ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

6

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտասահմանյան այցելությունների ու օտարերկրյա գործընկերների հետ վերջինիս հանդիպումների, ինչպես նաեւ ԻԻՀ արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող կարեւոր անցուդարձերի մասին Իրանի ԱԳ նախարարության տարեկան ամփոփիչ հաշվետվությանը ծանոթանալու համար դեռ ժամանակ կա: Այն հավանաբար կհրապարակվի իրանական օրացույցով 1400 թվականի տարեվերջինՙ 2022 թ. մարտի 21-ից հետո: Սակայն, հաշվի առնելով մեր նորացված օրացույցի պահանջն ու տարին ամփոփելու մեզանում ձեւավորված ավանդույթը, առաջ անցնելով իրանցիներից, հիմք ընդունելով հանրային լրատվության հաղորդած տեղեկատվական ու վերլուծական նյութերը, կփորձենք ներկայացնել հարեւան Իրանի արտաքին քաղաքական ուղղություններում ձեռնարկված կարեւորագույն քայլերի մասին մեր ամփոփ պատկերացումները, առավելապես կենտրոնանալով Էբրահիմ Ռայիսիի պաշտոնավարման կես տարվա ընթացքում տեղի ունեցած արտասահմանյան այցելությունների վրա, որի օգնությամբ էլ կարելի է պատկերացում կազմել Իրանի նորընտիր նախագահի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Թեեւ Էբրահիմ Ռայիսին երդմնակալության արարողության ժամանակ առանձնացրել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու կրկնել տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես հարեւան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու Իրանի հայտնի կոնցեպտը, սակայն, ԻԻՀ նախագահը բնավ էլ մտադրություն չունի (եւ իրավասու էլ չէ) վերանայման ենթարկել երկրի արտաքին քաղաքական կուրսը: Արտաքին քաղաքական ուղղությամբ զբաղվող նրա նորակազմ կառավարության ակտիվացումն ընդամենը կարող է հանգեցնել արտաքին քաղաքականության իրականացման մեթոդաբանության վերանայմանը, քանի որ 1979 թվականին ընդունված Իրանի սահմանադրությունն արդեն իսկ սահմանել է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններն ու արտաքին գերատեսչության անելիքները:

Իրանի նախագահի առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ 2021 թվականի սեպտեմբերի 16-ինՙ Տաջիկստանի նախագահ Իմոմալի Ռահմոնի հրավերով, որի համար որպես առիթ էր ծառայել Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Իրանի անդամակցության հարցը, ինչը Թեհրանի համար առիթ էր խորհելու արտաքին քաղաքականության հայեցակարգի որոշ ուղղությունների ու մեթոդաբանական մոտեցումների վերնայման անհրաժեշտության մասին: (Հետաքրքրական զուգադիպությամբ, Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի առաջին արտասահմնայան այցը նույնպես եղել է ՇՀԿ-ի գագաթաժողովին մասնակցելու առիթը, որը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Բիշքեկ քաղաքում):

Ըստ ամենայնի, տվյալ այցելության ընթացքում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության հիմքում դրվելու էր նոր գործընկերների հետ համագործակցության խնդիրը, որը պայմանավորված էր Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությամբ:

Դուշամբե այցելելով, Էբրահիմ Ռայիսին նաեւ իր առջեւ երկկողմ հարաբերությունների հստակեցման խնդիր էր դրել: Տաջիկստանի հետ Իրանի հարաբերությունների լարվածությունն սկիզբ էր առել այն բանից հետո, երբ 2015 թվականին Իրանը «Իսլամական Միասնականություն» նշանաբանով թեհրանյան կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկել Տաջիկստանի «Իսլամական շարժում» կուսակցության առաջնորդին, որը միջոցառումից ընդամենը մի քանի ամիս առաջ մեղադրվել էր երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ:

Այսօր, հակառակ նախկինում եղած տարաձայնությունների, Թեհրանն ու Դուշամբեն կարծես որոշում են կայացրել իրենց հարաբերությունները կառուցել ոչ գաղափարական հենքի վրա: Դրա մասին է վկայում 2020 թվականի ապրիլին պաշտպանական ոլորտում համագործակցոթյան մասին համաձայնագրի ստորագրումը երկու երկրների կողմից: Բնականաբար, Իրանը ձգտում է նոր գործընկերների միջոցով թեթեւացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառած հետեւանքների բեռը, իսկ ցամաքի մեջ պարփակված Տաջիկստանն էլ ցանկանում է Իրանի օգնությամբ հասու դառնալ ազատ ծովային ուղիներին:

Այցելությունը Դուշամբե Էբրահիմ Ռայիսիին հնարավորություն տվեց նաեւ երկկողմ հանդիպումներ անցկացնել ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների, այդ թվում Ղազախստանի նախագահ Ջոմարթ Տոկաեւի հետ, եւ ընդգծել Իրանի ու Ղազախստանի միջեւ Կասպյան ավազանում ու կրոնադավանական հարցերում ունեցած ընդհանրությունները:

Այնուամենայնիվ, Դուշամբեի գագաթաժողովին Ռայիսիի մասնակցությունը չի համարվում որպես Իրանի նորընտիր նախագահի արտասահմանյան առաջին պաշտոնական այցելություն: Ոչ էլ նոյեմբերի 28-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով Աշխաբադում անցկացված ԷԿՕ-ի 15-րդ գագաթաժողովին մասնակցելու առիթը կարելի է դիտարկել որպես Իրանի նախագահի երկկողմ շրջանակներում տեղի ունեցած պաշտոնական այց:

Իրանի նախագահի երկկողմ ձեւաչափով առաջին արտասահմանյան այցը, որը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի կեսերին, տեղի կունենա ՌԴ նախագահ Պուտինի հրավերով:

Ռայիսիի մոսկովյան այցելությունը կարելի է աննախադեպ համարել, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության գոյության 43 տարիների ընթացքում Իրանի նախագահի արտասահմանյան այցելությունների ժամանակացույցում, որպես առաջին արտասահմայնան այց, գրանցվելու է ռուսաստանյան այցը :

Համեմատության համար նշենք, որ Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստան էր այցելել միայն իր նախագահության առաջին շրջանի ավարտինՙ 2017 թվականի մարտի 24-ին: Իսկ Իրանի էքսնախագահ Ահմադինեժադը պաշտոնավարման երկու շրջաններում էլ իր արտասահմանյան այցելություններն սկսել է ԱՄՆ-ից: Եւ նրա ռուսաստանյան այցելությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 1-ինՙ գազ արտահանող երկրների (GECF) գագաթաժողովին մասնակցելու առիթովՙ պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ, որն զբաղեցրել է նրա արտասահմանյան այցելությունների ժամանակացույցի 118-րդ տեղը:

Իսկ 1997-2005 թթ. պաշտոնավարած բարեփոխական նախագահ Խաթամիի միակ այցելությունը Ռուսաստան տեղի է ունեցել Եկատերինբուրգում անցկացված ՇՀԿ-ի գագաթաժողովին մասնակցելու առիթով, դարձյալ երկկողմ այցելությունների շրջանակից դուրս:

Անկախ երկկողմ հարաբերությունների մասին ներկայացվող դիվանագիտական հաճոյաբանություններից, Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա նախատեսվող այցելության ընթացքում Թեհրանն ու Մոսկվան հնարավորություն կունենան նոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում որոշակի ճշգրտումներ մտցնել երկկողմ հարաբերություններում եւ հստակեցնել իրենց անելիքները տարբեր գործընկերների հետ: Մոսկովյան բանակցությունների կարեւորագույն թեմաներից կարող է լինել նաեւ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշման հստակեցումը, որի կապակցությամբ 2021 թվականի ապրիլին, ԻԻՀ նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ձայնագրությունների գաղտնազերծումը թյուրընկալումների տեղիք էր տվել: Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի գաղտի ձայնագրությունների հրապարակումից հետո, միջազգային հանրությունն Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի շուրթերից լսել է, որ Ռուսաստանի մոտեցումները ՀԳՀԾ-ի վերաբերյալ պատեհապաշտական են եղել:

Զարիֆի խոսքերով, սկզբնական շրջանում ռուսները համոզված չէին, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, եւ միայն քննարկումների ավարտական փուլին, նկատելով բանակցությունների դրական ընթացքը, Ֆրանսիայի հետ հանդես եկան նոր առաջարկովՙ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ միջուկային գործունեության համար ՄԱԿ-ի ԱԽ-ի արտոնագիրն ստանալու պարտադիր պայմանով: Դա նշանակում էր, որ ՀԱԳՁ-ի ժամկետը երկարաձգելու համար Իրանը վեցամսյա պարբերականությամբ պետք է բանակցեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական եւ 10 ոչ մշտական անդամների հետ :

Այնուամենայնիվ, փոխվստահության բացակայության պայմաններում անգամ Իրանն ու Ռուսաստանը կարողանում են փոխադարձ շահերի հիման վրա կառուցել հարաբերվելու յուրօրինակ մոդել, ինչը դարձել է երկկողմ հարաբերությունների առաջընթացի շարժիչ ուժ:

Էբրահիմ Ռայիսիի նախագահության օրոք Իրանը չի մոռանում, երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս, դրանք ներկայացնել որպես ռազմավարական, իսկ երկկողմ հարաբերությունների ջերմության աստիճանն ընդգծելիսՙ հիշել նորընտիր նախագահի երդման արարողությանը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի մասնակցության ու նոր կառավարության կազմում արտգործնախարար Ամիր-Աբդոլլահիանի նշանակմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջինն արձագանքելու փաստերի մասին :

Այցի կարեւորությունն ընդգծելու համար նշենք միայն, որ Ռայիսի-Պուտին հանդիպման ժամանակ նախատեսվում է ստորագրել երկկողմ հարաբերությունները կանոնակարգող համապարփակ փաստաթուղթ, որը ծառայելու է որպես առաջիկա 20 տարիների համար համագործակցության ճանապարհային քարտեզ: