RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1308, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՏՂԱՆ, ՈՐ ՊԱՐՈՒՄ Է ՀԻՓ-ՀՈՓ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գեւ (Գեւորգ) Մանուկյանը (ծն. 1986 թ. սեպտեմբերի 15, Տեմիրտաու, Ղազախստան) հիփ-հոփ եւ բրեյք պարող է: 2003 թվականից ապրում է ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: Զբաղվել է չմշկասահքով, ապա 16 տարեկանում սկսել է հետաքրքրվել պարով, հանդես եկել պարով Սոլթ Լեյք Սիթիի թիվ 2 միջնակարգ երաժշտական դպրոցում: 2008 թվականին բրեյքդանսով մասնակցել է «Պարի՛ր, եթե կարող ես» հեռուստատեսային հիթ շոուին եւ ընդգրկվել լավագույն տասնյակի մեջ: Այս մասնակցությունը նրան արժանացրել է համաամերիկյան ուշադրությանՙ հանգեցնելով դերակատարման «Էմ Թի Վի» հեռուստակայանի «Ամերիկյան մոլ» մյուզիքլում:

2010-ի նոյեմբերին Գեւը ելույթ է ունեցել «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում»ՙ հանրածանոթ երգչուհի Փինքի հետՙ նրա «Բարձրացրո՛ւ բաժակդ» հիթի ներքո: Գեւի պարը կարելի է տեսնել նաեւ ամերիկյան գովազդային հոլովակներում, տեսահոլովակներում, «Պարելով աստղերի հետ» եւ «Ամերիկան տաղանդներ է փնտրում» հեռուստաշոուներում: Համագործակցել է «Նիկելոդեոն» խմբի, Ուիթնի Հյուսթոնի, Չակա Խանի, Լյուդաքրիսի, Էլեն Դիջիներեսի եւ Լի Ան Ռայմսի հետ: Շրջում է աշխարհումՙ ուսուցանելով եւ կատարելով պարային համարների բեմադրություններ:

- Գե՛ւ, քո աստղային ժամը կապված է «Պարի՛ր, եթե կարող ես» շոուի հետ: Ո՞րն էր դրա ամենամեծ մարտահրավերը եւ ամենակարեւոր պահը:

- «Պարի՛ր, եթե կարող ես»- ում լինելու ամենամեծ մարտահրավերը ճնշման դեմ պայքարելն է: Դա ամենամեծ բանն էր, որ ես արել էի մինչեւ այդ պահը, եւ երբեմն դա ճնշող էր: Մեծ ճնշում էր գործադրվում, որպեսզի սխալներ թույլ չտանք: Իսկ ամենանշանակալից պահը շոուի բացումն էր: Երբ դու այդ բեմում ես, եւ տեսախցիկները միացված են, լույսերը, հանդիսատեսը բոլորը նայում են քեզ, դու իսկապես զգում ես պահի լրջությունը: Դա անմոռանալի փորձառություն էր:

- Հիշում եմ, երբ տասը տարի առաջ ԱՄՆ-ում էի, հաճելի էր երեկոները համալսարանների միջանցքներում հիփ-հոփ պարերի դասընթացներ տեսնել: Հիփ-հոփը դեռ մնո՞ւմ է այդչափ սիրված ամերիկացի երիտասարդների շրջանում:

- Հիպ-հոփը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի երիտասարդական համայնքում: Ես կասեի, որ այժմ այն շատ ավելի մեծ է, քան երբեւէ: Երիտասարդների համար հիփ-հոփը միշտ եղել է ինքնադրսեւորման միջոց, եւ այժմ սոցիալական մեդիայի միջոցով այն շատ ավելի հասանելի է ու նաեւ շատ ավելի սիրված: Բացի այդ, հիփ-հոփը որպես մշակույթ ներառում է բազմաթիվ տարբեր ժանրերՙ պարեր (հիփ-հոփ, բրեյքդանս, փոփինգ, լոքինգ եւ այլն), ռեփ, գրաֆիթի եւ դիջեյ: Այսպիսով, երիտասարդությունն այդ մշակույթում արտահայտվելու շատ տարբեր հնարավորություններ ունի:

- Դու աշխատել ես շոու-բիզնեսի հայտնի դեմքերի հետ: Կա՞ն հատուկ պահեր, որոնց մասին կցանկանայիր խոսել:

- Իմ սիրելի արտիստներից մեկը, որի հետ աշխատել եմ, Փինքն էր: Նա շատ մարդամոտ էր եւ արհեստավարժ: Նա շատ արագ սովորեց խորեոգրաֆիան եւ կենդանի երգեց փորձերի ժամանակ, ինչը, իմ կարծիքով, իսկապես հիանալի էր: Հրաշալի էր նաեւ հանդիպումը Ուիթնի Հյուսթոնի հետ: Ելույթից հետո նա մեզ ծանոթացրեց իր ողջ ընտանիքի հետ, ինչն իսկապես ստիպեց մեզ յուրահատուկ զգալ:

Ես նաեւ հանդիպել եմ Էնթոնի Հոփքինսին եւ հիանալի զրույց եմ ունեցել նրա հետ: Նա այնքա՜ն պարզ է ու խելացի: Ես Հոփքինսին հանդիպեցի «Աշխարհի ամենաարագ հնդիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Կարծում եմ, 2004 թվականին էր: Ես մասնակցում էի զանգվածային տեսարաններին: Նկարահանումները կատարվում էին Նեւադա նահանգի Բոնեվիլ Սոլթ Ֆլաթս բնակավայրում: Մի օր մենք ճաշում էինք, եւ Էնթոնի Հոփքինսը պարզապես մոտեցավ եւ սկսեց խոսել մեզ հետ: Նա ներկայացավ որպես Թոնի, որին ի պատասխան ժպտալով ասացի. «Մենք գիտենք, թե ով եք դուք»: Մենք ասացինք, թե որտեղից ենք բոլորս եւ հիմնականում ինչպես է սնունդը: Նա չգիտեր, որ ես հայ եմ, մինչեւ որ ասացի: Պարզվեց, որ Էնթոնի Հոփքինը շատ բան գիտեր Հայաստանի մասին:

- Քո անունը հայտնվել է տասնյակ հեռուստաֆիլմերում եւ սերիալներում: Ի՞նչ առանձնահատկություններ ունի տեսախցիկի առաջ պարելը:

- Տեսախցիկի առջեւ պարելը միանշանակ տարբերվում է բեմում պարելուց: Այդժամ դու չունես ակնթարթային այն գոհունակությունը, երբ մարդիկ ծափահարում են քեզ: Բայց շատ ուրախալի է տեսնել ավարտված նախագիծը, երբ կատարումը մոնտաժվում է: Դու գիտես, թե որքան ժամանակ եւ քրտնաջան աշխատանք է ծախսվել դրա համար, եւ դրան մաս կազմելովՙ քեզ օգտակար ես զգում: Բացի այդ, տեսախցիկը «որսում է» ավելի շատ մանրամասներ, այնպես որ նույնիսկ ամենափոքր շարժումները կարող են մեծ տեսք ունենալ եւ հսկայական ազդեցություն գործել հանդիսատեսի վրա:

- Ի՞նչ զվարճալի պահեր կարող ես պատմել քո ելույթներից:

- Մի անգամ ելույթ էի ունենում Յութայում, «Պարի՛ր, թե կարող ես»-ից հետո, Չելսի Հայթաուերի հետ զուգապար էի կատարում: Պարի ժամանակ մենք պետք է հարված կատարեինք առաջ, եւ երբ ես ոտքով հարվածեցի, կոշիկս թռավ-խփվեց մի հանդիսատես տղայի գլխին: Բոլոր հանդիսատեսները եւ մենք բեմում սկսեցինք ծիծաղել: Մնացած համարը կատարեցի մեկ կոշիկով: Համարն ավարտելուց հետո տղան իմ կոշիկը հետ շպրտեց ինձ:

- Ո՞ր տարիքում է հիփ-հոփ պարողը թոշակի անցնում:

- Լավ հարց է: Իրոք չգիտեմ: Քանի որ հիփ-հոփ մշակույթի մեջ շատ տարբեր պարային ոճեր կան, դժվար է ասել: Ես գիտեմ որոշ հիփ-հոփ պարողների, որոնք 50-60 տարեկանում դեռ պարում են:

- Դու ծնվել ես պրոֆեսիոնալ գեղասահորդների ընտանիքում, խնդրեմ պատմի՛ր ծնողներիդ մասին:

- Հայրսՙ Հակոբ Մանուկյանը, գեղասահքի Հայաստանի եռակի չեմպիոն էր, Ղազախստանի կրկնակի չեմպիոն եւ Պրոֆեսիոնալ աշխարհի ցուցադրական ելույթների երկրորդ տեղի մրցանակակիր: Մայրսՙ Լարիսա Բատմանովան, պատանիների աշխարհի չեմպիոն էր եւ պետք է օլիմպիական խաղերում ներկայացներ ԽՍՀՄ-ը, բայց լուրջ վնասվածք ստացավ եւ այլեւս չկարողացավ ելույթ ունենալ:

- Գիտե՞ս, թե Հայաստանի ո՛ր մասից են եղել նախնիներդ:

- Անկեղծ ասածՙ հաստատ չգիտեմ: Գիտեմ, որ մենք ապրում էինք Երեւանի Զեյթուն թաղամասում: Մայրս ապրում էր Ղազախստանում, իսկ հայրս այնտեղ գնաց բանակ ՙծառայելով սպորտային գնդում, բազմաթիվ պրոֆեսիոնալ մարզիկների հետ: Այդպես են ծնողներս հանդիպել, եւ այդպիսով իմ ծննդավայրը եղավ Ղազախստանը: Այնուհետեւ մի քանի տարի հետո տեղափոխվել ենք Հայաստան: Փոքր հասակում Հայաստանում ապրել եմ, միգուցե ընդհանուր առմամբ երեք տարի: Այսպիսով, ես շատ բան չէի հիշում, մինչեւ որ վերադարձա 2015 թվականին: Ելույթներ եմ ունեցել ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում: Երբ Հայաստանում էի, նաեւ որոշ պարային դասեր եմ տվել, անվճար: Իմ նպատակն էր ստացածս վերադարձնել ազգակիցներիս եւ տեսնել, թե ինչպես են նրանք պարում եւ շարժվում: Իսկ դա նրանք հիանալի կերպով արեցին:

- Դու այժմ ապրում ես Յութա նահանգում, որտեղ հայությունը քիչ է: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն հայկական ավանդույթների խնդիրը:

- Չնայած ես շատ հայերի շրջապատում չեմ եղել, հայ մշակույթը շատ խոր արմատներ է գցել իմ մեջ: Իմ ընտանիքը շատ լավ հետեւում է հայկական ավանդույթներին եւ մշակույթին, ուստի ես շատ բաներ եմ սովորել: Նաեւ Երեւան գնալն ինձ իսկապես օգնեց վերականգնել իմ հայկական արմատները: Անհամբեր սպասում նորից այնտեղ վերադառնալ: Մենք դեռ շատ ազգականներ ունենք այնտեղ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ