«ՎԵՐՋԸ Ի՞ՆՉ Ա ԼԻՆԵԼՈՒ»

4

Սովորական, շարքային քաղաքացու ամենօրյա, ամենժամյա հարցըՙ «վերջը ի՞նչ ա լինելու», տալիս են բոլորՙ քիչ թե շատ հայտնի, երեւելի մարդկանց, երբեմն իսկապես պատասխան ստանալու ակնկալությամբ, երբեմնՙ հենց այնպես, առանց որեւէ ակնկալության, երբեմն էլՙ պարզապես իրավիճակի մտահոգիչ լինելը հաստատելու մղումով: Ոչ ոք չի ակնկալում համոզիչ, էլ ո՜ւր մնաց սպառիչ պատասխան: Պարզապես չկա այն. ուրիշներն են որոշում մեր երկրի ճակատագիրը, եւ այդ ուրիշները հաճախ լավ բան չեն որոշել մեզ համար, նույնիսկ եթե այդ ուրիշներից մեկը Ռուսաստանն է: Վկաՙ պատմությունը: Մեր երկիրը միշտ էլ կանգնել է, ֆրանսերեն դիվանագիտական արտահայտությամբՙ fait accomple-ների, կատարված փաստի առաջ: Հաճախՙ դառն, երբեմնՙ շա՛տ դառն:

Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից Ռուսաստանը գոհ էր մնացել, Ադրբեջանըՙ նույնպես: Գոհ էր մնացել նաեւ Հայաստանը, եթե հավատալու լինենք Նիկոլ Փաշինյանի խոսքին: Հարցնող լինիՙ դո՞ւ ինչու ես գոհ. սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն սկսելու արտոնություն ստացած լինելու համա՞ր, մի գործընթացՙ որը Ալիեւը ձեռնարկել է վաղուց, եւ փոխ առնելով մեր Արտաշես արքայիՙ «Սահման քաջացՙ զէնն իւրեանց» սկզբունքըՙ վերցրել է արդեն Գորիս-Կապան ճանապարհը եւ շուրջ 40 կմ մխրճվել մեր տարածքներից ներս: Միակողմանի սահմանազատումը, ավելի ճիշտՙ սահմանախլումը, սկսվել է վաղուց, մինչդեռ սահմանագծումը, հակառակՙ այսպես կոչված «աշխատանքային խմբերի» կազմությանը եւ ունեցած հանդիպումներին, շարունակվելու է անվերջ, հակառակ քպ-ականների հորթային հրճվանքի:

Հարցնող լինիՙ այդքան ե՞նք կուրացել, որ չենք տեսնում, որ սահմանազատում կոչվածը մեզ զատում, անջատում, հեռացնում է Արցախից, եւ գալու է այն օրը, եթե արդեն չի եկել, որ Լաչինով ոչ թե միջանցք, այլ դեպի Ստեփանակերտ մեզ մի կածան անգամ «շնորհելը» Բաքուն սակարկելու է Սյունիքով իրեն միջանցք զիջելու դիմաց:

Վերջը ի՞նչ ա լինելու:

Հարցի պատասխանը գուցե ադրբեջանցիք գիտեն, որ նոյեմբեր 26-ի եռակողմ հանդիպման ավարտին հայտարարեցին, որ միջանցքների հարցը լուծված է արդեն, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները պնդեն, թե Հայաստանը միջանցք չի տրամադրելու, այլՙ ընդամենը հաղորդակցման կամ ուղեւորաբեռնատեղափոխման ուղիներՙ իր գերիշխան վերահսկողության ներքո, որին որպես ապացույց շեփորում են սեփական անցակետ-մաքսակետ դնելու ծրագիրը: Ուրեմն կարելի է հարցը ուղղել իշխանականներին. ի՞նչ դժվար բան է տրամադրվող ուղին կամ ճանապարհը լայնահուն միջանցքի վերածելը, եթե մեր զինվորը չի պաշտպանելու դրա յուրաքանչյուր սանտիմետրը: Եվս մեկ հարցՙ ի՞նչ սահանազատում եւ առավել եւսՙ սահմանագծում, երբ հաստատված չէ խաղաղություն, տեւական խաղաղություն:

Այո, վերջը ի՞նչ է լինելու:

Ո՞ւմ հավատալ. մեր իշխանությա՞նը, որ միշտ ստում է, իսկ Բաքունՙ միշտ խաբում: Միգուցե ռուսների՞ն, որոնք առայժմ գոհ են, որ պաշտոնապես տակավին ոչ ոք հարց չի տալիս իրենց, թե տարածաշրջանում ու հատկապես Արցախում ի՞նչ գործ ունեն նրանց զորքերը, ո՞ր եւ ո՞ւմ խաղաղությունն են պահպանում, ի՞նչ հանգամանքով, երբ ըստ Ալիեւիՙ այլեւս գոյություն չունի Արցախի հարց:

Հավատա՞նք Շառլ Միշելին, ավելի շուտՙ Մինսկի խմբի եռանախագահներին, որոնց համար է, ըստ երեւույթին, Փաշինյանը պահել Արցախի հարցը, դատելով Սոչիի հանդիպման փաստաթղթից, որտեղ ոչինչ չկա այդ մասին: Առաջիկա դեկտեմբերի 15-ին ի՞նչ են անելու նրանք, ավելի կոնկրետՙ նրանցից երկուսըՙ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, արդյոք ընդունելո՞ւ են Պուտինի պատրաստած fait accompli-ն, թե՞ սողանցքներ են գտնելու Ստեփանակերտին մոտենալու, նկատի ունեմՙ կարգավիճակ-մարգավիճակ քննարկելու, ինչ-որ կերպ խցկվելու ռուսական խաղաղապահության բավիղներում եւ «վերջին խոսքի» իրավունք կորզելու, անշուշտՙ միշտ մեր հաշվին: Ու երեւակայել, որ ոմանք դեռ հույս ունեն շրջված տեսնելու մեր երկրի դժխեմ կացությունը:

Իսկապես, վերջը ի՞նչ ա լինելու:

Այնքան ժամանակ, քանի դեռ, 1988-ի օրինակով եւ համազգային տարողությամբ չենք միավորվել, չենք բանաձեւել մեր ազգային-պետական պահանջները, քանի դեռ սահմանում կանգնած մեր զինվորը, նորակոչիկ, պայմանագրային թե կամավոր, չգիտիՙ ինչո՞ւ է կանգնել սահմանին ու չգիտիՙ թշնամի զինվորին ու հրոսակին ի՞նչպես պիտի դիմավորի եւ ո՞ւր պիտի թաքցնի հրացանը, քանի դեռ ներկա ապիկար եւ գաղափարազուրկ իշխանությունը շարունակում է իշխանություն լինելու իմիտացիա ստեղծել եւ շատերի կողմից հանդուրժվել, ու քանի դեռ ընդդիմություն կոչվողները չգիտենՙ ինչը ինչից առաջ է եւ ինչու-ն ավելի կարեւոր է քան ինչպես-ը, ապա ոչ ոք չի կարող պատասխանել մեր շարքային քաղաքացուն եւ սփյուռքահայ մեր հայրենակցին:

Իսկապես, ի՞նչ ա լինելու վերջը: