RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2737, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՉԻՆ ՈՒ ԲՐՅՈՒՍԵԼԸ` ՇԱ՞ՆՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԶԼՄ-ներից մեկում տպագրվել է 44- օրյա պատերազմում Հայաստանի պարտության պատճառները գնահատելու Արա Պապյանի փորձը, որով նա առաջարկում է հասականալ, թե ինչ աշխարհաքաղաքական առուծախ է տեղի ունեցել տարածաշրջանային մակարդակով, որը հանգեցրել է Հայաստանի համար աղետալի արդյունքի. ուՊապյանն իր արգումենտները հասցեագրում է պայմանավորված պատերազմի ուղղությամբ:

Մի սենսացիոն տեղեկություն, որ նա ներկայացնում է, անշուշտ որպես փաստ ստուգվելու եւ իր «պատվավոր» տեղն ունենալուն կհավակնի գոնե Շուշիի անկման պատմության մեջ, որով, ըստ Պապյանիՙ հավանաբար տարբեր վկայություններից քաղած տեղեկությունների, ադրբեջանական ուժերը հասել են Շուշիի ծայրամասՙ օգտվելով լեռնային ճանապարհից, որը ծառերից նախօրոք մաքրվել էր (եւ Ադրբեջանի հետեւակի թեթեւ փոխադրամիջոցների համար դարձվել անցանելի) ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Կամո Աղաջանյանին պատկանող անտառահատման ընկերության կողմից: Կամո Աղաջանյանը հոր կողմից ադրբեջանցի է, ծնունդովՙ Կամո Քերիմով Աբգար օղլի: Մայրը հայ է, որի Աղաջանյան ազգանունն էլ նա վերցրել է դեռեւս 1992 թվականի պատերազմի ժամանակ:

Իհարկե, Արա Պապյանը ներկայացնում է որոշակի կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ (Ազգային ժողովրդավարական բեւեռ) եւ այդ իմաստով նրա վերլուծությունը կարող է կրել այդ կողմնորոշման ազդեցությունը, բայց անկախ դրանից ՙ պատերազմի պատճառները գնահատելու նրա փորձը այդպիսի գնահատականների բացակայության խոպանը փխրեցնելու քայլ կարելի է համարել: Ու շատ զարմանալի է, որ ակտիվ գործիչներն ու ուժերը քաղաքական շարժառիթներից զերծ որեւէ հանրային կառույց չեն ձեւավորել մինչեւ հիմա, որը, փաստական հիմք պարունակող վկայությունների հիման վրա, կհավաքի այդպիսի փորձագիտական գնահատականներ եւ ուսումնասիրություններՙ չտրվելով ո՛չ իշխանության, ո՛չ տարբեր քաղաքական շարժառիթներով մոտիվացված աղավաղումներին:

Որքան պատերազմից հեռանանք, ավելի է մեծանալու պատերազմի պատճառահետեւանքային կապը ճշգրտորեն վեր հանելու անհրաժեշտությունը, իսկ դրա հնարավորությունը փոքրանալու է, եթե նկատի առնենք, որ դրա համար կան մեծապես շահագրգռված կողմերՙ պատերազմում պարտված իշխանության, իշխանությունից դուրս պատերազմի տարբեր դրվագներում մեղավոր անձանց, տարածաշրջանային խաղացողների Հայաստանում առկա կամակատարներիՙ փաստերը, ապացույցները, վկայությունները ոչնչացնելու, վկայությունների հեղինակներին անվնաս դարձնելու հետեւողական ջանքերի պատճառով:

Հա, հասկանալի է, այդպիսի ապաքաղաքական կառույցի ստեղծումը մեծ աշխատանք, ֆինանս ու մարդուժ է պահանջելու, որի մեջ որեւէ քաղաքական ուժ շահագրգռված չէ, եթե դա իր քաղաքական նպատակներին եւ իշխանությանը հասնելու բաղձանքին չի ծառայեցնելու: Բայց հայերիս գլխավոր թերություններից մեկն էլ այդ էՙ պատմական փաստերն առանց քաղաքական շահախնդրության գնահատելու ու դրանցից հետեւություններ անելու անկարողություն, որն անվերջ բերում է նոր սխալների:

Այս նախաբանը հենց շատ հեշտ կարելի է բերել-կպցնել վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսին, որտեղ նա, ինչպես պատերազմից հետո բոլոր հրապարակային ելույթներում, իր գնահատականները տալիս էր ոչ թե ելնելով պետության համար օգտակարության եւ ճշմարտացիության ամենաբարձր նիշից, այլ իր ընդդիմախոսների գնահատականներին որպես պատասխան- արդարացում: Ու բնականաբարՙ պատերազմի ընթացքի, հայկական կողմի եւ անձամբ իր գործողությունների գնահատականները միշտ այդ սուբյեկտիվ համատեքստում են, ու ոչ թե օբյեկտիվ վերլուծության, որն այս դժվարին պահին հայերիս շատ է պետք:

Բոլոր դեպքերում նրա ասուլիսիՙ Ադրբեջանին ուղղված կոշտ որակումներով, հավաստիացումները, որ միջանցքային տրամաբանություն չկա, այլ ճանապարհների ապաշրջափակման մասին է խոսքը եւ Հայաստանի շահը հաշվի չառնող որեւէ թուղթ չի ստորագրվելու, մի փոքրիկ հույս են թողնում, որ միգուցե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի ուզած հանդիպման ժամանակ Հայաստանի անունից որեւէ փաստաթուղթ ստորագրելու իրավասությունը միայն իրեն վերագրող Փաշինյանը նոյեմբերի 26-ին չի անի այնպիսի քայլ, որով անդառնալի վնաս կհասցվի մեր պետական շահերին ու երկրի ինքնիշխանությանը (այդ հույսն, այո, ճկույթաչափ է, եթե հաշվի առնենք նոյեմբերիննյան հայտարարությունն ու դրա ստորագրման դեդեկտիվ պատմությունը, ինչպես նաեւ այն, որ նա ընդունելի է համարում սահմանազատման վերաբերյալ առաջարկները, հետն էլ խոսում է խորհրդային քարտեզներով միլիմետր առ միլիմետր մեր սահմաններն իմանալու մասին): Համենայնդեպսՙ այդպիսի հույսի տեղ են թողնում նրա մի շարք բարձրաձայնումներՙ Ադրբեջանի ագրեսոր լինելու, տարածաշրջանն այդ երկրի կողմից, ջունգլիների վերածելու եւ կամայական քայլերի, այդ թվումՙ Հայաստանի ինքնիշխան տարածք նրա ներխուժման անթույլտարելության մասին: Մյուս կողմից, նրա մի շարք այլ ու վիճելի մտքեր վկայում են, որ այսօր Սոչիում սահմանազատման հանձնաժողովը ստեղծվելու է, ավելինՙ կողմերը պատկերացում ունեն, թե ինչի շուրջ եւ ինչ քարտեզներով ղեկավարվելով է սկսելու աշխատել այդ հանձնաժողովը, թեկուզ անգամ այդ աշխատանքը տարիներ տեւի:

Իհարկե, պատերազմի (որպես պատերազմական գործողությունները ղեկավարողի) պարտության մեղքը երբեք ոչ մի բանով Փաշինյանից չի մաքրվի, բայց նոյեմբերի 26-ին Սոչիում եւ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումները մի վերջին շանս են նրա համարՙ Հայաստանի շահերը ճիշտ հունի մեջ դնելու եւ մեղմելու հանրությանՙ իրենից դժգոհ շերտերի անզիջումությունն իր անձի նկատմամբ: Եթե հակառակը տեղի ունենա եւ Հայաստանը, տրվելով մեծ ճնշումներինՙ նոր զիջողական խոստումներ տա, ու էլ ավելի վատՙ ինչ-որ նոր թուղթ ստորագրի այդպիսի զիջումներով, չհամարձակվելով այլընտրանքային առաջարկների կռվանով հակակշռել միակողմանի զիջումների պարտադրանքը, ապա Փաշինյանն իր քաղաքական կենսագրության վերջակետը կդնի, իսկ Հայաստանի համար կսկսվի շատ ավելի դժվարին ժամանակաշրջան:

Նրա ասուլիսի ողջ հակասականությունն էլ այն է, որ վստահություն չկա , թե ինչպես կպահի իրեն Փաշինյանը Սոչիում ու Բրյուսելում, երբ նա Թուրքիային ու Ադրբեջանին, այսինքնՙ Հայաստանի մեծ մասն ամեն օր իրենց տարբեր քարտեզներով Ադրբեջանի մաս ներկայացնող, արյունոտ սադրանքներ կազմակերպող նույնքան արյունոտ եղբայրներին հարցնում էՙ նրանք դեռ ուզո՞ւմ են ոչնչացնել, ցեղասպանել մեզՙ հայերիս, թե՞ ոչ: Ու, իբր, պատասխանից է կախվածՙ Թուրքիայի հետ հաղորդուղիները բացենք, թե ոչ:

Փաշինյանին առաջարկում ենք մտնել ուզած դպրոց եւ առաջին-երկրորդ դասարանցիներին տալ իր հարցը: Նրա ստացած միակ պատասխանը երեխեքի մակարդակով անգամ կլինի այն, որ, այո, թուրքերն ու ադրբեջանցիները միշտ եւ բոլոր ժամանակներում նպատակ ունեն ոչնչացնել հայերին ու Հայաստանը: Այնպես որ պետք չէ էդ հռետորական- միամիտ հարցերը տալ:

2010-ին «Հրանտ Դինք» հիմնադրամը լրագրողներիս տարել էր Թուրքիա, դա այն շրջանն էր, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում էր ֆուտբոլային դիվանագիտություն սկսել Թուրքիայի հետ: Լրագրողներս ծրագրով հանդիպեցինք տուրիզմի նախարարի թե փոխնախարրի հետՙ պաշտոնը ճշգրիտ չեմ հիշում: Եւ այդ պաշտոնյան, խոսելով Հայաստանի հետ ինչ-որ հարաբերության հնարավորության մասին պաշտոնապես ու անթաքույց նշեց մշտական նախապայմանըՙ դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը, նրան հարակից մեր ազատագրած տարածքները Ադրբեջանին վերադարձնելուց հետո: Եւ ընդգծեց, որ այս նախապայմանը երբեք չի փոխվի:

Դրանից հետո մենք պատերազմ ենք պարտվել, կամՙ միգուցեՙ այդ պարտությունը մեր համար կազմակերպվել է, ի՞նչ պատասխան է ուզում լսել արդյոք Փաշինյանը Էրդողանից , բացի նրանից, որ արյունոտ եղբայրներն ամեն օր ուզում են մեր սահմանին կրակել, նոր կտորներ պոկել Հայաստանից ու խժռել ողջ Արցախը, Սյունիքն էլՙ վրադիր: Էրդողանից ու Ալիեւից, որոնք Պուտինի դաշնակիցներն են: Նոյեմբերիննյան փաստաթղթից հետո, որով պիտի կանգնեինք այնտեղ,որտեղ էինք զինադադարի օրը, բայց տվեցին այդ կանգնած տեղից երկու անգամ ավելի տարածք, էլ ինչպես պիտի մարդ հավատա դատարկ խոսքերին:

Ու այսքանից հետո սպասել Սոչիում Պուտինի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, կամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ՙ Բրյուսելի հանդիպումից ինչ-որ դրական ազդակներՙ իրոք շատ, շա՛տ դժվար է սպասել, մանավանդՙ ոչ էլ խորքային առումով օրակարգը չգիտենք. միայն ենթադրություններ են, որ Սոչիում Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման կամ Արցախի հետ կապված խնդիրների մասին առարկայական խոսակցություն կամ պայմանավորվածություն է լինելու, իսկ Բրյուսելում, ինչպես Փաշինյանն էր ակնարկումՙ միայն հումանիտար հարցեր, քանի որ իմաստ չկա գործառույթները կրկնելու: Կամ ինչպես կրեմլյան հաղորդագրությունում է նշվածՙ Պուտինն ու Շառլ Միշելը հեռախոսազրույցով խոսել են Սոչիի օրակարգի մասինՙ երկու եռակողմ փաստաթղթերով նախատեսված քայլերի կատարման հարցերն են քննարկվելու միայն: Արդյոք այն մոտեցումները, որ Սոչիում են քննարկվելու, այսպես ասածՙ խաղաղության պայմանագիրը, ընդունելի՞ են գոնե Մինսկի խմբի համանախագահ երկու մյուս երկրների համար, սա՛ է խնդիրը:

Արդյոք մենք որեւէ շանս չունե՞նք օգտվելու եվրոպական այլընտրանքային առաջարկներիցՙ ՄԱԿ-ի շրջանակի մանդատով խաղաղապահների կամ Արցախի վերաբերյալ առաջարկները հակադրելով մինչեւ հիմա մեզ պարտադրվածին, գոնե բալանսի համար, թե՞ ԵՄ-ն այս ողջ պրոցեսում իրոք վերջնապահի ու հետ մնացողի դիրքում է:

Բրյուսելում միգուցե պետք է դրվի՞ այն վերջակետը, թե Հայաստանը ո՞րն է ընտրումՙ կնքե՞լ խաղաղության պայմանագիր եւ թույլ տալ այն, ինչ հիմա կաՙ ռուսական խաղաղապահներով, թուրք-ադրբեջանական պարտադրանքներով, ի վնաս Հայաստանի սահմանազատման հեռանկարով, թե՞ անսալ եւրոպացիներին եւ հայացքն ուղղել դեպի եվրոպական պայմանավորվածությունների ծիր:

Իհարկե, Հայաստանն այդպիսի շքեղություն չի կարող թույլ տալՙ հրաժարվել ռուսական խաղաղապահ աջակցությունից, իսկ կոմպրոմիսային լուծումներին մեծ խաղաղացողները չեն համաձայնի: Ստացվեց, որ այս երկու հանդիպումները ճակատագրական են: Ու որ Փաշինյանը երկար բացատրում էր, թե ոնց ռուս-հայ-ադրբեջանական հանդիպման օրը փոփոխվեց, զուգահեռՙ Ադրբեջանը ներխուժում էր կազմակերպում Հայաստանի տարածք, փաստորեն ենթատեքստը առավել քան սկզբունքային է. եկել է այն հարցին պատասխանելու ժամանակը, թե Հայաստանը ո՞ր ճանապարհն է ընտրում: Մանավանդՙ հայկական բանակը նոյեմբերի 16-ին կարողացել է հաջողությամբ հետ մղել ադրբեջանական ներխուժումը, սա ո՞նց կարելի է չօգտագործել ճնշումներին դիմակայելիս:

Հայաստանը որոշում է կայացնելու, իսկ խաղաղության պայմանագիրը, Աստված չանի, որ դա պարտադրվի, նշանակելու է դուրս գալ Մինսկի խմբից:

Իսկ եթե, ինչպես մի շարք փորձագետներ են նշում, Մոսկվայում ինչ- որ հռչակագրային թուղթ հրապարակվի, իսկ Բրյուսելում էլ ուղղակի խոսեն Մինսկի խմբի ակտիվացման, վերբեռնման մասին, ապա այս դեպքում Փաշինյանի ասուլիսի մի շարք վատ գաղտնիմաստներ հասկանալի կլինեն, մենք էլ դրանց կանդրադառնանք:

Առայժմ Հայաստանում սկիզբ է առել Դիմադրության շարժումՙ հակահայկական նոր փաստաթղթեր բացառելու, ինչպես նաեւ Փաշինյանին հեռացնելու պահանջով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ