RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2613, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԵՍԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է «Կորեմսանտի» հարցերին: Նա ասել է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջիցՙ Ռուսաստանից օգնություն է ակնկալումՙ լուծելու ադրբեջանական գործողությունների հետեւանքով առաջացած խնդիրները:

Գրիգորյանը զրույցի ընթացքում նշել է 1997 թվականի պայմանագիրը, որի շրջանակում էլ ակնկալում է ռուսական օգնությունը:

«1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության խախատման եւ ագրեսիայի դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց: Ադրբեջանական զինված ուժերը հիմա գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում: Դա ագրեսիա է, այդ պատճառով էլ դիմել ենք Ռուսաստանին:

Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ Հայաստանի հարավային սահմանին մարտական գործողությունները դադարել են, սակայն խնդիրը դեռ լուծված չէ, որովհետեւ ադրբեջանական ուժերը դեռեւս գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում, իսկ այդ տարածքը ԽՍՀՄ բոլոր քարտեզներով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- խնդիրը ներկայացրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ որեւէ գրավոր փաստաթղթի մասին առայժմ խոսք չկա: Պաշտոնական ու ոչ պաշտոնական որեւէ աղբյուր տեղեկություն չի տալիս, թե բացի բանավոր հնչած խոսքերից, գրավոր դիմում կա՞ արդյոք:

Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի արեւելյան սահմանից ներս տեղի ունեցած ռազմական գործողությունները դադարեցվել են ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ՙ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության ոլորտների պատասխանատուների հետ հեռախոսազրույցից հետո:

Ինչո՞ւ ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի նիստում, «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, ինչպես նաեւ հայաստանյան ամբիոններից Արմեն Գրիգորյանը հղում է կատարել ոչ թե 2017, այլ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրին, որը ավելի քիչ է շահեկան մեզ համար եւ ենթադրում է ընդամենը խորհրդատվական օգնություն, անհասկանալի է շատ վերլուծաբանների համար: Չէ՞որ 2017 թվականի պայմանագրի համաձայնՙ ագրեսիայի, տարածքային ամբողջականության խախտման դեպքում Հայաստանն ու Ռուսաստանն իրավունք ունեն համատեղ հրամկազմ ձեւավորել եւ պայքարել ահաբեկիչների դեմ:

Նշենք, որ Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատար Ռուստամ Մուրադովը նոյեմբերի 17-ին Հայաստան է եկել: Նա գտնվում էր արձակուրդում, սակայն շտապ գործուղվել է Երեւանՙ Սյունիքի մարտական գործողությունների հետեւանքով գերեվարված զինծառայողների վերադարձի եւ ռազմական էսկալացիայի խնդիրներով զբաղվելու համար:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ռազմական վերջին գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել: Զախարովան նույնպես շեշտել է Շոյգուի միջնորդությունը կրակի դադարեցման եւ նոր բախումների կանխման գործում: Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված 1997 թվականի պայմանագրին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միջնորդությունը կիրառելու հնարավորություններին:

«Երկկողմ ուղղություններով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում, իսկ ՀԱՊԿ-ը ուշի ուշով հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- հայտարարել է Զախարովան:

Ըստ էության, նրա արձագանքը հայ-ադրբեջանական բախումների, Ադրբեջանիՙ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ ծավալելու, հայկական տարածքից 41 քկմ բռնազավթելու, հինգ դիրք գրավելու, 13 հայ զինծառայողի գերեվարելու մասով փոխադարձ զսպվածության կոչերից այն կողմ դարձյալ չանցավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ