ բացահայտելով-պարզելով իրավիճակի ու մարդկանց փոխառնչությունների մեջ հայտածվող պարադոքսները, վարքագծերի ու ըմբռնումների դեգրադացիան: Այս ստեղծագործության հերոսներն ապրում էին իրենց հանդարտ ու միալար, ոչնչով աչքի չընկնող կյանքովՙ մեկուսացված արտաքին աշխարհից ու դրսում ծավալվող բուռն իրադարձություններից, քաղաքական խաղերից: Մի կատարյալ «ակվարիում» էր պատկերել Նուշիչը, որտեղ հայտնվածները միջին բուրժուաներ ենՙ անտարբեր հասարակական ցնցումներին ու կատակլիզմներին, որոնք ծավալվում են շուրջը: Իրենց սենյակների մեջ ծրարված այս մարդկանց կյանքում գլխավոր իրադարձությունը հետճաշյան ընթերցումն է, որը նրանց վարժեցնում է քաղքենիական միապաղաղությանն ու անդորրին: Սակայն անսպասելիորեն տեղի է ունենում «փոթորիկը», որն էլ խառնում է ամեն ինչ, համեստ ու խելոք տնային տնտեսուհի Ժիվկա Պոպովիչին բերում բուռն իրադարձությունների կենտրոն, աղքատ կնոջը վերածում գրեթե գիշատչի, որն արդեն ամուսնու պաշտոնի ու հասարակական դիրքի բարձունքից վերաճում է անհոգի բռնակալի... Սակայն, ինչպես պուշկինյան նշանավոր հեքիաթում, շուտով ամեն ինչ փլուզվում-ավերվում է, դարձ ի շրջանս յուր-ը դառնում է ճիշտ հանգուցալուծում, երբ Ժիվկայի նախարար դարձած ամուսինը պաշտոնանկ է արվում... Սա է այն դիպաշարային «կաղապարը», որի մեջ զարգացրել է գործողություններն ու մարդկային հարաբերությունները Բրանիսլավ Նուշիչըՙ ցույց տալով «չարի վերջը», պատժելով իր հերոսուհուն հղփանալու, սեփական դիմագիծը կորցնելու համար:

Վահե Շահվերդյանն իր բեմադրության մեջ հեռացել է նուշիչյան կատակերգության փոքր-ինչ կենցաղային երանգավորումներից, բոլոր իրադարձությունները Ժիվկա Պոպովիչի շուրջ ծավալելու նպատակադրումից եւ առավելապես կարեւորել է հասարակության ու միջավայրի խնդիրըՙ այսպես կատակերգությանը հաղորդելով սուր գաղափարական ուղղվածություն, քննարկելով անհատ-հասարակություն փոխառնչությունները, որոնք ինչպես ողբերգություն, այնպես էլ կատակերգություն ծնող ազդակներն են: Իր հայեցակարգի բեմական մարմնավորման համար Վահե Շահվերդյանը, հավատարիմ իր ռեժիսորական ձեռագրին եւ գեղագիտական հաստատումներին, ստեղծել է հասարակության կերպարըՙ որքան ամբողջական ու միասնական, նույնքան էլ խայտաբղետ, մերթ անհատականացվող ու մերթ էլ միավորվող, մեկ ընդհանուր դիմակի տակ պահվող: Պիեսում Ժիվկայի հարազատներն են այս մարդիկ, որոնք ընդամենը «օժանդակ գործառույթ» են իրականացնումՙ ցույց տալով, թե ինչպես է ամուսնու պաշտոնն ու հասարակական դիրքը փոխում համեստ Ժիվկային, ինչպես է նրա միջից հանում արենակցականության ու գթասրտության հասկացությունները: Չզրկելով Ժիվկայի հարազատներին այս «գործառույթից», այնուհանդերձ, Վահե Շահվերդյանը այս մարդկանց, որն ամբոխ է ձեւավորել, դարձնում է բեմադրության գլխավոր կերպարը, վերածում է խորհրդանիշի, որը մերթ հրճվում եւ ուրախանում է Ժիվկայի հաջողություններով, մերթ հեգնում ու ծաղրում, իսկ մերթ էլ չարախնդումՙ այսպես դառնալով ռեժիսորական վերաբերմունքի եւ մեկնաբանության արտահայտիչ, յուրատիպ քորոս, որը գաղափարական ենթատեքստն է ու ենթաշերտը: Քորոս-ամբոխը բեմադրության մեջ ներկայանում է ինքնահատուկ-ուշագրավ կոմպոզիցիաներով, պլաստիկական ինքնատիպ լուծումներովՙ այսպես ստեղծելով երկպլան բեմավիճակների ներդաշնակությունը, բեմադրական կոմպոզիցիաների բազմաշերտությունը: Սա Վահե Շահվերդյանի ռեժիսորական անհատական ոճի արտահայտությունն է, որն այս ստեղծագործության մեջ արտածվել է յուրովի, ընդլայնել պատկերացումները ժանրի մասին, կատակերգությունը վերածել ողբերգաֆարսիՙ զուգակցելով-միավորելով ֆարսայինն ու ողբերգականը: Սա կատակերգության մեջ ողբերգաֆարսի շեշտավորման առաջին փորձը չէ Վահե Շահվերդյանի ստեղծագործության մեջ: Բեմադրելով Ա. Չեխովի «Բալի այգին», նա դիմեց հենց ողբերգաֆարսինՙ դրա համար հիմք ունենալով Չեխովի նամակներից մեկը, ուր մեծ գրողը նկատել էր. «Ես գրել եմ կատակերգություն, տեղ-տեղ անգամՙ ֆարս»: Բ. Նուշիչը որեւէ գրառում չի թողել ժանրային իր ընկալումների մասին, սակայն բեմադրիչը հենց ֆարսն է համարել բեմադրության ժանրըՙ այսպես բեմադրաձեւի մեջ ներառելով լուծումներ եւ սկզբունքներ, որոնք տանում են դեպի նոր ժանրա-արտահայտչական տարածքներ, պարտադրում գործողություններին եւ իրադարձություններինՙ այդ ամենի մեջ հայտնված մարդկանց նայել միանգամայն այլ տեսանկյունից, ժխտել կատակերգություն «խաղալու» բոլոր ավանդական ձեւերը: Ավելին, Վահե Շահվերդյանը Հ. Պարոնյանի անվան թատրոն է բերել գեղագիտական եւ գեղարվեստական նոր միտումներ, յուրովի հակադրվել թատրոնի համար միշտ ընդունելի համարվող կատակերգությունների ժանրաձեւային լուծումներին:

Վահե Շահվերդյանի այս բեմադրության մեջ սիմվոլիկ-պայմանականն ու վերկենցաղային-ճշգրիտը սերտակցված են, մեկ ամբողջություն ձեւավորած: Բեմակառույցի ոչ բարդ, սակայն լակոնիկ ընդգծումների կենտրոնում բեմադրիչն ու նկարիչըՙ Կարեն Գրիգորյանը, բազմեցրել են Ժիվկայի կարի մեքենանՙ աշխատանքի ու համեստ ապրուստի խորհրդանիշը: Ներկայացման սկզբում Ժիվկան այս կարի մեքենային հակված է, իր աշխատանքին տրված: Այս կարի մեքենան դառնում է ոչ միայն բեմական կոնստրուկցիայի, այլեւ գաղափարական խտացումների կենտրոնը, այն իր շուրջ է համախմբում բոլոր գործողությունները, այն նաեւ փառասիրության խորհրդանիշի է վերածվումՙ դառնալով շքեղ սեղան: Բեմավիճակներն էլ կառուցվել են այնպես, որ կարի մեքենա-սեղանն ամեն ինչ համախմբում է իր շուրջըՙ այսպես բոլորին յուրովի հիշեցնելով իր գոյության մասին, աշխարհի փոփոխականության մասին... Գործողությունները հիմնականում ծավալվում են այս առանցքի շուրջը, այն իր ներկայությամբ մերթ ճնշում է, մերթ անգամ տրամադրություններ հաղորդում: Վահե Շահվերդյանի այս բեմադրության մեջ չափազանց շատ են վառ թատերայնությամբ կառուցված տեսարաններն ու բեմավիճակները, դրությունները, որոնք բնավ էլ նպատակ չունեն տեղավորվելու կոմիկականի ավանդական կաղապարների մեջ: Բեմադրիչը կատակերգականը տեսնում է ոչ այնքան վիճակների, որքան համընդհանուր իրադրության, մարդկային փոխհարաբերությունների մեջՙ այսպես նաեւ ի ցույց դնելով կատակերգականի մասին իր պատկերացումները: Մանրակրկիտ, հետեւողականորեն բեմադրիչը մշակել է բոլոր հարաբերությունները, գործող անձանց միջեւ գոյավորված կոնֆլիկտները եւ այդ բոլորը ծառայեցրել իրականության եւ այդ նույն իրականության ալիքների մեջ հայտնված Ժիվկայի կերպարի ամբողջացմանը:

Ինչպես վերը նշեցինք, Բ. Նուշիչի այս պիեսը դիտարկվել է որպես մեկ դերասանուհու ներկայացման գրական նյութ, քանզի բոլոր բեմադրիչներն իրենց բեմական ստեղծագործությունենրում Ժիվկային են տեսել առանցք եւ ամեն ինչ հպատակեցրել այս գործող անձին: Վահե Շահվերդյանի բեմադրությունն այս առումով էապես տարբերվում է մեզ ծանոթ շատ աշխատանքներից, քանզի Շահվերդյանը ստեղծել է բարդ հանգույցներով պոլիֆոնիկ բեմադրություն, որտեղ ուշագրավորեն մշակված են բոլոր «գծերը», առանցքային բոլոր կերպարները ստացել են իրենց գնահատականները, իրենց դիրքավորումները: «Տիկին մինիստրուհին» բեմադրության կարեւոր առանձնահատկություններից մեկը հենց այս դիրքավորումների ուշագրավ-համակողմանի մատուցումն է, որն էլ օգնում է սեւեռվել ոչ միայն Ժիվկայի, այլեւ բոլոր մյուս գործող անձանցՙ այսպես ցույց տալով ժամանակի ու իրադարձությունների ինքնահատուկ անդրադարձները, այսպես խտացնելով ֆարսային իրավիճակը:

Վահե Շահվերդյանի բեմադրությունը սկսվում է խորհրդանշական մի տեսարանով, երբ բեմախորքում, կիսաստվերի մեջ ուրվագծվում են մարդկային կերպարանքներ, որոնք ակնդետ նայում են առաջՙ ինչ-որ սպասմամբ: Այս տեսարանը կրկնվում է բեմադրության ավարտին, երբ անհետանում են շքեղ կարասիները, ու նորից միագույն-միապաղաղ միջավայրն էՙ արդեն հիասթափված, կոտրված Ժիվկայով, որը դարձյալ իր կարի մեքենայի դիմաց է: Ուրեմն, այս յուրատեսակ բեմադրական շրջանակը կարելի է դիտարկել որպես երազի արտահայտություն, իբրեւ երեւակայության թռիչք ու խաղ, ինչն էլ արդարացնում է Վահե Շահվերդյանի առաջադրած բեմադրաձեւը, վառ արտահայտված գրոտեսկը, որը մղվում է դեպի ֆանտասմագորիա, դարձնում հիմնասկզբունք եւ գլխավոր արտահայտչաձեւ, իսկ ահա երազի «հնարքը» մեծացնում է պիեսի գաղափարական բովանդակությունըՙ նրան հաղորդելով այլասացության եւ զգուշացման երանգ: Բեմադրիչը որոշակի հատվածներում առաջնորդվում է հոգեբանական գրոտեսկի արտահայտչաձեւովՙ նրա միջոցով հիմնականում ներկայացնելով Ժիվկային: Այս առումով, բեմադրիչը մոտենում է կատակերգության գոգոլյան սկզբունքին, դիմում որոշակի միստիֆիկացումների, որոնք հատկապես արդարացվում են ամբոխ-քորոսի պատկերման պարագայում, որը նաեւ ընկալվում է որպես աղքատ ու բարոյալքված, նեղլիկ պահանջմունքներով ու նեղլիկ պատկերացումներով ապրող մարդկանց հավաքանի, հասարակության միավորյալ դիմանկար:

Ժամանակը փոխում է արդեն դասական դարձած կերպարների մասին պատկերացումները, ժամանակը պարտադրում է գնալ մշտական որոնումներիՙ փոխելու կամ հաստատելու հին ու նոր հայեցակարգերը: Ժամանակի գեղարվեստական պահանջով է առաջնորդվել նաեւ Վահե Շահվերդյանը եւ Ժիվկայի դերն առաջարկել Նարինե Ալեքսանյանին, մի դերասանուհու, որը նախապատվությունը տալիս է վառ արտահայտված բնութագրականությանը, դերակերպարների կենցաղային շերտերի ընդգծումներին: Արտաքուստ այն տպավորությունն էր, թե դերի եւ դերասանուհու «մերձեցումը» պիտի շատ դյուրին լիներ, մինչդեռ Վահե Շահվերդյանի մեկնաբանությամբ Ժիվկան որոշակիորեն հեռացված է բնագրային նախակերպարից, ինչն էլ գեղարվեստական եւ ստեղծագործական բարդ խնդիրներ է դրել դերասանուհու առջեւ, պարտադրել նրան իր կերպարի ընթացքը տեսնել միանգամայն այլ հեռանկարի մեջ: Բ. Նուշիչի հերոսուհին միանգամից ընդունում է առաջադրված խաղի կանոններն ու անճանաչելիորեն կերպարանափոխվումՙ դառնալով տիկին մինիստրուհի, իշխանություն, ազդեցություն, փառք ունեցող: Վահե Շահվերդյանի բեմադրության հերոսուհին տեւական ժամանակ տատամսումների մեջ է, երկու ես հառնում են իրար դիմաց եւ պայքարում: Համեստ կյանքով ապրած, դժվարությունները առօրյա դարձրած Ժիվկային կամենում է կլանել փառատենչության ձգտող Ժիվկան: Հենց այս յուրատեսակ գոտեմարտն էլ ընկած է Նարինե Ալեքսանյանի կերպավորման հիմքում: Կատարման առաջին հատվածում դերասանուհին երկվության գեղարվեստական արտացոլման խնդիրն է տանում դեպի հանգուցալուծումՙ այսպես ընդգծված-բազմաշերտ դարձնելով կերպարը, այսպես ստեղծելով ուրույն պերիպետիա, որը նա պիտի հաղթահարի: Եվ Նարինե Ալեքսանյանի հաջողությունն է երկվության գեղարվեստական ուրույն լուծումը, որին նա հասնում է զուսպ, ուշագրավ խաղովՙ ժխտելով ամեն մի ցայտուն եւ ընդգծված շեշտ, անգամ խույս տալով իրեն հատուկ թատերայնությունից: Բացառիկ կենտրոնացվածություն, ներքնաշերտի ընդգծում, որն էլ ձեւավորում է ուրույն թատերայնությունը, խաղային տարերքը: Կատարման ու մեկնաբանության այս սկզբունքը տանում է այն մտքին, որ Ժիվկա-Ալեքսանյանը չուզենալով է մտնում նոր դերի մեջՙ պատրաստ ամեն րոպե հրաժարվել, հեռանալ: Իսկ հետո արդեն նա ներգրավվում է իրեն մատուցված «երեւակայության տարերքի» մեջՙ արդեն իսկ վերածվելով դիրիժորի, նոր իրավիճակներ թելադրողի: Կատարման այս հատվածում փոքր-ինչ խախտվում է ներդաշնակ ընթացքը, դերասանուհին զարգացումները երբեմն չի հասցնում ավարտին, սակայն կատարման ավարտամասին նա վերագտնում է կերպարի ներդաշնակ զարգացման ընթացքը եւ հաջողությամբ եզրափակում իր ստեղծագործությունը: Կերպավորման ներքին ռիթմական նկարագիրը եւս տեղ-տեղ խաթարվում է, ինչը պայմանավորված է կերպարի մեկնաբանության բարդությունից:

Վահե Շահվերդյանի այս ներկայացումն առաջին հերթին ռեժիսորական է, քանզի անչափ շատ են բեմադրական ինքնատիպ գյուտերն ու հնարքները, ուշագրավ լուծումները: Սակայն այս ամենին զուգընթացՙ բեմադրիչը ձգտել է հասնել բարձր համախաղի, ավերել դերասանական կատարումների որոշ կարծրատիպեր եւ հաստատել խաղային ներդաշնակությունՙ այսպես հասնելով նաեւ ոճական յուրօրինակ հաստատումների: Վ. Շահվերդյանը բեմադրական կտավից դուրս է թողել որոշ կերպարներ, մասնավորաբար հրաժարվել է Սիմա Պոպովիչիՙ Ժիվկայի ամուսնու կերպարիցՙ այսպես շատ ավելի դիտարժան դարձնելով իր բեմադրությունը, ամեն ինչ կառուցելով որպես պատմություն Ժիվկայի մասին եւ նրա «գլխավորությամբ»: Բեմադրիչը կարեւորել-ընդգծել է Նինկովիչի կերպարըՙ մի մարդու, որը ներկայանում է որպես արտաքին գործերի նախարարության քարտուղար: Վահե Շահվերդյանի մեկնաբանությամբ եւ դերասան Արմեն Մարգարյանի կատարմամբ գրեթե պայմանականության հասցված կերպար է, կերպար-խորհրդանիշ, որը ներկայացնում է իրականությունն ու իշխանությունը, այն բոլոր այլափոխված բարքերը, որոնք թափանցում են հասարակության մեջ, խախտում բարոյական հիմնասյուները: Ա. Մարգարյան-Նինկովիչը դառնում է խաղի արարողը, այն «միջանկյալ անձը», որը հայտնվելովՙ փոխում է ամեն ինչ, մտնում բոլորի կենցաղի ու կենսագրության մեջ, բոլորին տեղավորում իր ստեղծած պատմության մեջ: Հետաքրքրական է դերակատարումը, գունեղ, ակտիվ, արտաքին եւ ներքին պլաստիկական վճիռների մեկտեղմամբ: Որոշակի կապանքվածություն կա դերակատարման, երբեմն հեռացնում առաջադրվող ժանրի պահանջներից, սակայն սա էլ բնավ էլ չի խանգարել դերասանինՙ ստեղծելու տպավորվող եւ համախաղում իր ներկայությունը հաստատող կերպար: Համախաղի կարեւոր բաղադրիչներից է նաեւ Ագնեսա Շահնազարյանի Անկանՙ բեմադրության մեջ առավել կարեւորված, մոլիերյան սպասուհիների վարքագծով եւ չափազանց ակտիվ: Որքան էլ այս կերպարի ակտիվացումը ռեժիսորական մեղանչում համարենք, այնուհանդերձ բեմադրիչն ու դերասանուհին արդարացնում եւ հիմնավորում են:

«Տիկին մինիստրուհին» Հ. Պարոնյանի անվան թատրոնի կարեւոր ձեռքբերումներից մեկն է, մի բեմադրություն, որը զարմացնում է ե՛ւ ռեժիսորական, ե՛ւ բեմանկարչական աշխատանքներով, բեմադրության գեղարվեստական կերպարին համահունչ երաժշտական ձեւավորմամբ ու դերասանական համախաղի մշակվածությամբ եւ ավարտունությամբ: Իսկապես թատերաշրջանի լավագույն իրողություններից մեկը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 18-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ