RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմը չնահանջող խանդավառությամբ սկսեցին զարգացնել այն տեակետը, թե Հայաստանը բանակ չի ունեցել, ու փոխանակ արդիական զենքեր գնելու, բանակը զարգացնել-կայունացնելու, «նախկինները» թալանել են այն: Փաշինյանն, ի դեպ, այդ թեզը երեւան բերեց հենց պատերազմի օրերին, երբ անտեսելով կանոնավոր բանակ ունենալու հանգամանքըՙ կամավորական, ասել է թեՙ հայդուկային ջոկատներ կազմելու կոչով հանդես եկավ:

30 տարում, իհարկե, բանակում խնդիրներ եղել են: Սպայական ստորին շարքերից մինչեւ բարձրաստիճան զինվորականներՙ բանակի միջոցներըՙ սնունդը, վառելիքը սեփական շահին են ծառայեցրել: Բայց բարձրաձայնել, թե բանակ չենք ունեցել, դա ոչ այլ ինչ է, քան վիրավորանք, արժեզրկում ու ունեցած ավանդի զրոյացում բոլոր այն մարդկանց նկատմամբ, որ հիմնել ու զարգացրել են ՀՀ զինված ուժերը:

Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո հայտարարում է նաեւ, որ երբ եկան իշխանության, պարզեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակի բալանսը անհամաչափորեն խախտված է: Այս հանգամանքի հետ չհամաձայնել, իհարկե, չի կարելի, քանի որ հատկապես վերջին 10 տարիներին ադրբեջանական բանակը, շնորհիվ նավթադոլարների ու մեծ եղբորՙ Թուրքիայի աջակցության, համալրվում էր, իսկ մեր ԶՈՒ-ն շարունակում կրիայի ընթացքով առաջ գնալ:

Բայց եթե անգամ ընդունենք, որ բանակ չունեինք ու պատերազմի դեպքում ջախջախվելու էինք, ապա հարցՙ ինչո՞ւ էին իշխանությունները հայտարարում, որ զրոյացնում ենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք քննարկվել էին մինչեւ 2018-ը: Չէ՞ որ բանակցության ու փաստաթղթերի փոշիացումը դիվանագիտության չեզոքացում ու պոտենցիալ պատերազմ է նշանակում: Բացի այդՙ ինչո՞ւ էր ՀՀ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը , որ մի քանի տարի շարունակ պաշտպանության նախարար էր ու բանակի հետ կապված ամեն մի դետալի տիրապետում էր, հայտարարում, թեՙ «նոր պատերազմ, նոր տարածքներ»:

Եթե բանակ չունեինք, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը 2020-ի օգոստոսինՙ տավուշյան դեպքերից հետո, Սարդարապատում հայտարարում, թե մեր բանակն տարածաշրջանում ամենամարտունակն է, իսկ Ադրբեջանը բանակ չունի:

Եթե իշխանությունը գիտեր, որ մեր ու հակառակորդի զինված ուժերի բալանսը խախտված էր, բայց շարունակում էր ադրբեջանական կողմին գրգռող հայտարարություններ անելՙ «բանակ չունեն», «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ապա ստացվում է, որ ամեն ինչ անում տանում էր նրան, որ Ադրբեջանը պատերազմ հրահրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ