RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 18-07-2014



Տեղադրվել է` 2014-07-17 21:52:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1252, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱՐԱԶԱՏ ԵՐԿՐԻ ՊԱՅԾԱՌ ՆԿԱՐԻՉԸ

Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1960-ականների տաղանդավոր սերնդի, նոր վերածնունդ հաստատած արվեստագետների վերջին ներկաներից Ռաֆայել Աթոյանը 83 տարեկան հասակում հրաժեշտ տվեց կյանքին: Երկու տասնամյակ ապրելով Ֆրեզնոյում` իր զավակների մոտ, նա քանիցս եկել է Հայրենիք, ցուցահանդեսներ ունեցել, ներդրում ունենալով, որն անկարող է բաժանված լինել իր արվեստի բուն էությունից, մայր երկրի հանդեպ իր նվիրվածությունից: Եվ նույնիսկ հիվանդ վիճակում հայտնել է. «Եթե ավարտվի կյանքս, անպայման դեռ կապված եմ մնալու իմ երկրին»:

Հայրենի երկիրը, բնությանը նվիրված ժողովրդի կյանքը Աթոյանի ստեղծագործությունների իմաստալի, երգող բովանդակությունն են: Ուշագրավ է նաեւ, որ «Մենավոր ընկուզենի» ֆիլմում հանդես գալով որպես գլխավոր դերակատար, իրեն զգացել է երջանիկ` անվերջ շփվելով իր հոգուն արձագանքող բնաշխարհի նորատես վայրերին:

Ռաֆայել Աթոյանի արվեստը ճանաչվել ու գնահատվել է տեսանելի գեղեցկությունների ինքնօրինակ պատկերումներով: Իր գրություններում նա նշել է. «Մարդն ապրում է իրական աշխարհում, ուրեմն արվեստը, որը կոչված է կենդանացնելու աշխարհն ու մարդուն, իմ կարծիքով նույնպես պետք է լինի իրական: Ես անտարբեր եմ իմ նկարչական աշխարհի վերաբերյալ հնչող արդիական «իզմ»-երի, նաեւ «սոցռեալիզմի» նկատմամբ:

Արտահայտվել եմ ոչ թե ճառերով, այլ իմ պաշտողական ապրումներով: Իմ նկարներում կա գյուղական պարզունակ կյանք, զգացմունք եւ տպավորություն, նաեւ բազում գույներ, որոնցով հարուստ է Շիրակը: Ես ինձ համարում եմ հայապաշտ նկարիչ: Ապրել եմ համեստ կյանքով` դառը մանկությունով, ծանր պատանեկությամբ, երիտասարդական ընդվզումներով, իսկ հայրենիքից հեռու` ծերանալով: Երջանիկ եմ, որ գոյատեւել եմ առանց իմ մարդկային բարեսիրտ էությանս դավաճանելու, միշտ մնալով «Աթո»:

Մինաս Ավետիսյանն իր սիրելի ընկերոջն անդրադառնալով ասել է. «Աթոն գիտի ինչ է անում, ազնիվ է, վստահ ու դանդաղ է քայլում, նա մեր Սեզանն է»:

Բնատուր տաղանդին սրտակցված Աթոյանն իր տասնյակ ցուցահանդեսներում` խորհրդային, եվրոպական եւ ամերիկյան քաղաքներում ներկայացել է սեփական լեզվով ու հայրենապաշտ ոգով: Բնավորությամբ իր արվեստին կոչված` նրա հավատի հիմքը իրականության գունային նրբազգացումը չէր միայն, այլ իրականության միջեւ եղած հարազատ կապը` սիրո խորությունը, ջինջ ու պայծառ հիշատակները:

«Մանկությունս հիշելիս, սիրտս դառնում է գինով...»: Ամեն անգամ այս հույզով է համակվել արվեստագետը նկարակալի առջեւ: Հայրենի գյուղի` Ղազարապատի հրաշք խնոցին, լեռնային ջրահոսքերը, ինչպես եւ Լենինականի փողոցների ու բակերի առօրյան հաստատում է դարձել իբրեւ ստեղծագործական ուխտ:

Աթոյանական աշխարհը նույն ոգով ներկայացվել է նաեւ որմնանկարներում, որոնց մեջ նույնպես բնորոշ է զգացմունքի արդիականությունը: Հարազատ տունն ու հողը, ծառն ու ծաղիկը, քարն ու ջուրը նա մարդկայնացրել է, դիտողին առինքնող, կենսախինդ, բանաստեղծական հույզերով, խորհրդավոր գրավչությամբ:

Արվեստագետի վերջին, նաեւ Ամերիկայում վրձնած հայկական տեսարանները, որոնք վերջերս ցուցադրվեցին Երեւանում, վկայող դարձան նրա ստեղծագործման աճի ու նորածին հայտնաբերումների: Պեյզաժների, նաեւ նատյուրմորտների տարածքը ողողելով վերեւից իջնող լույսով, ուր առարկաները շողում են հակինթների նման: Աթոյանը նորովի է հաստատել իր հարազատ աշխարհը: Կախարդիչ, կենսական ուժ պարփակող իր նկարների մթնոլորտը բացահայտում է հայրենի երկրի հանդեպ իր անհուն սերը:

Աթոյան վարպետը եղել է ու շարունակելու է մնալ իր ազնիվ զգացումների հավատարմատար, ազգային ավանդներից բխող լեզվաոճի ինքնության ու ներապրումների անկեղծության ուսանելի աղբյուր:

Նկար 2. «Կոմիտաս», 1981թ.

Նկար 3. «Անթառամ ծաղիկներ», 1978թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 18-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ