RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2408, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՐԻՐ, ՈՐ 25-ԱՄՅԱԿԻԴ ՇՈՒՇԻ ՉԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

2020-ի նոյեմբերի 12-ին դու երկնքում էիր, երբ 24 տարեկան դարձար, իսկ մենքՙ երկրի վրա նոյեմբերի 7-ից քեզ ճանապարհողներս դեռ որոնում ենք քեզ..12 ամիս անց էլ արդարացում ենք փնտրում, թե ինչպես չկարողացանք մի նվեր, մի խոստում փայփայել այնքան ջանադիր, այնքան մտասեւեռուն, որ այսօր բաց ճակատով, արժանապատիվ հանձնեինք քեզ:

Այսօր 25 տարեկան ես դառնում, գիտեմ, որ այնքան արի ու համառ, ազնիվ ու բարոյական չեղանք, որ շնորհն ունենայինք Տարեդարձիդ Շուշի գալ, իսկ դու անհամբեր սպասում ես մեզ սուրբ Ղազանչենցոցի բակում: Ներիր մեզ...մեր հասնելիք վայրն առայժմ Եռաբլուրն է, ուր քո մարմինն է, գիտենք, որ Արարատի ու Արագածի տաք հայացքին ի պահ հայոց հողը սրբացնում է: Եւ մենք դեռ ոտք դնելու հայրենիք ունենք: Սիրտ չունեցող մի գլուխ հրամայել է հողը թաղել բետոնի հաստ շերտի տակ, եւ քո մարմնին հպվելը նույնքան անմատչելի է դարձել, որքան Շուշի հասնելը:

Ես չգիտեի, որ երկինքն այսքան բաց կլինի Եռաբլուրում, որ արշալույսների ու մայրամուտների շքեղ գույների մեջ հոգիս վեր կելնիՙ առանց դույզն-ինչ խոչընդոտի, որ հասնի քեզ: Քանզի դու Երկնքի արահետները լուսավորողն ես, մութի մեջՙ փարոսը: Բայց չեմ հասնում քեզ...բավարար արդար չեմ, եւ հոգուցս ծանր իմ մարմինը, իմ եսասեր, վախկոտ կեսը, որ դեռ չի ըմբոստացել երկրի վրա մեզ նահանջելու հրաման տված ամբիոնների, աթոռների դեմ, ինձ երկիր է քաշում...

Քո քայլը միշտ առաջ է, իմը, մերըՙ նահանջ, քո երգը հերոսականն է, մերըՙ ռեքվիեմ, քո պահանջը հստակ է, մերըՙ անծրագիր, անղեկ, անգաղափար...

Ես չգիտեի, որ երկիրն այսքան բաց կլինի...

Քեզ մեջը կառնի ու կփակի դուռը, որ մենք քո մարմնականին կարոտելով, քեզ շոշափելու փոխարեն հայրենի քարն ու հողը շոյենք, քո հոտը որոնենք նոյեմբերին դիզվող խաշամի մեջ, քո ձայնըՙ քամու, անձրեւի, կայծակ-որոտի մեջ:

ԵՊՀ-ի այգեպանն է ասումՙ այն օրվանից, ինչ քո ալմա մատերի առջեւ տնկված եղեւնին Գեւորգ Արշակյան անունն է կրում, այնքան փարթամ է դարձել, թեւերն այնքան լայնատարած, մազերն այնքան հուռթի, որ գգվում է ուսանողներին,անցորդներին, ժպտումՙ նույնիսկ մռայլ օրերին:

Քանի Շուշին այժմ հայաբնակ չէ, Տարեդարձիդ առանց նվեր ենք լինելու: Եւ բոլոր, բոլոր բառերը մերկ են լինելու, գիրսՙ ծանր հեւոց, եւ ապաշխարության ժամերն օրեր են դառնալու, վախենամՙ տարիներ...

Ներիր, ներիր մեզ, Գեւորգ ջան...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ