RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԼՈՒ՞ՐՋ ԶՐՈՒՅՑ... ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մտորումներս ամփոփող վերոգրյալ վերնագրում, ըստ ՀՀ քաղաքացուս, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, գտնում եմ տարօրինակ ոչինչ չկա: Իսկ ահա այն պաշտոնյաները, որոնց հետ ստիպված ու պարտադրված հարկ է լինում հանդիպել, զգուշավորից մինչեւ տարօրինակ այնպիսի պահվածք են դրսեւորում, որ ակամայից մտածում ես ծավալած զրույցիդ տեղի ու ժամանակի նպատակահարմարության շուրջ: Օրինակ, մի առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջին օղակի մի պաշտոնյայի հարցի, թե մեր պարենային ապահովության ու պարենանվտանգության համար պատասխանատու այդ կառույցում, որտեղ իրականացվում է երկրի գյուղատնտեսական ոլորտի կառավարումը, կա՞ կամ քննարկվո՞ւմ է արդյոք հանրապետությունում, ասենք, բրնձի արտադրության հարց, զրուցակիցս այնպիսի անակնկալի եկավ, կարծես դիմացինն այլմոլորակային էր: Զրույցն այնպիսի ընթացք ունեցավ, որը նախարարավայր կոչվածին թերեւս պատեհ չէր, քանզի խոսվեց թե՛ այդ մշակաբույսի աճեցման անհրաժեշտությունից, թե՛ քանակների ու ծավալների չափերից, անգամ օգտակարությունից ու պիտանիությունից: Երբ վերլուծություններիս արդյունքում հիշատակեցի ՀՀ 3 միլիոն բնակչությանը տարվա ընթացքում անհրաժեշտ մոտ 30 հազար տոննա արտադրության պահանջը, զրուցակիցս լրջացավ ու նշեց 40-60-հազարական տոննաների արտադրության մասին, առավել խորացնելով ու ընդգծելով զրույցի կարեւորությունը, քանզի մի բան է այսօր իրականացվող մասամբ պայմանական 30 հազար տոննա ծավալով ներկրումը, այլ` դրա կրկնակին. հարկ է համապատասխան մատակարար գտնել, տեղափոխման խնդիրներն ու պահեստավորման հոգսերը լուծել, չնախատեսված հարցերը հարթել...

Նման գործընթացների համար ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները յուրօրինակ մի պատասխան ունեին` բարեփոխումների անհրաժեշտություն կա, որն առաջիկա տարիներին կիրականացնենք: Այստեղ տեղին է հիշել այն, որ ՀՀ 3-րդ նախագահն էլ ընդունեց, որ հանրապետության առօրյան ընթանում է գաղջ միջավայրում, այն բարեփոխելու պահանջ ու ցանկություն կա, որի էստաֆետը հանձնվեց 2018-ի ապրիլին իշխանությունը ստանձնած ուժին: Ավա՜ղ, այսքանով բարեփոխում կոչվողն ավարտվեց, քանզի ՀՀ 4-րդ ղեկավարը սկսեց խոսել պետական ապարատի կողմից բարեփոխումները ուղղակի եւ անուղղակի խոչընդոտելու հարցերից, գերադասելով կոնկրետ հարցերը արդարացնել ընդհանրական ձեւակերպումներով, միջավայրը պահպանելու ավանդույթով: Այստեղ փորձում է փայլել բարեփոխումների հիմնական պատասխաններից մեկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերային տնտեսության անգամ նվազագույն կասեցումները տնտեսական ակտիվության բարձրացման ապացույց է դիտարկում, երբ իրական առօրյայում տեսանելի գրեթե ոչինչ չկա` ո՛չ աշխատատեղերի որոշ թե որոշակի աճ, թե նոր արտադրատեսականեր, թե ծառայությունների նոր տեսակներ: Հակառակի պես, իր խոստացած տարեկան երկնիշ տնտեսական աճն էլ չի ուրվագծվում, այնպես որ հայաստանյան միջավայրն այնպիսին է, ինչպես ոչ վաղ անցյալում, չհիշելով առավել վաղ շրջանը:

Այսուհանդերձ, վերադառնանք արդեն քննարկվող խնդրինՙ բրնձի արտադրությանը, հիշելով ոչ պակաս այլ հատիկաընդեղենների անվանումները, որոնց շարքում բրինձը թերեւս համեմատաբար առավել հաճախ օգտագործվողն է, փլավի, ապուրի, տոլմայի ու սուշիների տեսքով: Վիճակագրական տեղեկատուներում նշվում է, որ ֆրանսիացիներն ու անգլիացիները 1 բնակչի հաշվով տարեկան օգտագործում են 8-ական կիլոգրամ բրինձ, իտալացիները 9 կգ, ԱՄՆ-ի բնակիչները` 11 կգ, կանադացիները` 13 կգ, այնպես որ միջին հայաստանցուն 10 կգ վերագրելը նորմալ է: Այս պարագայում տեղին չէ ոմանց այն պահվածքը, թե աշխարհում կոնկրետ այդ մշակաբույսն արտադրող երկրներ շատ կան, կբավարարվենք գնելով: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, հարկ չկա նաեւ միս ու կաթ, ձու ու մեղր, բանջարեղեն ու միրգ աճեցնել, կանաչեղեն ու ծաղիկներ ունենալ: Հիշենք, թե ինչ ենք առաջնահերթը մտաբերում Ֆրանսիա ու Շվեյցարիա, Հոլանդիա ու Չեխիա արտասանելիս. պանիր ու երշիկեղեն, կարտոֆիլ ու ծաղիկ, թխվածք ու գարեջուր, որոնք պայմանավորում են մարդ-արարածի բարեկեցիկ առօրյան, նրա վերաբերմունքը շրջապատին, իր երկրին: Ի վերջո, այս ամենն աշխատանք է, արածից հաճույք ստանալ, վարձատրվել, օգտվել այլոց ոչ պակաս ծառայություններից: Թերեւս այսօրինակ շարժառիթների ակնկալիքով է, ասենք գերզարգացած Եվրոպան իր բնակլիմայական պայմաններին համապատասխան գյուղատնտեսական գործունեություն ծավալում, յուրաքանչյուր տարի 4 մլն տոննա հիշյալ բրինձն արտադրում: Հաջողվեց պարզել, որ այս քանակի մոտ 1.5 մլն տոննան արտադրվում է Իտալիայում, 1 մլն տոննան Իսպանիայում, մշակում են իրականացնում նաեւ Ֆրանսիան ու Պորտուգալիան, Հունգարիան ու Հունաստանը, Ռումինիան ու Բուլղարիան... Մենք պասիվ դիտորդի դերում ենք, այն պարագայում, երբ հիշատակված Իտալիան 1 բնակչի հաշվով ունի 1200 քառակուսի մետր վարելահող, Հայասանի հանրապետությունը 1600 քմ: Մեր իշխանություններն առաջնորդվում են անհասկանալի ու տարօրինակՙ մերն ուրիշ է իրենց անգործությունն արդարացնող սկզբունքով, երբ այլոց համար առաջնահերթն ու առաջնայինը սեփական մարդկանց պարենապահովությունն է, նրանց սննդակարգն ու անվտանգությունը: Ինչ իմանաս, գուցե հենց բրնձով պատրաստված ճապոնական սուշիի մեջ է այդ մարդկանց գործարար հատկանիշների պարունակությունը կամ չինական տնտեսական հրաշքի գաղտնիքը: Սաՙ կեսկատակ, քանզի երկիր մոլորակի շատ երկրներում մարդիկ նրանց համեմատ կրկնակի-եռակի են բրինձ օգտագործում, իսկ արդյունքները պակաս համեստ են: Այսպես. ըստ ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր 2021» տեղեկատուի, առավելագույն քանակով բրինձ օգտագործում են բանգլադեշցիները` 268 կգ, ապա` վենեսուելացիները` 218 կգ, չինացիները` 122 կգ, ճապոնացիները` 82 կգ:

Պարզվում է Հայաստանում էլ են ժամանակին բրինձ մշակել: Վիպասան Րաֆֆին իր հուշագրություններից մեկում գրում է. «Սադարակի կիրճը անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը, մեր պատմական Շարայի ժառանգությունը: Շարուրի բրնձի մշակությունը, եթե ծույլ թուրքերի ձեռքում չլիներ, կարող էր բավականություն տալ ամբողջ Կովկասին»: Ահա այսպիսի բաներ:

Ըստ հիշյալ տեղեկատուի, բրնձի համաշխարհային արտադրությունը գերազանցում է ցորենի ցուցանիշը, 2017-ին համապատասխանաբար 782 մլն տոննա եւ 734 մլն տոննա: Որոշ ժողովուրդների մոտ հացը բրնձի ալյուրից են թխում, դրանից օղի են թորում... Հետաքրքրական է նաեւ, որ Եվրոպայում հեկտարի հաշվով բերքատվությունը ավելին է, քան Հնդկաչինի տարածաշրջանում` 7 տոննա 5-ի դիմաց: Եթե մի օր հրաշք կատարվի եւ ՀՀ-ում սեփական արտադրության բրնձի մշակում իրականցվի, այս տարբերակով կպահանջի օգտագործել մեր վարելահողերի ընդամենը 1 տոկոսը, 4-5 հազար հեկտարը: Այ դա կլինի գյուղոլորտի իրական ու իրատեսական բարեփոխում, ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության հիմնարար լուծում: Ի զորո՞ւ ենք առաջիկա տարիներին համանման ծրագրերով կայացնել ՀՀ տնտեսությունը. անգամ չափից շատ լավատեսները հարցի պատասխանը չունեն, իսկ իրական պատասխանատուները լուռ ու մունջ են:

Ի դեպ. այսօրինակ մտահոգությունների պարագայում չեմ պնդում, որ իտալացիների օրինակով հարկավոր է բրնձի հարյուր հազարավոր տոննաների արտահանում իրականացնել, հրեից երկրի գործարարների պես էլ ռուսական շուկան հեղեղել ափի չափ տարածքում աճեցրած ահռելի քանակների ստեպղին վաճառելով, կամ որ` պակիստանցի երիտասարդ գիտնականի օրինակով կարիճի թույնի հավաքման տրվել, որի կիլոգրամի դիմաց դեղագործական ընկերությունները 10 մլն դոլար են պատրաստ վճարել: Քավ լիցե. մեզ ընդամենն անհրաժեշտ է ՀՀ առաջնահերթությունները լուծել, հայաստանաբնակի առօրյան կանոնավորել, քանզի Նոբելյան մրցանակակիր հայրենակից արդեն ունենք, թող որ լիբանանահայ, հետն էլ ամերիկաբնակ: Այնպես որ, հարցերն ու խնդիրները լուծելու ունակություն ու հնարավորություն ունենք, հետն էլ` Արարչի բարեհոգությունը:

Այսպես էլ ապրում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ