RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2334, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

2021թ. հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների, այդ թվում նաեւ Պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարի եւ ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի ուղեկցությամբ ժամանեց Լեռնային Ղարաբաղՙ Ֆիզուլի քաղաքի (հայկական անվանումըՙ Վարանդա) միջազգային օդանավակաայնի բացման արարողությանը մասնակցելու համար: Դա առաջին օդանավակայանն է, որը տեղակայված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում 2020թ. աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո:

Դա Էրդողանի երկրորդ այցն էր Արցախ պատերազմից հետո: Մասնավորապես, նա այցելել է Շուշի 2021թ. հունիսին:

Ծանոթագրություն 1. Ֆիզուլին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2021թ. հոկտեմբերի 17-ին: 2020թ. նոյեմբերին Իլհամ Ալիեւը եկավ Ֆիզուլի եւ անձամբ տեղադրեց Ադրբեջանի դրոշն այնտեղ: Ադրբեջանական փորձագետների կարծիքով, Ֆիզուլիի գրավումը դիտվում է որպես վերջին պատերազմի իրենց կարեւոր հաղթանակներից մեկը:

2021թ. հունվարի 14-ին նախագահ Ալիեւը տեղադրեց Ֆիզուլի քաղաքի միջազգային օդանավակայանի հիմնաքարը: Օդանավակայանը կառուցեցին 9 ամսում: Թռիչքային վազքուղու երկարությունը կազմում է 3կմ, լայնությունըՙ 60 մետր: Կայանատեղիում տեղավորվում է A-320 տեսակի 8 ինքնաթիռ:

Օդային նավահանգստից փորձնական թռիչքը կատարվել է 2021թ. սեպտեմբերի 5-ին: Տերմինալը հնարավորություն ունի սպասարկելու 200 ուղեւորի 1 ժամում: Հոկտեմբերի 16-ին Ֆիզուլիի օդնավակայանը ստացավ միջազգային կարգավիճակ: Օդանավակայանի կառուցմանը մասնակցել է թուրքական 12 շինարարական ընկերություն:

Ծանոթագրություն 2. Ներկայումս Ադրբեջանը կառուցում է եւս 2 օդնավակայան Զանգելանում եւ Լաչինում (ԼՂՀ), որոնք նույնպես անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո: Չնայած շատ փորձագետներ չեն հասկանումՙ ինչո՞ւ է պետք կառուցել 3 օդնավակայան հարեւան շրջաններում: Մինչ այդ Ադրբեջանում գործում են 6 միջազգային օդնավակայաններՙ Բաքվում, Գյանջայում, Նախիջեւանում, Գաբալայում, Լենքորանում, Զագատալում: Եվլախում տեղակայված է փոքր տարածաշրջանային օդնավակայան, իսկ Ապշերոնյան թերակղզումՙ Helicopter Services ավիաընկերության ուղղաթիռների բազան (Զաբրատ ավան):

Առաջին այցի ժամանակ Ադրբեջան, 2020թ. դեկտեմբերի 10-ին, «հաղթանակի» շքերթին Բաքու քաղաքում, Էրդողանն իր ելույթում հայտարարեց. «Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է դարձնել այս հողն ավելի զարգացած եւ իրենց երեխաների ապրելու համար ավելի պիտանի: Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն հաղթահարել դժվարություններն ու հասնել նոր հաջողությունների, քանի դեռ գործում են ուս-ուսի տված»:

Ելույթի ընթացում Էրդողանն արտասանեց ադրբեջանական բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի «Արազ-Արազ» բանաստեղծությունը, որտեղ նշվում է ժողովուրդների բռնի բաժանման մասին: Թեհրանը շատ վիրավորական ընդունեց այդ խորհրդանիշը եւ ընդունեց այն որպես տարածքային պահանջ Իրանի նկատմամբ: Ինչեւէ, հասունանում էր դիվանագիտական սկանդալը երկու պետությունների միջեւ, բայց հաջողվեց խուսափել դրանից:

Էրդողանի երկրորդ այցը Ադրբեջան կայացել է 2021թ. հունիսի 15-ին, երբ Ալիեւի հետ նրանք այցելեցին Շուշի:

Այդ այցի ընթացքում երկու նախագահները ստորագրեցին Շուշիի հայտարարագիրը: Հայտարարագրում շոշափվում են ռազմական հարցերՙ պաշտպանական տեխնոլոգիայի, էներգետիկայի, էկոնոմիկայի, հումանիտար կապերի վերաբերյալ: Առանձին կանոնակարգով նշվել է նաեւ Զանգեզուրի միջանցքի բացման մասին, որը կկապի Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ Նախիջեւան-Կարս երկաթուղին, որոնք «կնպաստեն հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը»:

Էրդողանի երրորդ աշխատանքային այցը 2021թ. հոկտեմբերի 26-ին կազմակերպվել է վերը նշված օդանավակայանի բացման, Զանգելանում «Խելացի ագրոպարկ»-ի («Умный агропарк») հիմքը դնելու նպատակով, որը կկառուցվի Թուրքիայի օգնությամբ եւ սկիզբ կդրվի Ահմեդբեյլի-Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ եւ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհների կառուցմանը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետներն ու վերլուծաբանները գտնում են, որ օդանավակայանները Ղարաբաղում հնարավորություն կտան ավելացնելու ադրբեջանական բնակչության թվաքանակը տարածաշրջանում:

Սաՙ ընդամենը այցելությունների մասին, իսկ հիմա մի փոքր այլ ժամանակակգրություն:

2021թ. փետրվարի 1-ից 12-ը Կարսում տեղի ունեցան «Ձմեռ-2021» անվանումը կրող թուրք-արդրբեջանական համատեղ զորավարժանքները, որոնք հարձակողական բնույթի էին:

2021թ. մայիսի 16-ից 20-ը ադրբեջանական զինված ուժերը անցկացրին ռազմավարժանքներ, որոնցում ընդգրկված էին 15000 զինծառայողներ, 300-ից ավել հրասայլեր (տանկեր) եւ հրթիռա-հրետանային սարքեր

2021թ. հոեւնիսի 21-ից 23-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶՈՒ համատեղ զորավարժանքներ անցկացվեցին Նախիջեւանում:

Զորավարժանքներն անցկացվեցին Շուշիում Ալիեւի եւ Էրողանի կողմից ստորագրված հայտարարագրի համաձայն եւ կրում էին հատուկ մարտավարական բնույթ: Վարժանքներին մասնակցում էին Նախիջեւանի կայազորը եւ Թուրքիայի ԶՈՒ կառավարման կենտրոնը: Ներկա էին Նախիջեւանի Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիրովը եւ առանձին համազորային բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Էերեմ Մուստաֆաեւը :

2021թ. հունվարի 28-ից 30-ը Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երը «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2021» անվանումը կրող համատեղ զորավարժանքը անցկացրին: Վերջին 3 տարում սա թվով 22-րդ համատեղ զորավարժանքն էր: Նախագահ Ալիեւը իրականացնում էր իր երազանքը ստեղծել թուրքական բանակի փոքր նմանօրինակը:

2021թ. հուլիսին տեղի ունեցան Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա «Հավերժություն - 21» (Eternity-21) անվանում կրող զորավարժանքները:

2021թ. հուլիսի վերջին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենտոփը Գյանջայում ելույթի ժամանակ հայտարարեց միասնական թուրք-ադրբեջանական բանակ ստեղծելու գաղափարի մասին:

2021թ. սեպտեմբերի 6-ին սկսվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքները Լաչինում:

Զորավարժանքների նպատակըՙ մարտական գործողություններ անցկացնելիս զորքերի համատեղ կառավարման ունակությունների ձեռք բերում: Ուշադրության կենտրոնում էր նաեւ բարդ մակերեւույթի (ռելիեֆ) ունեցող տեղայնքում մարտական գործողություններ վարելը:

2021թ. սեպտեմբերի 3-ից 12-ը տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքներ, որի նպատակն էր ստորջրյա պաշտպանությունը եւ ծովային թիրախների վրա իրականացնելը:

2021թ. սեպտեմբերի 12-ից 20-ը Բաքվում տեղի ունեցան Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան «Երեք եղբայր - 2021» անվանումը կրող համատեղ զորավարժանքները, որոնց մասնակցում էին 3 պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները:

2021թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը տեղի ունեցան թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն - 2021» անվանումը կրող համատեղ զորավարժանքները, որոնց մասնակցում էին ռազմական ինքնաթիռներ եւ հարվածային ուղղաթիռներ:

Ահա համատեղ զորավարժանքների ոչ լրիվ ցուցակը, էլ չխոսենք Իսրայելի, իսկ շուտով նաեւ Աֆղանստանի պատրաստակամության մասինՙ աջակցելու Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

Իհարկե շատ կարեւոր է նաեւ «հետախուզական մթերքի» մատակարարումը, որը Ադրբեջանին տրամադրում են Թուրքիան, Իսրայելը, ըստ երեւույթին նաեւ որոշ արեւմտյան երկրներ:

Համատեղ զորավարժանքներ, միասնական թուրքական բանակ, հետախուզական կենտրոններ, էլեկտրոնային եւ օդային հետախուզություն, «Մեծ Թուրանի» ռազմերթ, տարածաշրջանի որոշ պետությունների կայսերապաշտական մտակաղապարները, որոնց դիմաց, միեւնույն ժամանակ, մեր հասարակության օտարումը, անտարբերությունը, արժեքային հենանիշների կորուստը:

Ո՞ւր ենք գնում, դեպի սարսափելի ավա՞րտ, թե՞ անվերջ սարսափ:

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ մեր բարեկամ երկրները տարածաշրջանում, իսկ մենքՙ հատկապես, կարիք ունենք հետախուզական տեղեկատվության, կանխարգելող տեղեկատվության, որն իր բովանդակությամբ սկզբունքային նոր մեկնաբանություններ կբերիՙ որոշումներ կայացնելու գործում: Ինչո՞ւ եմ բարեկամներին հիշեցնում, որովհետեւ թշնամիները արդեն վաղուց ունեն այդ «մթերքը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ