RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1598, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆ - 100

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

Հայկական սփյուռքի բազմաթիվ նվիրյալ գործիչներ վաղուց զբաղեցնում են բնակության երկրի գիտական, մշակութային եւ հասարակական կյանքում իրենց արժանի տեղը: Սակայն նրանց մեջ կան մտավոր կարողություններով օժտված այնպիսի բացառիկ ներուժի տեր անձինք, որոնք պատիվ են բերում ոչ միայն եւ ոչ այնքան հայությանը, հայ համայնքին, որքան նաեւ տվյալ հյուրընկալ պետությանը: Նրանք իրենց անմնացորդ նվիրումով եւ կատարած աշխատանքով նվաճել են օտար հասարակությունների սերը եւ վայելում են նրանց հարգանքը:

Այդպիսի լավագույն օրինակ է հենց հարեւան Իրանը, որտեղ 20-րդ դարում իր գործունեությունն է ծավալել մեծանուն գիտնական Ալենուշ Տերյանը :

Նոյեմբերի 9-ին լրացավ աստղաֆիզիկոս եւ Իրանի գիտության պատմության մեջ բացառիկ դեր եւ ներդրում ունեցած Ալենուշ Տերյանի ծննդյան 100-ամյակը:

Հայազգի անվանի գիտնականը ծնվել է 1921 թվականին Թեհրանումՙ կրթությունը որպես բարձր արժեք դավանող ուսումնատենչ հայկական ընտանիքում: Տարրական կրթություն ստացել է հայկական դպրոցում, միջնակարգըՙ պարսկական: Բարձրագույն կրթությունը ստացել է Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:

Նա Ֆրանսիայում շարունակել է կրթությունըՙ ստանալով ֆիզիկայի բնագավառում դոկտորի գիտական աստիճան: Հիշարժան է, որ Սորբոնի համալսարանից տաղանդաշատ հայուհին ստանում է դասախոսելու առաջարկ, սակայն մերժում է եւ վերադառնում Իրանՙ դասախոսելով Թեհրանի համալսարանում:

Հիրավի, ֆրանսիական հեռանկարային առաջարկի մերժումը կամ որ նույնն է, թե երախտագիտության խորը զգացումը հանդեպ իրանական հայրենիքիՙ փոխհատուցվեց նրան: Նրա գիտական գործունեությունը ըստ արժանվույն գնահատվեց Իրանումՙ հռչակելով Ալենուշ Տերյանին որպես իրանական արդի աստղագիտության Մայրը: Արեգակի աստղադիտարանի հետ կապված իր ուսումնասիրությունը խորացնելու նպատակով մեկնում է Գերմանիա չորս ամսով: 1964-ին լինելով առաջին կինը ստանում է պրոֆեսորի աստիճան:

Տերյանի անվան հետ է կապված Իրանում առաջին անգամ արեւի եւ աստղերի ֆիզիկայի դասավանդումը, ինչպես նաեւ Իրանի պատմության մեջ արեգակնային առաջին հեռադիտակի ստեղծումը: Հարկ է նշել, որ տաղանդաշատ հայուհին 1960-70-ական թվականներին մասնակցել է եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ գիտական կոնֆերանսներիՙ գովասանքի արժանանալով արտասահմանյան գիտնականների կողմից:

Կարծում ենք ուշագրավ է այն կարեւոր փաստը, որ Թեհրանի համալսարանի առաջին կին ֆիզիկոսը հետազոտություններ է կատարել արեւի էներգիայի ուսումնասիրման բնագավառում եւ հավատացած էր, որ Իրանում 241 օր կարելի է լիարժեք օգտվել արեւի էներգիայից: Հետաքրքրական է, որ Իրանի արեւն իր հոգում պարուրած մեծն պոետ Չարենցից երեք տասնամյակ անց նրա հայրենակից Ալենուշ Տերյանը գիտական տեսանկյունից էր դիտարկում իրանական արեւի հզորությունը:

Ալենուշ Տերյանն իր մտավոր մեծ կարողությամբ եւ ստեղծագործական բացառիկ հանճարով իրավամբ վաստակել է առաջին կին գիտնականի պատվատիտղոսն Իրանում: Այսօր էլ նրա մահից տասը տարի անց իրանական գիտության երկնակամարում փայլում է անվանի հայուհու աստղը, որը պատիվ է բերում հայ համայնքին, ողջ հայությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ