RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ

Զանազան կենդանիների խմբերը նշելու համար հայերենն ունի բազմաթիվ բառեր: Ընդ որում, շատ հաճախ, այդ բառերի նշանակած իմաստների սահմաններն այնքան էլ հստակ չեն: Օրինակ, վտառ նշանակել է ընդհանրապես անասունների խումբ, այժմՙ գերազանցապես վերաբերում է ձկներին:

Սկսենք թռչունների խումբ նշանակող բառերից: Գիտենք, որ թռչունների խումբն ընդհանրապես կոչվում է երամ : Բայց անվանումները զանազանվել են նաեւ ըստ տեսակների. օրինակ, աղավնաբույլ ՙ «աղավնիների խումբ», խորդապար «կռունկների խումբ»: Թռչունների խումբ է նշանակել նաեւ տարմ բառը: Ուշագրավ է, որ այս տարմ բառից են նաեւ տորմ -ը, տորմիղ -ը, որոնցից էլՙ նավատորմ, նավատորմիղ , այսինքնՙ նավերի խումբ: Նոր բառեր են կերտվում հայերենում այս արմատովՙ օդատորմ, օդատորմիղ ( ավիացիա բառի փոխարեն):

Թռչող միջատների խումբը անվանում ենք պարս. մեղվապարս, ճանճերի պարս, մոծակների պարս եւ այլն: Հետաքրքրական է, որ պարս բառի արմատը պար -ն է, որ նախապես նշանակել է «շուրջ, շրջան»: Հետո իմաստն ընդլայնվել է եւ նշանակել է «խումբ, հավաքույթ, աստղերի հույլը եւ նրանց ուղեծիրը»: Մեղվախումբը եւս կոչվել է պարս , որից էլ տարածվել է մյուս միջատների վրա:

Ջրում ապրող կենդանիների խումբն անվանում ենք վտառ , հատկապեսՙ ձկների վտառ : Ասվում է նաեւ օձերի վտառ , նույնիսկՙ օձերամ : Ուշագրավ մի փաստ. վտառ է կոչվում նաեւ մարմնի անցքերի խումբըՙ աչքերը, ականջները, ռունգները, բերանը, ստինքները, պորտը, միզուկը, սրբանը (ընդամենըՙ 12 անցք):

Քանի որ մարդը հիմնականում ցամաքային կենդանի է, ապա, բնականաբար, ցամաքում ապրող կենդանիների խմբերի անվանումներն ավելի բազմազան են: Չորքոտանի, խոշոր եղջերավոր անասունների խումբը մարդն անվանում է նախիր . թեեւ անարգաբար նախիր է անվանում նաեւ մարդկանց որոշակի խմբին: Խոզերի խումբն անվանում է բոլուկ կամ խոզերամակ : Նախիր բառի հոմանիշներից է նաեւ անդյա բառը, որը նշանակում է նաեւ «խոշոր եղջերավոր անասուն»:

Աղվեսների խումբը կոչվում է ճահուկ , չնայած այս բառը գործածվել է նաեւ մարդկանց որոշակի խումբ նշելու համար:

Ոչխարների, այծերի, ուլերի խումբը կոչվում է հոտ (դասական ուղղագրությամբՙ հօտ , որով տարբերվել է հոտ «բուրմունք» բառից): Նույնն է դասական ուղղագրությամբ գրված հօրան բառը, որով տարբերվել է հորան «հանքահոր» բառից:

Ոչխարի հոտ է նաեւ խաշն -ը կամ խաշինք -ը, որից ունենք խաշնարած «հովիվ» բառը: Բնականաբար, ոչխարի համար ամենաշատ բառերը պետք է ունենայինք, որոնցից մեկն էլ օդի բառն է, հոգնակինՙ օդիք, որ դարձյալ նշանակում է «ոչխարների խումբ»: Գեղեցիկ բառ է օդենի բառը, որ նշանակում է «ոչխարի մորթուց պատրաստված»:

Ձիերի խմբին ասում ենք երամակ : Կան երամվազ «սմբակավոր կենդանիների խումբ», ուղտերամակ, փղերամ բառերը:

Հետաքրքրական բառ է ջոլիր -ը, որը դարձյալ «կենդանիների խումբ» է նշանակում, ընդ որումՙ նաեւ մարդկանց: Դրանից է ջոլորել բառը, որ նշանակում է «հավաքվել, խմբվել, իրար միանալ»:

Գիշատիչների խմբի համար ունենք ոհմակ բառը, որը գրաբարում գրվել է վոհմակ : Հիմնականում նշանակում է «գայլերի, շների խումբ»: Թեպետ լինում են նաեւ մարդկային ոհմակներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ