RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-11-19 00:52:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2876, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Փոխադարձ եւ համատարծ անվստահության մթնոլորտը կլանել է ամբողջ հայաշխարհը: Ոչ ոք ոչ ոքի չի հավատում, չի վստահում: Նույնիսկ քաղաքական նույն ճամբարի մարդիկ կասկածում, առնվազն երկրորդ մտածում (second thaugth) են ունենում իրար նկատմամբ: «Ի՞նչ կա տակը», «ո՞ւմ հանձնարարությունն է կատարում», «անձնական ի՞նչ շահ ունի ինքը», «էգուց չի փոխի՞ դիրքը»... Բոլորը վախենում են խաբվելուց, հետեւաբար առաջ են քաշում իրենցըՙ «խաբողին խաբողուկես» տրամաբանությամբ:

Բոլորի աչքի դիմաց նսեմանում են բոլորը: Լիդերների հեղինակության իսկական ջարդ է տեղի ունենում մեր աչքի առաջ: Ընդդիմության կարկառուն լիդերները, հատկապես նոյեմբերի 8-ի հանրահավաքից հետո, այլեւս չունեն նախկին հեղինակությունը, գրեթե ոչ ոք վստահ չէ, թե նրանք արտաքին, հատկապես ռուսական թելադրանքով չեն առաջնորդվում եւ առաջնորդում: Նույնիսկ «քայլականները», որոնք արտաքուստ թվում են ավելի քան ինքնավստահ, չեն կարողանում թաքցնել իրենց հոխորտ կեցվածքի արհեստականությունը: Անշուշտ նրանք էլ են տեսնում եւ լսում իրենց առաջնորդի հակասական խոսքերն ու քայլերը: Շատերը լռում են, ոմանքՙ իրենց արմատականությունն են ցցում, հավանաբարՙ ինքնապաշտպանական բնազդի թելադրանքով: Սեփական կամ ինքնուրույն կեցվածք դրսեւորելու բնատուր մղումը բացակայում է բոլորի՛ մոտ: Նման այն հոտին, որն իր առաջնորդ խոյին է հետեւում անդունդն ի վայր: Վայրընթաց այդ ինքնասպանությունը չէր կարող մտահոգել մեզ, եթե չլիներ մեր երկրի, մեր պետության եւ ազգիՙ նույն անդունդում հայտնվելու հեռանկարը...

Իսկ ամենացավալին եւ առավել վտանգավորըՙ բանակում տիրող անվստահությունն է, մանավանդ վերին էշելոններում, ինչը չի կարող չվարակել ներքեւիններին, մինչեւ կրտսեր սպաներ, անգամ շարքային զինվորներ: 44-օրյա պատերազմում մեր պարտության գլխավոր համախտանիշը մի՞թե ներքին անվստահությունը չէր, երբ զինվորը վստահ չէր իր պաշտպանվածությանը, երբ կրտսեր հրամանատարը չգիտեր վերեւից ստացած հրահանգի եւ հրահանգողի հետեւողականությունը, իսկ ամենավերեւներումՙ գերագույն գլխավոր հրամանատարի իմաստության, ձեռնհասության, անկաշառության չափը, չասելու համար այլ բան:

Նույնը շարունակվում է այսօր: Աչքի առաջ ունենալով Պաշտպանության նախարարների, ԶՈՒ պետերի, ազգային անվտանգության տնօրենների եւ այլ պաշտոնյաներիՙ հագուստ փոխելու նմանվող իրարահաջորդ փոփոխությունները, առանց համապատասխան բացատրությունների, առանց այդ փոփոխությունների ներքին տրամաբանությունը բացահայտելու: Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը չգիտեն, թե հաջորդ պահին ի՛նչ է սպասում իրենց, ձեւացնում են, որ իրենց գործն են անում հավատարմորեն, մինչ ուրիշներ պղտոր ջրերի մեջ իրենց ձուկն են որսումՙ «նեղ» օրվա ապահովության համար:

Նույնըՙ արտաքին ճակատում, տարածաշրջանային թե միջազգային: Այսպես կոչված նախկինները իրենց բոլոր թերություններով հանդերձ գոնե հետեւողական էին մեկ բանումՙ գործընկեր երկրների համար իրենց կանխատեսելիությամբ: Մերինի նման երկրի համար դա՛ է հարիր ու տեղին: Մինչդեռ այժմ, արդեն երեք տարի, տեսել ու տեսնում ենք հարափոփոխ քաղաքականություն, հակասական, իրարամերժ, խաբուսիկ, անհետեւողական կեցվածք ու գործողություն, որը, բնականաբար, չի հանդուրժվում ո՛չ բարեկամների, ո՛չ էլ բարեկամ ձեւացող երկրների կողմից:

Նույն քաղաքականությունը, ավելի շուտՙ վարքը անհասկանալի, շփոթեցնող է նաեւ սփյուռքահայության համար, որը բոլորովին էլ մի կուռ ամբողջություն չէ, ինչպես Հայաստանում պատկերացնում են ոմանք, նույնիսկ պատասխանատու պաշտոնյաներ: Ընդհակառակը, դա խիստ փխրուն եւ արդեն փխրված մի զանգված է, որի առավել մեծ մասի համար հայկականության հետ կապվածությունը շատ բարակ մի թել էՙ ամեն պահի կտրվելու պատրաստ: Եվ այդտեղ ո՛չ մեր ավանդական կուսակցությունները, ո՛չ էլ ազգային մեր գլխավոր կառույցները, անգամ մեր Եկեղեցին ոչինչ չեն կարող անել:

Տակավին երկու օր առաջ, սփյուռքյան տարբեր կենտրոնների ռամկավար ղեկավարների միջեւ համացանցային ժողովի ընթացքում, որը նվիրված էր նաեւ Հայաստանում տիրող իրավիճակի քննությանը, հստակորեն արձանագրվեց ցավալի այս իրականությունըՙ համատարած անվստահությունը, որից դեպի անտարբերության անցումը ընդամենը մեկ քայլ է, հատկապես օտար երկրներում, որտեղ հայ մնալը ընդամենը կամավոր ցանկություն է միայն, հաճախ ավելորդ, երբեմն անհարմար... Նույնն էր բոլոր ժողովակիցներիս մտահոգությունըՙ հատկապես վերջին պատերազմից, Արցախի 75 տոկոսի կորստից, սահմանային դիրքերի ու տարածքների զիջումից եւ թուրքադրբեջանական ամենօրյա լկտի շահատակումներից եւ մեր իշխանությունների անզոր եւ անկամ հակազդեցությունից հետո շատ ավելի դժվար է դարձել մայր հայրենիքի եւ ընդհանրապես հայկականության հետ սփյուռքահայերի կապվածության, այլ խոսքովՙ հայապահպանության գործը: Մանավանդ այն պայմաններում, երբ չկա համահայկական կենտրոնաձիգ որեւէ կառույց ու դրանից բխող համազգային ուղերձ, պատգամ, կարգախոս ու ծրագիր:

Ներկա վիճակը ծնունդն է փոխադարձ, դիմադարձ եւ համատարած անվստահության, ներսում թե դրսում, ըստ ամենայնիՙ մահացու հարված ազգային համախմբվածությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ