RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-24 15:10:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 682, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ Ո՞Ր ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

Նիկոլ Փաշինյանի 2 ժամանոց ասուլիսը այդպես էլ հստակություն չմտցրեց, թե հատկապես ինչի մասին է խոսք գնալու նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպմանը, արդյոք ինչ-որ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է, ու դրանից հետո դեկտեմբերի 15-ին հատկապես ո՞ր հարցերի քննարկումն է կարեւոր լինելու Բրյուսելում: Նրա պատասխաններից ընդհանուր տպավորություն մնաց, որ Սոչիում ամենակարեւորի մասին է խոսք գնալու՝ Արցախի խնդրի եւ Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման առարկայացմամբ, իսկ Բրյուսելում՝ հումանիտար հարցերն են լինելու առաջնային: Այսինքն՝ ռուսական կողմը պահում է դեռ եվրոպացիներին մոտ չթողնելու եւ գլխավոր խնդիրները նախանշելու իր կարգավիճակը, այդպիսով գլխավոր թելադրողը մնալով:

Ընդհանրապես՝ ասուլիսը նույն տրամաբանության մեջ էր, ինչ պատերազմից հետո մշտապես առկա է ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում. Ընդդիմությունն ասում է՝ միջանցք է տալիս իշխանությունը, Սյունիքն այսպիսով հանձնելով, Արցախն են տալիս՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, Փաշինյանն ասում էր՝ ոչ մի միջանցք՝ ճանապարհ է, Հայաստանը պետք է ապաշրջափակվի, դա Հայաստանի շահից է բխում, ու թե՝ որ տվող լինեինք /միջանցք ու Արցախ/, պատերազմ չէր լինի, եւ այլն:

Հարցերն էլ որոշակի շրջանակում էին, ոչ ոք, օրինակ չէր հարցրել այն մասին, որ տարածաշրջանային գլոբալ տեղաշարժերն ի վերջո հարյուրամյա պայմանագրերի լրանալու հետ են կապված, ու հայերիս վրա հասած նոր աղետը հենց այդ շրջանակում է՝ ռուս-թուրքական շարունակական հավակնությունների զոհը դարձնելով Հայաստանն ու Արցախը: Այդպիսի հարցը հնարավորություն կտար ի վերջո խոսք պոկել Փաշինյանից Կարսի պայմանագրի վերաբերյալ, հասկանալու համար, թե ադ մասին գոնե Մոսկվայի հետ խոսվո՞ւմ է, թե ոչ:

Ես նույնպես ափսոսում եմ, որ այդ հարցը չեմ տվել, իսկ ՌԴ-ՊՆ-ի՝ սահմանազատման նախապատրաստական փուլը սկսելու վերաբերյալ իմ այն դիտարկմանը, թե ադպիսի առաջարկներն ի վերջո մեր երկրի Սահմանադրութան հետ հակասութան մեջ են մտնում, ի պատասխան Փաշինյանը խոսեց այն մասին, թե սխալ է հասկացվում, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու սահմանազատման վերաբերյալ, ու խոսքը գնում է սահմանազատում եւ սահմանագծում սկսելը նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին. «Կա թյուրըմբռնում, որ թուղթ է ստորագրվելու դեմարկացիայի եւ դելիմիտացիայի արդյունքների մասին. նման բան հնարավոր չէ. ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է հետեւյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեւավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղված դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու, որ սահմանն անցնում է այստեղով, այստեղով»:

Իսկ բուն սահմանազատումը շատ երկար պրոցես է, դա երկար պիտի քննարկվի, առաջարկներն այդ մասին խորհրդարանում հաստատվեն եւ այլն: Սահմանազատումն էլ խորհրդային քարտեզներով է, մենք, ըստ Փաշինյանի, միլիմետր առ միլիմետր գիտենք մեր սահմանները:

Ես իմ հարցի հանգույն շարունակում եմ պնդել, որ նույնիսկ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու առաջարկը ՌԴ ՊՆ-ից մեր երկրի Սահմանադրությանը հակասող է, դա նշանակում է, որ մի երկիր խառնվում է այլ երկրի գործերին, առավել եւս՝ սահմանների փոփոխությանը: Իսկ Փաշինյանի այն դիտարկմանը, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ էր խորհրդային քարտեզներով, իմ հարցի չհրապարակված մասի հանգույն՝ առաջարկում եմ դիտել 1926 թվականի Հայաստանի քարտեզը, որտեղ այդպիսի բան չկա:

Բազմաթիվ վիճելի հատվածներով Փաշինյանի ասուլիսից մեջ բերենք վերջին ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր զոհվածների եւ գերի ընկածների վերաբերյալ վարչապետի չճշտված տվյալները՝ հետո համեմատելու բան ունենալու համար:

Ըստ այդմ, բացի 6 զոհից, 24+8 զինծառայող է գերեվարվել, ընդ որում նրանց մեջ եղել են վիրավորներ, ըստ որոշ լուրերի՝ մեկը ծանր վիրավոր է եղել:

Ասուլիսի որոշ պահերի անդրադարձներ կլինեն նաեւ մեր թերթի վերլուծականներում:

Մ.Խ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ