ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆՙ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

1

Լույս է տեսել Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների անդամ, «Ազգ»-ի հեղինակներից Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» մենագրությունը 150 էջ ծավալով, 16 էջ գունավոր լուսանկարներով:Այն հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունքն է: Մենագրությունը իր բնույթով եզակի է, ունի գիտական արժեք:

Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ ու վերլուծություններ կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ: Գրքում տեղ է գտել նաեւ Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացվում են նաեւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները:

Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,ՀՀ ԳԱԱ Մ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը : Տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ եւ Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ: Գրախոսներ` տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյան եւ տ.գ.թ. Հայկ Մարկոսյան :

Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ գիտականորեն հիմնավորված ծրագիր` հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ,- առաջարկում է հեղինակը: Օրինակ, 72-րդ էջում Ս.Պապիկյանը առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն:

Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ բնագավառի մասնագետների համար: Տպաքանակլը` 100 օրինակ:

Հարկ է նշել, որ Արցախում մինչեւ 1920 թվականը շահագործվում էր 30 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Ցանկալի կլիներ, որպեսզի գիրքը սեղմագրի ձեւով հրատարակվեր նաեւ այլ լեզուներով: