RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2590, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի հարցը Իրան-Ադրբեջան օրակարգում

Բաքուն շտապում է Թեհրանի հետ իր խաթարված հարաբերությունները կարգավորելու համար դիմել առեւտրատնտեսական փոխգործակցության հնարքին: Այդ օպերացիան կյանքի կոչելու նպատակով Բաքուն օգտվեց Թուրքիայի հանրապետության ԱԳ նախարար Չավուշօղլուի Թեհրան այցելությանը հետեւած նպաստավոր քաղաքական մթնոլորտից, ինչպես նաեւ ԹՀ նախագահ Էրդողանիՙ Իլհամ Ալիեւին տված հավաստիացումներից:

Ըստ ir.sputniknews.com-ի, Թուրքիայի նախագահը հավաստիացրել է իր կրտսեր եղբորՙ Իլհամին, որ լարվածությունից խուսափելու նպատակով իրանական կողմին խորհուրդ է տվել խելամիտ վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ: Ըստ նույն աղբյուրի, Էրդողանն այդ թեմային անդրադարձել է Արցախ կատարած այցելությունից տուն վերադառնալիս:

Էրդողանը նաեւ պատասխանել է Ադրբեջան-Իսրայել ջերմ հարաբերությունների կապակցությամբ Թեհրանի մտահոգության առիթով լրագրողների հարցին, եւ ասել. «Ես այդ հարցը քննարկել եմ Իլհամ Ալիեւի հետ: Նա տվյալ խնդրի կապակցությամբ սկզբունքային դիրքորոշում ունի, բայց, ըստ ամենայնի, պատրաստ է զիջել իր դիրքերը»:

Այսպիսով, ադրբեջանցի պաշտոնյաների կաշկանդվածությունը վերացնելու նպատակով հարկ եղած միջոցառումներից հետո, նոյեմբերի 21-ին Թեհրան գործուղվեց Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաեւը , որն իր գլխավորած առեւտրատնտեսական պատվիրակության անդամների հետ միասին մասնակցեց ԻԻՀ ԱԳ, նավթի եւ ճանապարհաշինության նախարարների հետ ծրագրով նախատեսված բոլոր հանդիպումներին:

Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը , հավանաբար հիշելով ադրբեջանցի գործընկերների կաշկանդվածությունը վերացնելու Էրդողանի խնդրանքը, իր բարձրաստիճան հյուրի «սիրտը շահելու» համար, նախ շնորհավորել է Ադրբեջանի «գրավյալ» տարածքները հայերից «ազատագրելու» տարեդարձի եւ այդ կապակցությամբ հանրահռչակված «հաղթանակի օրվա» առիթով, եւ խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի բուռն ցանկության մասին, չմոռանալով նաեւ ընդգծել տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ Իրանի նախանձախնդիր վերաբերմունքն ու «ազատագրված» տարածքներում ծավալված շինարարական «բումին» իրանական ընկերությունների մասնակցության անհրաժեշտությունը:

Իսկ ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջին , ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանն իր էներգետիկ ռեսուրսներով հետարքրքրում է Ադրբեջանին, որից ելնելով էլ նախնական պայմանավորվածություն ունեն Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրվելիք գազային պայմանագրի, հարեւան երկրներից SUAP եղանակով Ադրբեջանին գազ մատակարարելու, Նախիջեւանի գազի պահանջարկն ապահովելու, ինչպես նաեւ Կասպիցի ավազանում նավթարդյունահանմանն ուղղված աշխատանքների ծավալները մեծացնելու շուրջ:

ԻԻՀ տրանսպորտի ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմին էլ, խոսելով տրանսպորտային խնդիրնեի մասին, ներկայացրել է հանդիպման ժամանակ քննարկված իր ոլորտին վերաբերող հարցերի շրջանակն ու անդրադարձել Աստրաչայ գետի վրա կառուցված կամուրջի հարեւանությամբ 100 մետրանոց նոր կամուրջի շինարարության, ինչպես նաեւ Ռեշտ-Աստարա երկաթուղային միջանցքի շուրջ քննարկումներին: Ըստ իրանցի նախարարի, քննարկվել են նաեւ Մեշհեդ-Նախիջեւան երկաթուղու վերագործարկման ու Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի հարցը Իրանի ու Ադրբեջանի աշխատանքային օրակարգում ներառելու անհրաժեշտության մասին:

Բաքվից Թեհրան ժամանած պատվիրակության մոտ «բոլոր հավկիթները ադրբեջանական զամբյուղում» խցկելու մենաշնորհի մասին սխալ պատկերացում չկազմելու համար, Իրանի տրանսպորտի ու քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարիուշ Ամանին էլ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Իրանի օրակարգում է նաեւ Հայաստանի տարածքով այլընտարնքային ճանապարհի շինարարության հարցը, որը թույլ կտա շրջանցել Ադրբեջանի Հանրապետությունը:

Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին է արտահայտվել նաեւ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն ու նշել. «Կողմերի իմաստության ու խելամտության շնորհիվ անցանկալի լարվածությունը հաղթահարելուց հետո, Իրանն ու Ադրբեջանը թեւակոխում են հարաբերությունների նոր շրջափուլ»:

Իրանի ու Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակով շփումների առիթ կարող է դառնալ նաեւ դեկտեմբերին Թուրքմենստանում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) գագաթաժողովը: Աշխաբադում Իրանի դեսպանն արդեն հաստատել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ՙ նշված միջոցառմանը մասնակցելու պատրաստակամության մասին: Գագաթաժողովին Իլհամ Ալիեւի մասնակցության դեպքում, հաշվի առնելով Բաքվի հետ լարվածությունը չխորացնելու Էրդողանի խնդրանքը, Իրանի նախագահը հավանաբար կընդունի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման առաջարկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ