RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1606, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐՔԻ ԹՐԹԻՌՆԵՐԻ ՄԵՋ Է

ԲՈՐԻՍ ԿՐԵՊԱԿ, «Կուլտուրա», 43, հոկտեմբերի 30, 2021
Թարգմանությունըՙ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Բելառուսական «Կուլտուրա» հանդեսում օրերս հրապարակված ընդարձակ հոդվածը, որ թարգմանաբար ներկայացնում ենք ռուսերեն օրինակից եւ մասնակի կրճատումներով, մեր հայրենակից գեղանկարիչ Գրիգոր Դանիելյանի մասին է: Հեղինակը բելառուս ճանաչված լրագրող, քննադատ ու հրապարակախոս Բորիս Կրեպակն է: Նա մտադիր է գիրք գրել տաղանդավոր գեղանկարչի մասին, որն անցած տարվա մայիսին վաղաժամ հեռացավ կյանքից:

Մեծ հայ Մարտիրոս Սարյանը մի անգամ իր հուշերում պատմել է, որ պատանեկության տարիներին պատահաբար հանդիպել է իր հայրենակից Հովհաննես Այվազովսկիին, որ կառքով սրընթաց անցել է իր կողքով: Հետո ողջ կյանքում հիշել է այդ պահը: Սարյանն այնպիսի զգացողություն է ունեցել, թե կառքը սլանում է երկինք, դեպի արեւը, դեպի տիեզերքՙ իր հետ տանելով նախնիների խորհրդավոր ոգին:

Ես այս մասին հիշեցի, երբ սկսեցի գրել այսօրվա իմ ակնարկի հերոսիՙ արտասովոր, հրաշալի գեղանկարիչ ու գրաֆիկ Գրիգոր Դանիելյանի մասին, որի համար Բելառուսը երկրորդ տուն դարձավ, երբ տարիներ առաջ ստիպված եղավ ընտանիքով հեռանալ սոցիալական դաժան խնդիրներով, քաղաքական հակամարտություններով ու փլուզումներով բռնկված Կովկասից: Հատկապես այստեղՙ Բելառուսական հողի վրա, նա գեղարվեստական բարձրաժեք ստեղծագործություններ ստեղծեց, որոնց նպատակը, իր խոսքերովՙ «մարդկային հոգու թրթիռների արտացոլումն էր»:

Ինչի՞ մասին է նրա արվեստըՙ ժամանակակից բարդ աշխարհում մարդու զբաղեցրած տեղի, բարոյական հին արժեքների նշանակության, այն հնագույն արմատների մասին, որոնք այսօր կարող են ոչնչանալ համաշխարհայնացման համընդհանուր կաթսայի մեջ: Նրա ստեղծագործություններն իրական կյանքի գեղարվեստական արտահայտություններ ենՙ լույսի ու օդի որոշակի ու ցայտուն արտահայտություններով, ավարտուն կոմպոզիցիաներով, ռիթմի եւ կառուցվածքի կազմակերպվածությամբՙ նման թանգարաններում պահվող ժամանակի փոշով պատված դասական հին գեղանկարների:

Գեղանկարիչը սիրում է բացարձակ համաչափությունըՙ կատարյալ վրձնումով միախառնելով այն ռիթմիկ հարթությունների, պատկերային ուրվագծերի, առարկայական տարբեր ծավալների մեջ: Նա կտավի «պարզունակ» կառույցը հագեցնում է գեղարվեստականությամբ եւ ինքնատիպության սեփական խաղերով: Եվ փայլուն է արարում ամենըՙ չթուլացող էներգիայով ու եռանդով:

Նրա գեղանկարային - ճարտարապետական արարումների տարածքն ստեղծվում է վարդագույն, դեղին, նարնջագույն, կանաչ, կարմիր, կապույտ դաշն գույների ոճավորված քառակուսիներով, ուղղանկյուններով, ձվաձեւ պատկերներով, շեղանկյուններով: Ես կարծում եմ, որ Գրիգոր Դանիելյանը մետաֆիզիկական բարոյախոսության հետեւորդ է, որ կեցության իմաստի մասին մտորում է արվեստի միջոցովՙ կիրառելով արտահայտչամիջոցների արտառոց, հակասական դրսեւորումներ: Բարձր արվեստի եւ ձանձրալի առօրեականության միջեւ գեղանկարիչը հայտնաբերել է խորհրդանշանների եւ այլաբանությունների մի այլ աշխարհՙ սերված իրական կյանքից եւ գեղարվեստական փորձառությունից ու երեւակայությունից: Նա կարծես բառացիորեն կերտում է մեր անորոշ ժամանակների գեղանկարչական պատկերը, ժամանակներՙ որոնք մի կողմից ընդարձակվել ենՙ անցյալի մեջ մխրճվելով, մյուս կողմից ձգվում են դեպի ապագանՙ մոտենալով մեր ներկային::

Մարդկային էության տրանսֆորմացիաների գեղանկարչական ժամանակագրության մեջ Դանիելյանը, սկսած 80-ական թվականներից, բացահայտում եւ հետազոտում է մարդկային հոգու բարոյական պատկերը: Եվ հատկապես բարոյախոսությունն է ակտիվորեն ընդլայնում բանական որոնումների տարածությունն իր լավագույն նկարներումՙ հնարավորություն տալով հասնել մինչեւ կյանքի իմաստի ընկալման տիեզերական բարձունքները: Իմիջիայլոց, Դանիելյան գեղանկարչի կտավների մեծ մասը կարող է եւ հասու չլինել անպատրաստ դիտողին: Գեղանկարչին հասկանալու համար ցանկության հետ նաեւ որոշակի գիտելիքի պաշար է անհրաժեշտ ըմբռնելու, թե ինչու է նա ընտրել հատկապես ներկայացված սյուժեն, ի՞նչն է հուզել նրան, ի՞նչ մտքեր է ցանկացել կիսել մեզ հետ, ընկերների ու քննադատների:

Հիմա կպատմեմ, թե ես ինչպես ընկալեցի նրա «Բաբելոնյան աշտարակ» գեղանկարը, որն, ի դեպ, շատ եմ հավանում: Գեղանկարի հիմքում հին Բաբելոնում աշտարակաշինության, լեզուների միախառնվելու եւ աշխարհով մեկ մարդկանց ցրվելու հանրահայտ պատմությունն է: Կտավի վրա նկարիչը երկու ուժ է պատկերելՙ երկրային եւ երկնային, մարդկային եւ աստվածային: Առաջին պլանի վերին մասում բարձր աշտարակն էՙ ուղղահայաց գիծՙ երկրի ու երկնքի միջեւ: Այն խորհրդանշում է վեհությունը, ուժը, անհասանելիությունը, պատվասիրությունը: Եվ որ առավել կարեւոր էՙ խորհրդանշում է մարդկային արժանապատվությունը եւ երկնային բարձունքներին հասնելու մարդու հանդուգն ձգտումը: Լուսավոր դոմինանտը վերջալույսն է, որի մեջ փայլում է այլաբանորեն արտահայտված ստեղծագործական էներգիան: Այդ էներգիայի կենարար շողերը թափանցում են աշտարակի մեջ:

Դանիելյանական կտավներում հեղինակին մշտապես հետապնդող մանկական հիշողություններն ենՙ կարոտախտ Թբիլիսիի հանդեպ, ուր նա ծնվել է եւ ուր թաղված են իր ծնողները, կարոտ Հայաստանի հանդեպ, ուր ապրել են իր նախնիները, եւ ուր նա բարձրագույն գեղարվեստական կրթություն է ստացել: Այդ ժամանակները հավերժական անեղծ կերպարի նման գրանցվել են նրա հոգու անսահման տարածքի մեջ, եւ որոնք նա փոխադրել է անթերի սպիտակ կտավի վրա: Իսկական արարում:

Ինձ թվում է, որ Գրիգորը տիրապետում է միջնադարյան վարպետների իմաստուն հանդարտությանը, որոնք վստահ են իրենց ուժերին, որոնց արվեստն ինքնին անհամեմատելի բավարարվածություն էր պարգեւում իրենց: Նա գերազանց փորձարար է եւ միաժամանակ դասական արվեստի արտահատչամիջոցային սկզբունքների հետեւորդ: Նա կարողանում էր պերճախոս ձեւով պատկերազարդել ճապոնական պոեզիան եւ Շեքսպիրի սոնետները, եւ նոր հայացքով ներկայացնել Իսլաչիի ափերի (գետ Բելոռուսիայում) եւ Կուպալովյան Վյազինկայի (գյուղՙ Մինսկից ոչ հեռու, ուր ծնվել է բելառուս դասական Յանկա Կուպալան) գեղանկար գեղեցկությունը: «Ամեն ինչ մեր ներսում է,- ասում էր նկարիչը,- երկխոսություն ներքին աշխարհի եւ արտաքին աշխարհի հետ: Երկխոսություն ինքդ քեզ հետ: Եթե մենք լսում ու զգում ենք իրար, նշանակում էՙ կենդանի ենք»:

Ինձ միշտ թվացել է, որ Դանիելյանն ապրում է գաղտնի երազների աշխարհում, որոնց մասին ոչ ոքի չի պատմում: Գեղանկարչի հոգին շատ փխրուն էր, թեեւ չափազանց փակ նրանց համար, որոնք օտար էին իրեն: Նա միայնակ էր մարդկային հոծ զանգվածի մեջ եւ դրանով շատ էր հիշեցնում Սերգեյ Փարաջանովին, որի հետ բարեկամական հարաբերություններ ուներ: Նա իր բոլոր ուժերը կենտրոնացրել էր մի ուղղությամբ, ուր նրա սրտի բոլոր լարերը ստեղծագործ լույսով էին ճառագայթում: Նա մնաց իբրեւ համեստ, նրբազգաց, լուռ տքնող արվեստագետ, բայց միեւնույն ժամանակՙ հիվանդագին չափով նրբազգաց: Խաբեությունը,, թաքնամտությունը, մեջքի ետեւում գործելն անընդունելի էին նրա համար: Նրա հետ հարաբերվելիս պետք էր լինել պարզ, ազնիվ եւ արտահայտվել հնարավորինս սեղմ ու հակիրճ: Իսկ աչքերը բոցավառվում էին, երբ ես կարողանում էի հստակ մեկնաբանել գեղանկարի իմաստը, բացահայտել թաքուն գաղտնիքը, որ նա պարփակել էր կտավի մեջ:

Ինձ համար բացահայտում էր (ոչ մի անգամ չի նշել այս մասին), որ նա գեղանակարիչների միջազգային «Խաղաղարար» միության անդամ է, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի թղթակից անդամ (Գերմանիայում), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային ակադեմիայի ակտիվ անդամ եւ էլի շատ թվարկումներ: Եվ որ 80-ական թվականների վերջերին նրա աշխատանքների ցուցահանդեսներ են կազմակերպվել ոչ միայն Բելառուսում, Հայաստանում եւ Վրաստանում, երկրներՙ որոնց կապված էր անսահման սիրով, այլեւ Եվրոպայի եւ Ամերիկայի բազմաթիվ երկրներում: Ընդհանուր առմամբՙ 40 ցուցահանդեսՙ միջազգային եւ խմբակային ցուցադրությունները չհաշված: Երբ հարցրի, թե ինչու չի սիրում խոսել իր մասին, նա միայն ուսերը թոթվեց: Եվ ինչքա՜ն է հասցրել ճամփորդել: Միայն Հնդկաստանում երեք ամիս է անցկացրել, իսկ Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի թանգարանային գանձերը շատերի նման իրեն էլ ստիպել են կատարսիս ապրել:

Ճակատագիրը նրան հնարավորություն տվեց ստեղծել իրՙ խորհրդանշանների մեջ սեղմված ժամանակը: Գրիշան (ինչպես միշտ ես կոչում էի նրան), երկրային հողի վրա ապրում էր միայն ու միայն արվեստովՙ միշտ համակված հեռավոր մոլորակների ու գալակտիկաների գույներով ու ռիթմերով: Մնացած ամեն ինչ նրա համար երկրորդական էր: Այնտեղՙ Տիեզերք, նա համբարձվեց այս տարվա մայիսին, իր ծննդյան 71 ամյակից համարյա երկու շաբաթ առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ