RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-16 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 980, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԳՐԵՍԻԱ ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նոյեմբերի 16-ինՙ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանի ուղղությամբՙ կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, խորանալով մոտ երկու կմ։

Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից արդեն իսկ ներթափանցել եւ մնացել էին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Զինադադարի եռակողմ հայտարարության մեկամյակը, փաստորեն, Ադրբեջանը նշում է ոչ թե խաղաղության տրամադրվածությամբ, այլ նոր ներխուժմամբ ռազմական բախումներ հրահրելով, ի հակադրություն մեր իշխանությունների խաղաղության դարաշրջան բացելու հայտարարությունների:

Պաշտպանության նախարարությանՙ ժամը 17։00-ի հաղորդագրւթյամբ Ադրբեջանի ստորաբաժանումները շարունակում էին լարված պահել սահմանը եւ ինտենսիվ մարտեր հրահրել: Հաղորդվեց, որ թշնամին արդեն մի քանի ժամ շարունակել էր կիրառել զրահատեխնիկա, տարբեր հրետանային միջոցներ:Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին կրել է անձնակազմի եւ մեկ տասնյակ միավոր զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

Ցավոք հայկական կողմը եւս կորուստներ է ունեցել: ՊՆ-ի ճշգրտված հաղորդագրություն այդ առթիվ դեռ սպասվում է, իսկ ավելի վաղ նշվում էր, որ գերեվարվել են ՀՀ ԶՈՒ 7 պայմանագրային եւ 5 ժամկետային զինծառայողներ:

Ավելի ուշ մի փոքր ճշգրտված, բայց էլի նոր ճշգրտումների կարոտ մի հաղորդագրություն էլ տարածեց Պաշտպանության նախարարությունը, ըստ որիՙ ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30- ից ՀՀ արեւելյան սահմանագծում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել: Հայկական կողմը կորուստներ ունի, այդ ժամին ճշտված տվյալներ կային մեկ զոհի մասինՙ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ 12 զինծառայողի գերեվարման լուրը եւս երկրորդվեց: Ցերեկը տարբեր լրատվամիջոցներ հայտնում էին մի քանի տասնյակ զոհվածների մասին հայկական կողմից, բայց պաշտոնական լրատվությունը դեռեւս այդպիսի տվյալներ չի տրամադրում:

Ի դեպՙ օրվա ընթացքում Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Պապիկյան- ՌԴ պաշտպանության նախարար Շոյգու հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի վերաբերյալ ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները գրել էին, թեՙ շնորհիվ Շոյգուի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի իրավիճակը կայունացնող միջոցներ են ձեռնարկվել, եւ իրավիճակը վերադարձել է բնականոն հուն:

Ուշ երեկոյան ընթացած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը թշնամու ոչնչացված զրահատեխնիկայի թիվը ավելի նվազ հայտարարեցՙ 6 միավոր: Տրվել է գնահատական տեղի ունեցածինՙ այն անվանվել է ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հիշեցվել է, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք:

Ասվել է, որ միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Փաշինյանը նշել է, որ Հայաստանն իրեն պահում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամՙ փնտրելով փոխընդունելի լուծումներ, բայց ամբարտավանության լեզվով երկրի հետ խոսել թույլ չի տրվելու: Իսկ դելիմիտացիա եւ դեմարկացիա սկսելու Հայաստանի առաջարկը չընդունող Ադրբեջանը ագրեսոր է եւ պետք է իր զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից: Կառավարությունն ու ժողովուրդն, ըստ վարչապետի, վճռական ենՙ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

Ավելի ուշ տեղի է ունեցել Փաշինյան -Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: Ավելի վաղ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանավոր դիմել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանինՙ միջպետական պայմանագրի բովանդակության համապատասխան, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման պարագայում, ռազմական պաշտպանություն ակնկալելով Ռուսաստանից: Բանավոր դիմումից հետո այդ բովանդակությամբ պաշտոնական ընթացակարգ կիրականացվի:

Ողջ օրը տարբեր քաղաքական ուժեր, տարբեր շրջանակներ բազմաթիվ առաջարկներ էին հնչեցնումՙ դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին, Մինսկի խմբի անդամ տերություններինՙ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Ռուսաստանի դաշնությանը:

Խորհրդարանական ընդդիմությունը երեկ բոյկոտեց խորհրդարանի աշխատանքըՙ հետագայում բանավոր զրույցներում եւ հայտարարությամբ իշխանության հրաժարականը պահանջելով, նշելով, որ այս իշխանությունը չի կարողանում երկիրը պաշտպանել, ճիշտ քայլեր անել:

ԱԳՆ-ում երեկ տեղի ունեցավ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպում, որի ընթացքում ԱԳՆ-ն տեղեկատվություն տրամադրեց նրանցՙ սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Լրագրողներին կենտ տեսակետի փոխանցում եղավՙ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել էր, որ փորձում են կայունացնել վիճակը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ռուսական լրատվամիջոցներին էր փոխանցել, որ անհանգստացած է իրավիճակից եւ կոչ է անում կողմերինՙ պահպանել հրադադարի ռեժիմը:

Տեսնենք, թե ինչ կբերի նոր օրը Հայաստանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ