RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2908, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԻՆՉԵՎ 2030-Ը ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԹԻՎՆ 2 ԱՆԳԱՄ ՆՎԱԶԻ

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

2018-ից, երբ իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը, հասարակության մոտ տպավորություն կար, թե Հայաստանը գոնե որոշ չափով արեւմտամետ դիրքորոշումներից հանդես կգա: Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ընդդիմադիր գործունեության ժամանակ մշտապես քննադատել է ՀՀ-Ռուսաստան ռազմաքաղաքական գործընկերային հարաբերություններն ու համարել, որ մենք ռուսների ստրուկն ենք: Խորհրդարանում նրա ղեկավարած խմբակցությունըՙ «Ելքը», անգամ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցով լսումներ էր նախաձեռնել, որի ժամանակ հայտարարում էր, թե մեր վաղվա օրը ԵՄ-ի հետ պետք է կապել:

Բայց փոխվում են ժամանակները, փոխվումՙ մարդիկ, ու իշխանության գալուց հետո պարզ դարձավՙ նա մերՙ երբեւէ ունեցած ամենառուսամետ գործիչն է: Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ միայն չի փնովում ՀՀ-Ռուսաստան բարեկամական կապը, այլեւ ամեն անգամ ջերմեռանդորեն շնորհակալություն է հայտնում ՌԴ իշխանություններին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ մենակ չթողնելու ու եռակողմ զինադադարի պայմանագիր ստորագրելու ժամանակ նշանակալի դեր խաղալու համար: Եթե համեմատություն անցկացնենք, թե տասն օրվա կտրվածքով ՌԴ-ի կամ Պուտինի ու ԵՄ-ի կամ ԵՄ դեսպանի անունը Փաշինյանը քանի՞ անգամ է հնչեցնում, ապա հաշվարկն, անտարակուսելիորեն, ՌԴ-ի օգտին կլինի: Ավելինՙ հայտնի էլ չէ, թե ԵՄ դեսպանը երբ է հայկական լրատվամիջոցներում հայտնվել, իսկ դա, հաստատ, չափման միավոր է: Ռուսներն ու ՌԴ նախագահ Պուտինն այժմ ոչ միայն հայկական լրատվամիջոցներում, ՀՀ իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչների շուրթերին, այլեւ արդեն մեկ տարի էՙ նաեւ Արցախում են: Օրերս նրանք Ստեփանակերտում խաղաղապահի արձան են տեղադրել ու օծել ռուս ուղղափառ առաջին մատուռը:

Ռուս խաղաղապահները, ըստ երեւույթին, այստեղ կշարունակեն մնալ անգամ 2025-ից հետո, բայց, դրան զուգահեռ, ցավոք, հայերի մի ստված զանգված լքելու է Արցախը, ինչն այժմ էլ տեղի է ունենում: Ադրբեջանցիները բացառապես միջազգային բոլոր կոնֆերանսների ժամանակ բավական հստակորեն հայտարարում ենՙ ամեն բան անելու են, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներից հնարավորինս շատ մարդ հեռանա: Դրան զուգահեռՙ ադրբեջանցիներով են բնակեցնելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի այն տարածքները, որոնք այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են անցելՙ Շուշին, Հադրութը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանի որոշակի գյուղեր: Իսկ ամիսներ առաջ հրապարակեցին բրիտանական լավագույն ճարտարապետների կողմից նախագծված Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը, ըստ որիՙ մինչեւ 2030-ը Շուշին պետք է 20-22 հազար բնակիչ ունենա: Ինչ վերաբերում է Հադրութին ու հարակից գյուղերին, ապա այստեղի բնակչության թիվը պետք է հասցնեն 10-15 հազարի:

Ադրբեջանցիները նաեւ չեն թաքցնում, որ անում են հնարավորը, որպեսզի մինչեւ 2030-ը արցախահայերի թիվն 2 անգամ նվազիՙ դրան զուգահեռ 40-45 հազարի հասնի իրենց վերահսկողության տակ անցած ԼՂԻՄ տարածքների բնակչության թիվը: Ու երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, Ադրբեջանը բավական հանգիստ տոնով (երբ արդեն բնակչության թիվը հավասարեցված կամ հօգուտ իրենց փոխված կլինի) կասի ՙշատ լավ, եթե ուզում եք կարգավիճակ, հանրաքվե անենք: Իսկ այդ ժամանակ արդեն վերջնականապես կարող ենք փակել Արցախի պատմության վերջին էջը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ