RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2890, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ «ՄԱՔՈՒՐ ՍՐՏՈՎ» ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Դիվանագետ

Նոյեմբերի 15-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն , իր պաշտոնակից Ամիր-Աբդոլլահիանից բացի, հանդիպել է նաեւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Ըստ հաղորդագրությունների, հանդիպումների ժամանակ կողմերը ընդհանուր գծերով համաձայնության են եկել երկարաժամկետ հարաբերությունները համակարգող «Համաձայնագրի», ինչպես նաեւ «ճանապարհային քարտեզի» շուրջ, որոնք ԹՀ նախագահ Էրդողանի Թեհրան նախատեսվող այցելության ընթացքում կարող են ներկայացվել երկու նախագահների ստորագրմանը: Ըստ Չավուշօղլուի, ԹՀ նախագահի այցն Իրան կարող է տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը:

Ի դեպ, Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը, նկատի ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի նորովի դրսեւորումները, խոսել է Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող գաղափարամշակութային ընդհանրությունների վրա կառուցված հարաբերությունների մասին: Այս շեշտադրումը ենթադրել է տալիս, որ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության հարցում թուրքական գործոնին:

Իրանական եւ թուրքական զանգվածային լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունների համաձայն, արտգործնախարարների հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է եղել: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ, եւ թե՛ տարածաշրջանային ոլորտներին:

Ըստ ամենայնի, էներգետիկ բնագավառին, հատկապես իրանական գազի մատակարարմանը վերաբերող հարցերին առանձնահատուկ տեղ է հատկացվել: Սակայն, օրակարգի առանցքային թեման, այնուամենայնիվ, եղել է ԹՀ նախագահ Էրդողանի Իրան նախատեսված պաշտոնական այցելությանը վերաբերող մանրամասների եւ ստորագրվելիք փաստաթղթերի փաթեթի շուրջ քննարկումները:

ԹՀ ԱԳ նախարար Չավուշօղլուի այցը Թեհրան տեղի է ունենում այնպիսի մի ժամանակահատվածում, երբ լուրջ անհրաժեշտություն կար վերականգնելու երկու երկրների միջեւ խոցելիության աստիճանի հասած փոխվստահությունը:

Դժվար չէ նկատել, որ Էրդողանի նախագահության ու վերջինիս գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրոք քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների մակարդակը նկատելիորեն զիջել է նախորդ շրջանների մակարդակին:

Իրանի նորանշանակ արտգործնախարար Ամիր-Աբդոլլահիանն իր եռամսյա պաշտոնավարման ընթացքում կատարած արտասահմանյան այցերի ցանկում չի նախատեսել Թուրքիա այցելությունն, ու գերադասել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ շփումներն իրականացնել տեղակալների մակարդակով:

Այսպիսով, խնդրահարույց հարցերի կարգավորման նպատակով հասունանում էր Թեհրանի ու Անկարայի միջեւ պաշտոնատար անձանց փոխայցելությունների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Իսկ երկկողմ հարաբերությունների կնճռոտ հարցերից առանձնանում է հատկապես էներգետիկ ոլորտը:

Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման տեմպերը, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ այդ երկրի պահանջարկը շեշտակիորեն աճում է: Իսկ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Իրանը Թուրքիային գազ մատակարարող գլխավոր երկրներից է եղել:

Սակայն, Իրանը երբեք էլ Թուրքիայի համար հուսալի գազամատակարար չի եղել, եւ Անկարան բազմիցս է Իրանից ներմուծվող գազի գնի եւ գազամատակարարման ընդհատումների համար միջազգային ատյաններ դիմել: Եղել են դեպքեր, երբ Իրանն ստիպված պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար տուգանքներ է վճարել Թուրքիային: Ի դեպ, գազամատակարարման թերացումների պատճառով Թեհրանը նաեւ տուգանքներ է վճարել Թուրքմենստանին ու Էմիրություններին:

Գազի մատակարարման հարցերի առումով իրավիճակն այսօր հօգուտ Թուրքիայի փոխվել է: Իրանի հետ գազային պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին քննարկումները չավարտված, Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարում է Ադրբեջանից եռամյա ժամկետում 11 մլրդ. խորանարդ մետր գազ գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, որը նախատեսվում է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի միջոցով:

Ադրբեջանից գազ գնելու մասին պայմանագիրը, եւ հատկապես ռուսական գազի մատակարարման հեռանկարը, զրկում են Իրանինՙ թուրքական շուկայում գազամատակարարման հարցում առաջատար տեղ զբաղեցնելու հեռանկարից:

Իրանի համար լրացուցիչ քաղաքական ու տնտեսական բարդություններ են առաջացել նաեւ Թեհրան-Բաքու վերջին շրջանի լարվածության պատճառով:

Դեռ հայտնի չէ, 44-օրյա պարերազմից հետո Իրանի ու Ադրբեջանի միջեւ ձեւավորվող նոր որակի հարաբերություններից ելնելով, ինչպես նաեւ Հայասատանի տարածքով անցնող հաղորդակցական ուղիների ապաշրջափակման պայմաններում, ինչպիսին կլինի էներգետիկ փոխգործակցությունն Ադրբեջանի ու Նախիջեւանի գլխավոր գազամատակարարը համարվող Իրանի միջեւ: Չէ՞ որ, նշված հաղորդակցական ուղիների գործարկումով, Թուրքմենստանն ու Ղազախստանը Կասպից ծովի ու Ադրբեջանի կապուղիներով եւ Անկարայի երազած Ադրբեջան-Նախիջեւան «կապի» միջոցով նույնպես կարող են միանալ Թուրքիային, ու առանց Իրանի կարիքը զգալու տարանցել սեփական նավթն ու գազը:

Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով Թուրքիան նաեւ տարբեր մատակարարներից նավթի ու գազի գնման նպատակով պայմանագրեր կնքելու շուրջ բանակցություններ է վարում:

Ռուսաստանից, Ադրբեջանից ու Իրանից բացի, Թուրքիան մտադիր է իր էներգետիկ մատակարարման զամբյուղը համալրելու նպատակովՙ Նիգերիայի ու Ալժիրի հետ (NLG) հեղուկ գազի գնման մասին պայմանագրեր կնքել:

Մյուս կողմից, Իրանի էներգետիկ արդյունաբերությունը ներկայումս լուրջ խնդիրներ ունի: Պատժամիջոցների առկայությունը եւ գազի ներքին սպառման ծավալների աճը ստիպում են Իրանի կառավարությանը հավելյալ միջոցներ ձեռնարկել տարվա ցուրտ եղանակներին երկրի պահանջարկն ապահովելու նպատակով:

ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հրապարակած տեղեկատվության համաձայն, այս տարվա ձմռան ամիսներին օրական զգացվելու է 200 միլիոն խմ. գազի դեֆիցիտ: Դա նշանակում է, որ շուտով երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգետիկայի անջատումներն անխուսփելի են դառնալու: Դա նաեւ պետք է մտահոգի Հայաստանի էներգահամակարգին, որը ձմռան ամիսներին սովորաբար որոշակի կախվածության մեջ է հայտնվում Իրանից մատակարարվող գազից:

Նկատի ունենալով վերոշարադրյալը, գազի արտահանումները դեպի Թուրքիա եւ Իրաք, որոնք համարվում են իրանական գազի հիմնական գնորդները, զգալիորեն կնվազեն:

Թուրքիային գազ մատակարարելու ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին, եւ կողմերը պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար մի քանի անգամ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել, որոնց արդյունքը չի գոհացրել ո՛չ Թեհրանին, ո՛չ էլ Անկարային: Քննարկումները կշարունակվեն նաեւ առաջիկա ամիսներինՙ Թուրքիայի նախագահի Թեհրան նախատեսված այցելությանն ընդառաջ:

Այս պաշտոնական այցելությունը հավանաբար չէր հիշվի, եթե Չավուշօղլուն չարտասաներ իրանցի ժամանակակից բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիի «Բարեկամի տունը որտե՞ղ է» բանաստեղծության մի հատվածը, եւ եթե չհնչեին այդ հարցադրմանն ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարի «Իմ բարեկամի տունն այստեղ է» թուրքական հաճոյախոսությունը:

Սակայն Չավուշղօղլուն հաստատ տեղյակ չէ մեկ այլ իրանցի ժամանակակից բանաստեղծիՙ Ֆերեյդուն Մոշիրիի ՙ նույն բանաստեղծության առիթով գրված ստեղծագործության մասին, որտեղ ասված էՙ

«Այս տուն մուտք ունենալու համարՙ սրտերը պետք է մաքուր լինեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ