ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «Halk TV»-Ի ԵԹԵՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

9

Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը «Halk TV»-ի հեռուստաընկերության ուղիղ եթերում կոշտ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` բազմաթիվ բացասական որակումներ հնչեցնելով նրա ու իշխանավորների հասցեին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Կարո Փայլանը Էրդողանին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Նրա խոսքովՙ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի եւ չպետք է երկիրը հանձնել ֆաշիստներին: Նա իշխանություններին մեղադրել է տնտեսությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապեսՙ թուրքական ազգային արժույթիՙ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման հարցում վարած սխալ քաղաքականության, ինչպես նաեւ արտաքին ու ներքին քաղաքականության բացթողումների համար:

Փայլանը գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին եւ ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին քննադատել է իշխանությունների նկատմամբ հստակ դիրքորոշում չունենալու եւ քրդամետ կուսակցության վերաբերյալ հակասական հայտարարություններով հանդես գալու համար:

Գ.Գ.