ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՈՒ ՄԱՀԵՐԻ ՇՈՒՐՋ

1

Ամենայն անկեղծությամբ նշում եմ, որ սույն թեման որոշակիից մինչեւ զգալի դժվարությամբ է կազմավորվել կյանքի բազում տասնայակներ ապրած ակտիվ լրագրությամբ զբաղվող քաղաքացուս մոտ: Լուսաբանելու ի՞նչ կա այստեղ, քանզի ծնունդն ու մահը հաջորդում են միմյանց, անակնկալներով լցնում մարդ արարածի առօրյան ու միջավայրը: Բայց… արի ու տես, որ ընթացող կորոնավիրուսային այս վարակը եկավ հիմնավորելու, որ մարդկային հարաբերություններում այսպես կոչված փակ թեմաներ չկան, անգամ մահ կոչվող երեւույթի պարագայում: Ասվածի հաստատումն է առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենօրյա հաղորդագրությունը Երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունում արձանագրվող այս յուրօրինակ արհավիրքի ընթացքի շուրջ, որի ավարտը որեւէ ձեւով չի նշմարվում: Եվ հարցը` թե ինչպիսին է եղել խնդիրը մինչեւ սույն շրջանը, հնչում է ինքնաբերաբար: Հանրության որոշակի հատվածի հետաքրքրությունները մասամբ իսկ բավարարելու նպատակով հարկ եղավ որոշ տեղեկատվություն ուսումնասիրել, անգամ մահագիտության շուրջ հրապարակումներ ընթերցել, որոնց մանրամասնումը հանրային առումով ցանկալի չէ: Ի վերջո կանգ առանք ԱՄՆ-ում արդեն 150 տարի տպագրվող «Համաշխարհային փաստեր» ամենամյա տեղեկատուի ընտրության վրա, որտեղ ներկայացվող թվերն ու փաստերը տվյալ երկրների վիճակագրական ծառայությունների ամփոփագրերն են: Սկսենք աշխարհի 200-ից ավելի պետությունների շարքում ամենաշատ բնակչություն ունեցող Չինաստանի մարդաբանական թվերի հրապարակումից:

21-րդ դարասկզբին Չինաստանի բնակչությունը կազմում էր 1,273 մլն մարդ: Կանանց միջին տարիքը 70 էր, տղամարդկանցը` մոտ 74: Գրաճանաչ էր երկրի բնակչության 82 տոկոսը, յուրաքանչյուրի համար ստեղծվող համախառն ներքին արդյունքըՙ 3800 դոլար: 1000 բնակչի հաշվով ծնունդները 16-ն էր, մահերը` մոտ 7-ը: Պարզ թվաբանական գործողության արդյունքում ունենում ենք տարեկան մոտ 20 մլն ծնունդ ու 9 մլն մահ, բնական աճը` 11 մլն: Թե ինչ պատկեր էր մինչեւ նախակորոնավիրուսային շրջանը, խնդրեմ ծանոթացեք: Դարի 2-րդ տասնամյակի ավարտին Չինաստանի բնակչությունը 1.4 մլրդ էր, որոնք արդեն 4-ական տարի երկար էին ապրում` կանայք 74 տարի, տղամարդիկ` 78: Էապես փոխվել էին չինացիների կյանքի պայմանները, որտեղ գրաճանաչությունը համընդհանուր էր, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն քառապատկվել էր, հասել 17 հազար դոլարի: Պետության սահմանած ծնելիության որոշ սահմանափակումների արդյունքում 1000 բնակչի հաշվով ծնունդները 11,6 էր, մահերը` 8,2: Պարզ թվաբանական գործողությունների արդյունքում յուրաքանչյուր տարվա համար ստացվում է 16.5 մլն ծնունդ ու 11.5 մլն մահ, բնական աճը` 5 մլն չինացի: Եթե Չինաստանի տնտեսական հրաշքի մասին ոմանք սիրողական մոտեցումներ ունեն, գուցե այն զուգահեռեն նշված թվերի հետ, փորձեք յուրօրինակ բացահայտումներ անել:

Ինչ վիճակ է տարածաշրջանի երկրորդ գերտերություն Հնդկաստանում, ուր տնտեսական հրաշքի վերաբերյալ ապացույցներ առայժմ չկան: Դարասկզբին բնակչությունը 1 մլրդ էր, գրաճանաչ էր բնակչության 52 տոկոսը, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 1800 դոլար: Ցածր էր նաեւ կանանց ու տղամարդկանց միջին տարիքը` համապատասխանաբար 62 եւ 63.5 տարիներ: 1000 բնակչի հաշվով ծնունդները 24.2 էր, մահերը 8.7, տարեկան միջին աճը 15 մլն: Մոտ 20 տարիների այս աճի հաշվին Հնդկաստանի բնակչությունը հասնում է 1,3 մլրդ-ի, էապես ավելանում է կանանց ու տղամարդկանց միջին տարիքը` 68,4 եւ 71,2 տարի: Գրաճանաչությունը հասնում է 92 տոկոսի, նվազում են թե՛ ծնունդների, թե՛ մահվան ցուցանիշները` 18,2 եւ 7,3 1000 բնակչի հաշվով: Այս ցուցանիշների պահպանման պարագայում Հնդկաստանը մոտակա տարիներին բնակչության թվաքանակով կգերազանցի Չինաստանին: Այստեղ մտահոգ չեն, որ երկրի միջին քառակուսի կիլոմետրի վրա 450 մարդ է բնակվում, երբ Չինաստանում ցուցանիշը 150 մարդ է, ուր մինչ այսօր էլ ծնունդների սահմանափակման քաղաքականություն է տարվում:

Եվրոպայի մասին խոսելիս հաճախ է օգտագործվում ծեր արտահայտությունը, որը թերեւս երկակի իմաստ ունի` պատմական ու կենսաբանական առումներով: Վերջինիս պատկերը ներկայացնելու նպատակով ընտրեցինք երկու երկիր` Ավստրիան ու Շվեյցարիան: Զգում եմ ոմանց արձագանքը` ա~յ թե երկրներ եք ընտրել: Հեղինակիս կողմից նշեմ, որ այդ պետություններն եմ ընտրել, քանզի ՀՀ-ի պես ածխա-ջրածնային հարուստ ընդերք չունեն, նաեւ` դեպի բաց ջրեր նավահանգիստներ, Շվեյցարիայի պարագայում էլ խիտ բնակչություն: Բայց արի ու տես, որ դարասկզբի համեմատ երկու տասնամյակ անց թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կյանքի տեւողությունը մեծացել է: Երկու երկրներում կանանց միջին տարիքը 80 է, տղամարդկանցը 85, ՀՀ-ում` 72 եւ 79: Տարբեր միջոցառումներում ու ելույթների ընթացքում հաճախ են ընդհանրական կարծիքներ հնչեցվում, որ հանրության ծերացումը կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Վիճակագրությունը հաստատում է, որ երկու երկրներում էլ 1000 բնակչի հաշվով ծնունդները 10-ն են, ՀՀ-ում` 11,5: Շվեյցարիայում պակաս են մահերը` 8,5. ՀՀ-ում` 9.5: Ավստրիայում 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 59 հազար դոլար է, Շվեյցարիայում 71 հազար, ՀՀ-ում 4500 դոլար: Թե ինչո՞ւ է անջրպետն այսքան զգալի, ՀՀ տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի երեւելիների բացատրելիքն է, որն առայժմ արտահայտվում է անիմաստ ու անհասկանալի արդարացումների տեսքով. սակավահող երկիր ենք, ջրերը անբարյացակամ հարեւանների կողմն են հոսում, գյուղոլորտը ռիսկային է ու նման բաներ, երբ հարկ է մերն ուրիշ է-ի փոխարեն նաեւ համաշխարհային գործընթացներն ուսումնասիրել…

Թերեւս այս պարագայում ծնելիության ու մահվան հարցերն էլ այն անհանգստության տիրությում չեն հայտնվի, որում են մերօրյա Հայաստանում: Դրանք հանրային կյանքի բաղկացուցիչներ են, որտեղ գնահատականներ հնչեցնելու առումով անզոր է անգամ նորին մեծություն գիտական միտքը, ուր մնաց հայի ու հայկականության մեզ վերագրվող գործոնը:

Նկատենք, որ կորոնավիրուսային արհավիրքն անցած երկու տարում 5 մլն մահ է պատճառել, հիմնականում ավագ սերնդի եւ ուղեկցող հիվանդություններ ունեցող, իսկ մինչ այդ Երկիր մոլորակի մահերը յուրաքանչյուր տարի 50-60 մլն էին:

Հանգստություն հայաստանյան հանրությանը:

29.11.2021թ.