«ԹՌՉԵԼ ԵՐԱԶՈՂ ՏՂԱՆ»

2

«Եթե մուլտերում կարող էին հերոսները անձրեւանոցով թռչել, ես էլ կարող էի, չէ՞». ահա, այսպես էր իր մանկական քայլը բացատրում փոքր տարիքում անձրեւանոցով թչելու փորձ կատարած անմահ հերոսըՙ Վահեն, որը Հոկտեմբերի 29-ին կդառնար 20 տարեկան:

Վահեն Ապարանից էրՙ ծնվել, մեծացել եւ հասակ էր առել Ապարանից ոչ հեռու Վարդենիս գյուղում, հերոսի ընտանիքում: Հայրըՙ Ներսես Աղաբաբյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, որտեղ էլ նրան կնքել են Ռեմբո մականվամբ, Արցախյան երկրորդ պատերազմին եւս մեկնել է ռազմի դաշտՙ որդուն միայնակ չթողնելու համար, վերջինս էլ իր կյանքն է տվել հանուն հայրենիքի:

Գյուղում իր հասակակիցներից ամենաբարձրահասակն ու թիկնեղն էր Վահեն, բայց եւ ամենաերազկոտն ու մաքրահոգի երիտասարդը, որը թերեւս հավատում էր հեքիաթային հրաշքներին ու մարդկային բարությանը: Փոքրուց սիրել է մուլտֆիլմեր, որոնցից սկավառակներից հավաքել է մի ողջ ալբոմ: Դպրոցում լավ է սովորել, եղել է պարտաճանաչ ու հարգալից իր ուսուցիչների նկատմամբ: Վահեի երազանքն էրՙ ծրագրավորող դառնալ. մինչեւ բանակ մեկնելը Պոլիտեխնիկական համալսարանում քննություն էր հանձնել եւ ընդունվել:

«Ընկերներական շղթայում միշտ եղել է անկեղծ ու պարզ օղակը, առանց որի շղթան հիմա ամուր եւ լիարժեք չէ» , — ասում են ընկերները:

Ընկերներից Վարսիկը հիշում ու բնութագրում է.

«Վահեն երբեւէ ճանաչածս ազնվագույն մարդն էր: Մենք միասին ենք ստեղծել մեր մանկությունը: Վահեն մեր մանկությունն էր, իսկ այժմ մեզ առաջ տանող ճանապարհը: Գիտեմ, որ ճանապարհիս վերջում կգրկեմ նրան եւ շնորհակալություն կհայտնեմ…» :

Բանակում օրինակելի եւ կարգապահ զինվոր էր մեր հերոսը: Մեկ տարին դեռ չէր լրացել, որ զորակոչվել էր եւ սկսվեց արցախյան 2-րդ պատերազմը: Հոկտեմբերի 5-ին իր ընկերների հետ միացել է Ջրականի մարտերին, որտեղ էլ վիրավորվել եւ հոկտեմբերի 13-ին բռնել հավերժության ճանապարհը:

Հերոսի վերջին խոսքերն են եղել.

« Լավանամ, հասնեմ տղերքին… »

Վահեն հայրենիքը կյանքից բարձր դասելովՙ նահատակվեց հանուն հայ ազգի, հանուն անկախ հայրենիքիՙ դասվելով անմահների շարքին:

Շնորհավոր երկնային 20 ամյակդ, հերոս…

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ-ի Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի