ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

1

Հայոց պատմության նորագույն շրջանի անբաժան մաս է կազմում տարբեր ասպարեզներում Հայրենիք-Սփյուռք բազմավեկտոր համագործակցությունը: Առանձնանում են հատկապես հոգեւոր, կրթամշակութային եւ գիտության ոլորտները: Դրա հերթական դրսեւորում էր 20212 թ. նոյեմբերի 26-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կազմակերպված Բեյրութի Հայկազյան եւ Երեւանի Մանկավարժական համալսարանների միջեւ կնքված համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը եւ «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 41-րդ հատորի շնորհանդեսը:

Միջոցառան վարող, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ողջունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի ներկայացուցիչներին, հանդեսի 41-րդ համարում տպագրված հեղինակներին ու հյուրերին եւ խնդրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմներում եւ վերջին օրերին զոհված հայ զինվորների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Այնուհետեւ ասաց, որ Մանկավարժական ու Հայկազյան համալսարանների միջեւ կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ ստորագրվելու է Համագործակցության հուշագիր: Այն ստորագրելու համար սեղանի մոտ հրավիրվեցին համալսարանների ղեկավարներըՙ ռեկտորի պաշտոնակատար, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը եւ վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոսթեանը :

Վերջիններս ստորագրեցին եւ փոխանակեցին հուշագրի մեկական օրինակները: Դրանից հետո հոբելյանական հատորը բավական բովանդակալից ներկայացրեցին Արծվի Բախչինյանը եւ Տիգրան Պետրոսյանցը:

Այնուհետեւ սրտի խոսք ասելու համար ամբիոնի մոտ հրավիրվեցին հատորի հոդվածագիրներ, դոկտոր պրոֆեսորներ Սուրեն Սարգսյանը, Վանիկ Վիրաբյանը, Գեւորգ Ստեփանյանը, ինչպես նաեւ Սուրեն Դանիելյանը, Լալիկ Խաչատրյանը, Խաչատուր Ստեփանյանը եւ այլք: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հանդեսի խմբագիր, դոկտոր Անդրանիկ Տաքեսյանը :

Բոլոր ելույթ ունեցողները կարեւորելով հանդեսի ազգաշահ գործունեությունըՙ բարձր գնահատեցին այն եւ հետագա հաջողություններ մաղթեցին: