RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ

ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականներիՙ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է ան- ժխտական մասնիկից եւ ահիտա ՙ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է ան- ժխտականով ահ բառից, այսինքնՙ «անվախ, արի»:

Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ անունը, որը եւս համարվում է զգոնության, արիության, բեղմնավորության եւ նյութական առատության դիցուհի:

Անահիտ անունը բխեցնում են նաեւ հնդկերեն անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ, եռք»:

Նշանակել է նաեւ Արուսյակ մոլորակը, փոխառել են հույներըՙ Անաիտիս (համապատասխանում է նրանց Արտեմիսին), արաբներըՙ Անըհիդ, հռոմեացիներըՙ Դիանա:

Մեր մեջ հին ժամանակներում հատուկ էր միայն աստվածուհուն, իսկ վերջին շրջանում դարձավ սովորական իգական անուն, եւ մեր գեղեցկագույն անուններից մեկն է համարվում:

Անահիտը հայոց գերագույն աստծուՙ Արամազդի դուստրն է, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Նրա մասին Տրդատ թագավորը, երբ դեռեւս քրիստոնյա չէր, Գրիգոր Լուսավորչին ասում էր, որ նա Անահիտ մեծն տիկինն է, մեր ազգի փառքը եւ կեցուցիչը, բոլոր թագավորներն են նրան պատվում, նա է մայրը ամենայն զգաստությունների, բոլոր մարդկանց բարերարը, Մեծն Անահիտն է, որով կա եւ գոյություն ունի Հայոց երկիրը:

Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից եւ սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ որոշ դիցագետներիՙ տարբեր ժողովուրդների մեջ տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն է:

Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որի համար էլ գավառը կոչվել է Անահտական: Քրիստոնեության տարածման շրջանում ավերվել են Անահիտի տաճարները: Նավասարդ ամսվա 15-ի մեծ տոնական օրը ուխտավորները, Անահիտի կուռքը վերցնելով, թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը: Աշխարհիկ հանդիսություններ ու պարեր էին կատարվում, կերուխումից հետո լինում էին հեթանոսական անկարգություններ: Եվ, ըստ Ստրաբոնի, ազնվականները մինչեւ իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի պաշտամունքասերներինՙ սա համարելով սրբազան արարողություն:

«Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է: Բայց չենք կարող զանց առնել Ս. գրքի նշանավոր հիշատակությունըՙ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, որ Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, եւ ամբողջ քաղաքը ոտքի ելավ: Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց, ասելով. «Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքնՙ մեհենազարդՙ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա եւ տիեզերք պաշտեն»: Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը», - Անահիտի մասին իր գրվածքն այսպես է ավարտում Ղեւոնդ Ալիշանը:

Ներկայացնեմ մի ակրոստիքոս, որ նվիրել եմ Անահիտին:

Ամեն գիշեր տեսլաժամին խորհրդավոր ու սիրով

Նայում է քեզ քո ծննդյան աստղը հեռու երկնքից,

Առկայծում է գորով ու խինդ, ու քո ամեն ժպիտից

Հազար տարով երկարում է կյանքը նրա հեռավոր ...

Ինչքան կարոտ ունի իր մեջՙ լույսի ճիչով քեզ պարզում,

Տառապում է կրակի մեջ, փոթորկվում է հրածին,

Իջնում է ցած լույսի միջով ու աչքերդ համբուրում,

Նորից ելնում դեպի երկինքՙ թրթռում է քո շնչից ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ